Նկարը՝ Նարեկ Սահակյանի |
Դե ինչ, շարունակեք ոգեշնչել մեզ, իսկ մենք՝ ձեզնով ոգեշնչվելով՝ շարունակենք մեր թարգմանական գործունեությունը:
Այս առթիվ ներկայացնում ենք Նապոլեոնի նամակները Ժոզեֆինային՝ Ֆրեդ Սահակյանի թարգմանությունը:
Նապոլեոն
Բոնապարտը՝ Ժոզեֆինային
Ապրիլի 3, 1796 թ.
Իմ միակ Ժոզեֆինա՝ քեզանից հեռու ամբողջ աշխարհը ինձ թվում է
անապատ, որտեղ ես միայնակ եմ... Դու ավելի քան տիրացել ես իմ ամբողջ հոգուն: Դու իմ
միակ միտքն ես, երբ ինձ անհանգստացնում են դատարկությունները, որ մարդ են կոչվում,
երբ ես պատրաստ եմ անիծելու կյանքը, ձեռքս դնում եմ սրտիս (այնտեղ է հանգչում քո պատկերը),
ես նայում եմ նրան, սերը ինձ համար լիարժեք երջանկություն է... Ի՞նչ կախարդանքով դու
կարողացար ենթարկել քեզ իմ բոլոր ունակությունները և ուղղել իմ հոգևոր կյանքը միայն
դեպի քեզ: Ապրել հանուն Ժոզեֆինայի: Ահա իմ կյանքի պատմությունը...
Մահանալ՝ վայելած չլինելով քո սերը, դժողքային տառապանք է, դա
իսպառ ոչնչանալու ամենաուղիղ ճանապարհն է: Իմ միակ ընկերուհի՝ ճակատագրով ընտրված՝
միասին անցնելու կյանքի դժվար ճանապարհը, այն օրը, երբ քո սիրտը ինձ չի պատկանի, աշխարհը
ինձ համար կկորցնի իր ամբողջ գեղեցկությունը և հմայքը:
Մարմիրոլո, Հուլիսի
17, 1796 թ.
Ես հենց նոր ստացա քո նամակը, իմ պաշտելի ընկերուհի, այն լցրեց
իմ սիրտը երջանկությամբ: Ես քեզ անչափ շնորհակալ եմ մանրամասն տեղեկության համար, որ
հաղորդում ես քո մասին: Քո առողջությունը, ինչպես երևում է, հիմա ավելի լավ է: Հնարավոր
է՝ դու արդեն ապաքինվել ես: Խորհուրդ եմ տալիս ձի քշել, դա քեզ պիտի որ օգտակար լինի:
Այն պահից, ինչ բաժանվել ենք, ես անընդհատ տխուր եմ։ Իմ երջանկությունը քո
կողքին լինելն է: Անդադար մտածում եմ քո համբյուրների, քո արցունքների, քո առինքնող
խանդի և աննման Ժոզեֆինայի գեղեցկության մասին, որ դեռևս բոցավառում են իմ մխացող սիրտն
ու միտքը: Ե՞րբ կազատվեմ բոլոր տագնապներից, բոլոր գործերից, որպեսզի անցկացնեմ քեզ
հետ իմ կյանքի ամեն րոպեն, ե՞րբ իմ միակ զբաղմունքը կլինի սիրելը քեզ և մտածելը երջանկության
մասին, ասելը քեզ դա և ապացուցելը: Ես կուղարկեմ քո ձին, ամեն դեպքում, հույս ունեմ՝
շուտով կկարողանաս գալ ինձ մոտ:
Դեռ վերջերս մտածում էի, որ ջերմորեն սիրում եմ քեզ, բայց այն
պահից, երբ քեզ տեսա կրկին, զգում եմ, որ սիրում եմ հազար անգամ ավելի շատ: Ինչքան
շատ եմ քեզ ճանաչում, այնքան շատ եմ պաշտում: Դա ապացուցում է, որ Լա-Բրյուերի կարծիքն
այն մասին, թե սերը ծագում է անսպասելի, սխալ է: Բնության մեջ ամեն ինչ ունի իր զարգացումը
և աճի տարբեր աստիճաններ: Ախ, աղաչում եմ քեզ, բացահայտիր քո ինչ-ինչ թերությունները:
Եղիր ավելի քիչ հիասքանչ, ավելի քիչ սիրալիր, ավելի քիչ նուրբ և, ամենակարևորը, ավելի
քիչ բարի:
Երբեք մի խանդիր և մի լացիր. քո արցունքներն ինձ խելքահան են
անում, այրում են ինձ: Հավատա, որ հիմա ես չեմ կարող ունենալ ոչ մի միտք, ոչ մի պատկերացում,
որ քո մասին չէ:
Ապաքինվիր, հանգստացիր, արագ վերականգնիր առողջությունդ: Արի
ինձ մոտ, որ մենք, քանի դեռ մահը չի եկել, ի վերջո կարողանանք ասել. «Մենք այնքան երջանիկ
օրեր ենք ունեցել»:
Միլլիոնավոր համբյուրներ, անգամ քո Ֆարտյունային*, չնայած նրա
չարությանը:
*Ֆարտյունա – Ժոզեֆինայի շնիկը, որից երբեք չէր բաժանվում Ժոզեֆինան:
Օգոստոսի 4, 1796 թ.
Ես քեզանից այնքան հեռու եմ: Ինձ շրջապատում է թանձր խավարը,
և դա կձգվի այնքան, մինչև մեր զենքերի սարսափեցնող կայծերը, որոնցով մենք վաղը կդիմավորենք
թշնամուն, չեն փարատի այդ խավարը:
Ժոզեֆինա՛, դու լաց էիր լինում, երբ ես հրաժեշտ էի տալիս քեզ,
դու լաց էիր լինում: Իմ մեջ ամեն ինչ ցնցվում է այդ մտքից անգամ: Բայց եղիր հանգիստ
և մխիթարվիր: Վուրմուզերը** թանկ կվճարի ինձ այդ արցունքների համար:
**Գրաֆ Վուրմուզեր – ավստրալիացի գեներալ, զոհվել է մյուս օրը
Կաստիլյոնի պայքարում:
Կալդիերո, Նոյեմբերի
13 1796 թ.
Ես էլ քեզ չեմ սիրում... Հակառակը, ես քեզ ատում եմ: Դու զզվելի,
հիմար, անտանելի կին ես: Դու ինձ ընդհանրապես չես գրում, չես սիրում քո ամուսնուն:
Դու գիտես, թե ինչքան ուրախություն են պարգևում քո նամակները նրան, և չես կարողանում
գրել անգամ վեց թռուցիկ տող:
Սակայն, ինչո՞վ եք դուք զբաղվում ամբողջ օրը, տիկին: Ի՞նչ կարևոր
գործեր են խլում ձեր ժամանակը, որ խանգարում են գրել ձեր սիրած մարդուն: Ինչն է ստվերում
թողնում ձեր նուրբ և հստակ սերը, որով դուք այդքան պարծենում էիք: Ո՞վ է այդ նոր գայթակղիչը,
նոր սիրեկանը, որը հավակում է ձեր ամբողջ ժամանակին՝ խանգարելով ձեզ զբաղվելու ձեր
ամուսնով: Ժոզեֆինա, զգուշացեք, թե չէ մի հիասքանչ գիշեր ձեր դռները կջարդվեն, և ես
կհայտնվեմ ձեր դիմաց:
Սիրելիս, ինձ իսկապես անհանգստացնում է այն,
որ ես չեմ ստանում քեզանից լուրեր. գրիր ինձ չորս էջ միայն այն գեղեցիկ բաների մասին, որոնք լցնում
են իմ սիրտը ուրախությամբ և հույզով:
Հույս ունեմ՝ շուտով գրկելու եմ քեզ և պատելու եմ միլիոնավոր
համբույրներով, որոնք այրում են ինձ ինչպես հասարակածի շողերը:
Թարգմանությունը՝ Ֆրեդ Սահակյանի
Նկարը` Նարեկ Սահակյանի
Նկարը` Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.celuu.ru
0 մեկնաբանություն:
Post a Comment