Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, February 7, 2015

Ռեյ Բրեդբերի. Ոչ ցերեկ է, ոչ գիշեր

Երկու ժամում նա հասցրեց ծխել մեկ տուփ ծխախոտ.
-Ինչքա՞ն հեռու ենք մենք տիեզերքում:
- Միլիարդ մղոնից ոչ մոտիկ:
-Միլիարդ մղոն հեռու` որտեղի՞ց, – հարցրեց Հիչքոքը:
-Նայած՝  ինչ է քեզ պետք, – պատասխանեց Կլեմենսը, որը մինչ այժմ ոչ մի ծխախոտ բերանը չէր դրել, – միլիարդ մղոն հեռու տնից, կարելի է ասել:
-Այդպես էլ ասա:

-Հեռու` տնից, Երկիր մոլորակից, Նյու-Յորքից, Չիկագոյից, քո ծննդավայրից:
-Ես չեմ հիշում, թե որտեղ է իմ ծննդավայրը,- պատասխանեց Հիչքոքը, – ես անգամ չեմ հավատում, որ գոյություն ունի Երկիրը: Իսկ դու հավատո՞ւմ ես:
-Այո, -արագ պատասխանեց Կլեմենսը, – առավոտյան` երազում տեսել եմ այն:
-Տիեզերքում առավոտ չկա:
-Ուրեմն` գիշերը:
-Այստեղ միշտ է գիշեր, – ցածրաձայն արտաբերեց Հիչքոքը,- Ո՞ր գիշերվա մասին ես դու խոսում:
-Լռիր: -բարկացած բացականչեց Կլեմենսը, – Թող վերջացնեմ:
Հիչքոքը նոր ծխախոտ վառեց: Նրա ձեռքը չէր դողում, բայց թվում էր, թե այն դողում է ներքուստ, արևավառ մաշկի տակ, դողում է ինքնաբերաբար. այդքան փոքր դող ձեռքի մեջ, բայց ահռելի` ամբողջ մարմնի մեջ: Երկու տիեզերագնացները նստած էին տիեզերանավի հատակին և նայում էին աստղերին: Կլեմենսի աչքերը փայլում էին, իսկ Հիչքոքի հայացքը դատարկ էր և թեթև անհասկացվածությունից բացի ոչինչ չէր արտահայտում:
-Ես արթնացա ժամը 5-ին,- ասաց նա: Թվում էր՝ նա խոսում է իր աջ ձեռքի հետ,- և լսեցի իմ սեփական գոռոցը` «Որտե՞ղ եմ ես, որտե՞ղ» և որպես պատասխան լսեցի` «Ոչ մի տեղ»: Հետո հարցրի` «Իսկ որտե՞ղ եմ ես եղել» և ինքս պատասխանեցի իմ հարցին` «Երկրի վրա»: «Ի՞նչ է Երկիրը»,-  զարմանում եմ ես: «Այն տեղը, որտեղ ես ծնվել եմ», – էլի ես եմ պատասխանում իմ հարցին : Բայց դա դեռ ոչինչ է, անգամ ավելի վատ, քան ոչինչը: Ես չեմ հավատում այն ամենին, ինչը չեմ կարող լսել, տեսնել և շոշափել: Ես չեմ տեսնում Երկիրը, այդպիսով, ինչո՞ւ պետք է հավատամ, որ այն կա: Չհավատալը ավելի անվտանգ է:
-Այն կա, -վստահ ժպտալով՝ ասաց Կլեմենսը,- ահա այն լուսավոր կետն էլ հենց Երկիրն է:
-Դա Երկիրը չէ, այլ՝ մեր Արեգակը: Այստեղից Երկիրը չի երևում:
-Իսկ ես տեսնում եմ այն: Լավ հիշողություն ունեմ:
-Միևնույն բանը չէ, հիմար, – Հիչոքոքը անսպասելիորեն զայրացավ,- Ես ուզում եմ ասել` տեսնել կարելի է միայն աչքերով: Ինձ համար միշտ էլ այդպես է եղել. երբ ես Բոստոնում եմ, ապա Նյու-Յորք ինձ համար մեռած է, բայց երբ ես Նյու-Յորքում եմ ` Բոստոնն է մեռած: Եթե ես չեմ տեսնում մարդուն գոնե մեկ օր, նա ինձ համար մեռնում է: Չնայած պատահում է, որ հաջորդ անգամ նրան փողոցում հանդիպելիս, այնքան եմ ուրախանում, որ քիչ է մնում պարեմ երջանկությունից, որ կրկին հանդիպեցի նրան: Այո, ինձ համար առաջ այդպես էր: Սակայն հիմա ես այլևս չեմ երջանկանում, այլ միայն նայում եմ: Իսկ երբ նա հեռանում է, կրկին դադարում է ինձ համար գոյություն ունենալուց:
Կլեմենսը ծիծաղեց.
-Ուղղակի քո ուղեղը աշխատում է ամենապարզ մակարդակի վրա: Դու ոչինչ չես մտապահում: Դու երևակայություն չունես, ծերուկ: Պետք է սովորես մտապահել:
-Իսկ ինչո՞ւ պետք է մտապահեմ այն իրերը, որոնցից չեմ կարող օգտվել, – ասաց Հիչքոքը` լայն բացված աչքերով նայելով տիեզերքին,- Ես գործնական մարդ եմ: Եթե ցանկանում եմ տեսնել Երկիրը և քայլել նրա վրա, հիշողությունը միևնույնն է, չի օգնի: Հո չեմ կարող քայլել Երկրի մասին հիշողության վրա: Դա ցավոտ է: Իմ հայրը մի օր ասաց, որ հիշողությունները ոզնու ասեղների նման մի բան են: Գրողը տանի այդ ամենը: Հեռու հիշողություններից: Նրանք մարդուն դարձնում են դժբախտ, լացացնում են, խանգարում աշխատել:
-Իսկ հիմա ես քայլում եմ Երկրի վրայով,- ասաց Կլեմենսը` երազկոտ կերպով ծամածռելով դեմքը և ծխի քուլա բաց թողնելով:
-Մի զայրացրու ոզնուն: Քիչ անց դու կզգաս, որ կորցրել ես ախորժակդ և էլ չես ցանկանա ուտել քո նախաճաշը: Դու կզարմանաս, բայց չես էլ հասկանա, ինչու ես զարմանում,- խուլ և հավասար ձայնով արտահայտվեց Հիչքոքը,-և այդ ամենը միայն այն պատճառով, որ քայլել ես ոզնու ասեղների վրա , և հիմա ցավոտ է: Գրողը տանի այդ ամենը: Եթե ես չեմ կարող ինչ-որ բան խմել, ձեռք տալ, ինչ-որ մեկին քացով խփել, ձգվել կամ պառկել ինչ-որ բանի վրա, ես ստիպում եմ ինձ մոռանալ այդ մասին: Ես մահացել եմ Երկրի համար, ուրեմն նա էլ մահացել է ինձ համար: Եթե այս երեկո Նյու-Յորքում ոչ ոք չի լացում ինձ համար, ուրեմն գրողը տանի Նյու-Յորքը: Տիեզերքում տարվա եղանակներ` աշուններ, գարուններ, ձմեռներ կամ ամառներ չկան: Չկա այստեղ ոչ երեկո, և ոչ էլ առավոտ. կա միայն տիեզերք, և ուրիշ էլ ոչինչ: Այս պահին ես , դու և այս հրթիռը միասին ենք: Բայց իսկապես ողջ և ռեալ ես զգում եմ միայն ինքս ինձ: Ահա և վերջ: Բայց Կլեմենսը նրան չէր էլ լսում:
-Իսկ ես հիմա վերցնում եմ կոպեկը և գցում այն ավտոմատ հեռախոսի մեջ,- դանդաղ ժպիտով ասաց նա՝ իբր ցույց տալով` ինչպես է այդ անում,- Եվ զանգում եմ Էվանսթաունում բնակվող իմ ընկերուհուն` “Hello Barbara”:
Իսկ հրթիռը շարունակում էր իր թռիչքը: Ուղիղ 13.05-ին զանգը բոլորին կանչեց նախաճաշի: Խմբի անդամները միանգամից անձայն կերպով տեղ զբաղեցրին սեղանների շուրջ: Կլեմենսը հանկարծ հասկացավ, որ ինքը ուտել չի ցանկանում:
-Ահա թե ինչ էի ես քեզ ասում,- նկատեց Հիչքոքը,- Ահա և ոզնիները, և նրանց ասեղները: Մոռացիր նրանց մասին, ես քեզ ասում եմ: Նայիր, ինչ ախորժակ ունեմ,- արտաբերեց նա միալար, նուրբ ձայնով , որի մեջ ծաղրանքի կամ չարության նշույլ անգամ չկար,- հետևիր ինձ: Նա իր բերանը մտցրեց կարկանդակի ահռելի կտոր, լեզվով ստուգեց նրա փափկությունը, ապա հայացքն ուղղեց ափսեի վրա գտնվող կարկանդակի մնացորդներին` պատառաքաղով սկսեց ճզմել կիտրոնի միջուկը՝ դիտելով, թե ինչպես է հյութը հոսում պատառաքաղի ատամների արանքով: Ապա վերցրեց կաթի շիշը և կաթ լցրեց բաժակի մեջ: Սևեռուն սկսեց նայել կաթին, կարծես սպասելով, որ այն ավելի կսպիտակի, և հետո արագորեն դատարկեց բաժակը` հազիվ զգալով կաթի համը: Իր լանչը վերջացրեց հաշված րոպեների ընթացքում` արագորեն լցնելով ստամոքսը, և ուտելով ամեն ինչ` նայեց շուրջբոլորը` ուտելու մի բան էլ գտնելու համար: Բայց մոտակայքում ամեն ինչ արդեն ոչնչացված էր: Հետո հայացքը կրկին ուղղեց իլյումինատորին, որտեղից երևում էր տիեզերքը և հրթիռը:
-Իսկ նրանք անիրական են,- հանկարծ ասաց նա:
-Ովքե՞ր, -հարցրեց Կլեմենսը:
-Աստղերը: Ինչ-որ մեկը երբևէ ձեռք տվե՞լ է նրանցից գոնե մեկին: Այո, ես տեսնում եմ նրանց, սակայն այդ ի~նչ հիմար ուրախություն է. տեսնել այն, ինչ հեռու է քեզնից միլիարդավոր մղոններ: Իմաստ ունի՞ արդյոք մտածել այն բանի մասին, որ այդքան հեռու է քեզնից:
-Ինչո՞ւ դու որոշեցիր թռչել, -հանկարծ հարցրեց Կլեմենսը:
Հիչքոքը նայեց իր դատարկ բաժակին` սեղմելով այն ձեռքում, ապա բաց թողեց և նորից սեղմեց:
-Չգիտեմ,-Նա լպստեց բաժակի ծայրը,- ուղղակի պարտավոր էի, ահա և վերջ: Մի՞թե դու գիտես, թե ինչու ես անում այս կամ այն քայլը:
-Քեզ դո՞ւր էր գալիս տիեզերական ճամփորդության գաղափարը, թե՞ բնակավայրի փոփոխությունը:
-Չգիտեմ: Գուցե և այո: Կամ՝ չէ: Կարևորը ոչ թե բնակավայրի փոփոխությունն է, այլ այն պահը, երբ գտնվում ես երկու աշխարհների միջև,- Հիչքոքն առաջին անգամ փորձեց հայացքը կենտրոնացնել իլյումինատորի հետևում գտնվող կոնկրետ ինչ-որ մի երևույթի վրա, սակայն մառախուղ էր, և նա չկարողացավ հստակորեն ոչինչ տեսնել. նրա հայացքը անկարող էր բռնվել ինչ-որ մի պատկերից, իսկ դեմքն ու ձեռքերը լարված էին,- Գլխավորը տիեզերքն է և նրա անսահմանությունը: Ինձ միշտ դուր էր գալիս նրա բնույթը . դատարկություն վերևից, դատարկություն ներքևից և մի ահռելի դատարկություն այդ երկուսի միջև, որում և ես գտնվում եմ:
-Դեռ չէի լսել, որ ինչ-որ մեկը այդպես խոսեր տիեզերքի մասին:
-Ինչպես տեսնում ես, ես ասացի: Հուսով եմ՝ լսեցիր:
Հիչքոքը հանեց ծխախոտի նոր տուփը, և սկսեց ծխել` ագահորեն ներշնչելով և արտաշնչելով ծխախոտի քուլաները:
-Ինչպիսի՞ն էր քո մանկությունը, Հիչքոք, -հարցրեց Կլեմենսը:
-Ես երբեք ջահել չեմ եղել: Այն Հիչքոքը, որպիսին կար այն ժամանակ, մահացել է: Ահա քեզ ևս մի հիշողության ասեղ: Շնորհակալ եմ, բայց չեմ ցանկանում նստել դրանց վրա: Միշտ կարծել եմ, որ մենք մահանում ենք ամեն օր, և ամեն օր մեզ է սպասում մեր համարը կրող փայտյա արկղը: Բայց երբեք չի կարելի վերադառնալ անցյալ, բացել արկղը, և տեսնել այն մեկին, որ եղել է անցյալում: Դու կյանքում մեռնում ես մի քանի հազար անգամ, իսկ դա արդեն դիակների բլուր է, և ամեն անգամ դու մեռնում ես յուրովի, ուրիշ դեմքի արտահայտությամբ, որն ամեն անգամվա հետ դառնում է էլ ավելի սարսափելի: Ամեն օր դու ուրիշ ես, անծանոթ, որին դու այլևս չես հասկանում և չես էլ ուզում հասկանալ:
-Այդ կերպ դու կտրում ես քեզ անցյալից:
-Իսկ ի՞նչ ընդհանրություն ունեմ ես երիտասարդ Հիչքոքի հետ: Ի՞նչ գործ ունեմ նրա հետ: Նա հիմարի մեկն էր, որին ամեն տեղից վռնդում էին, ստորացնում, օգտագործում սեփական նպատակների համար: Երիտասարդ Հիչքոքը անպետք հայր ուներ, և նա ուրախ էր մոր մահվան համար, քանի որ վերջինս ոչնչով առավել չէր: Մի՞թե ես պետք է վերադառնամ անցյալ, որպեսզի տեսնեմ հորս դեմքը մահվան մահճում և չարախնդամ: Նա նույնպես հիմարի մեկն էր:
-Մենք բոլորս էլ հիմարներ ենք,- ասաց Կլեմենսը,- և միշտ էլ այդպիսին ենք եղել: Ուղղակի շարունակում ենք միամտորեն կարծել, որ փոխվում ենք ամեն օրվա հետ: Արթնանում ես և մտածում, որ այլևս հիմար չես: Ստացել ես քո դասը: Երեկ հիմար էիր, բայց այսօր առավոտ` արդեն ոչ: Բայց հաջորդ օրը հասկանում ես, որ ինչպես հիմար կայիր, այնպիսին էլ մնացել ես: Ինձ թվում է՝ ելքը մեկն է ` գոյատևելու և ինչոր բանի հասնելու համար ուղղակի պետք է հաշտվել մեր անկատարելության հետ և ապրել այդ չափանիշով:
-Ես չեմ ուզում հիշել անկատարի մասին,- հայտարարեց Հիչքոքը,- ես չեմ կարող սեղմել երիտասարդ Հիչքոքի ձեռքը, հասկանո՞ւմ ես: Ո՞րտեղ է նա հիմա: Կարո՞ ղ ես գտնել նրան ինձ համար: Նա մահացել է, գրողը տանի: Ես չեմ կառուցում իմ վաղվա օրը երեկ կատարած հիմարությունների հիման վրա:
-Դու ամեն ինչ սխալ ես հասկացել:
-Ուրեմն թող ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ:
Չնայած արդեն վերջացրել էր նախաճաշը, Հիչքոքը շարունակում էր նստել սեղանի շուրջ և նայում իլյումինատորին: Մնացած տիեզերագնացները տարօրինակ հայացքով զննում էին նրան:
-Իսկ մետեորիտները իրականում գոյություն ունե՞ ն,-հանկարծ հարցրեց Հիչքոքը:
-Գրողը տանի, դու ինքդ էլ շատ լավ գիտես, որ՝ այո:
-Մեր ռադարի էկրակին` այո: Այսպիսի լուսավոր գծեր են տիեզերքում: Ոչ , ես չեմ հավատում այն ամենին, ինչ կատարվում է առանց իմ ներկայության: Երբեմն չեմ հավատում ոչ ոքի և ոչինչի, – նա նայեց լանչը վերջացնող տիեզերագնացներից մեկին, ապա ուղղվեց,- Այստեղ նավի վերին հարկ տանող աստիճան կ՞ա:
-Այո:
-Ես պետք է անհապաղ տեսնեմ մետեորիտը:
-Պետք չէ այդքան նյարդայնանալ, բարեկամ:
-Սպասիր ինձ, հիմա կվերադառնամ: Հիչքոքը արագ քայլերով դուրս եկավ: Տիեզերագնացները շարունակում էին դանդաղորեն ծամել ուտելիքը: Որոշ ժամանակ անց նրանցից մեկը բարձրացրեց գլուխը ափսեից:
-Ինչքա՞ն ժամանակ է նա այսպիսին է: Հիչքոքին նկատի ունեմ:
-Միայն այսօր:
-Երեկ էլ էր նա տարօրինակ:
-Այո, բայց այսօր ամեն ինչ ավելի բարդ է:
-Ինչոր մեկը հայտնե՞լ է այդ մասին հոգեբույժին:
-Ես կարծում էի, որ ինքնաբերաբար կանցնի: Յուրաքանչյուրն էլ առաջին անգամ տիեզերք ընկնելով՝անցնում է դրա միջով: Ինձ հետ էլ էր նույնը կատարվում: Սկզբում սկսում ես փիլիսոփայել , իսկ հետ վախից դողդողալ, մարմինդ պատվում է սառը քրտինքով, կասկածում ես սեփական ծնողներիդ վրա, չես հավատում , որ կա Երկիր, և վերջում հարբում ես, արթնանում գլխացավով ու ամեն ինչ անցնում է:
-Հիչքոքը ոչ մի անգամ չի խմել,- նկատեց ինչ-որ մեկը ,- բայց դա նրան չէր խանգարի: -Չեմ հասկանում, թե ինչպես է անցել նախընտրական հանձնաժողովը:
-Իսկ ինչպե՞ս ենք մենք անցել այն: Նրանց մարդիկ են պետք: Տիեզերքը վախեցնում է հասարակ մարդկանց: Այդ պատճառով հանձնաժողովներն այդքան էլ խստապահանջ չեն:
-Այս մեկը ոչ մի կերպ չէր կարող պետքական ճանաչվել, -ասաց մեկը
-Սա նրանցից է, ովքեր թքած ունեն ամեն ինչի վրա: Նրանից ամեն ինչ կարելի է սպասել: Անցավ 5 րոպե: Հիչքոքը չէր վերադառնում: Կլեմենսը չդիմացավ և կանգնեց` քայլերն ուղղեց տիեզերանավի տախտակամած: Հիչքոքն այնտեղ էր: Նա քնքշությամբ սեղմվել էր ծայրագծերին:
-Նա կա,-ասում էր ինքն իրեն:
-Իհարկե, կա:
-Իսկ ես վախենում էի, որ չկա,-Հիչքոքը ուշադիր նայեց Կլեմենսին,-ու դու էլ ես ողջ:
-Ողջ եմ, և այնքան էլ քիչ տարի չեմ ապրում:
-Ոչ, -հակաճառեց Հիչքոքը,- Հիմա, տվյալ պահին, քանի դեռ դու այստեղ ես, դու ողջ ես: Մեկ վայրկյան առաջ դու այստեղ չէիր, և ոչինչ էիր:
-Ինձ համար ես ամեն ինչ էի, -չհամաձայնեց Կլեմենսը:
-Դա կարևոր չէ: Դու ինձ հետ չէիր,-պնդեց Հիչքոքը,- իսկ դա գլխավորն է: Թիմը ներքևո՞ւմ է:
-Այո:
-Իսկ կարո՞ղ ես դա ապացուցել:
-Լսիր, Հիչքոք, լավ կլինի հանդիպես բժիշկ Էդվարդսին: Ինձ թվում է՝ դու օգնության կարիք ունես:
-Ոչ, ինձ հետ ամեն ինչ կարգին է: Իսկ ո՞վ է այստեղ բժիշկը: Դու կարո՞ղ ես ապացուցել, որ նա տիեզերանավի վրա է:
-Կարող եմ: Միակ բանը, որ պետք է անել` կանչել նրան այստեղ:
-Ոչ, ես ուզում եմ ասել, որ հենց այս պահին, այստեղ կանգնած, դու չես կարող ապացուցել ինձ, որ նա այստեղ է: Ճիշտ չե՞մ:
-Իհարկե, մնալով քո կողքին, չեմ կարող:
-Այ, տեսնում ես: Դու չես կարող ապացուցել միայն քո մտավոր կարողությունների շնորհիվ: Իսկ ինձ պետք է հենց այնպիսի ապացույց, որ զգամ: Նյութական ապացույցները, որոնց հետևից պետք է գնալ և քարշ տալ այստեղ, ինձ պետք չեն: Ես ցանկանում եմ, որ ապացույցը հնարավոր լինի մտապահել, շոշափել, հոտ քաշել, զգալ այն ամբողջությամբ: Դա անհնար է: Ինչ-որ մի բանի գոյությանը հավատալու համար դու պետք է այն մշտապես ունենաս քո կողքին: Երկիրը կամ մարդուն գրպանդ չես դնի: Իսկ ես ցանկանում եմ հասնել նրան, որ մշտապես կողքիս ունենամ ցանկացած իր` նրա գոյությանը հավատալու համար: Դա ախր այնքան դժվար է. գնալ ինչ-որ տեղ, վերցնել ֆիզիկապես գոյություն ունեցող ինչ-որ իր, միայն ինչ-որ մի բան ապացուցելու համար: Ես չեմ սիրում ֆիզիկական իրերը, քանի որ միշտ էլ հնարավոր է մոռանալ այն ինչ-որ տեղ , իսկ հետո դադարել հավատալ:
-Այդպիսին են խաղի կանոնները:
-Ես ցանկանում եմ փոխել դրանք: Մի՞թե վատ կլինի հաստատել այս կամ այն իրի կամ մարդու առկայությունը ընդամենը հասարակ մտքի թռիչքով և վստահ լինել, որ ամեն ինչը իր տեղում է: Ես միշտ կիմանայի, թե ինչ տեսք ունի այս կամ այն վայրը իմ բացակայության ընթացքում: Ես կցանկանայի վստահ լինել այդ հարցում:
-Անհնար է:
-Գիտես, -երազկոտ ասաց Հիչքոքը,- տիեզերքում հայտնվելու միտքը առաջին անգամ ինձ այցելեց 5 տարի առաջ,- Հենց այդ ժամանակ էլ կորցրի աշխատանքս: Ցանկանում էի գրող դառնալ: Մեկը նրանցից, ովքեր շատ են խոսում և քիչ գրում: Դրանք նյարդային, բռնկուն մարդիկ են: Այդ պատճառով,, երբ կորցրի իմ լավ աշխատանքը և հեռացա տպագրական գործից, այդպես էլ չկարողացա ոչինչ գտնել: Այդ ժամանակ ամեն ինչ թարս գնաց: Կինս մահացավ: Ինչպես տեսնում ես, մնայուն ոչինչ չկա, ոչինչ չի մնում այնտեղ, ինչպես դու ես դասավորել: Նյութական իրերի վրա չարժի հույս դնել: Ստիպված էի որդուս թողնել մորաքրոջս խնամակալությանը, գործերս ավելի ու ավելի էին վատանում, և հանկարծ իմ անունի տակ մի պատմվածք տպագրվեց, որը, սակայն, իմը չէր:
-Ես ինչ-որ բան չեմ հասկանում:
Հիչքոքի գունատ դեմքը պատվեց սառը քրտինքով:
-Կարող եմ միայն ասել այն, որ ես երկար ժամանակ նայում էի տպագրված պատմվածքի էջին, որտեղ գրված էր իմ անունը՝ Յոզեֆ Հիչքոք, բայց ես գիտեի, որ դա մեկ ուրիշն է: Այն փաստը, որ պատմվածքը իսկապես ես եմ գրել, այլ ոչ թե մեկ ուրիշը, ապացուցելու ոչ մի հնարավորություն չկար: Պատմվածքը ինձ ծանոթ էր, ես գիտեի, որ գրել եմ այն, բայց թղթի վրա տպագրված անունը ցույց էր տալիս, որ ես ընդամենը ինչ-որ մի խորհրդանիշ եմ, ինչ-որ մեկի անվանումը: Եվ այն ինձ օտար էր: Հենց այդ ժամանակ էլ հասկացա, որ հաջողակ գրողի կարիերան ինձ համար ոչինչ է, քանի որ երբեք չեմ կարող նույնացնել ինձ իմ անվան հետ: Ամեն ինչ իզուր կլինի: Այդ ժամանակվանից ի վեր չեմ գրում: Մի քանի օր անց պատմվածքներ գտա դարակումս , ես հիշում էի, որ ինքս եմ դրանք մեքենագրել, սակայն համոզված չէի, որ ես եմ դրանք գրել: Ինձ միշտ խանգարել է ապացույցների բացակայության փաստը, ինչ-որ բանի ստեղծման գործընթացի և արդեն ստեղծված իրի միջև ընկած փոսը: Այն , ինչը արդեն ստեղծված է, դառնում է մեռած և չի կարող ապացույց հանդիսանալ, քանի որ այլևս գործողություն չէ: Իրական է միայն գործողությունը: Իսկ այն թղթի թերթը, որում գործողությունը տպագրված և հաստատված է, կարծես թե գոյություն չունի. այն անտեսանելի է: Վերջակետ է դրվում այն ապացույցի վրա, որ եղել է գործողություն: Մնում է միայն հիշողությունը, որին ես չեմ վստահում: Կարո՞ղ եմ արդյոք ես ապացուցել, որ ես եմ գրել այդ պատմվածքները: Ոչ, իհարկե: Կարո՞ղ է ինչ-որ մի հեղինակ անել դա: Ի նկատի ունեմ գարծողությունը ապացույցի վերածելը: Ոչ: Եթե միայն ինչ-որ մեկը քեզ չտեսնի տպագրելուց: Բայց ինչ անել այն դեպքում, երբ չես հորինում, այլ գրում ես ինչոր բան , որ թաքնված է ենթագիտակցության խորքում: Այն ժամանակ, երբ աշխատանքը ավարտված է, ապացույց է դառնում հիշողությունը: Այդ կերպ ես սկսեցի ամեն տեղ և ամեն ինչում փնտրել գործողության և արդյունքի միջև եղած այդ փոսը: Ես գտնում էի դրանք ամեն տեղ: Սկսեցի կասկածել, որ ես ամուսնացած եմ եղել, որ տղա ունեմ, որ երբևիցէ աշխատանք եմ ունեցել: Կասկածում էի, որ ծնվել եմ Իլլինոյս նահանգում, որ իմ հայրը հարբեցող էր, իսկ մորս համար գոնե մի բարի բառ չէի կարողանում գտնել: Այդ ամենը ես չէի կարող ապացուցել: Իհարկե, ինձ կարող են ասել, որ լավն եմ, այսպիսին կամ այնպիսին եմ, բայց հարցը դրա մեջ չէ:
-Ավելի լավ է դուրս գցիր գլխիցդ այդ ամենը,-անտարբեր կերպով ասաց Կլեմենսը:
-Չեմ կարող: Այդ անդունդները և անսահման տարածաչափությունը ինձ հուշեցին աստղերի մասին: Ես ցանկացա հրթիռով հայտնվել տիեզերքում, այդ անէության մեջ` մետաղական, բայց ձվի կեղևի նման փխրուն հրթիռի վրա` հեռու ապացույցների բացակայության տեղերից: Ես հանկարծ հասկացա, որ երջանկություն կգտնեմ միայն տիեզերքում: Ալդեբարան-P-ի վրա կթռչեմ տիեզերք, ապա միանգամից հնգամյա պայմանագիր կկնքեմ դեպի Երկիր գործուղման համար, և այդպես կթռչեմ այստեղ-այնտեղ մինչև իմ կյանքի վերջին օրերը:
-Խոսե՞լ ես այդ մասին հոգեբույժի հետ:
-Որպեսզի նա ցեմենտի հիշողության անդունդներն ու փոսերը տաք ջրով և աղմուկով, խոսքերով և շփումո՞վ: Չէ, գոհ ու շնորհակալ եմ,-Հիչքոքը ձայնը կտրեց,
-Ես ավելի եմ վատանում, այնպես չէ՞: Արդեն մտածել եմ այդ մասին: Այսօր առավոտ` արթնանալով, մտածեցի, որ ավելի եմ վատացել: Կամ էլ լավացել,-նա կրկին լռեց և խեթ նայեց,-Դու այստե՞ղ ես: Իսկապե՞ս այստեղ ես: Հապա, ապացուցիր: Կլեմենսը բավականին ուժեղ հարված հասցրեց նրա ձեռքին:
-Այո, -հանգստացավ Հիչքոքը, ուշադիր մերսելով ձեռքը,- Դու եղել ես այստեղ: Ինչ-որ մի վայրկյան առաջ: Բայց հիմա ես չգիտեմ, արդյո՞ք դու այստեղ ես:
-Շուտով կտեսնվենք, -նետեց Կլեմենսը և շտապեց բժշկի հետևից:
Հնչեց տագնապի ձայնը: Մեկ, երկու, երեք: Հրթիռը վեր թռավ, կարծես թե ինչ-որ մեկի ուժեղ աքացիից: Լսվեցին տհաճ, աշխատող փոշեկուլի ձայնի նման հնչյուններ: Կլեմենսը ձայներ լսեց և ներքաշեց իր ականջների մոտ սուլող օդը: Քիչ անց քիթը և թոքերը դատարկվեցին: Կլեմենսի ոտքերը կարծես թե քարացան: Բայն հենց նույն պահին հեռացող օդի ձայնը դադարեց:
-Մետեորիտ է, -գոռաց ինչ-որ մեկը:
-Բացակը կնքված է, -լսվեց պատասխանը:
Այդպես էլ կար: «Սարդ» կոչվող արտաքին վթարների պաշտպանիչ գործիքը արդեն արել էր իր գործը` ծածկելով հրթիռի կոտրված մասը մետաղական փակիչով: Կլեմենսը լսեց ինչ-որ մեկի չանջատվող ձայնը, և ապա` գոռոցներ և վազեց թարմ օդով լցված միջանցքով դեպի մասնաբաժին: Բոլորը հավաքված էին: Հատակին պառկած էր Հիչքոքը: Աչքերը փակ` նա անընդհատ կրկնում էր.
-Նա փորձում էր սպանել ինձ! Նա փորձում էր սպանել ինձ!
Նրան օգնեցին ոտքի կանգնել,
-Դա չպետք է տեղի ունենար,-պնդում էր Հիչքոքը,-մի՞թե ես սխալվում եմ: Նա ուղղված էր դեպի ինձ: Ինչո՞ւ նա արեց դա:
-Ամեն ինչ կարգին է, Հիչքոք, ամեն ինչ կարգին է,-հանգստացնում էր նրան կապիտանը:
Բժիշկը այդ ժամանակամիջոցում վիրակապ էր դնում Հիչքոքի վնասված ձեռքին: Վերջինս` բարձրացնելով գլուխը, հանդիպեց Կլեմենսի հայացքին:
-Նա ուզում էր սպանել ինձ, -բացատրեց նա ընկերոջը:
-Ես գիտեմ, -Կլեմենսը հանգստացրեց նրան:
Անցավ 17 ժամ: Հրթիռը շարունակում էր իր թռիչքը: Կլեմենսը դուրս եկավ և սկսեց սպասել: Հիմա Հիչքոքի հետ միայն կապիտանն ու հոգեբույժն էին: Նա նստել էր հատակին` պինդ գրկած իր ծնկները:
-Հիչքոք! -դիմեց կապիտանը:
Լռություն:
-Հիչքոք, լսեք ինձ,-իր հերթին փորձ ձեռնարկեց հոգեբույժը:
Կլեմենսին տեսնելով` հոգեբույժը դիմեց, -Դուք նրա ընկե՞րն եք:
-Այո: -Պատրա՞ստ եք օգնել մեզ:
-Եթե կարողանամ:
-Այդ անիծյալ մետեորիտը,-դժգոհեց կապիտանը,- Եթե նա չլիներ, սա չէր պատահի:
-Վաղ թե ուշ դա տեղի կունենար, -նկատեց հոգեբույժը,-Փորձեք խոսել նրա հետ,- դիմեց Կլեմենսին:
Կլեմենսը դանդաղորեն մոտեցավ Հիչքոքին, և թեքվելով նրա կողմը` թեթևակի թափահարեց վերջինիս ձեռքը:
-Հեյ, Հիչքոք, արթնացիր!
Լռություն:
-Սա ես եմ, Կլեմենսը, -նա կրկին փորձեց,-նայիր, ես այստեղ եմ:
Նա խփեց Հիչքոքի թևին: Ապա սկսեց մերսել նրա բռնված վիզը, մեջքը, ծնկներին հակված գլուխը: Նա հայացքը ուղղեց հոգենույժի կողմը, բայց վերջինս միայն թեթևակի հառաչեց: Կապիտանը թոթվեց ուսերը:
-Գուցե փորձե՞նք շոկային թերապիա, բժիշկ: Հոգեբույժը համաձայնեց, -1 ժամից:
«Այո, -մտածեց Կլեմենսը, -շոկային վիճակից մարդու դուրսքաշումը: Տվեք նրան լավ ջազի չափաբաժին, թափահարեք նրա քթի մոտ քլորոֆիլի թուրմով կամ ձնծաղիկներից պատրաստված գինով, փռեք նրա ոտքերի տակ կանաչ խոտով ծածկված գորգ, օդում ցանեք Շանել-ի օծանելիք, կտրեք նրա մազերն ու եղունգները, գեղեցիկ կին բերեք նրա համար, գոռացեք և տրորեք նրան ոտքերով, ոչնչացրեք նրան և տապակեք էլեկտրականության վրա, լցրեք նրան տանջող բոլոր բացերը, բայց ի՞նչ կարելի է անել ապացույցների հետ: Կարո՞ղ եք արդյոք ցույց տալ դրանք նրան այնպես, որ նա հավատա դրանց: Դուք չեք կարող գրավել երեխայի ուշադրությունը գիշերային սուլոցով 30 տարի շարունակ: Ինչ-որ մի պահի պետք է կանգ առնել: Բայց երբ անեք դա, նա էլի կորած կլինի Ձեր համար, եթե իհարկե, Դուք ընդհանրապես գոյություն ունեք նրա համար» :
-Հիչքոք! -Կլեմենսը գոռաց այնքան ուժեղ, ինչքան կարող էր, անսահման հուսահատության մեջ, կարծես թե ինքն էր կանգնած անդունդի եզրին,-Սա ես եմ, քո ընկերը! Արթնացիր!
Կլեմենսը շրջվեց և շրջապատի քար լռության մեջ դուրս եկավ: 12 ժամ անց նորից հանկարծակի հնչեց տագնապի ազդանշանը: Երբ բոլորը հավաքվեցին, և ոտնաձայները լռեցին, կապիտանը բացատրեց,
-Հիչքոքը, օգտվելով այն առիթից, որ մենակ է մնացել, հագավ սկաֆանդրը և դուրս եկավ տիեզերք: Միայնակ: Կլեմենսը` հաճախակի թարթելով աչքերը, ջանում էր իլյումինատորի ապակուց այն կողմ տեսնել աստղերի լղոզված հետքերը և տիեզերքի թավ մթությունը:
-Հիմա նա այնտեղ է, -վերջապես արտաբերեց նա:
-Այո: Մեզնից երևի միլիոն մղոն հեռու: Էլ չենք գտնի նրան: Հենց սկզբից հասկացա, որ նա այնտեղ է, երբ միացավ ռադիոն և լսվեց նրա ձայնը: Խոսում էր ինքը իր հետ:
-Ինչ էր նա ասում?
-Նման մի բան. «Չկան այլևս հրթիռներ: Ոչ մի տեսակ: Եվ մարդիկ էլ չկան ամբողջ տիեզերքում: Չնայած նրանք երբեք էլ չկային: Չկան ոչ մի ծառեր և այլ բույսեր, և չկա ոչ մի աստղ »: Ահա թե ինչ էր նա ասում: Հետո սկսեց նույն խոսքերը ասել իր սեփական ձեռքերի և ոտքերի մասին: Իբր, երբեք էլ ձեռքեր չի ունեցել. «Ոչ մի ոտք: Ո՞րտեղ են ապացույցները, որ ես երբևէ ունեցել եմ դրանցից: Մարմինը նույնպես: Ոչ շրթունքներ ունեմ, ոչ դեմք, ոչ էլ գլուխ: Չունեմ ու երբեք էլ չեմ ունեցել: Միայն տիեզերք, միայն անդունդ …»
Բոլորը լուռ նայում էին հեռավոր աստղերին: «Տիեզերք, -մտածում էր Կլեմենսը-Հիչքոքը իսկապես սիրում էր այն: Դատարկություն վերևից, դատարկություն ներքևից, և մի ամբողջական դատարկություն մեջտեղում, իսկ նրա մեջ Հիչքոքը, որը ընկնում է ներքև` առհանդիման ոչ առավոտվան, բայց ոչ էլ գիշերվան…»

Աղբյուրը՝ www.lit-bridge.com

0 մեկնաբանություն:

Post a Comment