Նիլ Գեյմանը սովորեցնում է, որ հաջողությունը կարող է շեղել մարդուն։
Նիլ Գեյմանը առավել հայտնի է իր աշխատանքով մի շարք գրական միջավայրերում՝ ներառյալ լրագրությունը, կոմիքսների գրքերը և վեպերը: 2012-ին Գեյմանը ելույթ է ունեցել Արվեստի համալսարանում, որտեղ խոսել է հաջողության մասին: Նա ասել է, որ երբ հաջողակ ես դառնում, քեզ հնարավոր է՝ հետապնդեն այն գործողությունները կատարելիս, որոնք հաջողակ են դարձրել: Գեյմանը հիշում է իր վաղ շրջանի հաջողությունները և այն, թե ինչպես էր իր վրա ճնշում զգում՝ պատասխանելու էլեկտրոնային նամակներին ամբողջ օրը, և դա, իրոք, խանգարում էր նրան գրել այնքան, որքան ցանկանում էր: Այսպիսով, նա հիշեցնում է մեզ, որ շարունակենք անել այն, ինչը մեզ հաջողակ է դարձնում, և թույլ չտանք, որ ուրիշները խանգարեն:
Ելույթը
Ես երբեք չէի մտածի, որ խորհուր կտամ շրջանավարտներին բարձրագույն կրթության ինչ-որ հաստատություն։ Անձամբ ես երբեք չեմ ավարտել այդպիսի հաստատություն ու չեմ էլ փորձել։ Ինձ տրվել է դպրոց գնալու հնարավորություն, սակայն ես խուսափել եմ դրանից։ Չորս տարի ստիպողաբար սովորեցի, մինչև որ դարձա այն գրողը, որ ուզում էի դառնալ։ Ես որոշեցի դուրս գալ բաց աշխարհ ու սկսել գրել։ Գրեցի, գրեցի, դարձա ավելի ու ավելի լավ գրող։ Ինչքան շատ էի գրում, այնքան սկսում էի ավելի լավ ստեղծագործել, բայց մարդկանց կարծես թե դա չէր հետաքրքրում։ Ինձ գրելու համար կա՛մ վճարում էին, կա՛մ էլ չէին վճարում։ Ինձ ասում էին գրեմ այնպիսի բաներ, որոնք ես չէի ուզում։ Դրանից հետո էր, որ սկսեցի հարգել ու գնահատել բարձրագույն կրթությունը։ Իմ բոլոր ընկերները այդ զգացմունքից «բուժվել էին» շատ վաղուց, քանի որ նրանք հաճախել էին այդպիսի հաստատություններ։ Երբ ես հիշում եմ անցյալս, ունենում եմ շատ ուշագրավ էքսկուրս: Ես վստահ չեմ, որ կարող եմ այն կարիերա անվանել, որովհետև կարիերայի հիմքում կարիերայի սկզբնական նախագիծն է, որը ես երբեք չեմ ունեցել: Դրան ամենամոտիկ բանը, որը ես ունեի, ցանկությունների ցուցակն էր, որը կազմել էի 15 տարեկանում: Ես ուզում էի գրել վեպ, հեքիաթ, կոմիքս, ֆիլմ, ձայնագրել աուդիոգիրք, գրել «Doctor who»-ի մի էպիզոդ և այլն: Ես կարիերայի ծրագիր չունեի, պարզապես ցուցակում գրածներն էի անում: Եվ ես ցանկացա ձեզ պատմել այն ամենը, ինչը կուզեի իմանալ երբ դեռ սկսնակ էի: Երևի որոշները ես նույնիսկ գիտեի: Ձեզ կտամ ամենալավ խորհուրդը, որին ինքս չկարողացա հետևել:
Առաջինը՝ երբ դու սկսում ես քո կարիերան արվեստում, չգիտես, թե ինչ ես անում: Հիանալի՛ է, որովհետև դու դեռ չգիտես, թե ինչն է հնարավոր և ինչը՝ ոչ, և պետք չէ, որ իմանաս: Այդ օրենքները գրել են այն մարդիկ, ովքեր, հնարավորի սահմանը անցնելով, չեն զգացել այդ սահմանի համը, իսկ դու կարող ես: Եթե դու չգիտես, թե ինչը հնարավոր չէ, դու այն ավելի հեշտ ես անում: Եվ այն մարդիկ, ովքեր դա չեն արել, չեն գրել օրենք, որը քեզ կարգելի կրկնել դա:
Երկրորդ՝ եթե դու գաղափար ունես, թե ինչ ես ուզում ստեղծել, և ինչի համար ես այստեղ, ուրեմն իրագործիր այն: Ես գիտեմ, որ հեշտ է ասելը, բայց վերջում այն շատ ավելի հեշտ է, քան դու պատկերացնում էիր: Որովհետև սովորաբար, դու դեռ շատ բան ունես անելու, մինչև հայտնվես այնտեղ, որտեղ ուզում ես: Ես ուզում էի գրել նովել, կոմիքս, պատմություններ և ֆիլմեր, և ես դարձա լրագրող: Որովհետև լրագրողներին թույլ է տրված հարցեր տալ և իմանալ, թե ինչպես է գործում աշխարհը: Բացի այդ՝ դրա համար ինձ պետք էր գրել, լավ գրել, և ինձ վճարում էին, որ ես սովորեի, թե ինչպես գրեմ տնտեսապես փխրուն, երբեմն անբարենպաստ պայմաններում և ժամկետում: Շատ հաճախ քո ուզած գործին հասնելու ճանապարհը հստակ կտրվածքով է, և շատ հաճախ գլխումդ հարց կառաջանա, թե արդյոք դու ճիշտ ուղու վրա ես, որովհետև դու պետք է հարմարացնես քո նպատակները և հույսերը քեզ կերակրելու, հարկերը վճարելու աշխատանք գտնելու, քո եկամուտի մասին անհանգստանալու հետ:
Ինձ միշտ մի բան էր օգնում՝ երևակայությունը: Ես երևակայում էի, որ այն եմ, ինչ ուզում եմ. իմ դեպքում՝ գրող: Պատկերացնում էի, որ գրում եմ լավ գրքեր, լավ կոմիքսներ, լավ դրամա, և աջակցում էի ինքս ինձ իմ խոսքերի միջոցով: Պատկերացնում էի, որ իմ նպատակը մի մեծ լեռ է՝ շատ հեռու գտնվող: Ես գիտեի, որ եթե շարունակեմ քայլել դեպքի լեռը, ամեն ինչ լավ կլինի: Երբ կասկածի տակ էի դնում իմ գործը, սկսում էի մտածել, թե արդյոք գնում եմ դեպի լեռան կողմը, թե՞ հակառակ կողմն եմ գնում: Ես մերժեցի խմբագրական, ամսագրական և պատշաճ աշխատանքները, որոնք ինձ պատշաճ կվճարեին: Որովհետև ես հասկացա՝ ինչքան էլ նրանք գրավիչ լինեն ինձ համար, դա կնշանակի, որ ես հեռանալու եմ լեռից: Եվ եթե այդ աշխատանքների առաջարկները շուտ գային, ես կհամաձայնեի, որովհետև այդ ժամանակ նրանք կարող էին լեռանը մոտիկ թվալ:
Ես սովորեցի գրել, գրելու միջոցով: Ես հակված էի ամեն ինչ անելու այնքան ժամանակ, քանի դեռ դրանք ինձ համար արկած կլինեին, և հրաժարվելու, երբ դրանք դառնային աշխատանք: Սա նշանակում էր, որ կյանքը ինձ համար աշխատանք չէր:
Երրորդը՝ երբ դու սկսնակ ես, պետք է անհաջողության խնդիրները լուծես: Պետք է այնքան պինդ լինես, որ հասկանաս, որ ոչ բոլոր նախագծերն են կենսունակ լինում: Արվեստի մեջ կյանքը նման է շշի մեջ դրված ուղերձի, որ թողնում ես անմարդաբնակ կղզում՝ հույս ունենալով, որ մի օր մեկը կգտնի, կկարդա և կդնի նրա մեջ ուրիշ մի բան՝ գնահատական, գործարք, գումար կամ սեր, և հետ կհրի դեպի քեզ: Դու պետք է ընդունես, որ քեզ վերադարձած շշերից կարող ես հանել բազմաթիվ անհաջողություններ և պարտություն: Դու կորցնում ես հույսդ, պարզապես ուզում ես, որ ամեն ինչ ինքն իրեն իրականանա, և ամեն ինչ տակն ու վրա է լինում:
Իմ առաջին գիրքը լրագրողական մի գիրք էր, որը ես միայն գումարի համար էի արել: Այդ գումարով ես ինձ համար գրամեքենա գնեցի: Այդ գիրքը պետք է լիներ լավագույն վաճառվողներից մեկը, որը ինձ շատ գումար կբերեր: Բայց հրատարակչությունը սնանկացավ: Առաջին տպաքանակը վաճառվեց, իսկ երկրորդը նույնիսկ չտպվեց: Այդպես էլ ոչ մի գումար չստացա:
Ես թափահարեցի ուսերս, դեռ ունեի իմ գրամեքենան և մի քանի ամսվա տան վարձի համար գումար: Ես որոշեցի չգրել գրքեր գումարի համար: Եթե դու գումար չես ստանում, ուրեմն ոչ մի բան չես ունենում: Իսկ եթե արել եմ մի բան, որից հպարտ եմ, բայց չեմ ստացել ոչ մի լումա, ես գոնե կունենամ կատարած աշխատանքս: Մեկ-մեկ մոռանում եմ այդ օրենքը, և երբ մոռանում եմ, համալսարանը ինձ հիշեցնում է:
Ես չգիտեմ, թե արդյոք բացի ինձանից ինչ-որ մեկը տառապում է այս խնդրով, բայց ես հաստատ գիտեմ, որ իմ կատարած աշխատանքը արժեք ուներ ոչ գումարի առումով, այլ նրա համար, որ ես փորձ ունեցա: Այնպես չէ, որ ես մինչև վերջ աշխատել էի, և ամբողջ գումարը ստացել եմ: Ես պարզապես ոգևորված էի, որովհետև ուզում էի տեսնել, որ իմ կատարած աշխատանքները գոյություն ունեն, և այդ ցանկության շնորհիվ, ես չեմ ափսոսում իմ ժամանակը, որը ծախսել եմ այդ գրքերի վրա:
Անհաջողության խնդիրները դժվար լուծվող են, բայց հաջողության խնդիրները ավելի դժվար կարող են լուծվել, որովհետև քեզ ոչ ոք չի զգուշացրել դրանց մասին: Առաջին խնդիրը, որին դուք կհանդիպեք նույնիսկ սահմանափակ հաջողության դեպքում, այն է, որ կառաջանա մի զգացմունք, որ դուք բոլորին ինչ-որ մի տեղ խաբել եք, և ամեն վայրկյան դա կարող են բացահայտել: Դա խաբեբայի համախտանիշն է, որը իմ կինը՝ Ամանդան, մկրտեց որպես «Խարդախության ոստիկանություն»: Իմ դեպքում, ես սպասում էի՝ երբ մեկը կթակի իմ դուռը, կբացեմ և կտեսնեմ մի մարդ՝ ձեռքին գրառման գրքույկ (ես չգիտեմ ինչու, բայց իմ պատկերացումով նա հենց այդ գրքույկով է), և ինձ կասի, որ ամեն ինչ ջրի երես դուրս եկավ, հիմա ես պետք է գտնեմ մի աշխատանք, որտեղ չեմ հորինելու ոչ մի բան, չեմ կարդալու իմ սիրած գիրքը, այլ պետք է զարթնեմ առավոտյան շուտ, և ոչ մի բան չհորինեմ:
Հաջողության խնդիրները: Նրանք իրական են, և եթե դու հաջողակ ես, կունենաս այդ խնդիրները: Ասածս այն է, որ եթե դու հետ եկած բոլոր շշերին ասում ես՝ այո, հիմա դու պետք է սովորես ասել՝ ոչ: Ես շատ եմ տեսել իմ հասակակից կամ ինձնից մեծ ընկերների, որոնք խղճուկի պես ասում են, թե իրենք այլևս չեն կարող երազել իրենց ուզած աշխատանքի մասին, պետք է վաստակեն ինչ-որ քանակությամբ գումար ամեն ամիս, որպեսզի մնան այնտեղ, որտեղ կան: Նրանք չեն կարող անել այն, ինչ կարևոր է և իրենց ուզածն է։ Իսկ դա ինձ համար այնքան մեծ դժբախտություն է, որքան յուրաքանչյուր անհաջողության խնդիր:
Հաջողության ևս մի խնդիր էլ այն է, որ աշխարհը քեզ առաջարկում է դադարել անել այն, ինչ որ անում ես, որովհետև դու հաջողակ ես: Եկավ մի օր, երբ հասկացա, որ ես դարձել եմ մեկը, որ մասնագիտորեն է պատասխանում նամակներին, որ գրում է որպես հոբբի: Ես պատասխանեցի մի քանի նամակների և հանգստացա՝ պարզելով, որ ես ավելի վատ եմ գրում:
Չորրորդը՝ ես հուսով եմ, որ դուք սխալներ կգործեք: Եթե դու սխալ ես գործում, նշանակում է, որ ինչ-որ բան ես անում: Եվ այդ սխալները իրենցով կարող են շատ օգտակար լինել:
Մի անգամ ես սխալ էի արտասանել «Կարոլինա» անունը: Տեղերով խառնել էի «ա»-ն ու «օ»-ն և մտածել էի, որ «Կորալինան» կարող է լինել իրական անուն…
Եվ հիշեք, ինչ աշխատանք դուք անում եք՝ լինի դա երաժիշտ թե լուսանկարիչ, արվեստագետ թե ծաղրանկարիչ, գրող, պարող, երգիչ, դիզայներ, ինչ որ անես, դու ունես մի յուրահատուկ բան: Դու արվեստ ստեղծելու ունակություն ունես: Ե՛վ ինձ, և՛ շատ մարդկանց, որոնց ես ճանաչում եմ, հենց դա է փրկել: Դա վերջնական փրկությունն էր: Այն քեզ պետք է գալիս և՛ լավ ժամանակներին, և՛ վատ:
Երբեմն կյանքը դժվար է: Ամեն տեղ կարող է վատ բան լինել, թե՛ կյանքի, թե՛ սիրո, թե՛ աշխատանքի, թե՛ ընկերության, թե՛ առողջության և թե՛ այլ շատ բաների մեջ: Եվ երբ ամեն ինչ վատ է լինում, դու պետք է ստեղծես լավ արվեստ: Ես լուրջ եմ ասում: Ամուսինդ փախչում է քաղաքական գործիչի հե՞տ, ստեղծիր լավ արվեստ: Վնասված ոտքդ կերել է մուտացիայի ենթարկված վիշապը՞, ստեղծիր լավ արվեստ: Ներքին եկամուտների ծառայությունը միջամտում է ձեր աշխատանքի՞ն, ստեղծիր լավ արվեստ: Կատուն է պայթե՞լ, ստեղծիր լավ արվեստ: Ինչ-որ մեկը համացանցում մտածում է, որ կատարածդ աշխատանքը հիմարությունն է, վատն է կամ արդեն արված է՞, ստեղծիր լավ արվեստ: Մեծ հավանականությամբ ամեն ինչ իր հունով կգնա, ժամանակը խայթը կմեղմացնի, բայց դա կարևոր չէ: Արա՛ այն, ինչից որ լավ ես՝ ստեղծիր լավ արվեստ: Ստեղծիր այն և՛ վատ, և՛ լավ օրերին:
Հինգերրորդ՝ եթե սկսել ես, ստեղծիր արվեստդ: Արա այն, ինչ որ մենակ դու ես կարող: Սկսելու ցանկությունը պատճենելն է: Դա վատ բան չէ: Շատերս գտնում ենք մեր ձայները ուրիշների նման հնչելուց հետո: Բայց միակ բանը, որը դու ունես, իսկ մյուսները չունեն, դու ես: Քո ձայնը, միտքը, պատմությունը, մտապատկերը: Այնպես որ՝ գրիր, նկարիր, կառուցիր, խաղա, պարիր և ապրիր այնպես, ինչպես միայն դու ես կարողանում: Երբ դու զգում ես դա, տպավորություն է, որ փողոցում մերկ ես քայլում, ցույց ես տալիս քո մտքինը և սրտինը ավելի շատ, քան ունեցածդ, և վերջիվերջո քեզ ես ցույց տալիս: Այդ ժամանակ ես դու հասկանում, որ ճիշտ ուղու վրա ես:
Իմ մեթոդները, որոնք աշխատեցին, այն մեթոդներն էին, որոնցից ես քիչ էի տեղյակ: Պատմություններ, որոնք, ես մտածում էի՝ կամ կստացվեն, կամ կլինեն ամոթալի ձախողումներ, որոնք մարդիկ կքննարկեն մինչև ուշ գիշեր: Հետ ես նայում, մարդիկ բացատրում են, թե ինչու էին դրանք երաշխավորված հաջողություններ: Դա ես չգիտեի, երբ ստեղծագործում էի: Եվ մինչև հիմա չգիտեմ: Ամբողջ հետաքրքրությունը կորչում է, երբ իմանում ես, որ աշխատանքդ կստացվի: Երբեմն իմ աշխատանքները իրոք հաջող չէին: Ունեմ գրած պատմություններ, որոնք այդպես էլ չեն վերատպվել: Որոշները նույնիսկ տնից դուրս չեն եկել: Բայց ես նրանցից սովորել եմ այնքան, ինչքան սովորել էի այն աշխատանքներից, որոնք հաջող էին:
Վեցերրորդ՝ Ես ձեզ կփոխանցեմ ազատ մասնագետի մի գաղտնի գիտելիք: Գաղտնի գիտելիքը միշտ լավ է: Այն պետքական է, եթե ինչ-որ մեկը ուզենա ստեղծի արվեստ ուրիշների համար և մտնի ազատ մասնագետի աշխարհը: Ես դա սովորել եմ կոմիքսների ասպարեզում, բայց մյուսներում էլ կօգնի: Լսեք. մարդիկ ընդունվում են աշխատանքի, որովհետև ինչ-որ ձեևով ընդունվում են: Իմ դեպքում՝ ես արեցի մի բան, որը մեր օրերում շատ հեշտ նկատելի կլինի և ինձ համար կառաջացնի շատ խնդիրներ։ Դա նախահամացանցային օրերին շատ լավ սրատեգիա էր: Երբ խմբագիրը ինձ հարցրեց, թե ում համար եմ գրում, ես խաբեցի՝ հանգիստ ձայնով նշեցի մի քանի լավ ամսագրերի անուներ և ստացա աշխատանք: Հետո ես դա դարձրի պատվո կետ, և գրեցի բոլոր ամսագրերի համար, որոնք ես նշել էի, որպեսզի այդքան էլ ստախոս դուրս չգամ. պարզապես հերթականությունն եմ հակառակ արել:
Ճիշտ է, դու ստանում ես աշխատանք: Բայց մարդիկ շարունակում են ավելի շատ աշխատել որպես ազատ մասնագետ, իսկ այսօրվա աշխարհը ավելի բարենպաստ է նրանց համար, որովհետև նրանց աշխատանքը լավն է, նրանց հետ հեշտ է լեզու գնտել, և նրանք ժամանակին աշխատանքը առաքում են: Քեզ նույնիսկ այս երեքը պետք չեն. երեքից երկուսը բավական է: Մարդիկ կարող են հանդուրժել քեզ, ինչքան էլ տհաճն լինես, եթե աշխատանքդ լավն է, ու ժամանակին ես ավարտել: Մարդիկ կներեն աշխատանքիդ ուշացումը, եթե այն լավն է, և քեզ սիրում են: Եվ նույնիսկ պետք չէ՝ լավ աշխատանք անես, եթե ճիշտ ժամանակին ես անում, և քեզ հետ շփվելը միայն հաճույք է:
Երբ համաձայնեցի ունենալ այս ելույթը, մտածում էի, թե որն է ամենալավ խորհուրդը, որը ես կարող եմ տալ: Եվ հասկացա, որ դա այն խորհուրդ է, որին ես չկարողացա հետևել: Դա եկել էր Ստիվեն Քինգից: Դա տեղի է ունեցել 20 տարի առաջ, երբ իմ գրած առաջին կոմիքսը՝ «Սենդմենը» հաջողության հասավ: Ես գրեցի կոմիքս, որը մարդկանց դուր եկավ, և նրանք դա լուրջ ընդունեցին: Եվ Ստիվեն Քինգը հավանեց Սենդմենն ու նովելը, որը ես գրել էի Թերի Պրատչետի հետ՝ «Լավ նախանշանները»: Նա տեսավ այդ խելագարությունը, որը կատարվում էր իմ կոմիքսի շուրջ՝ ստորագրության սպասող երկար հերթերը և նման բաները, և նրա խորհուրդն էր. «Հիանալի է, դու պետք է վայելես սա»։ Բայց ես չվայելեցի: Ամենալավ խորհուրդը, որը ես ստացա, արհամարհեցի: Փոխարենը ես անհանգստացա նրա համար: Ես սկսեցի անհգստանալ հաջորդ ժամկետի համար, հաջորդ գաղափարի, հաջորդ պատմության համար:
Չկար հաջորդ 14 թե 15 տարիներում մի պահ, որ ես չգրեի գլխումս մի բան, կամ չմտածեի դրա շուրջ: Եվ ես չվայելեցի այն: Դա շատ լավ ճանապարհորդություն էր: Եվ այդ ճանապարհորդության որոշ մասեր ես բաց թողեցի, որովհետև անհանգստանում էի, թե ինչ եմ անելու հետո: Դա ամենադժվար դասն էր՝ պարզապես վայելել ճամփորդությունը: Որովհետև այն քեզ տանում է շատ ուշագրավ և անսպասելի տեղեր: Եվ այս դահլիճը, այս բեմը այդ տեղերից մեկն է: Եվ ես պարզապես վայելում եմ հիմա:
Այսօրվա բոլոր շրջանավարտներին ես մաղթում եմ հաջողություն: Հաջողությունը պետքական է: Շատ հաճախ դուք կհայտնաբերեք, որ ինչքան դժվար աշխատեք և ինչքան խելամիտ աշխատեք, այնքան էլ հաջողակ կլինեք: Բայց հաջողություն միշտ էլ կա, և այն օգնում է: Մենք հիմա շատ անցումային աշխարհում ենք, եթե դու ինչ-որ տեսակի արվեստի ասպարեզում ես, որովհետև բաշխման բնույթը փոխվում է, աշխատանքի մոդելները, որոնցով ստեղծագործողները իրենց աշխատանքը ցույց են տալիս աշխարհին, իրենց գլխին տանիք են պահում, և սենդվիչ են առնում, փոխվում են: Ես զրուցել եմ տարբեր մարդկանց հետ տարբեր ասպարեզներից, և նրանից ոչ մեկը չգիտի, թե ինչ է լինելու երկու տարի հետո, էլ չեմ ասում՝ տասը տարի հետո:
Տարածման ալիքները, որոնք մարդիկ ստեղծել են տասնամյակների ընթացքում, շատ ազատ են տպագրիչների, վիզուալ արվեստագետների, երաժիշտների և այլ ստեղծագործող մարդկանց համար: Սա մի կողմից անհանգստացնող է, մյուս կողմից՝ անչափ ազատագրական: Գրված օրենքնրը, թե ինչպես պետք է աշխատանքդ մարդկանց ցույց տաս, արդեն քանդվում են: Դարպասապահները հեռանում են այդ դարպասներից: Պետք է լինես այնքան ստեղծագործ, ինչքան հարկավոր է, որ աշխատանքդ տեսնեն: Յութուբը և մյուս ցանցը, որը կգա Յութուբից հետո, քեզ կտա դիտորդների ավելի մեծ քանակ, քան հեռուստացույցը երբևիցէ կարող էր: Հին օրենքները վերանում են, և ոչ մեկը չգիտի, թե որոնք են նոր օրենքները: Մեկը ինձ վերջերս հարցրեց՝ ինչպես անել մի բան, որը ինքը գիտի, որ դժվար է լինելու, տվյալ դեպքում աուդիոգիրք ձայնագրելը։ Ես առաջարկեցի, որ նա ձևանա, թե այն մարդն է, ով կարող է դա անել: Ոչ թե ձևացնել, որ անում է, այլ ձևացնել, որ նա այն մարդն է, որ կարող է անել: Նա օգտագործեց իմ առաջարկած մեթոդը, և ասաց, որ օգնում է: Եղի՛ր իմաստուն, որովհետև աշխարհին պետք է շատ իմաստություն, և եթե չես կարողանում լինել իմաստուն, ձևացրո՛ւ, թե իմաստուն մարդ ես՝ պահիր քեզ այնպես, ինչպես նրանք կպահեին:
Իսկ հիմա գնացեք և գործեք հետաքրքիր սխալներ, հիանալի սխալներ, գործեք փառավոր և ֆանտաստիկ սխալներ: Կոտրեք օրենքները: Աշխարհը դարձրեք ավելի հետաքրքիր ձեզ համար: Ստեղծե՛ք լավ արվեստ:
Շնորհակալություն:
Նիլ Գեյման
0 մեկնաբանություն:
Post a Comment