Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, January 17, 2015

Խորխե Լուիս Բորխես. Մյուսը

Դեպքը 1969-ի փետրվարին պատահեց, Բոստոնի հյուսիսում, Քեմբրիջում: Անմիջապես գրի չառա, որովհետև առաջին մտադրությունս այն մոռանալն էր, որպեսզի խելքս չթռցնեմ: Այժմ՝ 1972-ին, մտածում եմ, որ եթե գրի առնեմ, մյուսներն այն կկարդան որպես պատմվածք, և տարիների հետ գուցե ինձ համար էլ պատմվածք դառնա:

Գիտեմ, որ այդ դեպքն ուղղակի դաժան էր, երբ տեղի էր ունենում և է´լ ավելի դաժան այն անքուն գիշերների ընթացքում, որ հետևեցին: Դա չի նշանակում, որ այն կարող է ցնցել մի երրորդ անձի:
Առավոտյան տասը կլիներ: Թինկն էի տվել մի նստարանի, Չարզ գետի դիմաց: Ինձնից մոտ հինգ հարյուր մետր աջ մի բարձրահարկ շենք կար, որի անունն այդպես էլ չիմացա: Պղտոր ջուրը սառցի երկարուկ բեկորներն էր բերում: Անշուշտ, գետը ստիպեց, որ մտածեմ ժամանակի մասին, Հերակլիտի հազարամյա կերպարի մասին: Ես լավ էի քնել, նախորդ օրվա դասախոսությունս հաջող էր անցել, կարծում եմ, որ հետաքրքրել էր ուսանողներին: Կենդանի շունչ չկար շուրջը:
Հանկարծ այնպիսի տպավորություն ունեցա (որն ըստ հոգեբանների համընկնում է գերհոգնած վիճակների հետ), որ մի անգամ արդեն ապրել եմ այդ պահը: Ինչ-որ մեկը նստել էր նստարանի մյուս ծայրին: Ես կնախընտրեի մենակ լինել, բայց չցանկացա միանգամից վեր կենալ, որպեսզի անկիրթ չթվամ: Մյուսը սկսել էր սուլել: Եվ հենց այդ ժամանակ պատահեց այդ առավոտվա բազմաթիվ խառնաշփոթություններից առաջինը: Այն, ինչ սուլում էր նա, ինչ փորձում էր սուլել (երբեք լավ երաժշտական լսողություն չեմ ունեցել), Էլիաս Ռեգուլեսի «Ավերված տունը» երգի կրեոլական ոճն էր: Այդ ոճն ինձ տեղափոխեց մի բակ, որն անհետացել է, և հիշեցրեց Ալվարո Մելիան Լաֆինուրին, որը վաղուց է մահացել: Այնուհետև բառերն ականջիս հասան: Երգի առաջին տասը բառերն էին: Ձայնն Ալվարոյինը չէր, բայց ուզում էր նմանվել: Սոսկումով ճանաչեցի այդ ձայնը:
Մոտեցա նրան և ասացի.
Պարոն, Դուք ուրուգվայցի՞ եք, թե՞ արգենտինացի:
Արգենտինացի, բայց տասնչորս թվից Ժնևում եմ ապրում, – եղավ պատասխանը:
Երկար լռություն տիրեց: Հետո հարցրի.
Մալանյու տասնյոթո՞ւմ, ռուսական եկեղեցու դիմա՞ց:
Պատասխանեց՝ այո:
Այդ դեպքում, – վճռականորեն ասացի նրան, – Ձեր անունը Խորխե Լուիս Բորխես է: Ես նույնպես Խորխե Լուիս Բորխեսն եմ: Հիմա 1969 թվականն է, մենք Քեմբրիջում ենք:
Ո´չ, – պատասխանեց իմ սեփական, փոքր-ինչ օտարոտի ձայնով: Քիչ անց պնդեց, – Ես այստեղ եմ՝ Ժնևում, նստարանին նստած, Ռոդանոյից մի քանի քայլի վրա: Տարօրինակ է, որ մենք նման ենք իրար, բայց Դուք շատ ավելի մեծ եք, ալեհեր:
Կարող եմ ապացուցել, որ սուտ չեմ ասում: Քեզ բաներ կասեմ, որ անծանոթ մարդը չի կարող իմանալ: Մեր տանը մատեի արծաթյա գավաթ կա՝ ոտքն օձապատկեր զարդանախշով, որ մեր նախապապն է բերել Պերուից: Մի արծաթյա թաս էլ կա, որ կախված է թամբի բռնակից: Քո սենյակի պահարանում երկու շարք գիրք կա՝ «Հազար ու մի գիշեր»-ի երեք հատորները Լեյնի թարգմանությամբ՝ մետաղյա փորագրանկարներով և գլուխների արանքներում փոքր նշումներով, Կիշըրայի [1] լատիներեն բառարանը, Տակիտոսի «Gemiania»-ն լատիներեն և Գորդոնի թարգմանությամբ, «Գարնիե»-ի հրատարակած «Դոն Կիխոտը», Ռիվերա Ինդարտեի[2] «Արյունոտ հուշատախտակներ»-ը հեղինակի ընծայագրով, Քարլեյլի [3] «Sartor Resartus»-ը, Ամյելի [4] կենսագրությունը և մնացած գրքերի ետևում թաքցրած թղթե կազմով մի գիրք բալկանյան ժողովուրդների սեքսուալ սովորույթների մասին: Չեմ մոռացել նաև Դյուբուր հրապարակի առաջին հարկերից մեկում անցկացրած մի երեկոյի մասին:
Դյուֆուր, – ուղղեց նա:
Շատ բարի, Դյուֆուր: Այսքանը բավակա՞ն է:
Ո´չ, – պատասխանեց նա: – Այդ փաստերը ոչինչ չեն ապացուցում: Եթե ես Ձեզ երազում եմ տեսնում, բնական է, որ գիտեք այն, ինչ ես գիտեմ: Միանգամայն զուր է Ձեր ընդարձակ ցանկը: Մինչդեռ մեր ակներև պարտականությունն է ընդունել երազը, ինչպես աշխարհն ենք ընդունում, և երազից ծնված լինելով՝ աչքերով նայենք և շնչենք:
Իսկ եթե երազը շարունակվի՞, – խիստ անհանգստացած հարցրեց նա:
Նրան հանգստացնելու համար, ինքս ի´նձ հանգստացնելու համար ինքնավստահություն ձևացրի, որն իրականում չէի զգում:
Իմ երազը տևել է յոթանասուն տարի: Ի վերջո, չկա մարդ, որ ինքն իրեն հիշելիս չհանդիպի ինքն իրեն: Ահա դա է հիմա մեզ հետ կատարվում, բացի այն, որ մենք երկուսն ենք: Չե՞ս ուզում որևէ բան իմանալ իմ անցյալից, որը քեզ սպասվող ապագան է:
Լուռ համաձայնության նշան արեց: Ես փոքր-ինչ շփոթված շարունակեցի.
Մայրդ ողջ և առողջ է Բուենոս Այրեսի Չարկաս և Մայպուի իր տանը, բայց հայրդ մահացել է երեսուն տարի առաջ: Սրտից է մահացել: Մարմնի կեսը կաթվածահար էր եղել, դա վերջ դրեց նրա կյանքին: Աջ ձեռքի վրա դրված ձախ ձեռքը նման էր երեխայի ձեռքի՝ հսկայի ձեռքի վրա: Մեռավ՝ անհամբեր մահվանը սպասելով, բայց առանց որևէ տրտունջի: Մեր տատիկն էլ էր նույն տանը մահացել: Մահվանից մի քանի օր առաջ բոլորիս կանչեց և ասաց. « Ես շատ ծեր կին եմ, ով շատ դանդաղ է մահանում: Թող ոչ ոք չհուզվի այս պարզ ու հասարակ բանի պատճառով»: Նորան՝ քույրդ, ամուսնացել է, երկու երեխա ունի: Հա, ի միջի այլոց, տնեցիք ինչպե՞ս են:
Լավ են: Հայրիկն, ինչպես միշտ, հավատի թեմայով իր կատակներով: Երեկ երեկոյան ասաց, որ Հիսուսը գաուչոների [5] նման էր, որոնք չեն ուզում վտանգի ենթարկել իրենց, դրա համար էլ առակներով էր քարոզում:
Նա մի պահ երկմտեց և հարցրեց.
Իսկ Դո՞ւք:
Ինձ հայտնի չէ գրքերի թիվը, որ գրելու ես, բայց գիտեմ, որ շատ-շատ են: Բանաստեղծություններ կգրես, որ քեզ անասելի բավականություն կպատճառեն և ֆանտաստիկ բնույթի պատմվածքներ: Դասեր կտաս, ինչպես հայրդ և մեր տոհմից շատ-շատերը:
Ինձ դուր եկավ, որ ոչինչ չհարցրեց գրքերի հաջողության կամ ձախողման մասին: Փոխեցի տոնս և շարունակեցի.
Իսկ ինչ վերաբերում է պատմությանըՄեկ այլ պատերազմ եղավ, համարյա նույն հակամարտ կողմերի միջև: Ֆրանսիան չհապաղեց հանձնվել, Անգլիան և Ամերիկան ազատվեցին գերմանական մի դիկտատորից, որի անունը Հիտլեր էր, նույն Վաթեռլոոյի ցիկլային ճակատամարտը: Բուենոս Այրեսը հազար ինը հարյուր քառասուն թվականին մոտ մեկ այլ Ռոսաս [6] ծնեց՝ բավականին նման մեր ազգականին: Հիսունհինգին Կորդովայի նահանգը մեզ փրկեց, ինչպես նախկինում Էնտրե Ռիոսը: Այժմ գործերը շատ վատ են: Ռուսաստանը տիրանում է մոլորակին, Ամերիկան, ժողովրդավարության սնահավատությանը կառչած, չի համարձակվում կայսրություն դառնալ: Օր-օրի մեր երկիրն ավելի գավառական է դառնում: Ավելի գավառական և ավելի ամբարտավան, կարծես ոչինչ չտեսնի շուրջը: Ես չէի զարմանա, եթե լատիներենի ուսուցումը գուարանիի [7]  ուսուցմամբ փոխարինվեր:
Ես նկատեցի, որ նա գրեթե ուշադրություն չի դարձնում ինձ: Տարրական վախը անհնարին թվացող, բայց այնուամենայնիվ, իրական բաների հանդեպ, ահ ու սարսափի մեջ էր պահում նրան: Ես, որ հայր չեմ եղել, սիրո մի ալիք ու ցավ զգացի այդ խեղճ երիտասարդի նկատմամբ, որ ավելի հարազատ էր ինձ, քան արյունակից որդին: Տեսա, որ մի գիրք է սեղմել ձեռքերի մեջ: Հարցրի, թե ինչ գիրք է:
– «Դիվահարները» կամ ըստ իս՝ Ֆյոդոր Դոստոևսկու «Դևերը», – պատասխանեց ոչ առանց սնապարծության:
Աղոտ եմ հիշում: Լա՞վն է, – ասացի ու անմիջապես էլ զգացի, որ հարցս սրբապղծություն էր:
Ռուս վարպետն ավելի, քան որևէ մեկը թափանցել է սլավոնական հոգու լաբիրիթոսները, – իր կարծիքն արտահայտեց նա:
Այդ հռետորական փորձն ինձ ապացույցը թվաց այն բանի, որ նա հանդարտվել էր:
Հարցրի, թե վարպետի է՞լ ինչ գրքեր է աչքի անցկացրել: Երկու-երեքը թվարկեց, այդ թվում նաև «Նմանակը»:
Հարցրի, թե կարդալիս լա՞վ է զանազանում հերոսներին, ինչպես Ջոզեֆ Կոնրադի դեպքում և արդյոք մտադի՞ր է շարունակել նրա ամբողջ ստեղծագործությունն ուսումնասիրել:
Ճիշտն ասած՝ ոչ, – պատասխանեց որոշ զարմանքով:
Հարցրի, թե ի՞նչ է գրում հիմա, ասաց, որ բանաստեղծությունների գիրք է պատրաստում, որը վերնագրելու է «Կարմիր հիմներ»: Մտածել էր նաև «Կարմիր ռիթմեր»[8] վերանգրի մասին:
Ինչո՞ւ չէ, – ասացի: – Կարող ես շատ լավ նախորդների վկայակոչել: Ռուբեն Դարիոյի լուրթ պոեզիան և Վեռլենի գորշ երգը:
Ասածիս ուշադրություն չդարձնելով՝ պարզաբանեց, որ իր գիրքը երգելու է համայն մարդկության եղբայրությունը: Մեր ժամանակի պոետը չի կարող թիկունք դարձնել իր ժամանակաշրջանին:
Ես մտքերի մեջ ընկա, ապա հարցրի նրան, թե ինքն իսկապե՞ս իրեն բոլորի եղբայրն է զգում: Օրինակ՝ հուղարկավորության շքեղ պարագաներ արտադրող բոլոր ձեռնարկատերերի, բոլոր փոստատարների, բոլոր սուզորդների, դիմացի մայթի զույգ համարի շենքերի բոլոր բնակիչների, բոլոր ձայնազուրկների, և այլն, և այլն: Ասաց, որ իր գիրքը ճնշվածների և ընչազուրկների լայն զանգվածներին է վերաբերում:
-Ճնշվածների և ընչազուրկների քո այդ լայն զանգվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ վերացական մի բան: Միայն անհատներ գոյություն ունեն, եթե առհասարակ ինչ-որ մեկը գոյություն ունի: «Երեկվա մարդն այսօրվա մարդը չէ», – ասել է մի հույն: Մենք երկուսս, Ժնևի կամ Քեմբրիջի այս նստարանին նստած, թերևս դրա վառ ապացույցն ենք:
Բացառությամբ պատմության դաժան էջերի, հիշարժան դեպքերը շրջանցում են հիշարժան խոսքերը: Մահվան շեմին կանգնած մարդն ուզում է մանկության օրերի աղոտ մի պատկեր հիշել, զինվորները, որ ուր որ է մարտի մեջ պիտի մտնեն, խոսում են ցեխի կամ սերժանտի մասին: Մեր իրավիճակը բացառիկ էր, և, անկեղծ ասած, մենք պատրաստ չէինք դրան: Դժբախտաբար, գրականությունից խոսեցինք. Վախենամ, թե այնպիսի բաներ ասած չլինեմ, որ սովորաբար լրագրողներին եմ ասում: Իմ alter ego-ն հավատում էր նոր մետաֆորներ հորինելուն և հայտնաբերելուն, իսկ ես՝ նրանց, որոնք համապատասխանում են համընդհանուր և իրար մոտ ընհանրություններին, որոնք մեր երևակայությունն արդեն ընդունել է. մարդկային ծերությունն ու մայրամուտը, երազն ու կյանքը, ժամանակի ընթացքն ու ջրի հոսքը: Հայտնեցի նրան այս կարծիքս, որ տարիներ անց ինքն էր արտահայտելու որևէ գրքում:
Նա գրեթե չէր լսում ինձ: Եվ հանկարծ ասաց.
Եթե Դուք ես եմ եղել, հապա ինչպե՞ս բացատրել, որ մոռացել եք Ձեր հանդիպումը մի տարիքով պարոնի հետ, որը 1918 թվականին Ձեզ ասաց, որ ինքը նույնպես Բորխեսն է:
Ես չէի մտածել այդ դժվարին հարցի շուրջ: Առանց մեծ համոզվածության պատասխանեցի.
Թերևս այդ դեպքն այնքան տարօրինակ է եղել, որ ես աշխատել եմ մոռանալ այն:
Նա համարձակվեց երկչոտ հարցնել.
Իսկ ինչպե՞ս է Ձեր հիշողությունը:
Հասկացա, որ պատանու համար, որը դեռ չի բոլորել քսան տարին, յոթանասունն անց մարդը դիակ է:
Սովորաբար մոռացկոտ է թվում, բայց դեռևս կարողանում է գտնել այն, ինչ հանձնարարում են իրեն: Ես անգլոսաքսոներեն եմ ուսումնասիրում և դասարանում վերջինը չեմ:
Մեր զրույցն արդեն բավականին երկար էր տևել երազ լինելու համար: Հանկարծ մի կտրուկ միտք անցավ գլխովս, և ես նրան ասացի.
Ես հենց հիմա կարող եմ ապացուցել, որ ինձ երազում չես տեսնում: Լավ լսիր այս բանաստեղծությունը, որը երբեք չես կարդացել, որքան հիշում եմ:
Դանդաղ արտասանեցի հայտնի տողը.
L’hydre – univers tordant son corps écaillé d’astres. [9]
Զգացի նրա վախվորած ապշանքը: Ցածրաձայն կրկնեց տողը՝ վայելելով յուրաքանչյուր պերճաշուք բառը:
Ճիշտ է, – քրթմնջաց նա: – Ես երբեք չեմ կարող դրա նման տող գրել:
Հյուգոն միավորել էր մեզ:
Առաջներում, հիմա եմ հիշում, նա ջերմորեն կրկնել էր այն կարճ հատվածը, որտեղ Ուոլտ Ուիթմենը վերհիշում է ընկերոջ հետ ծովի մոտ անցկացրած մի գիշեր, երբ իսկապես երջանիկ է եղել:
Եթե Ուիթմենը երգել է գիշերը, – նկատեցի ես, – պատճառն այն է, որ նա ցանկացել է, որ այդ գիշերը լինի և չի եղել: Բանաստեղծությունը շահում է, եթե գուշակում ենք, որ այն իղձ է արտահայտում և ոչ դեպքի պատմություն:
Նա երկար նայում էր ինձ:
Դուք նրան չե´ք ճանաչում, – պոռթկաց հանկարծ: – Ուիթմենն ընդունա´կ չէ ստելու:
Կես դարն իզուր չի անցնում: Մեր՝ խառնիխուռն գրականության և տարբեր ճաշակների տեր անձանց զրույցից ես հասկացա, որ մենք չէինք կարող հասկանալ միմյանց: Չափազանց տարբեր էինք և չափազանց նման իրար: Մենք չէինք կարողանում խաբել միմյանց, ինչը որ բարդացնում էր երկխոսությունը: Երկուսիցս յուրաքանչյուրը խղճուկ ծաղրանմանակումն էր մյուսի: Իրավիճակը չափազանց աննորմալ էր շատ ավելի երկար տևելու համար: Խորհուրդ տալը կամ վիճաբանելն անիմաստ էր, քանզի նրա անխուսափելի ճակատագիրը լինելու էր դառնալ այն, ինչ ես եմ:
Հանկարծ Քոլրիջի ֆանտազիաներից մեկը մտաբերեցի. մեկը երազում տեսնում է, որ անցնում է դրախտով, և որպես ապացույց՝ նրան մի ծաղիկ են տալիս: Արթնանում է, և ահա, ծաղիկն իր կողքին է:
Մտքովս մի խորամանկ զուգադրություն անցավ:
Լսիր, մոտդ փող կա՞, – հարցրի նրան:
Այո: Մի քսան ֆրանկ ունեմ: Այս երեկո Սիմոն Ժիշինսկուն էի «Կրոկոդիլ» հրավիրել:
Սիմոնին ասա, որ Կարուժում բժշկությամբ է զբաղվելու և շատ բարի գործեր է անելուիսկ հիմա ինձ տուր մետաղադրամներիցդ մեկը:
Երեք արծաթե էսկուդո հանեց և մի քանի մանր գրոշներ: Առանց հասկանալու՝ առաջիններից մեկն ինձ տվեց:
Ես նրան մեկնեցի ամերիկյան այն անշրջահայաց թղթադրամներից, որոնք շատ տարբեր արժեքներ ունեն, բայց միևնույն չափերը: Նա ագահաբար ուսումնասիրեց թղթադրամը:
Չի´ կարող պատահել, – բացականչեց, – այստեղ 1974 տարեթիվն է նշված:
(Ամիսներ անց ինչ-որ մեկն ինձ ասաց, որ բանկային թղթադրամների վրա տարեթիվ չի լինում նշված:)
Այս ամենը հրաշք է, – հասցրեց ասել, – իսկ հրաշքը վախ է ներշնչում: Ովքեր վկա են եղել Ղազարոսի հարությանը, ահ ու սարսափի մեջ են եղել հավանաբար:
«Մենք ոչինչ չփոխանակեցինք, – մտածեցի ես: Շարունակ գրքային հղումներ: »
Նա պատառոտեց թղթադրամը, իսկ մետաղադրամը թողեց:
Ես որոշեցի գետը նետել այն: Արծաթե գետում անհետացող արծաթե էսկուդոյի աղեղը կենդանի պատկեր կհաղորդեր իմ պատմությանը, սակայն բախտն այդ չկամեցավ:
Ես պատասխանեցի, որ գերբնականը, եթե երկու անգամ է տեղի ունենում, դադարում է սարսափազդու լինել: Առաջարկեցի հանդիպել հաջորդ օրը, այս նույն նստարանի մոտ, որը երկու տարբեր ժամանակներում և երկու տարբեր վայրերում է գտնվում:
Նա հավանություն տվեց և առանց ժամացույցին նայելու ասաց, որ արդեն իր գնալու ժամանակն է: Երկուսս էլ ստում էինք, և ամեն մեկս էլ գիտեր, որ զրուցակիցը ստում է: Ես ասացի, որ ուր որ է կգան իմ ետևից:
Ձեր ետևի՞ց, – հետաքրքրվեց:
Այո, իմ ետևից: Երբ իմ տարիքին հասնես, գրեթե լիովին կորցրած կլինես տեսողությունդ: Կտեսնես դեղին գույնը և լույսն ու ստվերը: Չմտահոգվես: Աստիճանական կուրացումը ողբերգական բան չէ: Ամառային դանդաղ մայրամուտի է նման:
Հրաժեշտ տվեցինք՝ առանց միմյանց ձեռք սեղմելու: Հաջորդ օրը ես չգնացի: Մյուսը նույնպես գնացած չի լինի:
Ես շատ երկար եմ մտորել այդ հանդիպման մասին, որի մասին ոչ ոքի չեմ պատմել: Կարծում եմ, որ գտել եմ բանալին: Հանդիպումն իրական էր, սակայն մյուսն ինձ հետ երազում էր զրուցում և այդ կերպ կարողացավ մոռանալ ինձ: Ես նրա հետ զրուցում էի արթմնի, և հուշը տակավին հալածում է ինձ:
Մյուսն ինձ երազում է տեսել, սակայն չի տեսել ամենայն ճշգրտությամբ: Երազում է տեսել, հիմա եմ հասկանում, անհավանական տարեթիվը դոլարի վրա:

Իսպաներենից թարգմանեց Կառա Չոբանյանը
Աղբյուրը՝ www.granish.org

[1] Լյուի Մարի Կիշըրա – 1799-1884, ֆրանսիացի լեզվաբան, ֆրանսերեն-լատիներեն և լատիներեն-ֆրանսերեն բառարանի հեղինակ
[2] Խոսե Ռիվերա Ինդարտե – 1814-1845, արգենտինացի բանաստեղծ և ակնառու ընդդիմադիր լրագրող
[3] Թոմաս Քարլեյլ – 1795-1881, բրիտանացի պատմաբան, քննադատ, էսսեագիր
[4] Անրի Ֆրեդերիկ Ամյել – 1821-1881, շվեյցարացի գրող, բանաստեղծ, փիլիսոփա
[5] գաուչոհարավամերիկյան պամպաների հմուտ հեծյալ
[6] Խուան Մանուել դե Ռոսաս – 1793-1877, արգենտինացի ռազմական և քաղաքական գործիչ, դիկտատոր 1835-1852թ.թ., մինչև պաշտոնանկ արվելը և փախուստը Մեծ Բրիտանիա
[7] գուարանիհնդկացիական լեզու
[8] «Կարմիր ռիթմեր» – Բորխեսի կազմած առաջին գրքերից մեկը, որը երբեք չի հրատարակվել: Բոլշևիկյան հեղափոխությունը գովերգող պոեմներ էին, որոնցից միայն առանձին պոեմներ են պահպանվել:
[9] L’hydre – univers tordant son corps écaillé d’astres – ֆր., տողը Հյուգոյի բանաստեղծություններից մեկից է. Հիդրա-տիեզերքը, մարմինն իր գալարելով, կեղևահան է անում լուսատուներ


0 մեկնաբանություն:

Post a Comment