Դոնալդ Ջ. Սիրս
Նա դուրս էր նայում նկարազարդ պատուհանից տեղացող ձյանը, մինչ խտասկավառակից հնչում էր Բինգ Քրոսբիի "White Cristmas" երգը: Նոր զարդարված ծառը՝ իր լույսերով և փայլերով, ծառից կախված փայտե զինվորիկներով, գեղեցիկ էր ինչպես երբեք: «Սա իմ 14-րդ Սուրբ Ծնունդն է»,- մտածեց այն ժամանակ, երբ շրջվեց դեպի սեղանը և վերջացրեց մայրիկի նվերի՝ "Emeraude" օծանելիքի (ամեն տարի էլ նվիրում է) փաթեթավորումը: Հենց նա նվերը դրեց ծառի տակ, մայրիկը աշխատանքից տուն մտավ։ Նա անշարժ գույք է վաճառում և վերջերս բավականին շատ էր լինում դրսում:
-Բարև, Բրայն, տոնածառը շատ գեղեցիկ է, ի՜նչ օր է, կարո՞ղ ես մաքրել ոտքի ճանապարհը ձյունից:
-Իհարկե, մայրիկ,-ասաց նա՝ ոտքի կանգնելով բուխարու մոտ թափթփված իրերի միջից:
-Մայրիկ,- ասաց՝ հագնելով բաճկոնը,- չգիտեմ ինչու, այս տարի այդքան էլ տրամադրված չեմ Սուրբ Ծնունդ նշելու, ես գիտեմ, որ ընդամենը երկու օր է մնացել, բայց չեմ կարողանում տրամադրվել:
- Այո, ես գիտեմ, անուշիկս: Կարող ես աղբը դուրս տանել:
Ճանկելով ոչ լավ կապված աղբի տոպրակը`Բրայնը դուրս եկավ ցուրտ երեկոյին: Նա մուտքի մոտից աղբի տոպրակը նետեց բաց աղբամանի մեջ և վերցրեց բահը:
Երբ ձյունն էր մաքրում, չէր կարողանում չմտածել, թե նախկինում որքան մեծ հաճույք էր ստանում սուրբծննդյան տոներից: Ե՛վ լույսերը, և՛ երգերը, և՛ նվերները շատ ավելի ուրախություն էին պատճառում: Հիմա ամեն ինչ լավ է, բայց այդ զգացողությունը ուղղակի նույնը չէ, այն կախարդանքը, որ սուրբծննդյան տոները բերում էին, հիմա պարզապես այլևս չի գալիս: Հավանաբար, դա այն պատճառով է, որ հայրիկը այլևս իր հետ չէ, մտածում էր նա ՝ բահով խզխզացնելով ոտքի ճանապարհի սառույցը: Նա ութ տարեկանից՝ ինչ ծնողները բաժանվել են, ունեցել է «հանգստյան օրերի հայր» և Սուրբ Ծնունդները անցել են օրվա կեսը հայրիկի հետ, կեսը՝ մայրիկի:
«Երևի հենց դրա համար ես այլևս չեմ կարողանում տրամադրվել,- ասաց նա ինքն իրեն,- կամ երևի հայրիկը ճիշտ էր, որ Սուրբ Ծնունդը երեխաների համար է: Մեծանալով դու պարզում ես, որ Սուրբ Ծնունդը իրականում մեկ այլ օր է: «Փոքր երեխանների համար հաճելի է, բայց երբ մեծանում ես, նա չունի այն հաճույքը, ինչ այն ժամանակ», այսպես էր հայրիկը պատասխանել նրան անցյալ տարի, երբ հարցրել էր, թե ինչու նա սիրով չի սպասում Սուրբ Ծնունդին։
«Ես կարծում եմ, որ չափազանց մեծ եմ Ձմեռ պապիկի, սահնակ քշելու և նման բաների համար»: Դա էր Բրայնի եզրակացությունը այն ժամանակ, երբ նա խրեց բահը նոր հավաքած ձյան կույտի մեջ, թափ տվեց իր կիսաճտքավոր կոշիկները և մտավ ներս։ Վերարկուն էր հանում, երբ մայրը ձայն տվեց.
-Բրայն, լվացվի՛ր, անուշիկս։ Քեռի Ջիմը գալու է ճաշին։
Բրայնը փնթփնթաց և գնաց լոգարան։ Քեռի Ջիմը վատ մարդ չէր։ Բայց նա մի տեսակ ձանձրալի էր և քիչ էր խոսում։ Այնպես չէ, որ Բրայնը ատում էր քեռուն, պարզապես նա սովորական մարդ էր, «ոչ ոք յուրահատուկ կամ հետաքրքիր չէ», և Բրայնը ոգևորված չէր նրա հետ լինելու մտքից։ Այն ժամանակ, երբ լվացվում էր, ինքն իրեն դատապարտեց երեկոն քեռի Ջիմի հետ անցկացնելուն։
-Շնորհավոր Սուրբ Ծնունդ ,-Բրայնի դուռը բացելով՝ ասաց Ջիմը։
-Այո, իհարկե,- պատասխանեց Բրայնը անտարբերությամբ։
-Տունը շատ գեղեցիկ տեսք ունի, դուք հիանալի գործ եք արել։ Ձմեռ պապը անշուշտ այստեղ կանգ կառնի,-վստահեցրեց Ջիմը։
«Վախենում եմ, որ ես չեմ կարողանա դիմանալ այս մարդուն մի ամբողջ երեկո, եթե նա այսպես շարունակի», մտածում էր Բրայնը, երբ վերցրեց քեռու վերարկուն։
Ջիմ,- սկսեց Բրայնի մայրը,- կտանե՞ս նրան՝ քաղաքի զարդարանքները տեսնելու։ Հարկավոր է, որ զգա տոնի ոգին։
-Ո՛չ, մայրիկ, ամեն ինչ կարգին է,- պատասխանեց Բրայնը։ Ամբողջ օրը քեռու հետ անցկացնելու միտքը նրան հիվանդացնում էր։
-Իհարկե, անհոգ եղիր,- պատասխանեց Ջիմը։ Ես, միևնույն է, պետք է մի քանի ուշացած գնումներ կատարեմ։
-Ոչ, իսկապես ամեն ինչ լավ է, խնդրեց Բրայնը։ Բայց նրա ջանքերը ապարդյուն էին։ Վերջին բանը, որ Ջիմն ասաց այդ գիշեր հեռանալիս, հետևալյն էր.
-Կհանդիպենք վաղը՝ առավոտյան, Բրայն։ Ես քեզ կվերցնեմ ժամը տասին։
Բրայնը համակերպվեց այն փաստի հետ, որ ինքը անշուշտ անցկացնելու է իր օրը քեռու հետ՝ փորձելով «զգալ Սուրբ Ծնունդի ոգին»։ Այդ գիշեր՝ անկողնում պառկած, նա նայում էր ձյան վերմակին, որը ծածկել էր մարգագետինը։ Աստղերը շողում էին, և հարևանների տների լույսերը ծիածանի գույներ էին առկայծում։ Նրանց ծխնելույզներից ծուխը նրբորեն դուրս էր գալիս դեպի երկինք։ Դա իսկական Սուրբ Ծննդյան օրվա բացիկի տեսարան էր։ Մայրը, երբ անցնում էր այդտեղով, գլուխը մտցրեց սենյակ և նկատեց ձմեռային այդ տեսարանը։
-Իսկական Սուրբ Ծնունդ է, չէ՞,- ասաց նա։
-Իհարկե,- Բրայնը արձագանքեց և գլուխը թաղեց բարձի մեջ։ Երբ մայրը գնացել էր, նա փակեց աչքերը, խորը շնչեց և ցածրաձայն լաց եղավ։
Ջիմը հայտնվեց հաջորդ առավոտյան՝ ուղիղ տասին, և Բրայնի հետ գնացին քաղաք։
-Այսպիսով, դու չես կարողանում տրամադրվել սուրբծննդյան տոներին, հա՞, Բրայն , - հարցրեց Ջիմը։
-Ոչ, իսկապես ,- եղավ Բրայնի սառը պատասխանը։
-Դե, հնարավոր է՝ մայրդ ճիշտ է։ Հավանաբար բոլոր խանութների զարդարանքները կօգնեն քեզ, - Ջիմը առաջարկեց այն ժամանակ, երբ նրանք գնում էին գրախանութի կողմը։
-Գուցե,- ասաց Բրայնը՝ համոզված լինելով, որ եթե ինչ- որ բան կբարձրացնի իր տրամադրությունը սուրբծննդյան տոներին, դա անշուշտ գրախանութը չէ։
Նա, Ջիմի հետևից ընկած, գնում էր խանութից խանութ՝ երբեք իրականում գնումներ չկատարելով և ոչ էլ նկատելով տոնական ցուցադրումները։ Նրանք երկուսն էլ խոսում էին քիչ, ինչը Բրայնի սրտով էր, որը պարզապես ցանկանում էր վերադառնալ տուն։ Նա հենց սկզբից էլ գիտեր, որ զարդարանքներն ու ցուցադրումները երբեք չեն ուրախացնի իրեն, և քեռու հետ լինելը վիճակը ավելի էր վատացնում։ Գուցե ամենալավ բանն այն է, որ ուղղակի թողնեն՝ Սուրբ Ծնունդը անցնի- գնա, ինչպես մյուս օրերը և մոռանանք այն մասին, թե ինչպիսի յուրահատուկ զգացմունքներ ենք ապրել։ Հայրը ճիշտ էր. Սուրբ ծնունդը հենց երեխաների համար է։
-Հե՜յ, Բրայն, արի այստեղ , - բղավեց Ջիմը, որ կանգնած էր խաղալիքի խանութի շեմին։ - Ես միշտ Սուրբ ծննդյան նախօրեին վերջին կանգառը անում եմ այստեղ։
-Ինչո՞ւ։ Դու երեխաներ չունես։
-Գիտեմ, բայց երբ խաղալիք եմ գնում, ինձ երեխա եմ զգում։ Դա կարող է օգնել, փորձիր, - ասաց Ջիմը խանդավառությամբ։
Բրայնը թերահավատ մարդ էր և անշուշտ չէր ցանկանա վատնել գումարը խաղալիքի վրա։ Նա նայում էր, բայց չէր կարողանում ինքն իրեն համոզել, որ ծախսի փողը։
Նրա քեռին, հակառակը, գնեց 4 թե 5 փափուկ խաղալիք։ Բրայնը մտածեց. «Այս մարդն իսկապես հիմար է։ Հավատս չի գալիս։ Նա ծախսել է մոտավորապես 50$ խաղալիքների վրա»։
-Արի գնանք, Բրայն, - ասաց Ջիմը՝ շտապելով դեպի մեքենան։ - Ուշ է արդեն, և մենք դեռ մի տեղ էլ պիտի կանգ առնենք, նախքան քեզ տուն տանելը։
Վեջապես օրվա տառապանքը կավարտվի Բրայնի համար, և նա ցատկեց մեքենան տուն հասնելով մտահոգված։ Ճանապարհին նրանք կանգնեցին ոչ թե ուրիշ խանութի մոտ, ինչպես ինքը ակնկալում էր, այլ մի բնակելի շենքի դիմաց, որը նա նախկինում երբեք չէր տեսել։ Քեռին իջավ մեքենայից և կանչեց.
- Գնացինք: Հետդ բեր այդ խաղալիքները։
Բրայնը վերցրեց փափուկ խաղալիքներով պայուսակը և գնաց՝ մտածելով. «Հավանաբար քեռի Ջիմը տեղափոխվել է այստեղ և մեզ ոչինչ չի ասել»։
-Ինչո՞ւ ենք մենք այստեղ, - հարցրեց Բրայնը, երբ թակում էին երրորդ հարկի բնակարաններից մեկի դուռը։
Ջիմը մի պահ դադար տվեց և ասաց ժպտալով.
- Իմ ընկերները այստեղ են ապրում։
- Ովքե՞ր են նրանք, - պնդեց Բրայնը։
-Ես չգիտեմ, երբեք չեմ հանդիպել նրանց, - անորոշ պատասխանեց Ջիմը, երբ մի կին բացեց դուռը։
-Բարև, իմ անունը Ջիմ է, իսկ նրանը՝ Բրայն։ Մենք ձեր անունը վերցրել ենք տեղական բարեգործական ֆոնդից և կուզենայինք, որ դուք վերցնեք սրանք։ Ջիմը վերցրեց պայուսակը Բրայնից և հանձնեց կնոջը: Կինը պարզապես նայեց պայուսակին և ժպտաց։ Նա ներս հրավիրեց հյուրերին և ուղեկցեց դեպի հյուրասենյակ։
Տոնածառ չկար։ Լույսեր չկային ։ Չկար բուխարի և ոչ էլ Բինգ Քրոսբի։ Պարզապես մի փոքրիկ աղջիկ՝ մոտավորապես 4 տարեկան։ Կինը թաքցրեց պայուսակը աթոռի հետևում, վերցրեց խաղալիք արջուկը և առանց որևէ խոսք ասելու տվեց այն Ջիմին։ Նա էլ իր հերթին տվեց այն Բրայնին և գլխով ցույց տվեց աղջկան։ Բրայնը մոտեցավ աղջկան և ծնկի եկավ նրա կողքին։ Աղջիկը վերև նայեց և անմիջապես տեսավ այդ փափուկ արջուկը նրա ձեռքին։ Բրայնը մեկնեց արջուկը աղջկան: Սկզբում աղջիկը վարանեց, բայց երբ մայրը հավանություն տվեց, վերցրեց խաղալիքը։ Բրայնը ոտքի կանգնեց և նայում էր, թե աղջկա մեծ, շագանակագույն աչքերը ինչպես են լցվում ուրախության արցունքներով։ Նա ամբողջ ուժով գրկեց արջուկին և համբուրեց, հետո քնքշորեն օրորեց նրան։ Բրայնը նայեց Ջիմին՝ չիմանալով ինչ անել։ Ջիմը ժպտաց և պարզապես ասաց.
-Շնորհավոր Սուրբ Ծնունդ։
Շրջվելով գնաց դեպի դուռը և շշնջաց.
-Գնացինք, Բրայն։
Երբ երկուսն էլ գնացին դեպի դուռը, փոքրիկ աղջիկը ձեռքից վայր դրեց իր նոր գանձը և շտապեց Բրայնի մոտ։ Աղջիկը հազիվհազ կարողացավ հասնել նրան, բայց իր երկու ձեռքերով բռնեց նրա ձեռքը և ջերմորեն ասաց.
-Շնորհավոր Սուրբ Ծնունդ:
Հետո համբուրեց նրա ձեռքը այնքան քնքշորեն։ Բրայնը չգիտեր՝ ինչ ասեր և պարզապես դուրս եկավ դռնից՝ ընդամենը մեկ անգամ հետ նայելով՝ տեսնելու փոքրիկ աղկջան ու նրա մայրիկին, որ ժպտում էին իրեն։
Ո՛չ Բրայնը, ո՛չ էլ նրա քեռին ոչինչ չասացին տուն գնալու ճանապարհին: Բրայնը ոչնչի մասին չէր մտածում, բացի փոքրիկ աղջկանից, և ժպտում էր ջերմորեն: Երբ նրանք հասան Բրայնենց տուն, Ջիմը խախտեց լռությունը.
-Երևում է, որ այս տարի վերջապես սպիտակ Սուրբ ծնունդ է լինելու: Բարի գիշեր, Բրայն:
Բրայնը մեկ րոպե կանգնած նայում էր, թե ինչպես է հեռանում քեռու մեքենան: Նա նայեց հարևանների՝ ձյունով պատված տանիքներին և ծխնելույզից դուրս եկող ծխին և ջերմություն զգաց, որը երկար ժամանակ էր՝ չէր զգացել: Տղան չէր կարողանում զսպել իր ժպիտը և ցանկանում էր ցատկել, վազել ու բարձրաձայն սուրբծննդյան երգեր երգել: Եվ կարծես կայծակի հարվածի պես հանկարծ նա հասկացավ, թե հենց նոր ինչ կատարվեց: Քեռին այդ գիշեր նրան ցույց տվեց, թե որտեղ կարող է գտնել այն Սուրբ Ծնունդը, որը նա միայն հիշում էր: Փոքրիկ աղջկա երջանկությունն ու ուրախությունը նրա հոգին լցրեցին մանկական ջերմությամբ ու սիրով: Այդ փոքրիկ աղջկա նկատմամբ բարություն ցուցաբերելով՝ նա ստացավ ամենամեծ նվերը, որ կարող էր պատկերացնել: Նրան տվել էին Սուրբ Ծննդյան ոգին:
Այնուհետև նա մտածեց, թե ինչ էր ասել հայրը:
-Սուրբ ծնունդը երեխաների համար է, - ասաց նա բարձրաձայն:
Միայն երեխաները գիտեն՝ ինչպես տան ոչ եսասիրական ու անաղարտ սեր, որը չի ապականվել կյանքի հիասթափություններով և հուսահատություններով: Նման կերպ վարվելով՝ նրանք դարձնում են Սուրբ Ծնունդի օրը և յուրաքանչյուր օր ավելի վառ, յուրահատուկ և հրաշալի: Սուրբծննդյան օրվա մասին նոր պատկերացումներով Բրայնը նայեց աստղերին և ջերմորեն ասաց.
-Շնորհավոր Սուրբ Ծնունդ:
Թարգմանությունը՝ ընտրությամբ անգլերենի խմբի
Խորհրդատու՝ Սիլվա Հարությունյան
Հիանալի էր...
ReplyDeleteՀիանալի էր...
ReplyDelete