Ծնվել է 1892 թվի փետրվարի 22-ին, բուժքրոջ և ուսուցչի ընտանիքում։ Մեծացել է առանց հոր։ Մայրը, որ դուստրերի հետ հաճախ էր աշխատանք փնտրելու համար քաղաքից քաղաք փոխադրվում, սովորեցնում է երեխաներին անկախ լինել և սիրել գրականությունը։
Էդնան տպագրվել սկսել
է 15 տարեկանից, երբ նրա «Renascence» բանաստեղծությունը ԱՄՆ-ի՝ «Տարվա բանաստեղծություն»
մրցույթում 4-րդ տեղն է գրավել։ Դա սկանդալ առաջացրեց, քանի որ բոլոր ընթերցողները
համարում էին, որ բանաստեղծությունն արժանի է առաջին տեղին։
Դրանից հետո նա դարձավ
հանրահայտ, իսկ մի հարուստ կին՝ Քերոլայն Դոուն վճարեց Վասսեր քոլեջում նրա կրթության
համար։
Էդնա Միլլեյը բուռն
կյանք է ապրել, ինչի արդյունքը բազմաթիվ բանաստեղծությունները, դրամատիկական ստեղծագործությունները։
Մահացել է 1950 թվականին՝
աստիճաններից ընկելով։
Ներկայացնում ենք նրա բանաստեղծությւններից երկուսը Սիրանույշ Օհանյանի թարգմանությամբ։
Կապույտ մորուք
Պետք չէր բացեիր դուռը: Բացեցիր:
Ներս մտիր և տես՝ ինչ աննշան եմ
Քեզ դավաճանել: Ոչ գանձ կա այստեղ
Թաքուն, ոչ կճուճ, ոչ ճշմարտություն
Ցույց տվող հայելի: Ոչ իսկ գլուխներ
Սպանված կանանց՝ քո պես ագահ կամ
Տանջանքի հետքեր: Լոկ այն, ինչ տեսար.
Դե նորից նայիր՝ դատարկ մի սենյակ,
Անհարմարավետ, սարդոստայնապատ:
Սա պահում էի, հեռու իմ կյանքից,
Միայն ինձ համար: Բայց սողոսկեցիր
Շեմն այս երեկո դու այնպես ստոր,
Որ էլ երեսիդ նայել չեմ կարող:
Սա հիմա քոնն է: Նորը կփնտրեմ:
Աղոթք Պերսեփոնեին
Եղիր նրան, Պերսեփոնե՛,
Ամեն ինչ, որ ես չեղա․
Դիր գլուխը քո գոգին:
Այնքան հպարտ, վայրի էր,
Անհոգ, ինքնագոհ, ազատ,
Նա իմ կարիքը չուներ․
Փոքրիկ, մենակ մանուկ է
Նա՝ մոլորված դժոխքում․
Դիր գլուխը քո գոգին,
Ասա նրան․ «Իմ անգին,
Այստեղ շատ ահավոր չէ»:
0 մեկնաբանություն:
Post a Comment