Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, January 22, 2015

Վլադիմիր Պոզները՝ հայերի մասին

Վերջերս խանութներում և համացանցում հայտնվել է հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» ինքնակենսագրական գիրքը: Այնտեղ հեղինակը պատմում է իր կյանքի, ստեղծագործական ճանապարհի մասին, վերլուծում է ներկայի և անցյալի դասերը, մտորում է ապագայի մասին: Գրքի գլուխներից մեկը նվիրված է հայաստանյան հիշողություններին:
Հեղինակ՝ Վլադիմեր Պոզներ
 «Մի անգամ մութ գիշերով ես հայտնվեցի Հայաստանի սարերում՝ ոչ հեռու Սևանից, որի գոյությանը սպառնում էր թունելի շինարարության ծրագիրը: Ես հենց այդ առիթով Երևանում նյութեր էի հավաքում: Օրը երկար ու շոգ էր, ոչ մի օդորակիչի մասին ոչ ոք ականջի պոչով էլ չէր լսել: Օրվա վերջում ինձ՝ տանջվածիս, նստացրին «Վոլգա» և ինչ-որ տեղ տարան: Ես մեռածի պես քնեցի։ Աչքերս բացելուն պես մեքենայի պատուհանից տեսա սև թավշյա երկինքը՝վրան անհավանական չափերի աստղերով: Նրանք այնքան ցածր էին, որ թվում էր՝ կարող ես ձեռք տալ: Եվ հանկարծ ես նկատեցի լուսինը, ավելի շուտ, նրա կեսը՝ նա, որպես հեքիաթային նավակ, ընկած էր կողքի վրա և լողում էր երկնքով: Մանկությանս տարիներին, կարդալով «Հազար ու մի գիշեր» հեքիաթները, ես սիրում էի դիտել ձևավորումները, որտեղ բարձր աշտարակների գմբեթների վրա լողում էր կողքի թեքված կիսալուսինը: Այն ժամանակ ինձ թվում էր, որ դա երևակայության հեքիաթային թռիչք է՝ միանգամայն համապատասխանսյուժեի անիրականությանը։ Ես հասկանում էի, որ կիսալուսինը չի կարող կողքի թեքվել: Եվ ահա՝ այստեղ՝ Սևանի ափին, հայտնաբերեցի ինձ համար, որ նկարազարդումները, ախր, միանգամայն իրական էին, որ ահա «Հազար ու մի գիշեր» հեքիաթները  գլխիդ վերևում են, հերիք է՝ ձեռքդ մեկնես: Բայց այդ հայկական գիշերին, ինձ ուրիշ հայտնագործություններ էլ էին սպասում։
Գնացինք, գնացինք և վերջապես հայտնվեցինք ինչ-որ լեռնային գյուղակում: Վարորդը արգելակեց տնակներից մեկի մոտ: Ես հետաքրքրվեցի, թե ինչու մենք կանգնեցինք, և նա պատասխանեց, որ այստեղ ապրում են նրա ընկերները, որ նա սովածացել է, և այստեղ սիրով մեզ կկերակրեն: Շուրջբոլորը անթափանց մութ էր, ոչ մի լույս չկար, ժամը գիշերվա մեկն էր թե երկուսը, և պարզ էր, որ բոլորը քնած են անմեղ քնով: Ես պատկերացրի մարդկանց արձագանքը, ում արթնացնում են աստված գիտի երբ, հանուն Մոսկվայից եկած էս կողմերով անցնող հյուրի հետ ընթրիքի: Բայց ես հասկանում էի, որ վիճելն անիմաստ է: Վարորդը դուրս եկավ մեքենայից, նեղ արահետով բարձրացավ դեպի տնակը և թակեց դուռը: Վառվեց լույսը, դուռը կիսաբացվեց, և լսվեց ինձ անհասկանալի լեզվով ոչ բարձր զրույցը: Հետո վարորդը վերադարձավ, ծխեց և պարզաբանեց.
- Նրանք մեզ մի քիչ շուտ էին սպասում:
«Հա, էլի,- մտածեցի, - ես էլ քեզ հավատացի»: Այնքան լուռ էր, որ մեր շունչը բարձր էր թվում: Հանկարծ տան լույսը վառվեց, բացվեց դուռը, և ինչ-որ տղամարդ ռուսերենով բարձր ասաց.
- Համեցեք:

Տնակը փոքր էր, փայտե պատերով և հատակով, համարյա առանց կահույքի, ամեն ինչ խոսում էր դժվար և ոչ հարուստ կյանքի մասին: Չգիտեմ ինչու, մտքիս եկավ Օկլահոմայի գյուղացիների՝ Մեծ դեպրեսիայի տարիների տնակների նկարները: Բայց սա ոչ Օկլահոման էր և ոչ էլ երեսունականների ճկնաժամային Ամերիկան: Աչքի էր զարնում տարբեր ճաշատեսակներով լի սեղանը. ուտելիքը մի տասը հոգու կհերիքեր: Տանտերը ձեռքս պինդ սեղմեց և խնդրեց ներել իրեն, իբր ինքը շտապ գործեր ունի և պետք է դուրս գա տնից: Հետո պարզ դարձավ, որ նա դուրս էր եկել, որպեսզի խորովածի համար գառ մորթի «սպասված» հյուրի համար: Մինչ սպասում էինք, ես ուսումնասիրում էի սենյակը: Անկյուններից մեկում դրված էր մի մահճակալ, որին պառկած էր մի ծեր կին: Չէ, ծեր չէ, հինավուրց: Նա ինձ նայում էր անթարթ խոշոր աչքերով, որոնցում անասելի թախիծ կար: Թվում էր, որ այդ աչքերը տեսել են ամեն ինչ՝ և՛ Հայաստանի ծաղկունքի ու փառքի ժամանակները, և՛ նրա տառապանքների դարերը, և՛ նրա հերոսական պայքարը ընդդեմ նվաճողների հեղեղի՝ Հռոմի անհաղթելի լեգիոնների, պարթևական նետաձիգների և ձիավորների, Բյուզանդիայի բռնակալների, թաթարների անողոք ջոկատների, Լենկ-Թեմուրի պողպատե բռունցքը, յաթաղանով Օսմանյան կայսրության կեռ յաթաղանի... Այս ամենը անցել է նրա աչքերի առաջով, նա բոբիկ ոտքերով անցել է պատմության անտապաստան ավազով, նրա աչքերում անցել է դարերի իմաստությունը, և, նայելով դրանց, ես ինձ զգում էի չափազանց փոքրիկ և մերկ: Ես թեքվեցի և նկատեցի իմ ետևում կանգնած յոթը տղաների: Ուս ուսի, լրիվ նույն ակնհայտորեն տոնական հագուստով նրանք կանգնած էին ըստ հասակի՝ ամենաբարձրահասակը աջից, ամենափոքրիկը ձախ անկյունում, ճիշտ է, ամենաբարձրահասակը այնքան էլ հսկա չէր: Ես նրան ամենաշատը տասնմեկ տարեկան կտայի, բայց նրա դեմքը շատ հասուն էր և դրա պատճառով նա իր տասնվեց տարիներից միաժամանակ և՛ մեծ էր երևում, և՛ երիտասարդ: Բայց այս ամենը ես հետո էի հիշում... 
Իսկ այդ պահին ես ցնցվեցի նրանից, որ մանկական աչքերը ֆիշտ այնպիսին էին, ինչպիսին պառավինը: Եվ ես արտասովոր և անհարմար զգացողություն ունեի նրանից, որ ինձ ուսումնասիրում էին երեխաներ, որոնք իրենց ծնված օրվանից ավելի մեծ են, քան ես կլինեմ իմ մահանալու ժամանակ: Այդ պահին ես հասկացա, որ իմ մշակույթը, իմ քաղաքակրթությունը ոչինչ է  նրա հետ համեմատած, ինչ նրանք փրկում էին: Այս մարդիկ կարողացան վերապրել որպես ազգ՝ պահպանելով իրենց լեզուն, իրենց մշակույթը, իրենց հողը (չնայած ոչ ամբողջությամբ): Նրանք ուղիղ հետնորդներն են նրանց, ովքեր ապրել էն Հռոմի ծնունդից առաջ և նախքան Հին Հունաստանը կարարեր իր հրաշքը, ովքեր եղել են խորհրդավոր եգիպտացիների առաջին փարավոնների ժամանակակիցները:
Երբ մենք նստեցինք սեղանի շուրջ, տանտիրոջ կինը չմիացավ մեզ: Պառավը շարունակեց մնալ անկողնու վրա՝ անթարթ մեզ նայելով, իսկ ընտանիքի մայրը նստել էր նրա կողքին և հետևում էր, թե ինչպես ենք մենք ուտում: Դա ինձ հուսահատեց, և նյարդայնացրեց, ինչը ես ասացի վարորդին մեկ ժամ հետո, երբ մենք հրաժեշտ տվեցինք ամբողջ ընտանիքին (ի պատասխան պառավը գլխով արեց, ընտանիքի մայրը ժպտաց, բայց տեղից չշարժվեց, ընկերական յոթնյակը մոտեցավ և հերթով սեղմեց ձեռքս, իսկ հայրը գրկեց՝ պինդ, արջավարի):  
- Գրո՛ղը տանիբորբոքվեցի ես: - Ինչո՞ւ այդ դժբախտ կնոջը թույլ չի տրվում նստել մեզ հետ սեղանի շուրջ: Ոնց էլ չլինի մենք ապրում ենք քսաներորդ դարի վերջին քարորդում իբրև թե զարգացած երկրում:
Վարորդը ճոճեց գլուխը և ասաց.
- Դու չես հասկանում, դու ոչինչ չես տեսնում: Դու չնկատեցի՞ր: Ամեն անգամ, երբ տանտերը կանգնում էր կենաց ասելու, նա նայում էր կանանց, որպեսզի ստանա թույլատվություն: Դու չե՞ս հասկանում, որ կինը թույլ տվեց նրան գառ մորթելու խորովածի համար: Եթե երկու կանայք թույլ չտային, մեզ ներս չէին թողնի: Ձեզ մոտ են կանայք նստում ձեր կողքին, բայց ոչինչ չեն որոշում, իսկ մեզ մոտ այդպես չէ: Մենք լսում ենք կանանց, որովհետև կինն է կյաքը, նրանից է գալիս ամեն ինչ: Իսկ դու սեղան, հա սեղան

Եվս մեկ անգամ, կուրացած սեփական մշակույթով, սեփական ավանդույթներով, ես մեծամտորեն վերաբերերվեցի ուրիշ մշակույթին և եկա եզրահանգման, որ այդ ժողովուրդը կանանց համարում է երկրորդ տեսակի: Մասամբ, որքան հասկանում եմ, ես իրավացի էի, բայց իրավացի էր նաև վարորդը՝ ծաղրելով զուտ արտաքին «հավասարությունը», որին ձգտում ենք մենք՝ արևումտքի քաղաքակրթության ներկայացուցիչներս: Մի խոսքով, ես ևս մեկ դաս քաղեցի՝ մի դատիր, եթե չես գործից տեղյակ չես... »։

Թարգմանությունը՝ Ֆրեդ Սահակյանի
Աղբյուրը՝ www.monolitik.wordpress.com

0 մեկնաբանություն:

Post a Comment