Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, August 14, 2020

Ինքնասպան տղան. Ռաֆայել Դիեստե

 Թարգմանում են դասավանդողները

Երբ պանդոկպանը ավարտեց բոլորին անհանգստացնող լուրը կարդալը (մի տղա ինքնասպանություն էր գործել ՝ խփելով իր աջ քունքին) ,  անհայտ թափառաշրջիկը, որ նոր էր ավարտում իր խղճուկ ընթրիքը ձկնորսական պանդոկի  մի անկյունում, ասաց. 
-Ես գիտեմ այդ տղայի պատմությունը:
Նա արտասանեց տղա բառը շատ հատուկ ձևով: Այնպես, որ  շնապս  խմող չորս հոգին, ալբարինիո (իսպանական սպիտակ  գինի) խմող հինգ հոգին և պանդոկպանը լռեցին՝  անհանգիստ և ուշադիր լսելով:
-Ես գիտեմ այդ տղայի պատմությունը, - կրկնեց թափառաշրջիկը: Եվ փոքրիկ  դադարից հետո սկսեց.


-Մոտավորապես հազար ութ հարյուր երեսուն թվականն էր. մի օրհնված կին կար, որը հետագայում վախից մահացավ, որ տեսավ  մի  ծեր, մերկ տղամարդու, որը դուրս  էր գալիս իր գյուղի ծաղկուն և բուրավետ գերեզմանատնից: Այդ ծերուկը նորածին էր: Մայր երկրի արգանդը լքելուց առաջ նա ինքն էր  ընտրել  իր ծնվելու ձևը: «Ավելի   լավ է  ծերուկից երիտասարդ դառնալ , քան երիտասարդից ծերունի», -մտածել էր նա. մաքուր ոգի էր: Աստծուն զարմացրեց գաղափարը: Ինչու՞ չփորձել: Եվ այսպես, նրա համաձայնությամբ, երկրում ձևավորվեց մի կմախք: Եվ հետո որդի մսից պատրաստվեց տղամարդու մարմինը: Եվ  մարդու մարմնին տրվեց  արյան ջերմություն: Եվ քանի որ ամեն ինչ պատրաստ էր, մայր երկիրը ծնունդ տվեց: Ծնվեց մի մերկ ծերունի:
Թե ինչպես է ծերուկը հետագայում հագուստ և սնունդ գտել, շատ ծիծաղելի է: Նա հասել է քաղաքի դարպասներին, և քանի որ դեռ չգիտեր խոսել, շերիֆները նրա վրա թիկնոց գցելուց հետո տարել են դատավորի մոտ՝ իրենք հանդես գալով որպես վկաներ:
-Ահա Ձեզ մոտ ենք բերել այս խեղճ ծերունուն, որ կորցրել է խոսելու ունակությունը անխիղճ գողերից ստացած  հարվածների պատճառով։ Նույնիսկ առանց  հագուստի էին թողել:
Դատավորը հրամայեց, և ծերունուն տեղափոխեցին հիվանդանոց: Երբ նա դուրս եկավ՝ լավ հագնված և կուշտ , միանձնուհիներն ասացին.
- Նա լավ տեսք ունի: Նույնիսկ թվում է, թե տարիքով հետ է գնացել:
Այդ ժամանակ նա արդեն սովորել էր ինչ-որ բան խոսել և շուտով դարձավ  թափառաշրջիկ: Այսպիսով նա շատ երկրներ այցելեց: Երկու անգամ եղավ Լուրդեսում․ երկրորդ այցելության ժամանակ այնքան էր երիտասարդացել, որ առաջին անգամ նրան հանդիպածները կարծում էին, թե հրաշք է կատարվել:
Երբ նա բավականաչափ փորձառություն ձեռք բերեց, մտածեց, որ ավելի  լավ է գաղտնի պահել, որ տարիները իրեն ավելի երիտասարդ են  դարձնում: Առանց դրա նա կարող էր ավելի լավ ապրել իր իսկական կյանքը, եթե չլինեին մեկ կամ երկու հավատարիմ ընկերները։
Նա աշխատեց որպես ծեր մարդ և հարստացավ, որպեսզի   հանգստանա երիտասարդ տարիքում: Հիսունից տասնհինգ տարեկան հասակում նա իր ուզած երջանիկն էր: Ամեն օր ավելի ու  ավելի էր դուր գալիս աղջիկներին, կապված էր շատերի հետ, ամենագեղեցիկների հետ, նույնիսկ, ասում են, արքայադստեր հետ ... բայց ես դրանում վստահ չեմ:
Երբ նա դարձավ երեխա, կյանքը սկսեց բարդանալ: Նրան վախեցնում էր այն զարմանքը, որով իրեն էին նայում, երբ այդքան ազատորեն մտնում էր խանութներ՝ քաղցրավենիք և խաղալիքներ գնելու: Երբեմն գրպանհատները նրան հետևում էին  ոլորուն փողոցներում: 
Մի անգամ  էլ նա կերավ իր քաղցրավենիքը՝ դողալով անարդարությունից,  արցունքներն աչքերին և օշարակը շուրթերին: Վերջին անգամ, երբ ես հանդիպեցի նրան, նա ութ տարեկան էր և շատ տխուր էր: Որքան ծանր էին նրա ծերության հիշողությունները նրա մանկական հոգու վրա։
Այնուհետև հսկայական մոլուցքը սկսեց հետապնդել նրան օր ու գիշեր: Մի քանի տարի անց նրան գտնելու էին մոլորված-մնացած  ինչ-որ փողոցում: Միգուցե ինչ-որ հարուստ, երեխա չունեցող մի տիկին:  Հետո ... Ո՞վ գիտի, թե ինչ կլինի հաջորդ օրը: Կրծքով կերակրում, զամբյուղով զբոսանք, քնքուշ փոքրիկ՝ ձեռքին շխշխկան: Եվ վերջում ... Օ!: Վերջը սարսափելի էր:
Ավարտին էր մոտենում մի մարդու  ճակատագիր, ով ապրում էր հետընթացով, և նա ապաստան էր  գտնելու մեծահարուստ տիկնոջ կրծքին, երբ նա քնած  կլիներ,  սպասելով  մինչև որ կվերածվի տզրուկի, հետո՝ դիակի , ապա ՝ փոքրիկ սերմի ...
Թափառաշրջիկը  մտածկոտ  ոտքի կանգնեց` ձեռքերը գրպանում, և սկսեց քայլել շատ դառնացած: Վերջապես  ասաց.
-Ես նկատի ունեմ, այո՛, նկատի ունեմ, որ խեղճ տղան ինքն իր քունքին կրակեց:
Շնապս խմող  չորս հոգին հավատում էին: Այն հինգը, որ ալբարինիո էին խմում ժպտացին և կասկածեցին: Պանդոկապանը ժխտեց պատմության իսկությունը: Երբ բոլորը թեժ վիճաբանում էին, պանդոկպանը հանկարծ վեր կացավ  և աչքերը չռած նայեց շուրջը: Թափառաշրջիկն անհետացել էր՝ առանց վճարելու։

Բնագիրը

Բնագրից թարգմանությունը՝ Ռուզան Սարգսյանի


0 մեկնաբանություն:

Post a Comment