Ինչի՞ համար են բոլորը
սիրում առակներ: Կարճ շարադրանքի և խորիմաստ մտքերի համար: Այդ խորությունը փոխվում
է ժամանակի հետ, և ամեն անգամ մենք նրանցում ինչ-որ նոր բան ենք տեսնում: Նրանք մեզ
և՛ սովորեցնում են, և՛ զվարճացնում, բայց դրա հետ մեկտեղ չեն ծանրաբեռնում: Հենց
այդպես է կյանքից սովորելու ցանկություն առաջանում:
Վեճերի մասին
-Մենք միշտ վիճում ենք, հասկանու՞մ ես: Մենք չենք կարող միասին
լինել:
-Իսկ դու բալ սիրու՞մ ես։
-Այո։
-Իսկ դու հանու՞մ ես կորիզները, երբ ուտում ես դրանք
-Դե, այո։
-Կյանքում էլ է այդպես: Սովորիր հանել կորիզները և միաժամանակ
սիրել բալը:
Սիրո մասին
-Ո՞րն է «հավանելու» և «սիրելու» տարբերությունը:
-Երբ ժաղիկը հավանում ես,
պոկում ես: Բայց եթե սիրում ես ծաղկը, ամեն օր ջրում ես:
Ընկերների մասին
Իմաստունին հարցնում են.
-Ընկերության քանի՞ տեսակ
կա։
-Չորս,- պատասխանում է
նա: - Կան ընկերներ, որ սննդի պես են. դու ամեն օր զգում ես նրանց կարիքը: Կան ընկերներ,
որ դեղորայքի պես են. դու նրանց փնտրում ես, երբ քեզ վատ ես զգում: Կան ընկերներ, որ
հիվանդության պես են. նրանք իրենք են քեզ գտնում: Բայց կան ընկերներ, որոնք նման են
թթվածնի: Դու նրանց չես տեսնում, բայց նրանք
միշտ քեզ հետ են:
Ինչպես են մեզ վրա ազդում բառերը
Երկու ընկեր զրուցում են.
-Իմ կինն այնքան թափթփված
է ու փնթի: Ես նրան միշտ այդ մասին ասում եմ, բայց տարեցտարի ամեն ինչ ավելի է վատանում:
Ինչին երկրորդը պատասխանում
է.
-Իսկ իմ կինը հիանալի տնտեսուհի
է ու շատ խելացի է, և ամեն տարի ամեն ինչ ավելի ու ավելի է լավանում: Ես էլ եմ միշտ
նրան այդ մասին ասում:
Այն, ինչով լի է հոգին
Մի անգամ մի քանի հոգի
դիտմամբ բարձր ձայնով սկսեցին քննարկել մի խելացի մարդու, ով այդ պահին անցնում էր
նրանց թաղով: Այդ մարդն ամեն ինչ լսեց, բայց նրանց ժպիտով պատասխանեց և առողջություն
մաղթեց:
Ինչ-որ մեկը նրան հարցրեց.
-Դու ժպտացիր և նրանց առողջություն
մաղթեցիր: Մի՞թե չարությամբ չլցվեցիր նրանց նկատմամբ:
Սրան մարդը պատասխանեց.
-Երբ ես գնում եմ շուկա,
կարող եմ ծախսել այն, ինչ ունեմ դրամապանակումս: Այդպես էլ մարդկանց հետ շփման ժամանակ
է: Ես կարող եմ ծախսել այն, ինչով լի է հոգիս:
Միշտ սկսիր քեզանից
Ընտանեկան մի զույգ տեղափոխվեց
նոր տուն: Առավոտյան, արթնանալուն պես, կինը նայեց պատուհանից և տեսավ հարևանուհուն,
ով լվացած սպիտակեղենն էր փռում չորանալու։
-Նայի՛ր՝ ինչ կեղտոտ է
նրա սպիտակեղենը,- ասաց կինն ամուսնուն:
Բայց ամուսինը թերթ էր
կարդում և ոչ մի ուշադրություն չդարձրեց նրան:
_Երևի օճառն է վատը, կամ
էլ լվացք անել չգիտի: Գնաս՝ սովորեցնես…
Եվ այդպես ամեն անգամ,
երբ նա տեսնում էր հարևանուհու սպիտակեղենը, զարմանում էր, թե ինչ կեղտոտ են դրանք:
Մի հրաշալի առավոտ, նայելով
պատուհանից, նա բացականչեց.
-Օ՜, այսօր սպիտակեղենը
մաքուր է: Երևի լվացք անել է սովորել:
-Ո՛չ, - ասաց ամուսինը,-
ուղղակի ես առավոտյան շուտ արթնացա և լվացի պատուհանները:
Աղբյուրը՝ Фитнес для мозга
Թարգմանությունը՝ Ջուլիետա Ասատրյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment