Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, April 27, 2023

Ձեռագրաբանություն․ ձեռագիրը՝ անհատականության հայելին



Բոլորիս հետ էլ կյանքի ընթացքում լինում է, որ ինքներս մեզ մեր վարքի կամ անհատականության խորքերի մասին հարցեր տանք։ Ձեռագրաբանությունը՝ արվեստ և հումանիտար գիտություն, ձեռագրի միջոցով մեզ մեր ես-ին մոտեցնելով՝ կարող է օգնել հասկանալու, թե ինչպես ենք գործում և բացահայտել մեր անհատականության թաքնված կողմերը։

Ձեռագրաբանությունը ձեռագիրն ուսումնասիրելու արվեստն է՝ անհատականության ու հիմնական վարքագծերը երևան հանելու համար։ Ձեռագրի վերլուծության հետ առնչվող առաջին աշխատանքը իտալացի Կամիլիո Բալդիի հեղինակածն է, որը լույս է տեսել 1622 թվականին։ Բայց միայն 19-րդ դարում է անհատականության հանդեպ հետաքրքրությունը մեծացել, այդ թվում՝ ձեռագրի միջոցով։

Կրոնական հաստատության ղեկավար Ժան-Իպոլիտ Միշոնը առաջինն էր, որ տարված էր ձեռագրաբանությամբ։ Նա 1871 թվականին հիմնադրել է Ձեռագրաբանության ֆրանսիական ընկերությունը, որը Ֆրանսիայում ուսուցման ռահվիրա և տեղեկատու է։ Բայց Աբբե Միշոնի ձեռագրաբանությունը նշանների ձեռագրաբանություն էր։ Ձեռագիրը վերլուծվում էր բոլոր փոքր նշանների, հիմնականում՝ տառերի ձևերի միջոցով, և մեկնաբանությունը այդ նշաններից էր բխում։ Այսօր շատերիս համար ձեռագրաբանությունը սխալմամբ մնացել է պարզապես նշանների վերլուծությունը։ Այնուամենայնիվ, շատ վաղ՝ դեռ 19-րդ դարում, Աբբե Միշոնի աշխատանքներով հետաքրքրվում էր և դրանք քննադատում էր Կրեպիո-Ժամենը՝ ֆրասիացի ժամագործ, որն օժտված էր, ինչպես հարկն է, մեծ դիտողունակությամբ ու մանրախնդրությամբ։ Վերջինս ձեռնարկել է այդ նշանների դասակարգումն ու վերախմբավորումը։ Նա ձեռագրին մոտեցել է այլ կերպ՝ կարևորելով դրա դասավորությունը թղթի վրա։ Որպես ծավալուն աշխատանքի եզրակացություն՝ Կրեպիո-Ժամենը տառերի ձևի պարզ քննության ձեռագրաբանական հետազոտություն գրեց։ Նա ստեղծեց 7 դաս և 175 տեսակ և տերմինաբանություն, որը կարելի է կիրառել ձեռագրի վրա։

ՄԻԱՅՆ ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐ

Ձեռագրաբանության մեջ էական դեր ունեն ամեն ինչ լավ զննելը և ձեռագրի բոլոր բնութագրիչները՝ տողի հետ հարաբերությունը, գրիչի սեղմման չափը, տարածությունը, տառերի կապումը, շարունակականությունը, չափումը, ձևը, արագությունը և շարժումը հաշվի առնելը։ Այս բոլոր տարրերի ամբողջությունն է, որ հնարավոր է դարձնում աշխատանք տանել ոչ թե պարզ նշանների, ինչպես Աբբե Միշոնն է սովորեցրել, այլ հենց գրության հետ։

Ձեռագրաբանը պետք է մշտապես աշխատի բնօրինակների հետ, քանի որ գծի որակը, այն տանելու ձևը և սեղմման չափը վերլուծության կարևոր տարրեր են։ Ուստի հնարավոր չէ ձեռագրաբանությունն իրականացնել ֆաքսի կամ լուսապատճենի հիման վրա։ Այն պետք է նաև ստորագրված լինի, քանի որ ստորագրությունը ձեռագրի կարևոր տարր է։

ԿԱՂԱՊԱՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ձեռագրաբանը ձեռագրի վերլուծությունն իրականացնում է դպրոցներում մեզ սովորեցված, նախապես տրված կաղապարի հիման վրա և դիտարկում է բոլոր փոփոխությունները, որ նկատվում են դրա համեմատությամբ։ Այս կաղապարը տարբեր է՝ կախված մեր ազգությունից։

Ձեռագրաբանական վերլուծություն անելու համար կա երեք տվյալ, որ պետք է իմանալ՝ սեռը, տարիքը և կրթության մակարդակը։

ՁԵՌԱԳՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Լավ ձեռագրաբան լինելն անհնար է, եթե չունես որոշ հոգեբանական գիտելիքներ։ Ձեռագրաբանական վերլուծությունը սկսվում է նկարագրությունից, թե ինչպես են ուրիշները տեսնում մեզ։ Բայց ձեռագրաբանի աշխատանքը դառնում է հետաքրքիր, երբ նա փորձում է հասկանալ և բացատրել ինչուն ու ինչպեսը։ Նա պետք է փորձի հասկանալ ներքին տրամաբանությունը, որ ոգեշնչում է մեզ։ Այս փուլում ձեռագրաբանն առանց հոգեբանական գիտելիքի անկարող է իր աշխատանքը պատշաճ կերպով կատարել։ Հոգեբանության ոլորտի գիտելիքը անհրաժեշտ է պաշտպանական մեխանիզմների, ձեռագրի վրա իրենց հետքը թողնող ֆրոյդյան փուլերի մեջ խորանալու համար, հասկանալու համար, թե արդյոք մենք ուրիշներին սիրելուց առաջ մեզ սիրում ենք և այլն։ Այս բոլոր հոգեվերլուծական և հոգեբանական հասկացողությունները մեզ թույլ են տալիս սահմանել և հասկանալ կապը, որը կա պատկերում կողք կողքի դրված, բայց երբեմն հակասական հուշումների միջև։

Այդ պատճառով էլ ավելի ու ավելի շատ ձեռագրաբաններ այսօր ունեն հոգեբանի աստիճան։ Ապրիորիի բացակայությունը, լսելու ունակությունը, ուշադրությունը և դիտարկման մակարդակի սրությունը անհրաժեշտ որակներ են լավ ձեռագրաբան լինելու համար։ Նա պետք է միաժամանակ սովորի խուսափել իր անձի ներգործությունից։

Բնագիրը
 Թարգմանությունը՝ Լուսի Ղարիբյանի
Խորհրդատու՝ Կարինե Թևոսյան

0 մեկնաբանություն:

Post a Comment