Էստանիսլաո Բախրախ |
Մեր նյարդային համակարգը այնպես է կազմված, որ ինչ-որ նոր բան հորինելը խթանում է հաճույքի կենտրոնները: Եվ կապ չունի, թե ինչ գեներ են ձեզ բաժին ընկել. ստեղծագործել կարող է յուրաքանչյուրը: Մոլեկուլյար կենսաբան, նյարդահոգեբան, գիտությունների դոկտոր Էստանիսլաո Բախռախը պատմում է, որ կան միջոցներ, որոնց օգնությամբ հնարավոր է ստանալ ավելի շատ ինտուիտիվ պայծառացումներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 15 քաղվածք նրա «Ճկուն միտք. ինչպես իրերը տեսնել այլ կերպ և ոչ ստանդարտ մտածել» բեսթսելլերից:
- Երբ մենք չափից լավ գիտենք ինչ- որ մի թեմա, երբ ունենք հսկայական փորձ, երբ մենք հասկանում ենք որևիցե գիտության ճյուղի, իմ դեպքում մոլեկուլյար կենսաբանության, կամ երկրի, ընկերության, ընտանիքի կառուցվածքը, ինքնվստահություն է առաջանում, և դա լավ է: Բայց շատ դեպքերում գիտելիքները սահմանափակում են բանականությունը, խանգարում են նայելու խորքերը և միևնույն հարցի տարբեր հնարավորություններ կամ պատասխաններ փնտրելու: Ընդհանուր առմամբ փորձը օգնում է լուծելու խնդիրները այնպես, ինչպես մենք դա արել ենք անցյալում, իսկ այլ բնագավառից, ոչ պրոֆեսիոնալի տեսանկյունից արտաքին հայացքը թույլ է տալիս գտնելու խնդրի լուման նոր տարբերակներ:
- Մենք կարող ենք վերագտնել ստեղծելու ունակությունը, եթե նորից մեզ երեխա զգանք: Պաբլո Պիկասսոն ասում էր. «Ամեն երեխա նկարիչ է: Դժվարրը մանկական հասակից դուրս գալուց հետո նկարիչ մնալն է»:
- Զուր աշխատանք է փորձելը դառնալ երևելի և ստեղծական առանց կենսակերպը փոխելու:
- Աշխատեք անել այնպես, որ ամեն օր ձեզ մի նոր բան զարմացնի: Դա կարող է լինել ինչ- որ տեսած, լսած կամ կարդացած բան: Օրինակ՝ նորովի նայեք կայանված մեքենաներին, ռեստորանում նոր ուտեստ փորձեք, իսկապես լսեք գործընկերոջը:
- Ամեն օր գրեք, թե ինչն է ձեզ ապշեցրել, և ինչպես եք դուք զարմացրել ինչ-որ մեկին: Մի քանի շաբաթ այդպիսի գրառումներ անելով՝ վերընթերցեք դրանք: Դուք կնկատեք որոշակի օրինաչափություն, կնշեք թեմաներ, որոնք հետաքրքրում են մյուսներից առավել: Հնարավոր է՝ նույնիսկ գտնեք բնագավառ, որը կցանկանաք ուսումնասիրել ավելի խորը:
- Պատկերացրեք՝ դուք գտնվում եք հեռավոր երկրում: Գրեք կարճ պատմություն այդ վայրի մասին: Լցրեք այն զգացմունքներով: Ինչպե՞ս գլուխ կհանեք ստեղծագործական աշխատանքից: Վերընթերցեք՝ փնտրելով հուշումներ և զուգորդումներ ձեր խնդիրը լուծելու համար: Պատկերացրեք, որ դուք ապրում եք այլ պատմական դարաշրջանում: Գրի առեք, թե այդ դեպքում ինչպես կլուծեիք ձեր ստեղծագործական խնդիրը: Վերընթերցեք՝ փնտրելով զուգորդումներ:
- Եթե դուք խրվել եք հատկապես բարդ խնդրի մեջ, պրոֆեսոր Ջոն Կունիոսը խորհուրդ է տալիս զարթուցիչը դնել սովորականից մի քանի րոպե շուտի վրա, որպեսզի լուծման շուրջ անկողնում՝ դեռ լիովին չարթնացած մտածեք: Հենց այդ ժամանակ են մեզ այցելում լավագույն գաղափարները: Եվ մի մոռացեք հետո գրի առնել դրանք:
- Հետաքրքիր գաղափարներ ստեղծելու լավագույն եղանակը լիցքաթափվելն է:
- Ձևակերպելով բարդ խնդիրը 6 բառից բաղկացած մեկ նախադասությամբ՝ դուք խթանում եք ձեր երևակայությունը:
- Փորձեք հագնվել, գլուխը լվալ և ատամները մաքրել փակ աչքերով: Ընթրելիս փորձեք շփվել զրուցակցի հետ միայն աչքերով, առանց խոսքի: Երաժշտություն ունկնդրեք ծաղիկներից հոտ քաշելով:
- Շաբաթվա ցանկացած օր պատահականության սկզբունւքով ընտրեք մի գույն: Ամբողջ օրվա ընթացքում ամենուր փնտրեք այդ գույնը: Հինգ րոպե առանձնացրեք և ցուցակ գրեք, թե ինչը կարելի է բարելավել ձեր գտնվելու վայրում:
- Ստեղծական մտածել, նշանակում է արդյունավետ մտածել: Հետևաբար ստեղծագործ մոտեցման ժամանակ չենք հարձակվում խնդրի վրա անցյալի փորձով զինված, այլ հարց ենք տալիս՝ քանի տեսակետ կա խնդրի վերաբերյալ, և քանի եղանակ՝ նրա վերաիմաստավորման և լուծման: Նպատակը՝ մտածել հնարավորինս շատ պատասխաններ, այդ թվում՝ ոչ շաբլոնային: Վերարտադրողական մտածելակերպը ճկունությունից զուրկ է, ինչը դառնում է անհաջողությունների պատճառ։ Նրա օգնությամբ գտնված լուծումները նույնությամբ կրկնում են մեր նախկին փորձը, կամ առնվազն արտաքուստ նման են:
- Հնարեք և գրի առեք աղյուսի օգտագործման 100 տարբերակ: Դուք կտեսնեք, որ առաջին 10-20-ը կլինեն ստանդարտ, սովորական, հայտնի՝ պատ շարել, բարձրանալ, խորովածանոց կառուցել, պահել գրադարակները, և այլն: Հաջորդ 30-50 մտահաղացումները կլինին ավելի օրիգինալ: 100-ին մոտ ուղեղը լրացուցիչ ճիգեր կանի և դուրս կբերի ավելի ստեղծագործ ու ոչ ստանդարտ այլընտրանքներ: Որ այդ պրոցեսը ավելի արդյունավետ լինի, պետք է սանձել ներքին քննադատին և գրի առնել բոլոր գաղափարները, այդ թվում նաև ամենաակնհայտներն ու անհաջողները: Առաջին մեկ երրորդ մասը, հավանաբար, իր մեջ կնեռարի հին ու միանման գաղափարներ, երկրորդ մասում կառաջանան ավելի հետաքրքիրները, իսկ վերջինում հաստատ կբացվեն ուշադրության արժանի անսպասելի և ոչ հասարակ հայտնագործություններ: Եթե մենք նպատակ չունենայինք այդպիսի մեծ թվով գաղափարներ ստեղծելու, վերջին 30-ը լույս աշխարհ չէին գա:
- Ինչքան շատ ենք գրում, այնքան արագ ենք մտածում, և ավելի ճկուն է դառնում մտածողությունը:
- Աշխարհը տեսնելու զարմանալի ու հետաքրքիր միջոցներից մեկը ճանապարհորդելն է, հեռանալը այնտեղից, որտեղ մենք մեր ժամանակի հիմնական մասն ենք անցկացնում: Երբ մենք ֆիզիկապես գտնվում ենք խնդրի արմատի մոտ, մեր մտածողությունը ինքնաբերաբար սահմանափակվում է հնարավոր զուգորդումների շարքով: Դա գուցե օգտակար է կենտրոնանալու համար, սակայն խանգարում է երևակայությանը:
Թարգմանությունը՝ Սիրանուշ Ասատրյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment