Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, January 23, 2015

Ալեխանդրա Պիսարնիկ. Դիաննայի ծառը

1
Թռիչք եմ կատարել  ինձնից դեպի լուսաբաց:
Թողել եմ մարմինս լույսի կողքին
և ամեն ծնվածի տխրությունն եմ երգել:
2
Սրանք են մեզ առաջադրվող տարբերակները.
մի անցք և մի պատ, որ դողում է:


3
միայն ծարավը
լռությունը
ոչ մի հանդիպում:

պաշտպանիր քեզ ինձնից, սեր իմ
պաշտպանիր քեզ անապատի չխոսկանից
դատարկ բաժակով  ճանապարհորդից
և քո ստվերի ստվերից

4
ԱՅՍՊԻՍՈՎ
Ով կդադարի սուզել իր ձեռքը  փնտրելու տուրքը մոռացված փոքրիկի: Ցուրտը կվճարի:Կվճարի քամին: Անձրևը կվճարի: Կվճարի ամպրոպը:
 Նվիրվում է Ավրորային և Խուլիո Կորտասարին
 5
 կարճ կյանքի մի րոպեի համար
բաց աչքերով ապրած  միակի համար
պահի համար, երբ տեսնում ես
փոքր ծաղիկներ ուղեղումդ,
որոնք պարում են ինչպես  բառերը համրի շուրթերին

6
«նե»  մերկանում է  իր
 հիշողության դրախտում
«նե» չի ճանաչում իր պատրանքների
 դառը ճակատագիրը
«նե»  վախենում է չկարողանալ անվանել
այն, ինչ գոյություն չունի

7
Ցատկում է բոցավառվող վերնաշապիկով
մի աստղից մյուս աստղը:
Մի ստվերից  մյուս ստվերը:
Մեռնում է հեռավոր մահով
«նե» -ն, ով քամուն է սիրում:

8
Լուսավորված հիշողություն. պատկերասրահ, ուր թափառում է սպասածիս ստվերը:
Ճիշտ չէ, որ կգա: Ճիշտ չէ, որ չի գա:
9
Այս ոսկորները, որ փայլում են գիշերը,
այս թանկարժեք քարերի պես բառերը
քարացած թռչունի կենդանի կոկորդում,
այս կանաչը՝ այդքան սիրված,
այս տաք յասամանը,
այս առեղծվածային սիրտը:

10
մի թույլ քամի՝
լի ծալծլված դեմքերով,
որ կտրտում եմ տարբեր ձևերով որպեսզի սիրեմ

11 
հիմա
այս անմեղ ժամին
ես և նա, ով առաջ էի,
նստած ենք հայացքիս շեմին

12
 էլ ոչ մի մետաքսե գործվածքով երեխայի
քաղցր կերպարանափոխություն
էլ ոչ մի լուսնոտություն մշուշոտ  քիվերին

նրա ձեռքի արթնացումը, որ շնչում էր
ծաղկից և բացվում  քամու հետ
13
բառերով բացատրել այս աշխարհը,
որ պոկեց ինձնից մի նավ՝ տանելով ինձ
14
Բանաստեղծությունը, որ չեմ ասում:
Բանաստեղծությունը, որին արժանի չեմ:
Երկուսը լինելու վախ
ճանապարհի հայելի.

իմ մեջ քնած ինչ-որ մեկը
ինձ ուտում է և խմում:

15
Կարոտում եմ ինձ հետ վարժեցնելը
այն ժամից, երբ ծնվեցի:
Կարոտում եմ հենց նոր եկած
գործերը անմիջապես չկատարելը:

16
 կառուցել ես  տունդ
փետրավորել ես թռչուններիդ
հարվածել ես քամուն
սեփական ոսկորներովդ

մեն-մենակ վերջացրել ես
այն, ինչ ոչ մեկ չսկսեց

 17
Օրեր, երբ մի հեռավոր բառն ինձ պաշարում է: Քայլում եմ այդ օրերի միջով՝  լուսնոտ և թափանցիկ: Հիասքանչ  ավտոմատը  երգում էգերվում է, հաշվում է դեպքեր, դեմքեր. կոշտ թելերի մի բույն, որտեղ պարում եմ և լացում  իմ բազմաթիվ թաղումներին:(«նե»-ն  իր վառված հայելին է, իր սպասումը սառը օջախներում, իր առեղծվածային տարերքը, իր անառակությունը անունների, որ ինքնուրույն ավելանում են գունատ գիշերին):

18
որպես մի բանաստեղծություն,
որ հասկանում է իրերի լռությունից
խոսում ես, որ ինձ չտեսնես

19
երբ կտեսնեմ այն աչքերը, որ
ունեմ «իմոնց» մեջ դրոշմված
20
 ասում է, որ գաղափար չունի  սիրո մահից
ասում է, որ չի վախենում սիրո մահից
ասում է, որ սերը մահ է, վախ է
ասում է, որ մահը վախ է, սեր է,
ասում է, որ չգիտի

Նվիրվում է Լաուրե Բատայլոնին

21
այնքան անգամ եմ ծնվել
 և կրկնակի տառապել
այստեղն այնտեղն հիշելով
22
 գիշերում

մի հայելի փոքրիկ մեռյալի համար

մոխրե  մի հայելի

23
կոյուղու խողովակից մի հայացքը
կարող է լինել աշխարհի մի ընկալում

ապստամբությունը  նրա մեջ է,
որ նայես մի վարդի մինչև փոշիացնես աչքերդ

24
(Վոլսի մի նկար)
այս կապերը  բանտարկում են ստվերներին
և նրանց ստիպում են հանձնել լռության պատմությունները
այս թելերը կապում են հայացքը հեծկլտոցի հետ
 25
(Գոյայի ցուցահանդես)

գիշերվա մեջ մի անցք
hանկարծակի  պաշարված մի հրեշտակի կողմից
 26
 (Կլեեի մի նկար)
երբ գիշերվա դղյակը
վառում է իր  հմայքը
եկեք նվագենք հայելիները
մինչ մեր դեմքերը  երգեն կուռքերի պես

27
արշալույսի մի հարված ծաղիկների մեջ
ինձ թողնում է արբած ոչնչով և յասամանի լույսով
արբած անշարժությաբ և որոշակիությամբ

28
հեռանում ես անուններից,
որ հյուսոմ են են իրերի լռությունը

29
Այստեղ ապրում ենք կոկորդի մեջ խրած ձեռքով: Այն, որ ոչինչ հնարավոր չէ, գիտեին արդեն նրանք, ովքեր անձրևներ էին  հորինում և գործում էին բառեր բացակայության փոթորիկով: Այդ պատճառով նրանց աղերսների  մեջ կար մի շշուկ ձեռքերի՝ սիրահարված մշուշին:
Նվիրվում է Անդրե Պիեռե Մանդիարգեսին

30
երևակայական ձմռանը
թևերի մասին երկեր անձրևին
ջրի հիշողության մեջ մշուշի մատներ

31
Դա աչքերը փակելն ու երդվելն է, որ երբեք չես բացի: Քանի որ դրսից սնվում են ժամացույցներով ու ծաղիկներով ծնված  խորամանկությամբ: Բայց փակ աչքերով  և  հիրավի շատ մեծ  տառապանքով շոշափում ենք հայելիների զրկերակները մինչ  մոռացված բառերը հնչեն առեղծվածորեն:

32
Աղետի գոտի, որտեղ քնածը ուտում է
 դանդաղորեն
իր սիրտը կեսգիշերին:

33
 մի անգամ
մի անգամ թերևս
կգնամ առանց մնալու
կգնամ հեռացողի պես

նվիրվում է Էսթեր Սինգերին

34
փոքրիկ ճամփորդուհին
մեռնում էր՝ բացատրելով իր մահը

կենդանական իմաստունները կարոտաբաղձ
այցելում էին նրա տաք մարմինը

 35
Կյանք, իմ կյանք, թույլ տուր քեզ ընկել, թույլ տուր քեզ ցավ զգալ, կյանք իմ, թույլ տուր քեզ կապվել կրակին, կուսական լռությանը, գիշերվա տան կանաչ քարերին, թույլ տուր քեզ ընկել, թույլ տուր քեզ ցավ զգալ, կյանք իմ:

36
ժամանակի վանդակի մեջ
քնածը նայում է իր մենակ աչքերին

քամին նրան բերում է
տերևների մեղմ պատասխանը

նվիրվում է Ալայն Գլասին

37

ցանկացած արգելված տարածությունից այն կողմ
կա մի հայելի մեր տխուր թափանցիկության համար

38

Այս ապաշխարած երգը արթուն hսկում էր տողերիս ետևից.

այս երգը ինձ բացահայտում է, լռեցնում է:

Թարգմանությունը՝ Մերի Զոհրաբյանի
Աղբյուրը՝ www.armspanish.wordpress.com

0 մեկնաբանություն:

Post a Comment