Պատկերացրեք միկրոսկոպիկ ռոբոտների մի ամբոխ, որոնք այնքան փոքր են, որ դրանցից միլիոններով կարող է տեղավորվել մի թեյի գդալում:
Դրանք կարող են ներարկվել մարդու մարմնի այնքան նուրբ հատվածներ, օրինակ սիրտ կամ ուղեղ և դեղորայք մատակարարել չափազանց զգուշությամբ և ճշգրտությամբ, ինչպես նանովիրաբույժների մի մեծ բանակ:
Շվեյցարայի Տեխնոլոգիայի ֆեդերալ ինստիտուտի ինժեներ Բրեդ Նելսոնը և նրա թիմը արդեն մեկ տասնամյակ աշխատում են այս «նանոբոտների» վրա: «Մենք պատրաստում ենք միկրոսկոպիկ ռոբոտներ, որոնք կառավարվում են արտաքին մագնիսական դաշտերով՝ մարդու մարմնում օգտագործելու համար», ասում է ինժեները:
Այս նանոբոտները կարող են մեծ խմդիրների փոքր լուծումներ դառնալ:
Դեռ 1959 թվականին ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Ռիչարդ Ֆեյնմանը մի գաղափար առաջ քաշեց, որ մի օր հնարավոր կլինի «կուլ տալ վիրաբույժին» և այդ մեխանիկական վիրաբույժը մարդու արյունատար անոթի միջով կհասնի մարդու սիրտ, կգտնի արատը և կհեռացնի այն:
Նելսոնի միկրոռոբոտները, իհարկե, դանակ չունեն, սակայն այս ռոբոտները ստեղծելուն Նելսոնին ոգեշնչել են հասարակ E.coli բակտերիաները, որոնք շարժվում են՝ պտտելով իրենց մտրակ կոչվող պոչերը:
«Այս բակտերիաներն ունեն պպտող շարժիչներ: Մենք այժմ չենք կարող նման շարժիչներ ստեղծել, սակայն կարող ենք մագնիսականացնել դրանք, ինչը թույլ կտա նրանց շարժվել», ասում է գիտնականը:
Նանոբոտները արդեն փորձարկվել են բնական պայմաններում՝ բավականին նուրբ միջավայրում՝ մարդու աչքի մեջ: Նրանք կարող են լող տալ թափանցիկ գելի մեջ, որով լցված է մեր աչքը և դեղորայք մատակարարել աչքի ցանցաթաղանթին՝ բուժելով տարիքային այնպիսի հիվանդություններ, որոնք կուրություն են առաջացնում:
Ռոբոտները պատրաստվում են ստերիլ պայմաններում: Նելսոնը նշում է, որ աչքի վրա արված փորձերը ոգեշնչել են իրենց օգտագործել այս մեխանիզմը սրտի հիվանդությունները բուժելու համար: Նանոբոտները կկառավարվեն 2-3 մմ տրամագծով կաթետերի միջոցով: Նույն մեխանիզմը կարող է կիրառվել նաև մարդու ուղեղում կամ այլ դժվար հասանելի օրգաններում: Այսօր նանոբոտների տեխնոլոգիան համարվում է ապագայի զենքը քաղցկեղի դեմ:
Նանոբոտներին օգտագործելու համար վիրաբույժները կվերապատրաստվեն, սակայն դրանք կկառավարվեն հատուկ վահանակներով: Ըստ Նելսոնի, արդեն այս տարի նշված տեխնոլոգիան պատրաստ է փորձարկման մարդու վրա:
Բժշկությունից դուրս
Նանոբոտների օգտագործան ևս մեկ հետաքրքիր գաղափար է կանխատեսում թվային աշխարհի գիտակ Նիկոլաս Նեգրոպոնտը, որը հավատում է, որ շուտով մարդիկ տեղեկատվությունն ու գիտելիքները կստանան նանոբոտներից, որոնք կլողան դեպի մեր ուղեղը՝ արյան անոթների միջոցով: Տեսնեք՝ թե ինչ է մեզ սպասվում «ուսուցիչ կուլ տալուց» հետո:
Թարգմանությունը՝ Դավիթ Կիրակոսյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment