Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, December 6, 2020

Ինչպես է «թափառող» միտքը խթանում ստեղծագործականությունը

«Կարմիր փուչիկը», Պաուլ Կլեե

 «Անգործությունը»՝ հետաձգումը, մտորումները, մեդիտացիան, ինքնախարազանումը, արթմնի զառացանքները …. բոլորիս ծանոթ են մտքի «թափառումների» տարբեր ձևեր: Դրանցից որոշները սահմանափակում են մեր աճն ու զարգացումը, իսկ մյուսները բարելավում են ոչ միայն մտավոր, այլև ստեղծագործական ունակությունները: Նեյրոէսթետիկայի ոլորտի մասնագետները, որ ուսումնասիրում են մեր ուղեղի տարբեր ռեժիմների կենսաբանական գործընթացները, պնդում են, որ մտքի թափառելու ամենաարդյունավետ ձևերից մեկը կարող է լինել արվեստի հետ փոխգործակցությունը: Եկեք հասկանանք, թե ինչպես և ինչու է դա տեղի ունենում:


Վերածննդի դարաշրջանի նկարիչ Ալբերխտ Դյուրերի ընկերները նրան անվանել են «մտքի թափառման» արվեստի վարպետ: Ինչպես գրել է գերմանացի հումանիստ Վիլիբալդ Պիրկհայմերը, Դյուրերը ընկղմվում էր իր իսկ հաճելի մտքերի մեջ, և այդ րոպեներին «ասես Երկրի ամենաերջանիկ մարդնը լիներ»:

Մեզանից շատերը ծանոթ են «մտքի թափառման» տարբեր ձևերին՝ հետաձգում, մտորումներ, մեդիտացիա, ինքնախարազանում, երազում: Չնայած որոշ մտավոր թափառումներ արդյունավետ են թվում, մյուսներն, անկասկած, դառնում են վատ սովորությունների մի մասը, որոնք խանգարում են մեզ զարգացնել մեր ներուժը: Այո, երազանքները կարող են իրականությունից հանգստանալու հնարավորություն տալ և ոգեշնչման աղբյուր դառնալ: Միևնույն ժամանակ, մենք ծանոթ ենք նաև որոճելուն՝ մտքի հակումին կառցելու և ապարդյուն ծամելու նույն մաստակը, երբ ինքներս մեզ հետ ենք, մանավանդ, երբ գտնվում ենք դեպրեսիայի, տագնապային հոգեբանության կամ կպչուն մտքի ճնշման տակ:

Կարո՞ղ է արդյոք արվեստն ինքնին կատալիզատոր լինել, որը մեզ կմղի ավելի արդյունավետ հույզերի և հոգեբանական վիճակների: Մեզանից շատերը գիտեն, որ արվեստի հետ շփվելը, լինի դա գրականության, ռեփի, թե վերացական նկարչության տեսքով, բարելավում է մեր մտքերի ուղղությունն ու հոսքը: Գերմանացիները մի հիանալի ասացվածք ունեն մտքի անգործության (ծուլության) օգուտների մասին. «Die Seele baumeln lassen», ինչը նշանակում է «Թող հոգին ճախրի»: Նեյրոէսթետիկայի զարգացող գիտությունն այժմ փորձում է ուսումնասիրել այդպիսի «թափառումների» հիմքում ընկած կենսաբանական գործընթացները:

Պետք է նշել, որ ժամանակակից ճանաչողական գիտությունը ներկայացրել է մի շարք ապացույցներ այն մասին, որ հոգեբանական վիճակները պատճառի և հետևանքի ալիքներ են ուղարկում և ստանում ամբողջ մարմնով: Մտածեք այն մասին, թե ինչպես է ձեր բերանը թքով լցվում, երբ նայում եք ախորժելի շոկոլադե տորթի լուսանկարին կամ ինչքան լարված եք զգում, երբ դիտում եք հետաքրքիր ֆիլմի կարդ: Մտքերը, զգացմունքներն ու հույզերը՝ թե՛ անգիտակից, թե՛ գիտակցված, ներկայացնում են բազմաթիվ կենսաբանական պրոցեսների սոմատիկ կասկադ: Եվ արվեստը ինչ-որ կերպ ընդգրկված է այս կասկադի մեջ:

2-րդ դարի հունական ծագմամբ հին հռոմեացի բժիշկ Գալենը շատ բան գիտեր մտքի և մարմնի կապի մասին: Նա համարում էր, որ մտքի թափառումը ֆիզիկական և մտավոր հոգնածության արդյունք է, ուստի դրանից խուսափելու համար սահմանեց տրամաբանական, ծանր, կառուցվածքային աշխատանքի ռեժիմ:
Գալենին է վերագրվում «Ծուլությունը մարմինը արյունով է լցնում» արտահայտությունը: Ի նկատի ունի, որ կենտրոնացումը մի տեսակ հոգեբանական կենսավարժանք է, որին մենք պետք է դիմենք՝ մեր կամակոր միտքն ու մարմինը սանձած պահելու համար:

Այնուամենայնիվ, ավելի վաղ ավանդույթի համաձայն, երազելու հակումը դիտվում էր որպես բարեկեցության բանալին: Գալենի նախնին՝ հույն բժիշկ Հիպոկրատը, պնդում էր, որ մտքով թափառելը առողջ մնալու լավագույն միջոցն է: Հոգեբանության ժամանակակից հետազոտությունը ցույց է տվել, որ խոհուն երեխաներն ու մեծահասակները ճանաչողականության ավելի շատ ճկունություն են դրսևորում և ավելի լավ են կատարում «կառավարման» գործառույթները, լինի դա խնդրի լուծում, պլանավորում, թե սեփական մտքերի և զգացմունքների կառավարում:

Որպես գործողության մեջ ուղեղի դիտարկման մեթոդ, նեյրոտեսանելիացումը օգնում է բացահայտելու ուղեղի գործընթացները, որոնք փոխկապակցված են համապատասխան հոգեկան վիճակների հետ: Եթե ​​դուք հետևեք հանգստի վիճակում գտնվող և ոչնչի մասին չմտածող մարդկանց ուղեղին, ապա կպարզվի, որ ուղեղը անգործ չէ, այն ակտիվանում է ուղեղի պասիվ ռեժիմի «ցանցի՝ (ՈՒՊՌՑ) հատվածներում: Այն սերտորեն կապված է ինքնահղման մտածողության, ինքնափորձի և ինտուիցիայի համար պատասխանատու գոտիների աշխատանքի հետ: Ավելին, գործունեության այս նույն օրինաչափությունները հրահրվում են նախածնային ուղեղի կեղևում օրինաչափությունների ակտիվացմանը զուգահեռ, տարածք, որը սովորաբար կապված է բոլոր կարևոր «գործադիր» գործառույթների հետ: Զարմանալի է՝ որքան ուժեղ են կապերը ուղեղի այս երկու տարածքների՝ ինտուիցիայի և գործադիր գործառույթի միջև, այնքան մարդ ավելի շատ ստեղծագործականություն է ցուցաբերում խնդիր լուծելիս:

Ուղեղի ուսումնասիրությունները ցույց են տալիս փոխկապակցվածություն, բայց ոչ պատճառահետևանքային կապ: Սակայն նույնիսկ այդ դեպքում կա մի ակնարկ, որ խոհունությունը կարող է խթանել մեզ մտածելու ավելի արդյունավետ և ստեղծագործականորեն՝ ինչ-որ կերպ ամրապնդելով մեր ինքնազգացողությունը, միացնելով մարմինն ու միտքը մտածողականության և կենսաբանական գործողությունների շղթայում: Արվեստը կարող է լինել և՛ կատալիզատոր այս տեսակի երազների համար, և՛ կարգավորման ու վերահսկման գործիք: Արվեստի հիմնական հատկությունները (ցածրի ու բարձրի ներդաշնակ տոնայնությունը, նկարի գույները) և դրա բովանդակության խորությունը (երգի բառերը, նկարում մարդու դեմքի արտահայտությունը) կարող են առաջացնել մտորումներ և հույզեր, և մշտապես կանդրադառնան մեր մարմնի ֆիզիոլոգիայի վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ ստեղծագործական մտածողությունը և արվեստի գործերի հետ փոխհարաբերությունները փոխկապակցված են ՈՒՊՌՑ-ի գործունեության հետ, հատկապես, երբ մարդիկ հայտնում են, որ գեղագիտական ​​փորձը խիստ հզոր և իմաստալից է եղել իրենց համար: Երևում է՝ այս պահերին արվեստի հետ մեր հանդիպումը ինքնակենսագրական տեսիլեր, «ես- գործոնին» վերաբերող հոսքային զգացումներ է առաջ բերում:

Իհարկե, արվեստը կարող է լինել անօգուտ մտորելու պատճառ: Նույն երգի կրկնումն անընդհատ ունկնդրելը չի օգնի ձեզ հաղթահարել վիշտը: Բայց արվեստի առաջ բերած տխրությունը միշտ չէ, որ մեզ մտավոր խառնաշփոթի մեջ է դնում: Իրականում արվեստը կարող է օգնել մեզ հարմարվելու ցավի անմիջական աղբյուրին և գործելու որպես հուզական կատարսիսի աջակցություն: Մենք բոլորս ծանոթ ենք այն տարօրինակ, հաճելի, մխիթարիչ զգացողությանը, որը գալիս է մի լավ լաց լինելուց հետո: Պարզվում է, որ դա պայմանավորված է պրոլակտին հորմոնի անջատմամբ, որը մասնակցում է իմունային համակարգի ամրապնդմանը և այլ մարդկանց հետ կապեր ստեղծելու գործընթացին: Արվեստը դառնում է համեմատաբար անվտանգ հարթակ հուզական փորձառությունների համար, համեմատած իրական իրավիճակների հետ, որոնք մեզ արցունքների են հասցնում: Անգամ տխուր կամ ճնշող արվեստը կարող է օգտագործվել մտքի թափառման միջոցով դրական, հոգեբանական մաքրում առաջացնելու համար:

Պատմության մեջ երազկոտության և ստեղծագործականության կապի բազմաթիվ օրինակներ կան: Ահա դրանցից մեկը. արվեստի գերմանացի պատմաբան Աբի Ուարբուրգը (1866-1929) իր հազարավոր գրքերից բաղկացած գրադարանն այնպես կազմակերպեց, որ դրանց դասավորությունը նպաստեր մտքի թափառմանը: Նրա հավաքածուն դարձավ Լոնդոնի Վարբուրգի ինստիտուտի սիրտը, որտեղ մենք այժմ իրականացնում ենք մեր հետազոտությունները: Գրադարանի չորս հարկերից յուրաքանչյուրը նվիրված է չորս թեմաներից մեկին՝ պատկերին, բառին, կողմնորոշմանը և գործողությանը, որոնք իրենց հերթին բաժանվում են ենթաթեմատիկայի՝ «մոգություն և գիտություն», «դասական տեքստերի փոխանցում» և «արվեստի պատմություն»: Որոշ գրքերի համար լավ հարևան գտնելու Վարբուրգի յուրահատուկ մոտեցումները 17-րդ դարի խունացած բժշկական հատորը դնելն է նույն դարակում ՝ մաթեմատիկայի, տիեզերքի և ներդաշնակության վերաբերյալ տեքստերի հետ: Գրքերի այս դասավորությունը դարակում նպաստում է մտավոր ինտուիտիվ խորաթափանցության , երբ ձեր մտքերը գրաված գրքից անցնում եք մեկ այլ ինտրիգային գաղափարի կամ թեմայի, որը ձեր մտքով նույնիսկ չէր անցել:

Արվեստը բարձր է գնահատվում մշակույթների և հասարակությունների մեծ մասում: Այն հաճախ պատկերվում է որպես քրտնաջան ճանաչողական վարժություն՝ մոռանալով, որ արվեստը հնարավորություն է տալիս բուռն հուզական ապրումների, դրական մտորումների և հոգեբանակենսաբանական ինքնակարգավորման: Դյուրերը, թերևս, լավագույնս պատկերացրել է նման անգործության օգուտները հետևյալ բառերով. «Երբ մարդը նվիրվում է արվեստին, նա շատ դժվարություններից կխուսափի, եթե պարապ չնստի»:

Աղբյուրը

Թարգմանությունը՝ Լիլի Գրիգորյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment