Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, July 14, 2020

Երաժշտության ընծան. Շերոն Լի



Աղջիկը բեմի աջ կողմում մի ազատ սեղան գտավ: Ընկերը հետևեց նրան, բայց ակնհայտ էր, որ շատ էլ ոգևորված չէր ։ Նա գլուխը թեքել էր դեպի սենյակի հետնամաս, որտեղ կոկիկ կարված կոստյումի մեջ մի ձեռք՝ պինդ մկաններով, օդում շարժվում էր՝ մեծարելով աղջկան, անշուշտ։ Նրա քառակուսի, կոպիտ դեմքից ետ սանրված մազերը փայլում էին ադամանդի պես: Փոքր, սև բեղեր ուներ լիքը, կարմիր շրթունքի վերևում, իսկ ձեռքերը հաստ էին և մսոտ։
Նա նորից գլուխը թեքեց դեպի սենյակի հետնամաս: Աղջիկը հոնքերը կիտեց: Ընկերը դժկամությամբ  քաշեց աթոռը նրա համար և մենակ գնաց սենյակի հետնամաս:
Էնդին ինքնամոռաց նվագում էր և որոշ ժամանակ մոռացավ աղջկան: Հաջորդ անգամ, երբ նկատեց նրան, իր ընդմիջման ժամին էր: Աղջկա ուղեկիցը վերադարձել էր սեղանի մոտ և, ըստ երևույթին, ցանկանում էր գնալ: Աղջիկը թափահարեց գլուխը, և տղան բռնեց նրա դաստակը՝ հրելով նրան:
Էնդին արագ դուրս եկավ բարից՝ տղայի հետ խոսելու նպատակով, բայց աղջիկը նայեց ուղիղ Էնդիին։ Նրանց հայացքները հանդիպեցին, կարծես աղջիկը տեսնում էր նրա աչքերը այդ մուգ ակնոցի ետևում…: Նա գլխի շարժումով կանգնեցրեց Էնդիին:
Էնդին նույնպես թեթևակի գլխով արեց և վերադարձավ իր ընթրիքին՝ հետևելով, թե ինչպես աղջկա ընկերը թևանցուկ արեց, և նրանք շարժվեցին դեպի դուռը: Թվում էր, թե աղջիկն իր ցանկությամբ է գնում, և նրա ընկերն էլ շատ քաղաքավարի էր: Նրանք տեսադաշտից դուրս եկան՝ ձուլվելով ցուրտ սեպտեմբերյան երեկոյին:
Էնդին հառաչեց՝ դեռևս անհանգստանալով, ինչը պարզապես հիմարություն էր: Նա ի՞նչ գործ ուներ Away-ից եկած մարդկանց հետ. բոլորովին ոչ մի:
Նա հաճույք ստացավ՝ նվագելով մի շարք հին բալլադներ՝ «Low Bridge», «Old Dan Tucker», «Big Rock Candy Mountain».  ոչ ոք չէր նկատում. ոչ ոք, ինչպես միշտ: Նա նվագեց մինչև պայմանավորված ժամը, դրեց կիթառը պատյանի մեջ և խմեց մնացած գարեջուրը, մինչ Ֆլաննագանը կհաշվեր գումարը: Երկու դոլլար և ութսունհինգ ցենթ։ Ավելին, քան նա սպասում էր այդ ամբոխից: Նա թողեց հիսուն ցենտը բարի վրա, որ պարոն Ֆլաննագանը չհամարի իրեն անշնորհակալ մարդ, իսկ մնացածը խոթեց գրպանները և շրջվեց՝ դուրս գալու այդ աղմկոտ, մարդաշատ սենյակից: Դռնապանը բացեց դուռը, նա գլխի շարժումով շնորհակալություն հայտնեց և, կարծես ծխին հետևելով, դուրս եկավ դեպի աշնանային մաքուր օդ:
Էնդին էլեկտրական լույսերի շողերի ներքո քայլեց բլրով ներքև: Չնայած ուշ ժամին՝ փողոցները լեփ լեցուն էին. լույսերը, նոր հյուրանոցներից ընկնելով փողոցների վրա, դարձնում էին դրանք ցերեկվա պես պայծառ: Բլրի ներքևում գտնվում էր Կառամատույցը՝ այնքան շատ լույսերով ողողված, որ կարծես արևն ընկղմվել էր ծովի մեջ: Էնդին լսում էր  խաղատանը նվագող խմբին՝ Փոլ Ուայթմանի նվագախմբին: Հանգստյան օրերն էին, պարզ և գեղեցիկ:
Նա դանդաղ քայլեց առանց որևէ տեղ շտապելու, կիթառի պատյանը ուսին՝ մտածելով՝ արդյոք պետք է գնալ խաղատուն՝ համերգից  ինչ-որ բան վերցնելու: Թերևես պետք է ինչ-որ բան սովորել:
Կամ գուցե՝ ոչ: Նա մեծ ուշադրություն չէր դարձնում Բիգ բենդին։ Մինչ ինքը կկարողանար մի քանի պայմանավորվածություն ձեռք բերել միայնակ երիտասարդի և նրա կիթառի համար,  շատերը դա կանեին մի ամբողջ նվագախմբի համար:
Այդ եռուն շրջանում ավելի շատ սովորելու համար պետք էր ավելի շատ լինել այնտեղ, հատկապես գիշերը, երբ Կառամատույցը փակվում էր, և հասարակ ժողովուրդն էլ արդեն քնած էր լինում: Դա հենց այն ժամն էր, երբ խմբավարը և նվագախմբի որոշ երաժիշտներ, որոնք ապրում էին երաժշտությամբ, ինչպես Էնդին, հավաքվում էին և սկսում նվագել: Բլյուզ, դե կար մի բան, որ երիտասարդը և նրա կիթառը կարող էին սովորել բլյուզից: Գուցե լավ կլինի՝ մտնի ու պարզապես նստի այնտեղ այս գիշեր: Ի վերջո, ոչինչ չունի անելու:
Հենց այս մտքերով էր Էնդին, երբ նկատեց աղջկան՝ իր հետևից աննկատ քայլելիս լեփլեցուն փողոցում, որոշակի հեռավորության վրա:
Շարունակությունը՝ հաջորդիվ։

Աղբյուրը

Թարգմանությունը՝ Մարիա Մարուքյանի
Խորհրդատու՝ Սիլվա Հարությունյան

0 մեկնաբանություն:

Post a Comment