Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, June 5, 2022

Դպրոցական 14 հնացած կանոն


Մարդ կա՝ սիրում է սովորել դպրոցում, մարդ էլ կա՝ անհամբեր սպասում է վերջին զանգին: Այսպես թե այնպես, դպրոցն իր հետքն է թողել գրեթե բոլորիս վրա՝ որոշակի բաների նկատմամբ վերաբերմունք ձևավորելով։ Մենք դա փոխանցում ենք նաև մեր երեխաներին։ Այնուամենայնիվ, երբեմն արժե մտածել. որքանո՞վ են ճիշտ այս կարգավորումները:

Ուսուցիչը միշտ ճիշտ է 
Ո՛չ, Նա կարող է սխալվել: Եվ իհարկե հնարավոր է, որ ինչ-որ բան չիմանա: Այսպիսով, դպրոցականները երբեմն շատ ավելի լավ են տիրապետում ժամանակակից տեխնոլոգիաներին և կրթության մեջ օգտագործվող գաջեթներին, քան նրանց ուսուցիչները: Բացի այդ՝ ուսուցիչները երբեմն դիտավորյալ սխալներ են թույլ տալիս, որպեսզի մեծացնեն սովորողների ուշադրությունը և արթնացնեն նրանց նախաձեռնությունը:

Չի կարելի վիճել ուսուցչի հետ
Քանի որ ուսուցիչը միշտ ճիշտ է, ուրեմն չես կարող վիճել նրա հետ․նա «ավելի լավ գիտի», իսկ դու դեռ նոր ես սովորում։ 
Բայց խոսքը հայհոյելու կամ գրասենյակային պարագաներ նետելու մասին չէ։ Խոսքն ավելի շուտ այն մասին է, որ ճշմարտությունը ծնվում է վեճերի մեջ։ Իսկ եթե սովորողը ինչ-որ նոր բան է մտածել և կարող է դա ապացուցել, ապա ինչո՞ւ չկազմակերպել հիմնավորված քննարկում։

Վատ գնահատակններ է ստանում, ուրեմն հիմար է
Գնահատականների պատճառով պիտակավորումը կարծես թե անցյալում է, բայց մենք դեռ չենք կարողանում ամբողջությամբ ազատվել այս կարծրատիպերից: Օրինակ՝ Ուինսթոն Չերչիլը և մուլտիմիլիոնատեր Ռիչարդ Բրենսոնը դպրոցում վատ են սովորել, բայց դժվար թե որևէ մեկը համարձակվի նրանց հիմար անվանել։ 
Սովորողը կարող է ցածր գնահատականներ ստանալ, քանի որ՝ 
  • անհանգիստ է և ուսման այս եղանակը նրան չի համապատասխանում
  •   մտածում է ոչ ստանդարտ և չի տեղավորվում սովորական ծրագրի շրջանակներում
  •   ուղղակի դուր չի գալիս ուսուցչին։ 
Վերոնշյալ կետերից ոչ մեկը չի խոսում երեխայի իրական գիտելիքների մասին։

Գնահատականները առաջնային են
Մենք հաճախ հարցնում ենք երեխաներին, թե ինչ գնահատականներ են նրանք ստացել դպրոցում կամ ինչպես են ավարտել կիսամյակը/տարին: Այսպիսով, մենք ինքներս առանց դա հասկանալու, սովորեցնում ենք նրանց, որ առաջին հերթին կարևոր են գնահատականները և ոչ թե ստացած գիտելիքները։ 
Ուրեմն՝ Google-ի մարդկային ռեսուրսների գծով նախկին ավագ փոխնախագահ Լասլո Բոկը կարծում է, որ աշխատանքի ընդունվելու ամենավատ չափանիշը գնահատականներն են: Դրանք ոչ միայն դառնում են ինքնանպատակ, ինչը հակասում է դպրության իմաստին, այլև մեծացնում են անհանգստությունը, ինչպես նաև սովորեցնում մտածել կարծրատիպային ձևով։ Ի վերջո, լավ գնահատական ​​ստանալու համար ամեն ինչ պետք է արվի անշեղորեն համաձայն որոշակի կանոնների։ 
Այս վերաբերմունքը փոխելու համար բավական է սովորել երեխային հարցնել. «Ի՞նչ նոր բան սովորեցիր այսօր դպրոցում: Ի՞նչն էր հետաքրքիր և օգտակար»։

Աշխատանքի ճիշտ ձևակերպումը ավելի կարևոր է, քան բուն աշխատանքը
Եվ ահա ևս մեկ բան՝ կանոնների մասին: Անշուշտ, բոլորը գոնե մեկ անգամ առերեսվել են այն փաստի հետ, որ գնահատական է իջեցվել վրիպումների համար՝ երկու տող բաց թողնելու փոխարեն մեկն եք թողել․ լուսանցքի կամ նրա համար, որ աշխատանքը կատարվել է ոչ թե կապույտ, այլ սև գրիչով։
Սա դժվար թե ազդի գիտելիքների վրա, սակայն փորձեր անելու կամ խնդրի լուծման գործում ստեղծագործ լինելու ցանկությունը կարող է կորչել:

Դպրոցական համազգեստը սուրբ է (և պարտադիր)
«Սպիտակ վերև, մուգ ներքև» արտահայտությունը արդեն գլուխներս տարել է: Այո, մի կողմից, որոշակի դրես-կոդը դեռևս կարգապահություն է սահմանում և ստեղծում է համայնքի, ինչպես նաև որոշակի պաշտոնականության զգացում: Մյուս կողմից, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուղղակի կապ չկա նոր գիտելիքների հաջող յուրացման և դպրոցական համազգեստ կրելու միջև։ Ավելին, երբեմն սովորողները, ընդհակառակը, ավելի հարմարավետ են զգում իրենց սովորական հագուստով։ Եվ, բարեբախտաբար, որոշ դպրոցներ դա հասկանում են և աստիճանաբար վերացնում են համազգեստի պարտադիր կրումը։

Կան կարևոր և ոչ այդքան կարևոր առարկաններ 
«Ավելի շատ ուշադրություն դարձրեք մաթեմատիկային և հայոց լեզվին, իսկ մնացած ժամանակը կարող եք ծախսել արվեստի և երաժշտության վրա»: Նման բան լսե՞լ եք ձեր ծնողներից: Կամ գուցե նույնիսկ դուք ինքնե՞րդ եք նման բան ասել ձեր երեխային: Սակայն այսօր, երբ ստեղծագործականությունն ու առաջադրանքների նկատմամբ ոչ ստանդարտ մոտեցումը պահանջված են գրեթե ամենուր, հնարավոր է, որ այդ լրացուցիչ պարագաները որոշիչ դեր ունենան երեխայի ստեղծագործական կարողությունների զարգացման գործում։ Եվ մի անտեսեք դրանք:

Սխալը վատ բան է
Որքան էլ տարօրինակ հնչի, սխալներն իրականում լավ են: Դրանց շնորհիվ երևում է, որ ինչ-որ բան սովորելու ընթացքի մեջ եք։ Բայց դպրոցում և տանը, ցավոք սրտի, աշակերտները հաճախ պատժվում են սխալների համար, և երեխաները սովորում են խուսափել դրանցից: Եվ հետո մեծանալով մենք շատ ենք վախենում ինչ-որ բան սխալ անելուց և ընտելանում ենք այն մտքին, որ երբեմն ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չանել, քան սխալ բան անել:

Դպրոցը աշխատանք է 
Իրականում, դպրոցը ոչ միայն պետք է գիտելիք տա, այլև «սիրահարեցնի» բուն ուսումնական գործընթացին, ինչպես նաև ինչ-որ առարկայի, որպեսզի օգնի երեխային որոշելու կյանքի ուղին: Մեծահասակները հաճախ համեմատում են ուսումնական հաստատությունը աշխատավայրի հետ։ Այնուամենայնիվ, մի մոռացեք, որ դրանք տարբեր բաներ են՝ տարբեր նպատակներով և պայմաններով։ Երեխան գնում է դպրոց՝ ինչ-որ բան սովորելու։ Իսկ աշխատանքի վերցնում են մասնագետի, ով արդեն գիտի, թե ինչպես կատարել որոշակի առաջադրանքներ։ Եվ վերջիվերջո սովորելու համար չեն վճարում աշխատավարձ։

Միայն ուսուցիչը կարող է սովորեցնել
Ինչպիսի՞ն է ստանդարտ դասը: Ուսուցիչը գալիս է դասարան, ինչ-որ բան պատմում, հանձնարարություններ է տալիս աշակերտներին, հետո ստուգում է աշխատանքը, կանչում գրատախտակի մոտ։ Ձանձրալի է, սարսափելի, ոչ միշտ պարզ:
Այնուամենայնիվ, եթե այս գործընթացին նայեք մյուս կողմից և հնարավորություն տաք սովորողներին ինքնուրույն սովորեցնել միմյանց, կարող է բավականին լավ ստացվել: Սովորողները կդառնան ավելի մոտիվացված, ավելի պատասխանատու կմոտենան առաջադրանքին, և նրանք շատ ավելի կհետաքրքրվեն:
Իհարկե, այս կերպ աշխատանքը խմբերով ճիշտ կազմակերպելու լրացուցիչ բեռ է ընկնում ուսուցչի վրա։ Բայց արդյունքն արժե այդ ջանքը:

Ես ամեն ինչ տանում եմ ինձ հետ
Ծանր ուսապարկները՝ յուրաքանչյուր առարկայի համար դասագրքերով, մինչև վերջ լցված գրչատուփերը սովորական դպրոցական իրողություններ են, չնայած՝ բոլորը խոսում են տեխնոլոգիական առաջընթացի մասին: Պահանջը, որ յուրաքանչյուր սովորնող ունենա պարագաների իր հավաքածուն, շատ հնաոճ է թվում, բայց ինչ-ինչ պատճառներով այն արդիական է նաև այսօր:
Բայց եթե այս հարցին այլ կերպ եք մոտենում ու առաջարկում, օրինակ՝ մեկ դասագիրք վերցնել երկուսի համար, ապա որպես բոնուս կարող եք նաև զարգացնել հաղորդակցական հմտություններ սովորողների մեջ։ Ի դեպ, որոշ հետազոտողների կարծիքով, այս հմտություններն այսօր շատ ավելի կարևոր են, քան ակադեմիական գիտելիքները։

Սովորելու միայն մեկ ճիշտ ճանապարհ կա
Դպրոցները դասավանդում են նույն ուսումնական պլանով, նույն տեմպերով, գրեթե առանց բացառությունների։ Բայց մարդիկ տարբեր կերպ են սովորում, և դա նորմալ է: Մեկը նյութը սովորում է ավելի արագ, մեկը՝ դանդաղ: Ինչ-որ մեկի համար ավելի հեշտ է սովորել լսելով, իսկ ուրիշ մեկի համար՝ կարդալով տեքստը և նայելով նկարներն ու գծապատկերները։ 
Ուսումը ստեղծագործական և անհատական ​​գործընթաց է: Եվ, բարեբախտաբար, ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ այն կարելի է դարձնել պարզ և հաճելի՝ յուրաքանչյուր սովորողի համար ժամանակացույց ընտրելով:

Կրթությունը կարգավիճակ է
Դպրոցական և բուհական կրթությունը ձևական բնույթ է ստացել՝ դառնալով որոշակի կարգավիճակի խորհրդանիշ։ Իհարկե, առաջ ուսումնական հաստատությունները տալիս էին որոշակի արտոնություններ և գրեթե կարող էին երաշխավորել մարդու՝ որոշակի գիտելիքների և հմտությունների տիրապետելը։ Սակայն ժամանակի ընթացքում դպրոցն ու ինստիտուտը գնալով վերածվում են մի բանի, որը պահանջվում է միայն «հաշվառման համար»:
Հետևաբար՝ այժմ շատ ավելի կարևոր է ոչ թե այն, թե ինչ դպրոց կամ համալսարան եք ավարտել (և ընդհանրապես ավարտել եք արդյոք), այլ այն, թե ինչպես կարող եք գործնականում կիրառել ձեռք բերած հմտությունները։ Հենց դրանք կյանքի տարբեր ոլորտներում օգտագործելու ունակությունն է, որ կբերի ցանկալի արդյունքի։
Օրինակ՝ Ռեյ Բրեդբերին մեծացել է աղքատ ընտանիքում և չի կարողացել քոլեջ գնալ։ Այնուամենայնիվ, 10 տարի շարունակ նա շաբաթական երեք անգամ այցելում էր գրադարան և հետագայում իրեն անվանեց մարդ, որն ավարտեց գրադարանը քոլեջի փոխարեն:

Դպրոցը պարտադիր է
Իհարկե, շատ ծնողներ դեռ հավատում են, որ դպրոցը բոլորին է պետք, և յուրաքանչյուր երեխա պարզապես պարտավոր է գնալ։ Բայց աշխարհում ավելի ու ավելի շատ այլընտրանքային համակարգեր կան (օրինակ՝ տնային ուսուցում կամ առցանց կրթություն), որոնք օգնում են երեխաներին ստանալու նոր գիտելիքներ։ Միևնույն ժամանակ, արդյունքները հաճախ գերազանցում են տիպիկ դպրոցական արդյունքները, և որոշ խնդիրներից, ինչպես դասընկերների նկատմամբ ոտնձգությունն է, հննարավոր  է լինում խուսափել:

Թարգմանությունը՝ Գոհար Արղությանի

0 մեկնաբանություն:

Post a Comment