Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, November 23, 2016

Խելքից դուրս ճիշտ հոդված, որը թափանցում է մինչև հոգուդ խորքը

Երբ 70-80-ականների հանրահայտ սրախոս ու սատիրիկ Ջորջ Կարլինի կինը մահացավ, նա գրեց այս չափազանց արտահայտիչ հոդվածը, որ տեղին է նաև այսօր։


«Մեր ժամանակների պարադոքսն այն է, որ ունենք բարձր կառույցներ, բայց համբերության ցածր մակարդակ, լայն մայրուղիներ, բայց նեղ մտածողություն։ Մենք շատ ենք ծախսում, բայց  քիչ ենք ուրախանում։ Ունենք մեծ տներ, բայց փոքր ընտանիքներ, լավ հարմարավետություն, բայց սուղ ժամանակ։ Լավագույն կրթությունն ունենք, բայց քիչ խելամտություն, լավագույն գիտելիքն ունենք, բայց ավելի վատ ենք գնահատում պահը։ Ունենք շատ փորձագետներ, բայց և շատ խնդիրներ, լավ առողջապահություն, բայց վատ առողջություն։ Չափազանց շատ ենք խմում , չափազանց շատ ենք ծխում, ծախսում ենք չափազանց անպատասխանատու ձևով, ծիծաղում ենք չափազանց քիչ, մեքենա ենք վարում չափազանց արագ, զայրանում ենք չափազանց հեշտ։ Պառկում ենք քնելու չափազանց ուշ, արթնանում ենք չափազանց հոգնած։ Չափազանց քիչ ենք կարդում, չափազանց շատ ենք հեռուստացույց դիտում և հազվադեպ ենք աղոթում։
Հավակնությունները մեծացրել ենք, բայց կրճատել ենք արժեքները։ Չափազանց շատ ենք խոսում, խիստ հազվադեպ ենք սիրում և խիստ հաճախ ատում։ Գիտենք՝ ինչպես գոյատևենք, բայց չգիտենք՝ ինչպես ապրենք։ Տարիներ ենք ավելացնում մարդկային կյանքին, բայց այդ տարիներին կյանք չենք ավելացնում։
 Հասել ենք Լուսին ու հետ եկել , բայց շատ դժվարությամբ ենք փողոցն անցնում ու ծանոթանում նոր հարևանի հետ։ Գրավում ենք տիեզերական, բայց ոչ հոգևոր տարածություններ։ Կատարում ենք մեծ, բայց ոչ լավագույն գործերը։ Մաքրում ենք օդը, բայց կեղտոտում ենք հոգին։ Մեզ ենք ենթարկել ատոմը, բայց ոչ՝ մեր նախապաշարումները։ Շատ ենք գրում, բայց քիչ բան ենք իմանում։
Ծրագրում ենք շատ, բայց հասնում ենք քչին։ Սովորել ենք շտապել, բայց՝ ոչ սպասել։ Ստեղծում ենք նոր համակարգիչներ, որոնք ավելի շատ տեղեկություն են պահում և պատճենների հեղեղ են ժայթքում՝ որքան հնարավոր է՝ արագ, բայց շփվում ենք ավելի ու ավելի քիչ։ Սա ոտքի վրա սնվելու ու վատ մարսողության ժամանակն է, մեծ մարդկանց և խղճուկ հոգիների, արագ հարստացման և դժվար փոխհարաբերությունների։Սա ընտանեկան եկամուտների աճի և ընտանիքների փլուզման ժամանակն է, գեղեցիկ տների և կործանված ընտանեկան օջախների։ Կարճ տարածությունների, միանգամյա բարոյականության ժամանակն է ու մի գիշերով կապերի, որ քաշից զուրկ են, և հաբերի, որ ամեն ինչ անում են՝ ոգևորում են մեզ, հանգստացնում, սպանում։ Սա ժամանակն է լեցուն ցուցափեղկերի ու դատարկ պահեստների։ Սա ժամանակաշրջան է, երբ տեխնոլոգիան օգնում է , որ այս նամակը հասնի ձեզ և միևնույն ժամանակ թույլ է տալիս տարածել այն կամ ուղղակի սեղմել «Delete»։
Հիշեք, շատ ժամանակ տրամադրեք նրանց, ում սիրում եք, քանի որ միշտ չէ, որ նրանք ձեզ հետ են լինելու։
Հիշեք ու ջերմորեն գրկեք մտերիմ մարդուն, որովհետև դա միակ գանձն է, որ կարող եք սրտանց տալ, և դա գրոշի ծախս էլ չունի։
Հիշեց և ձեր սիրելիներին ասեք՝ «սիրում եմ», բայց նախ իսկապես ունեցեք այդ զգացումը։
Համբույրն ու գրկախանումը կարող են հարթել ցանկացած տհաճ բան, եթե ի սրտե են։
Հիշեք և միմյանց ձեռքը բռնեք, գնահատեք այն պահերը, որ միասին եք, որովհետև մի օր այդ մարդն էլ ձեր կողքին չի լինի։
Սիրո համար ժամանակ գտեք, շփման համար ժամանակ գտեք և ժամանակ գտեք ասելու այն, ինչ ուզում եք ասել։

Կյանքը չափվում է ոչ թե շնչելու ու արտաշնչելու քանակով, այլ այն պահերով, երբ շունչդ կտրվում է։


Թարգմանությունը՝ Նինա Կարապետյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment