Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, February 21, 2015

Խորխե Կարերա Անդրադե | ԼՈՒՐԵՐ ԾՈՎԻՑ ՈՒ ՑԱՄԱՔԻՑ

Թարգմանությունը անգլերենից՝ Նաիրա Համբարձումյանի
Խորխե Կարերա Անդրադեն ծնվել է Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում 1903 թ. Սեպտեմբերի 28-ին: Գրականություն է ուսումնասիրել Իսպանիայում` Բարսելոնայի համալսարանում, ապա` Ֆրանսիայում:
1927-1928 թթ. եղել է Էկվադորի սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար, այնուհետև դիվանագիտական ծառայություն է իրականացրել եվրոպական տարբեր երկրներում, Ասիայում, Հարավային Ամերիկայում:
Բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Չտեսնված լճակ» (El estanque inefable) լույս է տեսել 1922-ին, սակայն նրան ճանաչում բերեց «Լուրեր ծովից ու ցամաքից» (Boletines de mar y de tierra,1930) ժողովածուն, որի առաջաբանը գրել էր Գաբրիելա Միստրալը:

Տպագրել է նաև «Աշխատանքի ժամը»> (El tiempo manual,1935), «Խնձորի կատալոգ» (Rol de la manzana,1935), «Կենսագրություն թռչունների համար» (Biografia para uso de los pájaros pájaros, 1937) և «Լոևսավորված պատուհանների ժամը» (La hora de las ventanas iluminadas,1937) ժողովածուները:
Առաջին անթոլոգիան Անդրադեն տպագրել է 1942-ին` «Աշխարհի գրապահոցը» խորագրով:
Հետագայում հանդես եկավ նոր ժողովածուներով «Այստեղ հանգչում է փրփուրը» (Aqui yace la espuma,1950), «Պոետական տարեթվեր» (Edades poeticas, 1958), «Գիրք աքսորի» (Libro del exilio,1968):


Ոչինչ մերը չէ
Ամեն օր նույն ծառը` շրջապատված
իր կանաչ շատախոս ընտանիքով,
ամեն օրը լացն է մանկան` ժամանակի
տարուբերվող ճոճանակին` ստվերում:
Գետը անշտապ բաժանում է թափանցիկ քարտեզները:
Լռությունը քայլում է դեպի հաջորդ հնչյուն,
սերմը բացում է կոպերը տիղմի մեջ`
զգայուն թերթիկներով:
Ոչ ոք չգիտի` ինչու են ապրում թռչունները`
ո °չ քո շիշը գինով, ո°չ լիալուսինը,
ո°չ կակաչը, որ այրվում է իր բոցում,
ո°չ կինը տավիղով` երջանիկ ստրկուհին:
Երբ անձրև է, մենք հագնում ենք մեզ ենթարկվող ուռկաններ`
անտեսանելի ու բարի իրեր,
զարդարում ենք մեզ թեթև աճյուններով աղավնիների,
ծիածաններով ու հրեշտակներով:
Ողողում ենք ժլատ ոսկին օրվա`
հաշվելով հատիկները, իսկ վիրավոր արևմուտքը
այրում է իր նավերը, ու մոտենում է գիշերը`
սև ցեղերի նավապետը:
Դու խասում ես այդժամ, երկի°նք,
վառվում է քո վեհ գիշերային քաղաքը,
քո ամբոխներն անցնում են բոցավառ երթով
ու լռությամբ նայում են մեզ:
Բոլոր ձևերը երկրային ու անցողիկ են.
պատանին ձգվել է անկողնում, ինչպես արձան,
կնոջ կուրծքը նման է երկսիրտ թռչունի,
նենգ մահը` կարիճի տեսքով:
Մահը ծածկում է երկիրը սև արկերով,
ուր խմբվել են հրեշավոր սարդերը:
Մահացածները վարդապետներ են ստորգետնյա վեհաժողովից,
ի՞նչ է մահը`կորցնել ամեն ինչ աշխարհու՞մ,
թե՞ գտնել քո հինավուրց հայրենիքը:
Հագեցել ես տարիներից ու կանանցից,
թե ցանկան Աստված` կծնկես,
միայն հիշողությունը երկրային իրերի,
կմնա քո դատարկ ափերի ջերմության մեջ`
արդեն անօգուտ:

Ծիծեռնակները
Ես կարող եմ խոսել վաղը:
Այսօր դիմավորում եմ ծիծեռնակներին:
Առաջին անձրևից թրջված փետուրներով
նրանք բերում են թարմ նորություններ
իրենց երկնային բներից:
Լույսը փախչում է` փնտրելով, թաքնվելով:
Պատուհանները լարված թերթում են էջերը,
արագորեն հանգչում են` թափառող փնթփնթոցներով:
Գիտակցությունս երեկ բարեբեր եզերք էր,
այսօր`լերկ ժայռ:
Ենթարկվում եմ լռությանը,
քանզի հասկանում եմ ճիչը թռչունների,
դաժան ճիչը վախի,
երբ լույսը խեղդվում է առաջին անձրևի մեջ:

Կատարյալ կյանք
Ճագա°ր, երկչո°տ եղբայր, իմ ուսուցի°չ և փիլիսոփա°,
կյանքդ սովորեցրեց ինձ լռել:
Մենությանդ մեջ ոսկե հանք ես տեսնում,
չի հուզում քեզ տիեզերքին հավերժ ընթացքը:
Իմաստության փոքրի°կ որոնող, ինչպես գիրք
Թերթում ես համեստ բարի կաղամբը
ու հետևում ես ծիծեռնակների թռիչքներին,
ինչպես սուրբ Սիմոնը` նստած իր մութ քարանձավում:
Քո բարի Աստծուն խնդրի°ր երկնային պարտեզի մասին,
որտեղ կաղամբի գլուխները հախճապակե
երանության մեջ են,
որտեղ քաղցր ջուր կա քո քնքուշ մռութի համար,
ու աղավնիների թռիչք` քո գլխավերևում:
Ապրում ես իրագործված սրբության բույրի մեջ:
Սուրբ Ֆրանցիսկի գոտին կհպվի քեզ
մահվանդ օրը. երեխաների հոգիները
կխաղան երկնքումէ երկար ականջներիդ հետ:

Երկրային տուն
Ապրում եմ խաղաթղթե տնակում,
ավազե տնակում, օդեղեն դղյակում
և անցկացնում եմ րոպեները` սպասելով
անկումին պատերի, հարվածին կայծակի,
երկնային փոստին` վերջին նախազգուշացումով,
դատավճռին, որ թռչում է իշամեղվի թևերին,
հրամանին, որ արյունոտ մտրակի պես
տարածում է քամու հետ հրեշտակների մոխիրը:
Այնժամ կկորցնեմ երկրային իմ տունը
ու նորից կարթնանամ մերկ,
ձկներն ու աստղերը վաղ առավոտյան
կելնեն երկինք` բացված արահետով:
Ամենը, ինչ եղել է`գույն, թռչուն, անուն,
կրկին կդառնա միայն մի բուռ գիշեր,
ու թվերի, փետուրների մնացորդներին,
սիրո մարմնին` հյուսված մեղեդուց ու պտղից,
կիջնի վերջապես, ինչպես երազ, ինչպես ստվեր,
փոշի առանց հիշողության:

Գամմա
Ծովահենների զրույցի թելը քամին
խլեց մեզանից ու տարավ դեպի Ազոյան կղզիներ:
-Տեսնու՞մ ես,- ասացի,- ոսկեզօծեցին գիշերը
օվկիանաձկները` լուսարձակները:
Քնքուշ հպվեց մարջանե շուրթերով…
Նավը անցնում էր Ազոյան կղզիներով:
Օրորվելով լողում էին կողքիս նրա աչքերը,
սուզվելով լողում էին պատանի հյուսները:
Այդպես մնաց հուշը, աչք- լճակներ`
կեսգիշերային լայնություններում Ազորյան կղզիների:

2* 48’ հարավային լայնության
Դեղին նավահանգիստ: Ոսկու պես
պառկած են արքայախնձորները,
այնքան շատ են, որ տեղ չկա:
Կապված է սյանը դեղին նավակը
նավակում` հասարակ ձկնորսացանց:
Շարժվող սարի պես են ջինի տակառները,
արկղերը դասդասված են ինչ-որ կերպ:
Ծեր նավաստին ցույց է տալիս բոլորին
իժի անփույթ խայթը իր մերկ գարշապարին:
Բանանների կապերը մառանի կողքին են,
մեղրով է բուրում ծխախոտի տերևը:
Տակառից ելավ հորանջելով
քնատ մետիսը:
Միայն կեսգիշերին կրի բազմաձայնությունն այս,
դեղին կառամատույցը կարծես թե քնած է,
թափառում են այնտեղ նավաստիները`
աչքերը անգույն սպիրտի գույնի:
Մերկ աղջիկը
Զարկերակով ու դողով
թափանցելով արյան մեջ`
դարձնում ես ժամանակը ուրախություն:
Մոռացված բույրը արթնացնում է հիշողությունը,
մանկությամբ է բուրում երիտասարդ մաշկը:
Ծովի բու՞յրն է, խոտի բու՞յրն է արդյոք,
բույրը, որ թափանցում է հոգուս խորքը:
Ձեռքերը` խաչված արևածագերով,
ողորկ են ավելի, քան ծովային քարերը,
ավելի քաղցր, քան` սեխը:
Մերկացած մարմնի ճերմակ խարույկում
ճերմակ երգով այրվող հրեշտակ է նա:

Աղբյուրը՝ www.lit-bridge.com

0 մեկնաբանություն:

Post a Comment