Մենք ապրում ենք տեքստերի տարածության մեջ՝ ավանդական գեղարվեստականից մինչև քաղաքագետների ասույթներ կամ հաղորդագրություններ, որ տեղավորված են ցանկացած մեդիանյութի մեջ (երաժշտություն, տեսանյութ, ֆիլմ)։ Ընդ որում լեզվաբանությունը վաղուց է գործ բռնում տեքստերի հետ և մշակում է դրանց վերլուծության տարբեր մեթոդներ։ Ելենա Դավիդովայի հետ պարզենք, թե ինչ մոտեցումներ կան գեղարվեստական տեքստ վերլուծելու համար, ինչ բան է տեքստի ինտերտեքստայնությունը և երկխոսայնությունը, ինչու է մեր ցանկացած խոսք ելնում ուրիշի խոսքից, և ինչպես է սա հասկանալը օգնում վերլուծել տեքստերը, որոնցով շրջապատված ենք։
Գրականագիտության մեջ գեղարվեստական տեքստի վերլուծության երեք մոտեցում կա՝ իմանենտ (ներհատուկ), կոնտեքստային (համատեքստային) և ինտերտեքստային (միջտեքստային)։ Առաջին մոտեցումը գրական ձևապաշտության ծնունդն է, որ ծաղկեց 1917 թվի հեղափոխությունից հետո։ Ձևապաշտները ուշադրություն էին դրաձնում ստեղծագործության բացառապես կառուցվածքի, ձևի վրա՝ առանց խորանալու իրենց տեսանկյունից կողմնակի հասկացությունների մեջ։ Յակոբսոնն, օրինակ, հայհոյում էր մինչհեղափոխական գրականությունը. «գրականության պատմաբանների համար ամեն ինչ պահանջարկային է՝ կենցաղը, հոգեբանությունը, քաղաքականությունը…»։ Ձևապաշտների համար, ընդհակառակը, ստեղծագործությունը կարևոր էր որպես ընդհանուր հասկացություններից առանձնացված յուրահատուկ մի բան։
Օրինակ
Միխայիլ Գասպարովն իր «Սև ամպեր են կուտակվել» աշխատության մեջ Պուշկինի բանաստեղծությունն այսպես է վերլուծում. առանձնացնում է գոյականները (ամպեր, փոթորիկ, բախտ, աղետ, ճակատագիր), ածականները (անխուսափ, դաժան ժամ, վերջին անգամ, խոնարհ հրեշտակ, քնքուշ հայացք), վիճակ ցույց տվող բայերը (հոգնած, փրկված, սպասում եմ, կանխազգալով, թախծոտիր) և գործողություն ցույց տվող բայերը (կուտակվել են, սպառնում է, կպահեմ)։ Գասպարովը նշում է, որ գոյականներից շատերը փոխաբերական իմաստով են գործածված. «Մենք հասկանում ենք, որ խոսքը ոչ թե օդերևութաբանական հողմի մասին է, այլ կյանքի հողմի»։ Նաև նշվում է, որ ածականները բանաստեղծության մեջ առարկաներին ներքին գնահատական են տալիս, ոչ թե արտաքին։ Այսպիսով՝ բանաստեղծության մեջ շեշտը դրվում է հատկապես զգացմունքների վրա, ոչ թե իրականության վերագովերգման։
Վիճակ ցույց տվող բայերը օգտագործված են ներկա և անցյալ ժամանակներով, իսկ գործողություն ցույց տվող բայերը՝ բացառապես ապառնիով։ Սրանով ընդգծվում է հերոսի ենթակայությունն իր ներքին հողմին, ցանկությունն ու անհնարինությունը այս պահին դա հաղթահարելու։ Դուրս է գալիս, որ ամբողջ վերլուծությունը ելնում է հենց բանաստեղծությունից։ Մենք վերլուծեցինք դրա բովանդակությունն ու կառուցվածքը և եզրակացություն արեցինք։
Երկրորդ մոտեցում- համատեքստային։ Սա արդեն սոցիոլոգիական դպրոցի ծնունդն է։ Որտեղ ձևապաշտները հարցնում են՝ ինչպե՞ս է կառուցված, սոցիոլոգները մտածում են. «Ինչո՞վ է պայմանավորված»։ Այսօր այդ մեթոդի օգնությամբ ստեղծագործությունն ուսումնասիրում են հեղինակի կենսագրության, գրական ուղղության, պատմական և հասարակական իրադրության համատեքստում։ Այս միջոցը արդարացի է կիրառել նաև բառապաշարի նկատմամբ. տարբեր դարաշրջաններում նույն բառը կարող է ունենալ միանգամայն տարբեր նշանակություն։
Օրինակ
Եվս մի ռուս բանասեր՝ Եֆիմ Էդկինդը, իր «Զրույց բանաստեղծության մասին» գրքում ամենասկզբից դիտարկում է ֆրանսիացի առակագիր Լաֆոնտենի «Ճպուռն ու մրջյունը» առակի թարգմանության երկու տարբերակ։ Դրանցից մեկի հեղինակը Կռիլովն է, մյուսինը՝ Նելեդինսկի-Մելիցկին։ Կռիլովի տարբերակում բացասական հերոսը ճպուռն է, ընդգծվում է նրա թեթևամտությունը. «Էդպես բանի, սանամեր, էլ ժամանակ ո՞վ ուներ. Երգում էին մերոնց հետ էն խոտերում բուրավետ…»։ Նելեդինսկի-Մելիցկիի առակում բացասական է ներկայացված մրջյունը. «Ձեռքը պինդ էր մրջյունը. Ի բնե գծուծ էր նա[i]»։ Իսկ ճպուռն ավելի շուտ տարաբախտ արարած է. «Չունեմ պահուստ ոչ մի փշուր, ոչ մի ճիճու ու ոչ մի ճանճ…»։ Հասկանալու համար տեքստերի բովանդակության տարբերությունը՝ բանասերը առաջարկում է անդրադառնալ իրենց՝ հեղինանկների կենսագրոթյանը։
«Նելիդինսկի-Մելեցկին կենսագրությամբ ու համակրանքով ազնվականությանը կապված բանաստեղծ է, հասկանալի հակում ունի բնույթով արվեստականի նկատմամբ, որը նախընտրում է երգն ու պարը, քան իր նյութական ապահովության մասին մտածելը։ Ժողովրդական առակագիր Կռիլովին գյուղացին՝ իր աշխատանքային պարտականություններով իր և հանրության առաջ շատ ավելի սրտամոտ է, քան թեթևամտորեն աշխատանքային տարվա գործի օրերը արհամարհած ազնվական անբանը։
Երրորդ մոտեցում— միջտեքստային։ Հիմնադիրը Բախտինն է։ Նա խոսում էր վեպի ամբիվալենտության (երկարժեքության) մասին. տեքստը միաժամանակ ներառված է պատմության/դարաշրջանի մեջ և միաժամանակ ներառում է պատմություն/դարաշրջանը իր մեջ։ Բախտինի գլխավոր կողմնորոշիչները տեքստի երկխոսայնությունն ու ուրիշի բառերի տեսությունն են։ Առաջին կողմնորոշիչի էությունն այն է, որ ցանկացած տեքստ (ճառ, գիրք, թղթի վրա մի նշում) երկխոսության արձագանք են, որպես պատասխան են ուրիշ այդպիսի արձագանքների։ Այս հայացքը հաստատում է նրա՝ «ուրիշի բառերի» մասին տեսությունը, թե մենք ապրում ենք ուրիշի բառերի աշխարհում ու միայն մի փոքրիկ խումբն ենք ընկալում որպես մերը։ Դրա համար էլ մեր ամեն մի արտահայտություն ի սկզբանե կառուցվում է «ուրիշի խոսքի» վրա, մենք ելնում ենք դրանից, դրա իմաստից ու կառուցվածքից։ Ու միայն «ուրիշի խոսքի» վրա հենվելով կառուցում ենք մեր խոսքը։ Նույնը կարելի է ասել և տեքստերի մասին. Ցանկացած տեքստ ծլարձակում է «ուրիշինից»։
Օրինակ
Իրինա Գալինսկայայի «Սելինջերի գաղտնագրությունը» գրքում ապացուցվում է այս հեղինակի «Ինը պատմություն» ժողովածուի կապը հին հնդկական «Մախաբխարտա» էպոսի հետ։ «Մախաբխարտայում» նկարագրված են ինը «ռասա»-տրամադրություններ, որոնք կարող է փոխանցել գեղարվեստական ստեղծագործությունը, և Սելինջերի պատմություններից յուրաքանչյուրը համապատասխանում է ռասաներից մեկին։ Այդպես, առաջին ռասան սերն է, առաջին պատմությունը՝ «Բանանաձկան կատարյալ օրը», հենց այդ զգացմունքին էլ նվիրված է։
Այս երեք մոտեցումներն էլ իրենց համակցմամբ գրական ստեղծագործության վերլուծության կատարյալ միջոց են. իմանենտը (ներհատուկը) օգնում է վերլուծելու առաջնային իմաստները, տեքստի ձևը, նշելու պատկերավորման համակարգը, համատեքստային մոտեցման օգնությամբ հնարավորր է կապը գտնել պատմության, հասարակության, հեղինակի կենսագրության հետ՝ դրանով իսկ ընդլայնելով իմաստային դաշտը, իսկ ինտերտեքստային (միջտեքստային) վերլուծությունը գտնում է ստեղծագործության կապը ուրիշ ստեղծագործությունների հետ։ Այս ամենը ասոցիատիվ շարք է ստեղծում ընթերցողի համար և բացահայտում է նոր ենթատեքստեր բանասերի համար։
Բայց կա մի տեսակ «արմատական ինտերտեքստուալություն»։
Այսպես, հետստրուկտուրալիզմի ներկայացուցիչ Ռոլան Բարտը գրականագիտության ու փիլիսոփայության մեջ մտցրեց «հեղինակի մահ» հասկացությունը։ Սրա տակ ենթադրվում է, որ ամեն տեքստ ելնում է ուրիշ տեքստից, ցանկացած տեքստ «մեջբերումների խճանկար» է։ Դրա համար էլ հեղինակը միայն նյութ է ստեղծում հետագա մեջբերման համար, իսկ ինքը մնում է անցյալում, «մեռնում է»։
Իսկ ֆրանսիացի լեզվաբան Յուլյա Կրստևան պնդում է, որ տեքստում ամեն բառ հարկ է, որ դիտարկվի երկու դիրքից՝ հորիզոնական (բառը տեքստում պատկանում է հեղինակին ու ընթերցողին) և ուղղահայաց (բառը տեքստում պատկանում է ուրիշ տեքստերի)։ Ինտերտեքստուալությունը, ըստ Կրիստևայի, ներկայանում է որպես անսահմանության տեսություն անվերջ տեքստի մասին, որն իր ամեն հատվածում ինտերտեքստուալ է։ Բայց եթե տեքստն ընկալենք որպես անընդհատ հոսք՝ առանց սահմանների ու շրջանակի, հենց ինտերտեքստուալություն հասկացությունը դուրս կմղվի։ Ինտերտեքստուալությունը կարող է գոյություն ունենալ միայն պայմանով, որ այնուամենայնիվ, տեքստն ունի իր սահմանները։ Հակառակ դեպքում՝ ի՞նչ իմաստ ունի «ինտեր» (միջ) մասնիկը։
Ըստ «արմատական» ինտերտեքստուալության տրամաբանության՝ հնարավոր չէ վերլուծել տեքստերը լեզվաբանական շրջանակում, ըստ դրա՝ վերլուծության ենթարկել հնարավոր է միայն տեքստերի միջև հարաբերությունը։
Ինտերտեքստուալության ընկալումը որպես ամենաընդգրկուն ունիվերսալ տեքստ թույլ չի տալիս նախ՝ որոշելու ինտերտեքստուալության սահմանները, երկրորդ՝ տարբերել դրա պատմական ու տիպոլոգիական ձևերը։
Դրա համար էլ ժամանակակից լեզվաբանությանը օգնության է գալիս դիսկուրս (խոսույթ) հասկացությունը (հաղորդակցական, ճանաչողական ու նշանագիտական տարածք)։ Իսկ ինքը՝ լեզվաբանությունը առաջարկում է երկու կարգ՝ ինտերդիսկուրսիվություն հասկացությունը՝ որպես տեքստում ուղղակիորեն չարտահայտված մշակութային ծածկագրի, տիպոլոգիական մոդելների, մոտիվների, նշանների նշանակություն։ Այսինքն՝ որոշ արքետիպերի, ընթերցողի գիտակցության մեջ եղած մշակույթի ու պատմության մասին գիտելիքի նշանակություն։ Բայց նաև կոնկրետ ուրիշի տեքստին ուղղակի հղման հասկացություն, երբ մենք հստակ կարող ենք որոշել՝ որտեղից է փոխառել։
Այսպիսով՝ լեզվաբանությունը հարմարեցնում է իրեն տեքստի ինտերտեքստուալությունը, մտցնում է «ինտերդիսկուրսիվություն» հասկացությունը և տեքստին վերադարձնում իր սահմանները։
[i] Տողերի թարգմանությունը տեքստի թարգմանիչինն է։
Աղբյուրը
Թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment