Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, January 5, 2018

Մի բաժակ թեյ. Քեթրին Մենսֆիլդ


Ռոզմերի Ֆելլը չափած-ձևած գեղեցկուհի չէր։ Նա երիտասարդ էր, շենշող, չափազանց ժամանակակից, լավ էր հագնվում և զարմանալիորեն լավ տեղեկացված էր նոր գրքերից։ Ռոզմերին արդեն երկու տարի է, ինչ ամուսնացած էր, և ամուսինը պաշտում էր նրան։ Նրանք հարուստ էին, իսկապես հարուստ, ոչ թե հարմար՝ լավ ապրող, ուստի՝ եթե Ռոզմերին ցանկանում էր խանութ գնալ, նա գնում էր Փարիզ, ինչպես մենք կգնայինք Բոնդ փողոց։

Մի ձմեռային կեսօր Ռոզմերին գնաց մի փոքրիկ խանութ՝ մի փոքրիկ տուփ նայելու համար, որը խանութի վաճառողը պահել էր նրա համար։ Վաճառողը դեռ ոչ ոքի ցույց չէր տվել տուփը, այնպես, որ նա առաջինն էր, ով տեսնելու էր դա։
-Հիասքանչ է,- հիացավ Ռոզմերին տուփով։ Բայց որքա՞ն իրենից կվերցնի դրա համար։ Մի պահ վաճառողը ցույց տվեց, իբրև չլսեց կնոջ հարցը։ Տիկինն անշուշտ կարող էր իրեն բարձր գին թույլ տալ։
Հետո վաճառողի խոսքերը հասան նրան.
-Քսանութ գինեա[1], տիկի՛ն։
«Քսանութ գինեա»։ Ռոզմերին ծպտուն չհանեց։ Նույնիսկ եթե դու հարուստ ես... Ռոզմերիի ձայնը երազկոտ էր, երբ նա պատասխանեց.
-Լավ, կպահե՞ս դա ինձ համար։ Ես կը
Վաճառողը խոնարհվեց։ Նա իհարկե պատրաստակամորեն հավերժ դա կպահի տիկնոջ համար։
Դրսում անձրևում էր, սառը, դառը համ կար օդում և նոր վառված լույսերը հիվանդ տեսք ունեին։ Այդ պահին մի երիտասարդ, նիհար և թուխ աղջիկ հայտնվեց Ռոզմերիի կողքին և շշնջաց.
-Տիկի՛ն, կարո՞ղ եմ Ձեզ հետ մեկ րոպե խոսել։
-Ինձ հետ խոսե՞լ,-Ռոզմերին շրջվեց։ Նա տեսավ մի փոքրիկ արարածի՝ իրենից ոչ մեծ, ով դողում էր այնպես, կարծես հենց նոր էր ջրից դուրս եկել։
-Տիկի՛ն,-ասաց նա,- կարո՞ղ եմ ձեզնից մեկ բաժակ թեյի գումար խնդրել։
-Մեկ բաժակ թեյի՞,-ինչ-որ սովորական, անկեղծ բան կար այդ ձայնի մեջ. դա չէր կարող մուրացկանի ձայն լինել։
-Ուրեմն՝ ընդհանրապես գումար չունե՞ք,-հարցրեց Ռոզմերին։
-Ոչ, տիկի՛ն,-հնչեց պատասխանը։
-Ի՜նչ տարօրինակ է,-Ռոզմերին ավելի մոտիկից նայեց աղջկան։
Եվ հանկարած դա նրան ինչ-որ արկած թվաց։ Ենթադրենք, որ նա աղջկան տուն կտանի։ Ենթադրենք, որ նա կանի այնպիսի մի բան, որ տեսել է բեմում կամ կարդացել է գրքերում։ Ի՞նչ կլինի։ Ցնցող կլնի։ Եվ նա լսեց, թե ինչպես է հետո ինքն իր զարմացած ընկերներին ասում. «Ես ուղղակի նրան ինձ հետ տուն տարա»։
Նա մի քայլ արեց առաջ ու ասաց իր կողքի աղջկան.
-Արի գնանք իմ տուն՝ միասին թեյելու։
Աղջիկը հանկարծակիի եկավ.
-Դուք...դուք ինձ չեք տանի ոստիկանության բաժանմունք, չէ՞-նրա ձայնում ցավ կար։
-Ոստիկանության բաժանմո՜ւնք,-Ռոզմերին ծիծաղեց։ -Ինչո՞ւ ես պիտի այդքան դաժան լինեմ։ Ոչ, ես ընդամենը ուզում եմ, որ դու տաքանաս, և ուզում եմ լսել այն ամենը, ինչ կուզես ինձ պատմել։ Արի՝ գնանք։
Սոված մարդիկ հեշտ են ղեկավարվում։ Վարորդը մեքենայի դուռը բացեց, և մի րոպե անց նրանք սլանում էին մթնշաղի միջով։  
-Այնտեղ,-բղավեց Ռոզմերին, երբ նրանք հասան իր մեծ և գեղեցիկ ննջարան։ Ե՛կ, նստի՛ր,-ասաց նա՝ քաշելով իր մեծ աթոռը կրակի մոտ։ -Ե՛կ, տաքացի՛ր, դու սարսափելի սառած ես երևում։
-Ես չեմ հանդգնի, տիկի՛ն,-երկմտեց աղջիկը։
-Օհ, խնդրում եմ,-Ռոզմերին առաջ վազեց։ - Հարկ չկա վախենալու, հարկ չկա։ -Եվ նա նրբորեն հրեց այդ նիհար մարմինը աթոռին։
-Շատ լավ տիկին,-հնչեց մի շշուկ, և մաշված գխակը վերցվեց գլխից։
-Եվ թույլ տուր օգնել քեզ՝ հանելու քո վերարկուն,-ասաց Ռոզմերին:
Աղջիկը կանգնեց, բայց մի ձեռքով հենվեց աթոռին և թույլ տվեց Ռոզմերիին քաշել: Հետո նա արագ, բայց ուրախ ու տարօրինակ ձևով ասաց.
-Ես ցավում եմ, տիկ՛ն, բայց հիմա կուշաթափվեմ։ Ես կընկնեմ, եթե հենց հիմա ոչինչ չուտեմ։
-Աստված իմ, ինչ հիմարն եմ ես,-Ռոզմերին շտապեց զանգի մոտ.
-Թեյ, թեյ բերեք, շուտ, և կոնյակ,-ասաց նա։
Սպասուհին գնաց, իսկ աղջիկը փղձկաց։
Նա մոռացավ ամաչելը, մոռացավ ամեն ինչ, բացի նրանից, որ իրենք երկուսը կանայք են, և բղավեց.
-Ես չեմ կարող այլևս այսպես շարունակել։ Չեմ կարող դիմանալ։ Ես ուզում եմ մեռնել։ Իսկապես, այլևս չեմ կարող։
-Դու դրա կարիքը չես ունենա։ Ես քո մասին հոգ կտանեմ։ Ես մի բան կմտածեմ։ Մի արտասվիր, խնդրում եմ։
Աղջիկը դադարեց լաց լինելուց հենց այն պահին, երբ Ռոզմերին վեր կացավ, մինչ թեյը կբերեին: Եվ իրոք, այդ թեթև ընթրիքի ազդեցությունը հրաշալի էր։ Երբ թեյի սեղանը հավաքված էր, նոր աղջիկը՝ պայծառ արարածը՝ մուգ շուրթերով ու խորը աչքերով,
հետ ընկավ մեծ աթոռին։
Այդ պահին դռան բռնակը պտտվեց։
-Ռոզմերի, կարո՞ղ եմ ներս մտնել,-ասաց նրա ամուսինը` Ֆիլիպը։
-Իհարկե։
Տղամարդը ներս մտավ։
-Օհ, կներեք,-ասաց նա այնպես, կարծես պիտի արդարանար, հետո կանգնեց ու ապշած հայացքը հառեց աղջկան։
-Ամեն ինչ լավ է,-ասաց Ռոզմերին ժպիտով։ -Սա իմ ընկերն է՝ օրիորդ...։
-Սմիթ, տիկ՛ին,-ասաց աթոռի մարմինը։
-Սմիթը,-ասաց Ռոզմերին,-ուզում ենք մի քիչ զրուցել։
Փիլիպը հմայիչ ժպտաց։
-Իրերի բերումով,-ասաց նա,- կցանկանայի՝ մեկ րոպեով գրադարան գայիր։ Մեզ կների՞ օրիորդ Սմիթը:
Մեծ աչքերը բարձրացան տղամարդու վրա, բայց Ռոզմերին պատասխանեց նրա փոխարեն.
-Իհարկե կների:
Եվ նրանք միասին դուրս եկան սենյակից:
Ասում եմ,-ասաց Ֆիլիպը, երբ նրանք մենակ էին,-բացատրիր՝ ո՞վ է նա: Ի՞նչ է այս ամենը նշանակում:
Ռոզմերին ծիծաղեց, հենվեց դռանը և ասաց.
-Ես նրան փողոցից եմ վերցրել: Ճիշտ եմ ասում, նա ինձանից մի բաժակ թեյի փող խնդրեց, ես էլ նրան ինձ հետ տուն բերեցի:
-Շնորհավորանքներս,-Ֆիլիպն այնպես ասաց, կարծես կատակում էր: Բայց ի՞նչ ես մտադիր անեու նրան:
-Լավ եմ վերաբերվելու,-արագ ասաց Ռոզմերին,-խնամելու եմ։ Չգիտեմ՝ ինչպես: Մենք դեռ չենք խոսել: Ուղղակի ցույց եմ տալու նրան, ստիպելու եմ, որ զգա……
-Բայց,-դանդաղ ասաց Ֆիլիպը՝ կտրելով սիգարի ծայրը,- նա արտակարգ գեղեցիկ է: Հաստատ քսան տարեկանից մեծ չի լինի:
-Գեղեցի՞կ է,-Ռոզմերին այնքան զարմացած էր, որ կարմրեց: -Կարծո՞ւմ ես: Ես այդ մասին չէի մտածել:
-Աստված իմ,-Ֆիլիպը լուցկի վերցրեց: -Նա իրոք շատ գեղեցիկ է: Նորից նայիր, անուշի՛կս: Բայց ինձ անպայման կզգուշացնես, եթե մտքում կա մեզ հետ ճաշելը:
-Դու անհեթեթ արարած ես,-ասաց Ռոզմերին, և դուրս եկավ գրադարանից, բայց չգնաց հետ՝ ննջարան: Նա գնաց իր աշխատասենյակը և նստեց գրասեղանի մոտ: «Գեղեցիկ է, միանգամայն լավիկն է»: Ռոզմերիի սիրտը բաբախում էր ծանր զանգի պես:
 Նա բացեց դարակը, հանեց  հինգֆունտանոց թղթադրամներ, նայեց դրանց, դրանցից երկուսը հետ դրեց՝  երեքն իր ձեռում պահելով, և հետ գնաց ննջասենյակ:
Կես ժամ անց Ֆիլիպը դեռ գրադարանում էր, երբ Ռոզմերին ներս մտավ:
-Ես միայն ուզում էի քեզ ասել,-ասաց Ռոզմերին՝ նորից հենվելով դռանը,- օրիորդ Սմիթը այսօր մեզ հետ չի ընթրելու:
Ֆիլիպը թերթը մի կողմ տարավ:
-Օհ, ի՞նչ է պատահել։ Նախօրոք կազմած ծրագրե՞ր ուներ:
Ռոզմերին մոտ եկավ և նստեց ամուսնու ծնկներին:
-Նա պնդեց, որ ուզում է գնալ,- ասաց,-դրա համար էլ ես այդ խեղճ փոքրիկին մի քիչ փող տվեցի: Ես հո չէ՞ի կարող նրան իր կամքին հակառակ պահել,- ավելացրեց նա քնքշորեն։
Լռություն տիրեց։
Հետո Ռոզմերին երազկոտ ձայնով ասաց.
-Ես այսօր մի հիանալի փոքրիկ տուփիկ եմ տեսել: Քսանութ գինեա արժեր: Կարո՞ղ եմ գնել:
-Կարող ես, փոքրիկ շռայլող,-ասաց տղամարդը: -Ինքդ էլ գիտես՝ քեզ ոչինչ մերժել չեմ կարող:
Բայց դա այն չէր, ինչ իսկապես ցանկանում էր լսել Ռոզմերին:
-Ֆիլիպ,-շշնջաց նա,-ես գեղեցի՞կ եմ:




[1] 21 շիլլինգ արժեքով անգլիական հին ոսկեդրամ։



Թարգմանությունը՝ Անի Ջանոյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment