Ո՞վ է նա
Յայոյ Կուսաման ճապոնացի նկարիչուհի է, որին երբեմն անվանում են «կետերի արքայադուստր»:
Թեև նա ստեղծում է արվեստի շատ տարբեր տեսակներ՝ նկարներ, քանդակներ, ներկայացումներ և ինստալյացիաներ, դրանք ունեն մեկ ընդհանուր բան՝ կետեր:
Ինչո՞ւ կետեր
Յայոյ Կուսաման պատմում է, որ ինքը վաղ մանկությունում տեսիլք է ունեցել, որը սարսափեցրել է իրեն: Նա ծաղիկներով դաշտում է եղել, և բոլոր բույսերը սկսել են խոսել իր հետ:
Ծաղիկների գլուխները նման են եղել պտերի, որոնք տարածվում էին այնքան, ինչքան հնարավոր էր տեսնել, և ինքը զգում էր, թե ինչպես է անհետանում, կամ, ինչպես ինքն է ասում, «ինքնաջնջվում» անվերջ կետերի այս դաշտում: Այս տարօրինակ փորձառությունը ազդեցություն է թողել նրա հետագա աշխատանքների մեծ մասի վրա:
Իր նկարներին, գծագրերին, առարկաներին և հագուստներին կրկնվող նշաններ և կետեր ավելացնելով՝ նա զգում է, որ ինքն ստիպում է այդ առարկաներին (և իրեն) հալվել և դառնալ մեծ տիեզերքի մի մասը։
«Մեր Երկիրը ընդամենը մի պուտ է տիեզերքի միլիոնավոր աստղերի մեջ։ Պտերը ճանապարհ են դեպի անսահմանություն: Երբ մենք պտերով ջնջում ենք բնությունը և մեր մարմինները , դառնում ենք մեր միջավայրի համասեռության մի մասը»,- ասել է նա:
Ինչպե՞ս ամենինչ սկսվեց
Երբ մայրը պատռում էր նրա նկարները, նա ավելի շատ էր նկարում: Երբ նա չէր կարող իրեն թույլ տալ նկարչական նյութեր գնել, օգտագործում էր ցեխ և հին պարկեր՝ արվեստ ստեղծելու համար:
Սա նրա մոր դիմանկարն է, որը Կուսաման նկարել
է 10 տարեկանում։
Ի վերջո Յայոյ Կուսաման համոզեց իր ծնողներին թույլ տալ իրեն գնալ արվեստի դպրոց և սովորել նկարչություն:
1950-ականների վերջին նա տեղափոխվեց Նյու Յորք, քանի որ համարում էր, որ այնտեղ են ստեղծվում իր ժամանակի արվեստի լավագույն գործերը։
Հավանաբար շատ վախեցնող է եղել միայնակ ժամանելը Նյու Յորքի պես մեծ քաղաք, այն էլ երբ դրա մշակույթը այդքան տարբերվում էր իր ունեցածից: Բայց նա վճռել էր նվաճել Նյու Յորքը:
Իր բազմաթիվ ցուցահանդեսներից առաջինը Նյու Յորքում նա ունեցավ 1959 թվականին: Նա հանդիպեց կարևոր արվեստագետների և ոգեշնչվեց նրանցից, այդ թվում՝ Դոնալդ Ջադից, Էնդի Ուորհոլից և Ջոզեֆ Քորնելից։ Նա մեծ ազդեցություն ունեցավ նաև փոփ-արթի և մինիմալիզմի ճյուղերի զարգացման վրա, եղավ առաջիններից, որ փորձարկումներ կատարեց պերֆորմանս և էքշն արվեստի մեջ։
Բացի նկարչության ռահվիրա լինելուց, Յայոյ Կուսաման իր ստեղծագործական գործունեությունը ներդրեց արվեստի այլ ոլորտների մեջ, ներառյալ երաժշտությունը, դիզայնը, գրչությունը և նորաձևությունը:
Թարգմանությունը՝ Էվա Սադոյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment