Մկան նորովիրուսը աղիքներում մասամբ կատարում է այն նույն աշխատանքը, որով սովորաբար զբաղվում են մանրէները: Այն կարգավորում է տեղային իմունային բջիջների աշխատանքը և պաշտպանում աղիքները բորբոքումներից:
Մեզ արդեն պարզ է, որ առանց ստամոքսաաղիքային մանրէների ոչ մի քայլ հնարավոր չէ անել. դրանք ոչ միայն օգնում են մարսելու սնունդը, այլ նաև ազդում են ընդհանրապես նյութափոխանակության համակարգի վրա , ակտիվորեն համագործակցում են իմունիտետի հետ՝ օգնելով օրգանիզմին պաշտպանվել վարակներից և կանխարգելել աուտոիմունային հիվանդությունները:
Այսպես,
անցյալ տարի <<Nature>>-ում Հարվարդի Համալսարանի բժշկական դպրոցի հետազոտոողների մի հոդված է հրապարակվել , որտեղ նկարագրված է, թե ինչպես է աղիքային միկրոֆլորան խթանում հակամարմինների բազմազանությունը, որոնք սինթեզվում են B-լիմֆոցիտներով: Իսկ մինչ այդ, Փենսիլվանիայի համալսարանի կենսաբանները <<Immunity>> ամսագրի էջերում հաղորդել էին, որ աղիքային մանրէները անհրաժեշտ են, որպեսզի ետ մղեն վիրուսների հարձակումը, նույնիսկ եթե վիրուսը թափանցել է ոչ թե աղիքային, այլ շնչառական ճանապարհով: Առանց աղիքային միկրոֆլորայի մեր իմունիտետը շատ ավելի թույլ է արձագանքում վիրուսային վարակներին:
Սակայն, ինչպես պարզվեց, օրգանիզմի համար կարևոր են ոչ միայն սիմբիոտիկ մանրէները, այլ նաև վիրուսները: Նյու Յորքի՝ Սկիրբոլի համալսարանից Քեն Կադվիլը և նրա գործընկերները պարզել են, որ մկան նորովիրուսը կարող է փոխարինել կենդանիների աղիքաստամոքսային միկրոֆլորայի բացակայությանը: Այն մկները, որոնց աղիքներից հեռացրել էին մանրէները, շատ զգայուն էին դարձել վարակների նկատմամբ: Մկներն սկսեցին աղիքային էպիթելային բջիջները վնասող բորբոքումներ ունենալ: Այդ ամենը տեղի էր ունենում այն պատճառով, որ իմունիտետի գլխավոր <<գործընկերները>>՝ սիմբիոն բակտերիաները բացակայում էին. իմունային կարգավորումները խափանվել էին և պաշտպանիչ մեխանիզմները սկսել էին աշխատել անարդյունավետ, ինչն էլ անվտանգ չէր առողջ հյուսվածքների համար: Սակայն մկներին վիրուս ներարկելուն պես աղիքային լիմֆոցիտները նորմալացան՝ դադարեց բորբոքումների անդադար առաջացումը, իսկ աղիքների վնասվածքները սկսեցին վերականգնվել: Հետազոտողները կարողացել են մասամբ վերծանել այդ ազդեցության մոլեկուլային մեխանիզմը՝ պարզելով, թե ինչպիսի ընկալիչներ են կարևոր իմունային բջիջներում նորովիրուսի հետ բուժական փոխազդեցություն ստանալու համար: Աշխատանքի արդյունքները հրապաարկվել են <<Nature>>ում, նրանց մասին կարճ գրել է նաև The Scientist պորտալը:
Այս ամենը զարմանալի է, քանի որ վիրուսները, համենայն դեպս կաթնասունների համար, համարվում են վնասակար: Օրինակ, մարդու նորովիրուը սովորաբար առաջացնում է գաստրոէնտերիտ՝ բազմանալու համար մարդու բջիջներում և լքելու տիրոջ օրգանիզմը: Դրան հակառակ, մկան նորովիրուսը կարող է ապրել կենդանու օրգանիզմում ե կյանքի գրեթ ողջ ընթացքում, առանց որևէ վնաս հասցնելու:
Իհարկե, ապագայում ավելի մանրամասնորեն պետք է ուսումնասիրել այս երևույթը և պարզել, թե ինչպես է վիրուսը աղիքներում կարգավորում իմունային համակարգը: Հարց է առաջանում, թե արդյո՞ք չկան նմանատիպ օգնական վիրուսներ մարդու օրգանիզմի համար: Այս հարցին պատասխանելը շատ դժվար է, քանի որ մեր բջիջներում քիչ թե շատ գոյատևող վիրուսների մասին շատ քիչ տեղեկություններ ունենք: Այսինքն, եթե անգամ դրանք մեզ հայտնի են, միևնույնն է, մենք չունենք դրանց ամբողջական նկարագիրը: Շատ հնարավոր է, որ որոշ հետազոտական աշխատանքներից հետո պարզվի, որ մենք անգամ պատկերացում չունենք, թե ինչ օգուտ մեզ կարող են բերել տնային վիրուսները:
Հեղինակ՝ Կիրիլլ Ստասևիչ
Թարգմանեցին Արինա և Էլինա Հակոբյանները
Աղբյուր՝http://www.nkj.ru/news/25237/
0 մեկնաբանություն:
Post a Comment