Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, January 7, 2021

10 հետաքրքիր փաստ արեգակի մասին


Կարծում եք գիտե՞ք այն ամենը, ինչ որ հայտնի է արեգակի մասին։ Այդպես էլ կարծեք։ Այստեղ հավաքված է արեգակի մասին 10 փաստ, որոնցից որոշներին միգուցե դուք ծանոթ լինեք, սակայն որոշների մասին էլ առաջին անգամ կլսեք։

1.Արեգակն է արեգակնային համակարգը
Մենք ապրում ենք Երկիր մոլորակի վրա, այնպես որ մեզ թվում է, թե մենք արեգակնային համակարգի հավասար անդամ ենք։ Սակայն ավելի հեռու չէինք էլ կարող լինել ճշմարտությունից։ Իրականությունն այն է, որ արեգակնային համակարգի զանգվածի 99,8 տոկոսը արեգակի զանգվածն է։ Մնացած 0,2 տոկոսն էլ հիմնականում Յուպիտերից է գալիս։ Այնպես որ մենք հազիվ էլ նկատելի ենք։

2․Արեգակն էլ հիմնականում ջրածին է ու հելիում
Եթե մենք կարողանայինք մաս-մաս անել արեգակը և տարբեր խրձերով դասավորել դրա բաղադրիչները, ապա կհասկանայինք, որ արեգակի 74%-ը ջրածին է, 24%-ն էլ՝ հելիում։ Մնացած 2%-ում էլ չնչին քանակությամբ երկաթ, թթվածին, նիկել և այլ տարրեր կան։ Մի խոսքով՝ ստացվում է, որ արեգակնային համակարգի մեծ մասը ջրածնից է։

3․Արեգակը ահագին պայծառ է
Մենք գիտենք մի քանի զարմանալիորեն պայծառ և մեծ աստղեր, ինչպիսիք են օրինակ՝ Էտա Կարինան կամ Բետելգոզը։ Բայց դրանք աներևակայելիորեն հեռու են ու մեր արեգակը համեմատաբար պայծառ աստղ է մեզ համար։ Եթե մենք դիտարկենք Երկիր մոլորակից 17 լուսատարի շառավղով անցնող 50 աստղերը, ապա կտեսնենք, որ արեգակը դրանցից 4-րդն է իր պայծառությամբ։ Վատ չէ, վատ չէ։

4․Արեգակը հսկա է, բայց պստիկ հսկա
Երկրի տրամագծից 109 անգամ մեծ տրամագիծ ունեցող արեգակը բավական մեծ գունդ է։ Դուք կարող եք արեգակի մեջ 1,3 միլիոն Երկիր մոլորակ խցկել։ Կամ էլ արեգակի մակերևույթին 11990 Երկիր մոլորակ փռել։ Դա մեծություն է, սակայն շատ ավելի մեծ աստղեր կան տիեզերքում։ Օրինակ, ամենամեծ աստղը, որ հայտնի է մարդկությանը՝ տեղադրենք արեգակի տեղը, այն գրեթե կհպվի Սատուրնին։

5․Արեգակը մեծահասակ է, բայց շուտով կսկսի ծերանալ
Աստղագետները կարծում են, որ արեգակը առաջացել է 4,59 միլիարդ տարի առաջ արեգակնային միգամածությունից։ Հիմա այն իր հիմնական փուլում է, դանդաղորեն սպառելով ջրածնային պաշարները։ Բայց գալու է մի պահ, մոտավորապես 5 միլիարդ տարի հետո, որ արեգակը կմտնի կարմիր հսկայի փուլ, որի ժամանակ կուլ կտա իր համակարգի մոլորակներին, այդ թվում Երկիր մոլորակին(երևի)։ Դրա շերտերը կսկսեն քայքայվել, այնուհետև այն արագորեն կփոքրանա ու կդառնա փոքրիկ սպիտակ թզուկ։

6․Արեգակն ունի շերտեր
Արեգակն ունի վառվող գնդակի տեսք, սակայն իրականում այն ներքին կառուցվածք էլ ունի։ Տեսանելի մակերեսը, որը մենք տեսնում ենք՝ կոչվում է ֆոտոսֆերա, որը մոտ 5700 ցելսիուս ջերմաստիճան ունի։ Դրա տակ է գտնվում կոնվեկտիվ զոնան, որի միջով է տաքությունը արեգակի միջուկից դանդաղորեն փոխանցվում արեգակի մակերես։ Այդ զոնան սկսում է արեգակի շառավղի մոտ 70%-ից։ Կոնվեկտիվ զոնայի տակ գտնվում է ճառագայթային զոնան։ Այս զոնայում տաքությունը փոխանցվում է միայն ճառագայթների միջոցով։ Դրանից հետո արեգակի միջուկն է, որտեղ ջերմաստիճանը հասնում է մինչև 13,6 միլիոն ցելսիուս ջերմաստիճանի ու այստեղ ջրածինը ձուլվում է հելիումին։

7․Արեգակն ավելի է տաքանում ու մի օր կվերացնի կյանքը Երկիր մոլորակի վրա
Թվում է, թե արեգակը միշտ էլ եղել է՝ անփոփոխ վիճակում, սակայն դա ճիշտ չէ։ Արեգակն իրականում դանդաղ տեմպերով ավելի է տաքանում։ Այն ամեն միլիարդ տարի 10%-ով ավելի պայծառ է դառնում։ Իրականում մեկ միլիարդ տարի անց արեգակից եկող տաքությունն այնքան մեծ է լինելու, որ Երկիր մոլորակի մակերևույթին հեղուկ ջուր գոյություն չի ունենալու։ Այն կյանքը, որը գիտենք Երկիր մոլորակի վրա՝ չի լինելու։ Գետնի տակ միգուցե դեռ բակտերիաներ ապրեն, բայց մոլորակի մակերևույթն ամբողջովին ամայի է լինելու։ Եվս 7 միլիարդ տարի կպահանջվի արևից, որ հասնի կարմիր հսկայի փուլին, մեծանա-մեծանա ու վերջապես կուլ տալով Երկիր մոլորակը` այն հիմնովին վերացնի։

8.Արեգակի տարբեր հատվածներ տարբեր արագություններով են պտտվում
Ի տարբերություն մոլորակների, արեգակը մի հսկայական գունդ է՝ կազմված ջրածնային գազից։ Այդ պատճառով է, որ արեգակի տարբեր հատվածներ տարբեր արագությամբ են շարժվում։ Արեգակի հասարակածի հատվածները 25 օրում են մեկ ամբողջական պտույտ անում, իսկ բևեռները՝ 36։ Տեսակետ էլ կա, որ արեգակի միջուկին էլ 27 օր է անհրաժեշտ մեկ պտույտ անելու համար։

9․Արեգակի մթնոլորտում ավելի տաք է, քան մակերևույթին
Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը հասնում է մոտ 5700 ցելսիուսի։ Բայց սա անասելի փոքր թիվ է համեմատած արեգակի մթնոլորտի ջերմաստիճանի հետ։ Մակերևույթի վերևում կա մթնոլորտի մի զոնա, որը կոչվում է քրոմոսֆերա, ու այդտեղ ջերմաստիճանը հասնում է մինչև 100000 ցելսիուսի։ Բայց դա ոչ մի բան է։ Կա նաև մի այլ զոնա, որը կոչվում է կորոնա, ու դրա ծավալն ավելի մեծ է, քան հենց արեգակինը։ Կորոնայում ջերմաստիճանը կարող է հասնել 1 միլիոն ցելսիուսի։

10.Կան տիեզերանավեր, որոնք այս պահին դիտարկում-հետազոտում են արեգակը
Արեգակը հետազոտող ամենահայտնի տիեզերական օբյեկտներից են «Սոլար և Հելիոսֆերա» աստղադիտակ-տիեզերանավը, որը կառուցվել է NASA-ի և ESA-ի կողմից ու տիեզերք է ուղարկվել 1995 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակից ի վեր այն հետազոտում է արեգակը ու արդեն հասցրել է Երկիր մոլորակ ուղարկել անհաշվելի լուսանկարներ։ Ավելի նոր առաքելություն ունեն NASA-ի STEREO զույգ տիեզերանավերը, որոնք տիեզերք են ուղարկվել 2006-ի հոկտեմբերին։ Դրանց նպատակն էր ուսումնասիրել արեգակի վրա տեղի ունեցող նույն իրադարձությունը երկու տարբեր կետերից, այդ գործողությունն այնպես ուսումնասիրել, որ հնարավոր լիներ դա ներկայացնել 3D տեսանկյունից, ինչպես նաև օգնել տիեզերագնացներին ավելի ճշգրտորեն կանխատեսելու տիեզերքի եղանակը։

Թարգմանությունը՝ Արամ Պետրոսյանի
Խորհրդատու՝ Գոհար Իսկանդարյան

0 մեկնաբանություն:

Post a Comment