Վստահ չենք, թե Ճապոնիայի նոր հյուրանոցում ռոբոտները կծածկեն իրենց հյուրերին քնելուց առաջ, սակայն պարզ է, որ նրանք կմատուցեն բազմաթիվ այլ հյուրընկալական ծառայություններ:
Huis Ten Bosch ընկերությունը Ճապոնիայի Նագասակի նահանգում նախատեսում է բացել այնպիսի հյուրանոցներ, որոնց աշխատակազմը բաղկացած կլինի ռոբոտներից և այլ հատուկ տեխնոլոգիաներից:
Հյուրանոցը կկոչվի Հենն-Նա, ինչը թարգմանաբար նշանակում է «Տարօրինակ հյուրանոց»: Նախատեսված է, որ երկհարկանի հյուրանոցի մի մասը կբացվի հուլիսի 17-ին և կունենա 72 սենյակ: Երկրորդ մասի կառուցումը կավարտվի 2016 թվականին և կունենա ևս 72 սենյակ: Հյուրանոցում կաշխատեն մարդանման ռոբոտներ, որոնք կոչվում են «ակտրոիդներ»:
Դրանք կկարողանան մարդկանց հետ խելացի զրույցներ վարել: Հյուրանոցում կաշխատեն նաև ռոբոտ-դռնապաններ և հավաքարարներ: Հյուրանոցը կառուցող ընկերության նախագահ Հիդեո Սավադան նշում է, որ նման հյուրանոցները կդառնան ամենաարդյունավետը աշխարհում: Ենթադրվում է, որ 90%-ով դրանք կկառավարվեն ռոբոտների կողմից, ինչը թույլ կտա, որ այդ հյուրանոցները դառնան ապագայի ամենամատչելի հյուրանոցները: Սավադան նշում է նաև, որ ապագայում ամբողջ աշխարհում կբացվի նման 1000 հյուրանոց:
Հյուրանոցի դռները ապահովված կլինեն դեմքը ճանաչող տեխնոլոգիայով: Հյուրանոցի համարները ապահովված կլինեն ամենամինիմալ հարմարություններով: Հաճախորդները իրենց անհրաժեշտ իրերը կպատվիրեն պլանշետների միջոցով:
Օդափոխիչների փոխարեն համարներում կաշխատեն այնպիսի ճառագայթային վահանակներ, որոնք օդի ջերմաստիճանը կհարմարեցնեն համարում ապրող մարդու մարմնի ջերմաստիճանին: Կօգտագործվեն արևային մարտկոցներ և էներգախնայող այլ համակարգեր, որոնք կնվազեցնեն ընդհանուր ծախսերը:
Սենյակների սակագները կտարբերվեն ըստ հաճախորդների պահանջների: Հյուրանոցի մեկ սենյականոց համարը կարժենա $60, իսկ երեք սենյականոցը՝ $153: Լյուքս համարների արժեքները ավելի բարձր կլինեն: Հյուրերն արդեն կարող են առցանց համարներ պատվիրել:
Թարգմանությունը՝ Դավիթ Կիրակոսյանի
Աղբյուրը՝ www.cnn.com
0 մեկնաբանություն:
Post a Comment