Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, January 20, 2015

Յուլիա Լատինինա. «Կրեմլը ոտքերը սրբեց հայ ժողովրդի վրա»

(Տեքստը վերցված է ադրբեջանական ռուսալեզու կայքից)

Քաղաքական մեկնաբան և Ռուսաստանի հայտնի  լրագրող Յուլիա Լատինինան «Эхо Москвы» ռադիոկայանի «Код доступа»  («Հասանելիության ծածկագիրը») հաղորդման եթերում մեկնաբանել է Գյումրիում հակառուսական ցույցերը։ Լատինինայի ելույթը հասարակական լայն արձագանք է գտել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, քանի որ հայտնի լրագրողը Հայաստանն անվանել է «պոչ, որ հետևում է Ռուսաստանին, ինչպես շան պոչը՝ շանը», և նշել է, որ Ռուսաստանը որոշել է ոտքերը սրբել հայ ժողովրդի վրա։
Ընթերցողին ենք ներկայացնում Յուլիա Լատինինայի՝ աղմուկ հանած ելույթի մի մասի սղագիրը։

***
Ես մի քանի հարց ունեմ Հայաստանում կատարվածի մասին։ Հիշեցնեմ՝ կա Հայաստան կոչվող ռուսաստանյան սատելլիտ մի այդպիսի երկիր։ Մենք, ընդհանուր հաշվով, այնքան սատելլիտ ունենք, որ կարող ենք հաշվել մատների վրա, ընդ որում՝ չհանելով կոշիկները ու նույնիսկ չհանելով ձախ ձեռքի ձեռնոցը։ Դրանք են՝ Հարավային Օսեթյան, որը մենք ՀԱՄԱՍ-ի ենք վերածել, Աբխազիան, որտեղ աղետալի վիճակ է, Մերձդնեստրը՝ նույնպես աղետալի վիճակում և Դոնբաբվեն, որը մենք վերածել ենք շատ մեծ ՀԱՄԱՍ-ի, ուր բավականին անմեղսունակ թափթփուկները ընտանիքներ են գնդակահարում ու մեքենաներ ու տներ են ավիրում։ Եվ այս ամենը, բնականաբար, «ուկրաինական անիծյալ ֆաշիստներից» գնդակահարվածների պաշտպանության պատրվակով է։ Թեպետ գնդակահարվածները, բնականաբար ամեն մեկը, ում գնդակահարում են, նույնպես դառնում է ուկրաինական ֆաշիստ։ Եվ հինգերորդը Հայաստանն է։ Հայաստանն ո՞ւր փախչի մեզնից. ներգրավվել է Մաքսային միություն, ի տարբերություն ամեն տեսակ «ադրբեջանցիների», ի տարբերություն էդ նույն Ուկրաինայի։ Հասկանալի է՝ ինչու։ Որովհետև փոքրիկ ու աղքատ Հայաստանի կողքին մեծ ու հարուստ Ադրբեջանը կա։
Նկատենք, ի դեպ, ինչպես են դերերը փոխվել ընդամենը 20 տարում, որովհետև դեռ 20 տարի առաջ Հայաստանն ավելի առաջադեմ, ավելի զարգացած երկիր էր թվում։ Այս 20 տարվա ընթացքում Հայաստանից հեռացել է ստեղծական ու արդյունարար բնակչության զգալի մասը։ Իսկ Ադրբեջանը, ընդհակառակը, նավթի շնորհիվ ու բավականին խելամիտ քաղաքականության շնորհիվ խիստ զարգացել ու բարձրացել է։ Եվ քանի որ Հայաստանը փակուղու առաջ է, միակ բանը, որ հետ է պահում Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելուց, բնականաբար, ռուսական օգնությունն է։
Եվ ահա այդ երկիրը, որ ամեն ինչում հնազանդ է մեզ, հետևում է մեզ ինչպես շան պոչը… Հունվարի 12-ին ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, ով ծառայում է Գյումրու ռուսական ռազմաբազայում (էդքան էլ շատ չեն մնացել սահմանից դուրս մեր ռազմաբազաները) որոշել է փախչել բազայից, թե ուղղակի գնացել է զբոսնելու, թե Ավետիսյան ընտանիքից ջուր է խնդրել, ու ջուր չեն տվել։ Կամ էլ՝ հնարավոր է թմրադեղի ազդեցության տակ է եղել, կամ էլ, ընդհանրապես, բազայում էդ տեսակ անոռուգլխություն է։ Երևում է՝ բազայում շատ խիստ անոռուգլխություն է։ Ու եթե էդ զինվորը թմրադեղերի տակ է եղել, երևում է՝ միակ հաճույքը չի, որ բազայի տարածքում վաճառվում է։ Կարճ ասած՝ սա գնդակահարել է ամբողջ մի ընտանիք։ Ու քանի որ երկամյա երեխայի համար փամփուշը չի հերիքել, հրացանի սվին-դանակով է խողխողել։ Ինչպես ինքն է հետո բացատրում, վախեցել է, թե էս մարդիկ իրեն կմատնեն, երկամյա երեխան էլ իրեն կճանաչի։ Դե,բայց փամփուշտը չի հերիքել, դրա համար էլ խողխողել է։
Տանը հայտնաբերվել են նրա կոշիկները, հագուստն ու զենքը, և կոշիկի վրա՝ հատուկ՝ նրա ազգանունը՝ «Պերմյակով»։ Պերմյակովին ձերբակալել են մի օր անց՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու։ Դրանից հետո լրիվ վերջն է, որովհետև փոխանակ նրան հանձնեն հայկական իշխանությունների դատաստանին, հանձնում են նույն 102-րդ բազայի հրամանատարությանը։
Դրանից հետո, երևում է, մեկը Կրեմլում որոշել է ոտքերը սրբել հայ ժողովրդի վրա։ Ի դեպ, հիշեցնեմ, որ նման իրադրության մեջ, հիշում եք, Պոդոլսկի մոտ ՃՏՊ էր տեղի ունեցել` վարորդը հայ, որին դատարանի դահիճ քարշ տվեցին կանացի խալաթով, էլի շատ մարդ էր զոհվել։ Բայց այն ժամանակ, չգիտես ինչու, Ռուսաստանի տարածքում հանցագործություն կատարած հային չհանձնեցին Հայաստանին՝ դատելու համար։
Բայց բոլորովին անհասկանալի է՝ ինչու մենք որոշեցինք պաշտպանել մեկ առանձին վերցրած զինվոր Պերմյակովի պատիվը, թեպետ, բնականաբար նրան պիտի դատեն Ռուսաստանի տարածքում։ Բայց ուշադրություն է գրավում այն, որ ուրիշ երկրի տարածքում մենք մեզ պահել ենք նույնիսկ ոչ թե ինչպես գաղութային տարածքում, այլ հայ ժողովրդի համար ամենաանարգիչ ձևով, այն է ոչ թե՝ ինչի համար…., այլ պարզապես, որովհետև այդպես կարելի է, որովհետև Կրեմլի միջազգային քաղաքականության մեջ այդպիսին է գերազանցության գաղափարը։
Շատ հաճախ ինձ թվում է, որ, գիտեք, մեր Կրեմլում կարծում են, որ երկրի գերազանցությունը այն է, որ բոլորին հավաքի մեծ ժողովի ու ժողովի կեսին, երբ ոմանք ճառ են ասում, ուրիշներն իրենց հացն են ուտում, մի խուլիգան միզի բոլոր ներկաների վրա։ Ու բոլոր ներկաները մի կերպ աչքերն են թաքցնում, որովհետև, դե լավ, հո չի՞ գնդակահարել, ընդամենը մի տարօրինակ բան է արել։ Ինչպե՞ս արձագանքես նման գործողություններին։ Բոլորը աչքերն են թաքցնում, իսկ խուլիգանը մտածում է՝ «Ի՛նչ ուժեղ եմ։ Տեսա՞ք՝ աչքերիս չեն կարողանում նայել։ Մեկը չեղավ՝ մի ապտակ տա»։ Տվյալ դեպքում նույնն ենք անում Հայաստանի հետ։ Արդյունքը, երևում է, այնքան էլ հաճելի չէր բազայի հրամանատարությանն ու Կրեմլին, որովհետև Հայաստանում սկսեցին բազմահազարանոց ցույցերի հավաքվել, շրջապատեցին այդ բազան, ռուսական դեսպանատան առաջ ցույցի հավաքվեցին՝ պահանջելով, որ չսրբեն ոտքերը հայ ժողովրդի վրա։
Եվ, համապատասխանաբար, ես երկու հարց ունեմ։ Հասկանալի է, որ ոչ մի աղետալի բան Հայաստանում չի լինի։ Դժվար թե էնտեղ «Մայդան» կազմակերպվի, որ Սարգսյանին գահընկեց անի։ Բայց երկու բան կա։ Մեկը՝ զուտ գործնական։ Մեզ թվում է, թե Հայաստանը շատ հեռու է։ Իրականում նրանք ամենևին էլ «անիծյալ պինդոսները» չեն, որոնց հետ մենք պատերազմում ենք, այլ, այնուամենայնիվ, սա Անդրկովկասն է՝ բավականին շոգ տարածք։ Իսկ կողքին Ադրբեջանն է, որի հետ մեր հարաբերությունները նույնպես կարևոր են։ Եվ հիմա, ադրբեջանցի ժողովուրդը, որ ուրախությամբ հետևում է այն ամենին, ինչ հիմա Հայաստանում է կատարվում, ուրախ ցույց է տաիս այս ամենն ու ասում. «Տեսնո՞ւմ եք՝ ինչպես են ձեզ հետ վարվում նրանք, ովքեր ձեր միջին կարգի գաղութարարներն են»։

Եվ
երկրորդը. ահա թե ինչ է նշանակում ռուսական սատելլիտ լինել։ Տեսնելով այն ամենը, ինչ կատարվում է բոլոր ռուսական սատելլիտների հետ՝ Հարավային Օսեթիա, Աբխազիա, Դոնբաբվե, Մերձդնեստր, զարմանում ես։ Պետություններն իրենց գաղութների հետ տարբեր կերպ են վարվել, ի դեպ Ռուսաստանն էլ իր գաղութների հետ է տարբեր կերպ վարվել։ Սովետական Միությունն էլ շատ բան է իր գաղութներին տվել։ Բայց հիմա մի յուրօրինակ իրադրություն է, ուր երկիրը, որ ընկել է մեր ազդեցության գոտին, կամ տարածքը, որ ընկել է մեր ազդեցության գոտին, ուրիշ ոչինչ չի կարող ակնկալել, բացի կատարյալ նվաստացումից ու կատարյալ կեղտից, ու ոչ մի էնպիսի բանից, որ հնարավոր չլինի փոխհատուցել։ Ուղղակի ամեն ինչ արվելու է, որ այդ երկրի ժողովուրդն իրեն որքան հնարավոր է վատ զգա։ Ու մարդիկ, որ դա անում են, անկեղծորեն հավատում են, որ իրենց արածը նպաստում է Ռուսաստանի գերազանցությանը։

0 մեկնաբանություն:

Post a Comment