Ես սառն ու ամուր էի, ես կամուրջ էի, պառկած էի անդունդի վրա: Մի կողմից հողի մեջ էին խրված ոտքիս մատները, մյուս կողմից՝ ձեռքերս. ատամներով կառչել էի կավահողից: Կողքերիցս կախ ճոճվում էին սերթուկիս փեշերը: Ներքևում աղմկում էր սառնորակ առվակը, ուր կարմրախայտն էր լողում: Ոչ մի մոլորված զբոսաշրջիկ դեռ չէր հասել այս անանցանելի զառիթափին, կամուրջը դեռ չկար քարտեզների վրա: Ու այդպես ես պառկել ու սպասում էի. անկախ իմ կամքից ստիպված էի սպասել: Ամեն կամուրջ, որ կառուցված է, չի դադարում կամուրջ լինելուց:
Սա մի երեկոյան պատահեց, գուցե առաջին երեկոն էր, գուցե հազարերորդ՝ չգիտեմ: Իմ մտքերը մշտապես անկանոն էին ու անընդհատ պտտվում էին: Մի անգամ` երեկոյին մոտ առվակն սկսեց ավելի խուլ կարկաչել, ու հանկարծ ես լսեցի մարդու ոտնաձայներ: Դեպի ինձ, դեպի ինձ… Կարգի բեր քեզ, կամո՛ւրջ, ծառայիր, առանց բազրիքների՛ գերան, պահի՛ր նրան, ով քեզ վրա հույս է դրել: Նրա քայլվածքի անճշտությունը շտկի՛ր աննկատ, սակայն եթե նա երերա, ցո՛ւյց տուր, թե ինչի ես ընդունակ, և մի լեռնային աստծո նման մյուս կողմը հասցրու նրան:
Նա մոտեցավ, հարվածեց ինձ իր ձեռնափայտի մետաղե ծայրով, հետո ուղղեց սերթուկիս փեշերը: Նա խրեց մետաղե ծայրը խառնված մազերիս մեջ և երկար ժամանակ չէր հանում՝ հավանաբար վայրենու նման շուրջը նայելով: Եվ ահա (ես երազներիս հետ գնացել էի դեպի լեռներն ու հեռուները) նա երկու ոտքով թռավ իմ մարմնի ուղիղ մեջտեղը: Ես, բանից անտեղյակ, ցնցվեցի անտանելի ցավից։ Սա ո՞վ էր: Երեխա՞: Տեսի՞լք: Մեծ ճանապարհների ավազա՞կ: Ինքնասպա՞ն: Գայթակղող մե՞կը: Ավերի՞չ: Եվ ես ցանկացա թեքվել, որ տեսնեմ նրան… Կամուրջը շրջվում է: Ես չհասցրի շրջվել, որ փլվեցի: Ես փլվեցի, տապալվեցի, ու ինձ ծակծկեցին խճաքարերը, որոնք միշտ ինձ էին նայում փրփրացող ջրերից:
Թարգմանությունը՝ Դիանա Տատինցյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment