Հովիկ Կեուչկերյանը իսպանացի ժամանակակից գրող է, բանաստեղծ, կոմիկ դերասան
և նախկին բոքսյոր։ Նրա հայրը հայ է, մայրը՝ իսպանուհի։ Ծնվել է 1972 թվականին՝ Բեյրութում,
բայց 1975-ին՝ Լիբանանում քաղաքացիական պատերազմի ժամանակ ընտանիքը տեղափոխվել է Իսպանիա
և հաստատվել Ալպեդրետե ոչ մեծ քաղաքում։ Այստեղ է անցել Հովիկ Կեուչկերյանի մանկությունն
ու պատանեկությունը։ 20 տարեկանում տեղափոխվել է Մադրիդ, որտեղ էլ 22 տարեկանում բացել
է իր սեփական մարզասրահը, որը գործում է մինչև օրս։ Չնայած ճանաչված մարզիկ լինելուն,
հակվում է բեմական գործունեության և ստեղծագործելուն։
Նարինե Բարսեղյանի՝ իսպաներենից թարգմանությամբ «Օտարագիր հայեր» նախագծի շրջանակներում ներկայացնում ենք նրա բանաստեղծություններից
մեկը.
Բղավում
եմ հուշեր
Երբ ցամաքում եմ, ու դառնում է մենությունն իմ սնամեջ,
երազներիս ջրափոսից խմում եմ իմ հուշերը,
որ դառնամ նորից այն, ինչ էությունս է:
Համաձայնեցի քոնը լինել, միայն երբ իմ կարիքն ունենաս:
Հիմա իմ բառերը խոցեր են,
Հիմա իմ բառերը խոցեր են, ու ցնցոտի` իմ հոգին:
Ընդունեցի կանոնները մի խաղի,
որ ներսումս այնքան խորն արմատացավ,
որ ծարավս դարձավ ավազ:
որ ծարավս դարձավ ավազ:
Ծարավս դարձավ ավազ ու արյունս` անապատ:
Համաձայնեցի տալ քեզ իմ թևերը, որ թրջես կուրծքս:
Հիմա ոչ էլ երկնքի թելերով,
Հիմա ոչ էլ երկնքի թելերով կկարկատվեր իմ ողբը:
Համաձայնեցի լինել սպունգը քո հուշերի նահատակման,
խմել վիշտը քո բերանից,
խմել վիշտը քո բերանից, խեղդել օգնության քո ճիչը:
Համաձայնեցի լինել կանգառ ու իջևանատուն, լինել փախստականի ուսապարկ.
Հատուցում եմ ճակատագրիս սայթաքումները:
Հատուցում եմ ճակատագրիս սայթաքումները` դեն նետելով
զգայարաններս:
Ու ախր քեզ չունեմ, ու ախր չեմ դժգոհում,
ու ախր մարդ էի, ու ախր գերի էի, ու կորցրի քո մնաս բարովի հետ,
Կորցրի քո մնաս բարովի հետ քո թույնի պատվաստանյութը:
Եվ հիմա, երբ իմը լացն է, ու չունեմ քո ոտքերը, որ շարունակեմ ճամփան,
Եվ հիմա, երբ իմը լացն է, ու չունեմ քո մաշկը, որ ծածկվեմ ցրտից,
Հիմա արդեն միայն բղավում եմ հուշեր:
0 մեկնաբանություն:
Post a Comment