Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, June 18, 2015

Գույնի հոգեբանությունը



Ինչպես մահն ու հարկերը, չկա մի գույն, որից կարելի է փախչել: Դա համատարած է: Եվ ի՞նչ է այդ բոլորը նշանակում: Ինչո՞ւ են կանաչ գույնի սենյակներում մարդիկ ավելի շատ հանգստանում: Ինչո՞ւ են ծանրամարտիկները կապույտ գույնի մարզասրահներում կարողանում իրենց առավելագույնս դրսևորել: Հաճախ տարբեր մշակույթներում գույներն ունեն տարբեր նշանակություններ: Եվ նույնիսկ Արևմտյան հասարակություններում տարիների ընթացքում տարբեր գույների նշանակությունները փոխվել են: Բայց այսօր ԱՄՆ-ում հետազոտողները ճշգրիտ են համարում հետևյալը.

Սև
Սևն իշխանության և ուժի գույնն է: Այն տարածված է նորաձևության աշխարհում այն պատճառով, որ մարդկանց սլացիկ է դարձնում: Այն նաև շատ նորաձև է և ժամանակից դուրս: Սևը նաև հնազանդություն է ենթադրում: Հոգևարականները սև են հագնում՝ մատնանշելու համար իրենց հնազանդությունն Աստծուն: Նորաձևության որոշ փորձագետներ ասում են, որ սև գույն կրող կինը ենթադրում է հնազանդություն տղամարդուն: Սև հանդերձանքը կարող է նաև ճնշող լինել, կամ կրողին սառն ու չար տեսք հաղորդել: Չարագործները, ինչպիսիք են, ասենք, Դրակուլան, հաճախ սև են հագնում:

Սպիտակ
Հարսիկները սպիտակ են հագնում, որպեսզի խորհրդանշեն անմեղություն ու մաքրություն: Սպիտակն անդրադարձնում է լույսը և ամառային գույն է համարվում: Սպիտակն ընդունված է նորաձևության և դեկորի մեջ, քանի որ այն բաց է, չեզոք և ամեն ինչի հետ սազում է: Չնայած դրան սպիտակը կեղտն ի դերև է հանում, ահա թե ինչու այն ավելի բարդ է մաքուր պահելը, քան մյուս գույները: Բժիշկներն ու բուժքույրերը սպիտակ են հագնում ստերիլություն ցույց տալու համար:

Կարմիր
Լինելով էմոցիոնալ տեսակետից ամենահագեցած գույնը կարմիրը խթանում է սրտի բաբախյունն ու շնչառությունը: Այն նաև սիրո գույնն է: Կարմիր հագուստն աչքի է զարնում և կրողին գիրացնում է: Քանի որ կարմիրն էքստրեմալ գույն է, կարմիր հագուստը չի կարող օգնել մարդկանց բանակցությունների կամ առճակատումների ժամանակ: Կարմիր մեքենաները գողերի սիրած թիրախներն են: Դեկորի մեջ կարմիրը գործածվում է սովորաբար ինչ-որ բան շեշտելու համար: Նկարիչ ձևավորողներն ասում են, որ կարմիր կահույքը պետք է կատարյալ լինի, քանզի այն ուշադրություն է գրավում:
Ամենառոմանտիկ գույնը՝ վարդագույնը, ավելի հանգստացնող է: Մարզական թիմերը երբեմն հակառակորդ թիմերի հանդերձարանները վառ վարդագույն են ներկում, որպեսզի նրանք էներգիա կորցնեն:

Կապույտ
Երկնի և օվկիանի գույնը՝ կապույտը, ամենատարածված գույներից է: Այն առաջացնում է կարմրին հակառակ փոխազդեցություն: Խաղաղ, հանգիստ կապույտի ներգործությամբ մարմինը հանգստացնող նյութեր է արտադրում, այդ պատճառով այն հաճախ է օգտագործվում ննջարաններում: Կապույտը կարող է նաև սառն ու ընկճող լինել: Նորաձևության խորհրդատուները խորհուրդ են տալիս կապույտ հագնել աշխատանքի ընդունվելիս, քանի որ այն խոհեմություն է խորհրդանշում: Մարդիկ կապույտ գույնի սենյակներում ավելի արդյունավետ են գործում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծանրորդները կապույտ մարզադահլիճներում ավելի մեծ ծանրություն են կարողանում բարձրացնել:

Կանաչ
Ձևավորման այսօրվա ամենաընդունված գույնը՝ կանաչը խորհրդանշում է բնություն: Այն աչքի ընկալման համար ամենադյուրին գույնն է, և բարելավում է տեսողությունը: Այն հանգստացնող, թարմացնող գույն է: Հեռուստաէկրանին հայտնվելու համար սպասող մարդիկ նստում են «կանաչ սենյակներում», որպեսզի հանգստանան: Հիվանդանոցներում հաճախ կանաչ է օգտագործվում, որովհետև այն հանգստացնում է հիվանդներին: Միջին դարերում հարսիկները կանաչ էին հագնում՝ իբրև պտղաբերության խորհրդանշան: Մուգ կանաչն առնական, պահպանողական գույն է և հարստություն է նշանակում: Այնուամենայնիվ, դերձակները նորաձևության ցուցադրության նախօրյակին հրաժարվում են կանաչ թել օգտագործել. համարում են, որ դա վատ նշան է:

Դեղին
Զվարթ արևային դեղինն ուշադրություն գրավող է: Թեև այն լավատեսական գույն է համարվում, ավելի հաճախ մարդկանց տրամադրությունը հենց դեղին սենյակներում է ընկնում, իսկ երեխաներն սկսում են ավելի շատ լաց լինել: Այն աչքի ընկալման համար ամենաբարդ գույնն է, այնպես որ, կարող է ճնշող դառնալ՝ չափից ավել օգտագործելու դեպքում: Դեղինը բարձրացնում է կենտրոնացումը, ահա թե ինչու է գործածվում նոթատետրերի վրա: Այն նաև արագացնում է մարսողությունը:

Մանուշակագույն
Լինելով արքայական ուժի խորհրդանիշ, մանուշակագույնը նշանակում է շքեղություն, հարստություն և նրբագեղություն: Այն նաև կանացի ու ռոմանտիկ գույն է: Այնուամենայնիվ, բնության մեջ հազվադեպ պատահելու պատճառով այն կարող է արհեստական թվալ:

Շագանակագույն
Լուրջ, վստահություն ներշնչող շագանակույնը հողի գույնն է և բնության մեջ ամենուրեք է: Բաց շագանակագույնն անկեղծություն է ենթադրում, մինչդեռ մուգ շագանակագույնը նման է փայտի կամ կաշվի: Շագանակագույնը կարող է նաև տխուր ու թախծոտ լինել: Տղամարդիկ ավելի հակված են ասելու, որ շագանակագույնն իրենց սիրելի գույներից մեկն է:

Մտածելու տեղիք
Թեև կապույտն ամենատարածված գույներից մեկն է, այն ամենաքիչ ախորժաբեր գույներից է: Կապույտ սնունդը հազվադեպ է պատահում բնության մեջ: Սննդի հետազոտությամբ զբաղվող գիտնակններն ասում են, որ երբ մարդիկ սնունդ են փնտրել, սովորել են խուսափել թունավոր ու փչացած առարկաներից, որնոք հաճախ կապույտ, սև կամ մանուշակագույն էին լինում: Երբ ուսումնասիրություններ անելու նպատակով մատուցվում է կապույտ ներկված սնունդ, գիտնականները կորցնում են ախորժակը:
Կանաչը, շագանակագույնն ու կարմիրը սննդամթերքի ամենատարածված գույներն են: Կարմիրը հաճախ է օգտագործվում ռեստորանների նախագծերի ձևավորման մեջ, քանի որ այն խթանում է ախորժակը: 

Թարգմանությունը՝ Սուսան Հովհաննիսյանի
Աղբյուրը՝ http://www.infoplease.com/spot/colors1.html

0 մեկնաբանություն:

Post a Comment