Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, May 11, 2024

Ջուդիթ Բաթլեր-Կատաղության և վշտի մասին խոսելիս

 


Կատաղության մասին խոսելը ոչ միշտ է թույլ տալիս տեսնել, թե որքան վիշտ է կատաղությունն իր մեջ պարունակում, և թե ինչպես է թաքցնում այն։ Այսպիսով, ես չեմ կարող դա լավ անել, համենայն դեպս՝ ոչ այս երեկո։ Որքա՞ն հաճախ է վիշտը արդյունավետ լռեցված կատաղությամբ։ Ինչպե՞ս է պատահում, որ վիշտը կարողանում է առաջացնել կատաղության պոռթկում։ Կա՞ արդյոք ոչբռնության աղբյուրներից որոշակի վշտի իշխանության մասին սովորելու մի բան, որը կատաղությունը իր ապակառուցողականությունից կհանոցի։ Աննա Կարսոնը հարցնում է. «Ինչու՞ ողբերգությունը գոյություն ունի»։ Այնուհետև պատասխանում է. «Որովհետև դու կատաղությամբ ես լցված․  ինչո՞ւ ես դու կատաղությամբ լցված․ որովհետև դու լցված ես վշտով։ Հարցրու գլուխ կտրող դահճին, թե ինչու է նա կտրում գլուխներ, և նա կպատասխանի, որ կատաղությունն է մղում իրեն, ու որ կատաղությունը ծնված է վշտից։ Զոհի գլուխը կտրելն ու դեն նետելը թույլ է տալիս նրան դեն նետել իր վիշտը։ Հնարավոր է, որ դու մտածում ես, որ սա քեզ չի վերաբերում, սակայն դու հիշում ես այն օրը, երբ քո կինը քեզ քո մոր գերեզմանին մեքենայով տանելիս խաչմերուկում ձախ թեքեց աջի փոխարեն, և դու այնքան բարձր գոռացիր նրա վրա, որ այլ վարորդները շրջվեցին դեպի քեզ։ Երբ դու կտրեցիր նրա գլուխը, ու այն դեն նետեցիր պատուհանից, նրանք գլխով արեցին, փոխեցին արագությունը և հեռացան այդտեղից»։ Վիշտը անտանելի է, և այդ անտանելիությունից մարդիկ սպանում են, իսկ սպանությունը շատացնում է վիշտը։ Արդյո՞ք մենք պարզաբանել ենք, թե ինչպես է անտանելի վշտից դեպի անկառավարելի կատաղություն և անկառուցողականություն անցումը աշխատում։ Երևի վշտից ակնկալում են բռնություն, ասես թե ինքը՝ վիշտը կարող է սպանվել դրա շնորհիվ։ Կարո՞ղ ենք գոնե փնտրել ոչբռնության աղբյուրներից մեկը տխրելու կարողության մեջ, անտանելի կորուստն առանց ոչնչացման փոխակերպելու և այդտեղ մնալու զգացողության մեջ։ Եթե մենք կարողանայինք տանել մեր վիշտը, արդյո՞ք մենք ավելի քիչ հակված կլինեինք հարված կամ հակահարված տալուն։ Եվ եթե վիշտը անտանելի է, կա՞ արդյոք այն «տանելուց» բացի այլ ապրելակերպ։ Մենք գիտենք այս ահարկու շրջանի կոնտուրը՝ ոչնչացնել, որպեսզի ավարտվի անտանելի վիշտը, որպեսզի ավարտ դրվի անտանելիության դիմաց միայն նրա համար, որ նորից ոչնչացնելով վերաբազմապատկվի այդ կորուստը։ Միգուցե այդ ոչնչացնող կիրառությունը լոկ ձև է հայտարարելու համար, որ այն, ինչ անտանելի է հիմա, ուրիշի խնդիրն է, ոչ թե իմ։ Ահա, վերցրու այս անտանելի բանը, հիմա այն քոնն է։ Բայց երբևիցե մեկը դադարե՞լ է տխրել ուրիշի կյանքը կործանելու շնորհիվ։ Ո՞ր պատրանքն ու գաղափարն է գործում այս կիրառությամբ։ Հնարավոր է, որ վտանգը այն է, որ այդ ես-ի համար ոչնչացումը հանկարծ դառնում է զուտ արարք՝ վերջապես ազատված պասիվությունից և անվնասությունից։ Վերջապես այն պարզապես անցնող պահ է։ Կամ երևի ոչնչացնելով մարդը պնդում է, որ մնացած աշխարհը թաղվում է իր ավերածվածության զգացման մեջ։ Եթե աշխարհը անհնար է տանել առանց նրանց, ում մեկը կորցրել է, միգուցե առաջանում է էգալիտարիզմի մի հուսահատ ձև, ըստ որի՝ բոլորը պետք է կրեն այս ավերածվծությունները։ Անտանելի վշտից ծնված ապակառուցողական կիրառությունները երևի նախադրյալ են հանդիսացել այն մտքի համար, որ կորստի հետ ամեն ինչ արդեն ոչնչացել է, այսպիսով ոչնչացնելը դառնում է առավելություն, արդեն եղածի վավերացումը։ Բայց երևի կա վշտի առջև վերջակետ դնելու ջանք, որը թիրախավորելով աշխարհը, որտեղ հնարավոր է նման վիշտ, վերածվում է կործանարարության մի ձևի, որը կատաղորեն շատացնում է կորուստները՝ անտեղի բաշխելով անտանելին: Իհարկե, այն, ինչ անտանելի է, արդեն ավելի շատ է, քան այն, ինչ մարդ կարող է տանել, այսպիսով՝ ինչպե՞ս կարող է մի բան լինել ավելի շատ, եթե նա արդեն չափից շատ է։ Այն անասելիության ահաբեկող բնույթը բաց է թողնված աշխարհի վրա, այդ տխրելու կատաղած ձևով, որը հայտնի է որպես ապակառուցողականություն։ Կամ գուցե իսկապե՞ս բավարարվածությունը պատերազմում է։ Ֆրոյդը մեզ ասում է, որ ապակառուցողականության որոշ ձևեր չեն ըղձում հաճույք, կամ բավարարվածություն, բայց բզբզված են մեխանիկական ձևով, դրանք կրկնվում են առանց վրեժխնդրության վերջնական բավարարվածության։ Չնայած, ինչպես մենք գիտենք, երբեմն կան սարսափելի բավարարումներ պատերազմի ժամանակ, այնպիսի բավարարվածություններ, որոնց պետք է հակադրվել։ Խաղաղությունը լոկ երբեմն-երբեմն ի հայտ եկող հաշտության վիճակ է։ Մեծամասամբ այն պայքար է ապակառուցողականության դեմ, պայքար ընդդեմ պատերազմական սարսափելի հաճույքների դեմ։ Այդ դեպքում ո՞րն է իմ խնդրանքը։ Արդյո՞ք ես խորհուրդ եմ տալիս վշտի շատացում։ Արդյո՞ք ես կարծում եմ, որ վշտի էքսպոնենցիալ աճը կհանգեցնի ավելի քիչ կործանարարության աշխարհում: Ոչ, քավ լիցի։ Միայն այն պատճառով, որ վիշտը չի ենթարկվում մաթեմատիկական չափումներին։ Վիշտը լոկ մեկի, կամ խմբի, կամ ամբողջ բնակչության կորստի մասին չէ։ Այն ուղիղ ընթացք չէ, դա ուղղակի գործընթաց չէ, որն ավարտվում է, երբ իրականության սկզբունքն է իր վճիռը տալիս։ Այո, այն մարդիկ, ում կորուստը դու սգում ես, իրոք չկան։ Եվ դա չի ավարտվում, երբ մենք քիչ թե շատ հաջողությամբ ներդնում ենք կորցրածը մեր հոգեկան իրականության մեջ մեր ժեստերի, մեր հագուստի, մեր մտածելակերպի և խոսքի ձևերի շնորհիվ: Սուգը անցանկալի փոփոխությանը զիջելու մասին է, որտեղ ոչ ամբողջական մասշտաբը, ոչ էլ այդ փոփոխության իմաստը չեն կարող նախապես հայտնի լինել։ Այս փոխակերպիչ կորստի արդյունքը դեֆորմացնող արդյունք լինելու մշտական վտանգի տակ է։ Ինչ էլ որ այն լինի, չի կարող ցանկալի լինել, դա մի տեսակ չեղարկում է։ Օրվա կեսին ալիքները հարվածում են մեկին, առաջադրանքի կեսին, և ամեն ինչ կանգ է առնում։ Այդ հարվածից կաղում են, ընկնում։ Ի՞նչ է դա, որ հանկարծակի քաշում է քո ձգողականությունը և շարժումը։ Այդ բանը, որը իշխում է քեզնով, ստիպում քեզ կանգնել, և պայմանավորում է քո անկումը, որտեղի՞ց է այն գալիս։ Արդյո՞ք այն ունի անուն։ Ի՞նչ է պահանջվում մեզնից այն պահերին, երբ մենք ամենաընդգծված կերպով ինքներս մեր, կամ մեր շարժման տերը չենք։ Երբ մենք կորցնում ենք որոշ մարդկանց, կամ երբ մենք ունեզրկված ենք ինչ-որ տեղից, կամ համայնքից, դա կարող է լինել այն «ինչ-որ բանը», որը հանկարծակի բռնկվում է, մի բան, որը ընդգծում է մեր և ուրիշների կապերը, որը ցույց է տալիս, որ մենք մեկս մյուսին կապված ենք, և որ այդ կապերը, որոնք կազմում են մեզ, նաև խեղդում են մեզ, թողում մեզ չկազմված։ Եթե կորցնեմ ես քեզ այն հանգամանքներում, որոնցում այն, թե ով եմ ես կապված է քեզ հետ, այդ դեպքում ես ոչ միայն սգում եմ կորուստը, այլև դառնում եմ անըմբռնելի ինքս ինձ համար, իսկ կյանքը՝ անտանելի։ Ո՞վ եմ ես առանց քեզ։ Ես պարզապես այստեղ չէի, իսկ դու այնտեղ։ Ես քեզ հետ հատման մեջ էի, բայց նաև այստեղ։ Ըստ էության ես արդեն ապակենտրոնացված էի, և դա թանկագին բան էր։ Չնայած դրան, երբ մենք կորցնում ենք մեր ոտքի տակի հողը, հանկարծակի ինքներս մեր և այլոց կյանքերը խլելու վտանգի առջև ենք։ Երևի այն, ինչ ես կորցրել եմ այս դեպքում, հենց այն զգացողությունն էր, որ ես չեմ կարող ապրել առանց քեզ, նույնիսկ եթե պարզվի, որ ես կարող եմ ապրել առանց այդ կոնկրետ Քեզ-ի , որը դու եղել ես, նույնիսկ եթե ես զարմացած էի, որ ես ողջ եմ մնացել, երբ գոյատևումն անհնար էր թվում։ Եթե պարզվի, որ ես կարող եմ ապրել առանց քեզ, դա տեղի է ունեցել միայն, որովհետև ես ասես թե չեմ կորցրել քո տեղը, այն մեկը, ում ես հասցեավորում եմ ինքս ինձ։ Այն ընդհանրացված հասցեատերը, ում հետ ես արդեն կապված եմ լեզվի մեջ, լեզվի հասցեավորված այն տեսարանում, որը մեր գոյատևման լեզվաբանական նախադրյալն է։ Այս ապաստրոֆիկ Դու-ն կարող ես լինել հենց դու, կամ մեկ այլ մարդ, այլ անունով, բայց միգուցե նաև քեզ-երից մի քանիսը, որոնց ես դեռ ընդհանրապես չեմ ճանաչում, գուցե նույնիսկ դու-երի մի հսկայական խումբ՝ հիմնականում անանուն, որոնք, այնուամենայնիվ, պայմանավորում են և իմ ձգողականությունը, և իմ շարժումը: Եվ առանց քեզ, առանց այդ անվերջ, տարասեռ և ընդարձակ դերանվան, մենք դատապարտված ենք անկման։ Կորուստը կարող է թվալ բոլորովին անձնական, մասնավոր, մեկուսացնող, բայց այն կարող է նաև մատակարարել քաղաքական համայնքի անսպասելի հղացումը, նույնիսկ ոչբռնության աղբյուրի կանխազգացում դառնալ: Եթե այն կյանքը, որը իմն է ըստ էության, ամբողջությամբ չի տարանջատվում քո կյանքից, ապա այն, ինչ մենք մեզանից ներկայացնում ենք, պարզապես իմ, քո ու ուրիշների բաղադրյալը լինելու փոխարեն փոխկախվածության և կրքի հարաբերությունն է։ Եվ սա մենք չենք կարող հերքել, կամ ոչնչացնել առանց մեր կյանքի հասարակական պայմանների մասին որևէ հիմնարար բան հերքելու։ Սրա հետևությունը այդ կապերը պահպանելու բարոյագիտական կարգադրությունն է։ Նույնիսկ թշվառ կապերը, ինչը նշանակում է ճշգրիտ հակադրվել այն ապակառուցողականության ձևերին, որոնք մեր և ուրիշ ապրող էակների կյանքը, կամ մեր ապրելու էկոլոգիական նախադրյալները խլում են։ Այլ կերպ ասած՝ մինչև կորցնելը մենք արդեն կորսված ենք «ուրիշում», առանց ուրիշի, բայց մենք երբեք դա չենք գիտակցում բավարար չափով, քանի դեռ իրոք չենք կորցնում։ Այս ստրկացման մեջ գոյություն ունենալը հասարակական հարաբերությունները, որպես մեր ընտրության արդյունք ներկայացնող պայմանագրերի կնքումից շատ ավելի շուտ մեզ պահպանելու, կամ նույնիսկ կոտրելու ուժ ունեցող հասարակական հարաբերություններին բացատրություն տալու ձև է։ Մենք արդեն ուրիշի ձեռքերում ենք։ Շատ հուզիչ և սարսափելի սկիզբ… Մենք ի սկզբանե և ստեղծված, և տապալված ենք ուրիշով, և եթե հրաժարվում ենք դրանից, մենք հրաժարվում ենք կրքից, կյանքից և կորստից: Դրանից հրաժարման կենդանի ձևը ոչնչացումն է։ Դրա հաստատման կենդանի ձևը ոչբռնությունն է։ Երևի ոչբռնությունը դժվար գործողությունն է, որը թույլ է տալիս կատաղությանը փլուզվել վշտի մեջ։ Այդ բանից ի վեր մենք հնարավորություն ունենք իմանալու, որ կապված ենք ուրիշների հետ, այնպես որ, իմ ով լինելը, կամ քո ով լինելը այս կենդանի հարաբերությունն է, որը մենք երբեմն կորցնում ենք: Երբեմն մենք ահռելի արագությամբ փախչում ենք անտանելիից, կամ գնում ենք դեպի նրա ճիրանները, կամ անում ենք երկուսն էլ միանգամից՝ չիմանալով, թե ինչպես ենք շարժվում ու ինչ հետևանքներով։ Անտանելի է թվում անտանելի կորստի հանդեպ համբերատար լինելը, սակայն այդ դանդաղությունն ու այդ խոչընդոտումն է կարող լինել հանգամանքը, որ մենք կարողանանք ցույց տալ, որ մենք արժևորում ենք, կամ միգուցե քայլեր անենք պահպանելու համար այն, ինչ մնացել է մեր սիրածից։

Թարգմանոիթյունը՝ Միքայել Շվագիրի

0 մեկնաբանություն:

Post a Comment