Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, February 2, 2015

Էդնա Միլլեյ | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Էդնա Սենտ-Վինսենտ Միլլեյը 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծ և դրամատուրգ է։
Ծնվել է 1892 թվի փետրվարի 22-ին, բուժքրոջ և ուսուցչի ընտանիքում։ Մեծացել է առանց հոր։ Մայրը, որ դուստրերի հետ հաճախ էր աշխատանք փնտրելու համար քաղաքից քաղաք փոխադրվում, սովորեցնում է երեխաներին անկախ լինել և սիրել գրականությունը։
Էդնան տպագրվել սկսել է 15 տարեկանից, երբ նրա «Renascence» բանաստեղծությունը ԱՄՆ-ի՝ «Տարվա բանաստեղծություն» մրցույթում 4-րդ տեղն է գրավել։ Դա սկանդալ առաջացրեց, քանի որ բոլոր ընթերցողները համարում էին, որ բանաստեղծությունն արժանի է առաջին տեղին։
Դրանից հետո նա դարձավ հանրահայտ, իսկ մի հարուստ կին՝ Քերոլայն Դոուն վճարեց Վասսեր քոլեջում նրա կրթության համար։
Էդնա Միլլեյը բուռն կյանք է ապրել, ինչի արդյունքը բազմաթիվ բանաստեղծությունները, դրամատիկական ստեղծագործությունները։
Մահացել է 1950 թվականին՝ աստիճաններից ընկելով։

Ներկայացնում ենք նրա բանաստեղծությւններից երկուսը Սիրանույշ Օհանյանի թարգմանությամբ։




Կապույտ մորուք

Պետք չէր բացեիր դուռը: Բացեցիր:
Ներս մտիր և տես՝ ինչ աննշան եմ
Քեզ դավաճանել: Ոչ գանձ կա այստեղ
Թաքուն, ոչ կճուճ, ոչ ճշմարտություն

Ցույց տվող հայելի: Ոչ իսկ գլուխներ
Սպանված կանանց՝ քո պես ագահ կամ
Տանջանքի հետքեր: Լոկ այն, ինչ տեսար.
Դե նորից նայիր՝ դատարկ մի սենյակ,

Անհարմարավետ, սարդոստայնապատ:
Սա պահում էի, հեռու իմ կյանքից,
Միայն ինձ համար: Բայց սողոսկեցիր
Շեմն այս երեկո դու այնպես ստոր,

Որ էլ երեսիդ նայել չեմ կարող:
Սա հիմա քոնն է: Նորը կփնտրեմ:



Աղոթք Պերսեփոնեին

Եղիր նրան, Պերսեփոնե՛,
Ամեն ինչ, որ ես չեղա․
Դիր գլուխը քո գոգին:
Այնքան հպարտ, վայրի էր,
Անհոգ, ինքնագոհ, ազատ,
Նա իմ կարիքը չուներ․
Փոքրիկ, մենակ մանուկ է
Նա՝ մոլորված դժոխքում․
Դիր գլուխը քո գոգին,
Ասա նրան․ «Իմ անգին,
Այստեղ շատ ահավոր չէ»:

0 մեկնաբանություն:

Post a Comment