Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, May 6, 2022

Երեքը երջանիկ թիվ է․ Մարգրեթ Էլլինգհեմ

 


Սեպտեմբերյան մի oր՝ ցերեկվա ժամը հինգին, Ռոնալդ Թորբեյը իր երրորդ սպանության պատրաստությունն էր տեսնում։ Նա շատ զգուշավոր էր․հասկացել էր, որ մարդ սպանելը դառնում է վտանգավոր, եթե հաճախ ես դա անում։ Նա վերջերս վարձած տան լոգարանում էր։ Մի պահ կանգ առավ` հայելու մեջ նայելու համար։ Դեմքը, որն այնտեղից նայում էր նրան, նիհար էր, միջին տարիքի և գունատ: Մուգ մազեր, մեծ ճակատ և լավ ձևավորված կապույտ աչքեր։ Միայն շուրթերն էին արտասավոր՝ բարակ և բավականին ուղիղ։ Նույնիսկ ինքը՝ Ռոնալդ Թորբեյը, չէր հավանում իր սեփական շուրթերը։

Խոհանոցից եկող ձայնը անհանգստացրեց նրան։ Հանկարծ Էդիթը չգա՞ վերև՝ լոգանք ընդունելու, նախքան ինքը պատրաստած կլինի ամեն ինչ։ Ո՛չ, ամեն ինչ կարգին էր, կինը դուրս եկավ հետևի դռնից: Ռոնալդը պատուհանից տեսավ, թե ինչպես Էդիթը, տան կողքով անցնելով, անհետացավ փոքրիկ այգում։ Այգին հար նման էր բոլոր այն այգիներին, որոնք գտնվում էին այդ փողոցում: Ռոնալդը չէր ուզում, որ Էդիթը այնտեղ մենակ գնա։ Էդիթը անվճռական անձնավորություն էր, բայց հիմա նոր մարդիկ էին եկել բնակվելու հարևան տանը ու վտանգ կար, որ ինչ-որ մի հիմար կին կցանկանար ընկերանալ Էդիթի հետ։ Ռոնալդը չէր ուզում դա այդ պահին։

          

Նրա երեք ամուսնություններն էլ ընթացել էին նույն ձևով։ Օգտագործելով կեղծ անուն՝ հանգստյան օրերին նա գնում էր այնպիսի վայր, որտեղ իրեն ոչ ոք չէր ճանաչում։ Այնտեղ գտնում էր միջին տարիքի, անհրապույր կին՝ իր սեփական փողով և առանց ընտանիքի։ Ռոնալդը առաջարկում էր նրան ամուսնանալ իր հետ, և նա համաձայնում էր կտակել իր ամբողջ կարողությունը Ռոնալդին։ Նրա նախկին երկու կանայք էլ էին անվճռական: Ռոնալդը շատ զգուշորեն էր ընտրում ճիշտ տիպի կանանց՝ այնպիսի մեկին, ով նոր վայրում արագ չէր ձեռք բերում ընկերներ։

Մերին՝ նրանցից առաջինը, գրեթե աննկատ էր ենթարկվել «դժբախտ պատահարի»

իր վարձակալած տան լոգարանում՝ շատ նման այս մեկին, բայց Անգլիայի հյուսիսում հարավի փոխարեն։ Ոստիկանները ոչ մի վատ բան չեն հայտնաբերել։ Միակ

հետաքրքրված անձը մի երիտասարդ թղթակից էր տեղական թերթից: Նա ինչ-որ բան էր գրել մահվան մասին, որը խաթարել էր երջանկությունը, և հրապարակել էր Մերիի հարսանիքի լուսանկարները, ինչպես նաև նրա հուղարկավորության, որը տեղի էր ունեցել հարսանիքից ընդամենը երեք շաբաթ անց:

Դորոթին նրան մի քիչ ավելի շատ էր անհանգստություն պատճառել։ Ճիշտ չէր, որ նա աշխարհում բոլորովին մենակ էր, ինչպես ինքն էր ասել։ Հուղարկավորության ժամանակ հայտնվել էր եղբայրը և բարդ հարցեր էր տվել նրան փողի մասին։ Դատական գործ էր եղել, բայց Ռոնալդը շահել էր այն, և ապահովագրական ընկերությունը վճարել էր նրան գումարը։ Այդ ամենը չորս տարի առաջ էր։ Այժմ նոր անունով, նոր հորինված ծագմամբ և աշխատանքի այլ բնագավառով նա իրեն բավականին ապահով էր զգում: Այն պահից, երբ տեսավ Էդիթին՝ մենակ նստած ծովափնյա հյուրանոցի ռեստորանում՝ մի փոքրիկ սեղանի շուրջ, հասկացավ, որ նա իր հաջորդ «թեման» է: Կնոջ դեմքից երևում էր, որ երջանիկ չէ։ Նա նաև տեսավ, որ Էդիթը թանկարժեք մատանի էր դրել։ Ճաշից հետո խոսեց Էդիթի հետ։ Սկզբում կինը չցանկացավ խոսել, բայց ի վերջո իրեն հաջողվեց զրույց սկսել։ Դրանից հետո ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես ակնկալում էր։ Նրա մեթոդները հնաոճ ու ռոմանտիկ էին, և մեկ շաբաթ անց Էդիթը սիրահարված էր։ Նրա անցյալը շատ հարմար էր Ռոնալդի նպատակների համար: Տասը տարի աղջիկների դպրոցում դասավանդելուց հետո նա գնացել էր տուն՝ հիվանդ հորը խնամելու, և մնացել էր հոր մոտ մինչև նրա մահը։ Այժմ՝ քառասուներեք տարեկանում, նա մենակ էր, շատ փողով և չգիտեր ինչ անել, ինչպես ապրել: Նրանց ծանոթությունից հինգ շաբաթ անց Ռոնալդն ամուսնացավ նրա հետ այն քաղաքում, որտեղ նրանք երկուսն էլ եկվոր էին:

Նույն օրը՝ կեսօրին, նրանք երկուսն էլ կտակ գրեցին՝ ողջ ունեցվածքը թողնելով միմյանց: Ապա նրանք տեղափոխվեցին այն տուն, որը Ռոնալդը վարձել էր էժան գնով, քանի որ արձակուրդի ժամանակաշրջանն ավարտվել էր: Դա ամենահաճելին էր իր ամուսնություններից: Նա Էդիթին համարում էր կենսուրախ և անգամ բավականին խելամիտ մարդ, բացառությամբ նրա, որ այդ կնոջ կողմից հիմարություն էր հավատալը, թե տղամարդը կսիրահարվի իրեն առաջին հայացքից: Ռոնալդը գիտեր, որ ինքը չպիտի սխալվի, չպիտի խղճա Էդիթին: Ռոնալդը սկսեց պլաններ կազմել, ինչպես ինքն էր դա կոչում, «Էդիթի ապագայի» համար: Երկու բան Ռոնալդին ստիպեց դա անել ավելի շուտ, քան նախատեսում էր: Առաջինն այն էր, որ Էդիթը հրաժարվում էր խոսել իր ունեցվածքի մասին: Նա իր բոլոր փաստաթղթերը պահում էր գրասեղանի դարակում՝ փակի տակ, և հրաժարվում էր քննարկել դրանք: Մյուս մտահոգությունը Էդիթի անհարկի հետաքրքրությունն էր իր աշխատանքի նկատմամբ: Ռոնալդը Էդիթին ասել էր, որ ինքը ինժեներական ընկերության բաժնետեր է, ինչը նրան բացակայելու համար երկար ժամանակ էր տալիս: Էդիթը հավատացել էր պատմությանը, բայց նա շատ հարցեր էր տալիս և ցանկանում էր այցելել նրա գրասենյակ ու գործարան:

Այսպիսով, Ռոնալդը որոշել էր, որ ժամանակն է գործելու։ Նա շրջվեց պատուհանից և սկսեց ջուր լցնել լոգարանի մեջ: Ռոնալդը նկատել էր, որ սիրտը արագ է բաբախում: Նրան դա դուր չեկավ: Ինքը պետք է հանգիստ լիներ: Լոգարանը միակ տարածքն էր, որ նրանք նորոգել էին։ Ռոնալդը ինքն էր դա արել՝ տեղափոխվելուց անմիջապես հետո: Նա նաև փոքրիկ դարակ էր դրել լոգարանի վերևում, որտեղ պահվում էին նրանց շշերն ու քսուքները և մի փոքրիկ էլեկտրական ջեռուցիչ։ Դա էժան էր, ուներ երկու ձող, սպիտակ էր, ինչպես պատերը, և ոչ այդքան նկատելի: Լոգարանում Էլեկտրական վարդակ չկար, բայց նա կարող էր միացնել ջեռուցիչը վարդակին դռան ետևի կողմից: Ռոնալդը միացրեց ջեռուցիչը և սպասեց մինչև ձողերը կարմրեն և տաքանան: Հետո նա դուրս եկավ լողասենյակից: Տան ողջ էլեկտրականության կարգավորիչները աստիճանների վերևում գտնվող պահարանում էին: Ռոնալդը զգուշորեն բացեց դուռը և վեր բարձրացրեց բռնակը, որն անջատեց էլեկտրականությունը (նա ձեռքին շոր էր փաթաթել՝ մատնահետքեր չթողնելու համար):

Լողասենյակ վերադառնալով՝ նա տեսավ, որ ջեռակի ձողերը սևացել են։ Շորը դեռևս ձեռքին փաթաթած՝ նա հանեց ջեռակը դարակից և դրեց լոգատաշտի հատակին՝ ջրի մեջ: Իհարկե, դա դեռևս երևում էր: Թվում էր, թե այն պատահաբար էր ընկել դարակից։

Էդիթը վերադառնում էր այգուց։ Նա լսում էր, թե ինչպես է Էդիթը ինչ-որ բան դուրս բերում խոհանոցի դռնից։ Ռոնալդը գրպանից հանեց մի փոքրիկ պլաստիկե շիշ և սկսեց նորից կարդալ հետևի ցուցումները։

Հետևից լսվող մի թույլ ձայն ստիպեց նրան հանկարծ շրջվել։ Ընդամենը երկու մետր հեռավորության վրա Էդիթի գլուխն էր, որը երևում էր լոգարանի պատուհանի տակ գտնվող խոհանոցի հարթ տանիքից։ Նա չորացած տերևներն էր մաքրում տանիքից և հավանաբար կանգնած էր սանդուղքի վրա, որը դրված էր խոհանոցի դռան մոտ:

Նա իրեն շատ հանգիստ պահեց։

-Ի՞նչ ես անում այդտեղ, սիրելի՛ս:

Էդիթը այնքան զարմացավ, որ քիչ էր մնում ընկներ աստիճանից։

-Օ՜, դու ինձ վախեցրիր։ Ես մտածեցի, որ նախքան պատրաստվելը կարող եմ անել այս փոքրիկ աշխատանքը։

-Բայց ես գեղեցիկ լոգանք եմ պատրաստում քեզ համար:

-Դու սիրում ես վերցնել բոլոր դժվարությունները քո ուսերին, Ռոնա՛լդ։

-Բոլորովին էլ ոչ։ Այս երեկո ես քեզ տեղ եմ տանելու և ուզում եմ, որ դու շատ գեղեցիկ լինես։ Շտապի՛ր, սիրելի՛ս։ Պղպջակները երկար չեն դիմանա և բոլոր այս գեղեցիկ նախապատրաստությունները, այս մեկը՝ թանկ․․․Գնա, հանվիր և ուղիղ արի այստեղ։

-Լավ, սիրելի՛ս։

Էդիթը սկսեց իջնել սանդուղքից։

Ռոնալդը բացեց փոքրիկ շիշը և հեղուկը լցրեց լոգարանի մեջ։ Նա նորից միացրեց ջուրը, և մի պահ լոգարանը լցվեց պղպջակներով՝ վարդերի սուր բուրմունքով։ Պղպջակները ամբողջովին ծածկեցին փոքրիկ ջեռակը՝ ծածկելով  նույնիսկ  շուրջ բոլորը։

Էդիթը դռան մոտ էր։

-Օ՜, Ռոնալդ, դա ամենուրեք է, նույնիսկ հատակին:

-Կարևոր չէ, արագ ներս մտի՛ր, քանի դեռ դրանք չեն կորցրել իրենց ուժը: Ես հիմա գնամ, փոխվեմ: Գնա՛  լոգանք ընդունիր: Դա քո մաշկին մի քիչ երանգ կտա։

Նա դուրս եկավ և կանգ առավ՝ ականջ դնելով։ Էդիթը իր ետևից փակեց դուռը, ինչպես ակնկալվում էր։ Ռոնալդը դանդաղ քայլերով գնաց դեպի էլեկտրականության կարգավորիչները և իրեն ստիպեց ևս մեկ րոպե սպասել։

-Ինչպե՞ս է,- հարցրեց Ռոնալդը։ Դեռ չգիտեմ, հենց նոր եմ մտել լոգատաշտ, հրաշալի է բուրում։

Նրա ձեռքը՝ շորով փաթաթած, կարգավորիչների վրա էր։

-Մեկ, երկու ․․․ երեք,- ասաց նա և բռնակը քաշեց։

Ետևի վարդակից եկող փոքրիկ պայթունը հուշեց նրան, որ հոսանքը անջատվեց։ Հետո ամեն ինչ լռեց։ Որոշ ժամանակ անց նա գնաց, թակեց լոգասենյակի դուռը։

– Էդի՞թ։

Պատասխան չկար, ոչ մի ձայն, ոչինչ։

Հիմա Ռոնալդը պետք է անցներ երկրորդ քայլին։ Նա գիտեր, որ մի փոքր դժվար է լինելու։ Պետք է դիակի հայտնաբերում արվի, բայց ոչ շատ շուտ։ Նա նման սխալ թույլ էր տվել Դորոթիի դեպքի ժամանակ, և ոստիկանությունը հարցրել էր նրան, թե ինչո՞ւ էր այդքան շուտ անհանգստացել։ Այս անգամ նա որոշեց կես ժամ սպասել, այնուհետև բարձր թակել լոգասենյակի դուռը, կանչել հարևաններին և ուժով բացել դուռը։ Կար մի բան, որ ինքը ուզում էր անել հիմա։ Էդիթի կաշվե թղթապանակը, որը պարունակում էր բոլոր նրա անձնական փաստաթղթերը, դրված էր մի դարակում, որտեղ նա պահում էր իր բլուզները։ Ռոնալդը պարզել էր դա որոշ ժամանակ առաջ, բայց չէր կոտրել փականը, որպեսզի չվախեցնի նրան։ Իսկ հիմա ոչինչ չէր խանգարում։

Նա լուռ գնաց ննջարան և բացեց դարակը։ Թղթապանակը այնտեղ էր։ Փականը բացելը շատ ավելի դժվար էր, քան նա սպասում էր, բայց վերջապես կարողացավ բացել այն։ Այնտեղ մի քանի ֆինանսական փաստաթղթեր էին․ մեկ կամ երկու հաստ ծրարներ և այս բոլորի վերևում նրա խնայողությունների գրքույկը։ Նա բացեց այն դողացող մատներով և սկսեց կարդալ թվերը – £17,000 . . . £18,600 . . . £21,940 . . .Նա շրջեց էջը և սիրտը խելագար թպրտում էր։

Սեպտեմբերի 4-ին Էդիթը գրեթե ամբողջ գումարը հանել էր իր խնայողական հաշվից:

Միգուցե այստե՞ղ է՝ այս հաստ ծրարների մեջ։ Նա բացեց մեկը՝ թղթեր, նամակներ, փաստաթղթեր ընկան հատակի վրա։ Հանկարծ նա տեսավ մի ծրար, որի վրա գրված էր իր անունը, ներսը՝ Էդիթի գրությունը։ Նա բացեց այն և զարմացավ՝ տեսնելով, որ

նամակի ամսաթիվը ընդամենը երկու օր առաջվա էր:

«Թանկագի՛ն Ռոնալդ,

Եթե երբևէ կարդաս սա, վախենամ, որ դա քեզ համար սարսափելի ցնցում լինի: Հուսով էի, որ հարկ չի լինի գրել, բայց հիմա քո պահվածքը

ինձ ստիպեց առերեսվել որոշ տհաճ հավանականությունների։

Չէի՞ր գիտակցում, Ռոնա՛լդ, որ միջին տարիքի ցանկացած կին, ով

շտապել էր ամուսնանալ անծանոթի հետ, ինքն իրեն հարց կտար՝ իր ամուսնու իր հետ ամուսնանալու պատճառի մասին։ Սկզբում կարծում էի, որ սիրահարվել եմ քեզ, բայց երբ դու ինձ խնդրեցիր կազմել կտակս հենց մեր հարսանիքի օրը, ես սկսեցի անհանգստանալ: Եվ հետո, երբ դու սկսեցիր փոփոխություններ կատարել այս տան լոգարանում, ես որոշեցի արագ գործել։ Այսպիսով, ես գնացի ոստիկանություն: Դու նկատե՞լ ես՝ հարևանները, որ տեղափոխվել են հարևան տուն, երբեք չեն խոսել քեզ հետ: Դե, նրանք ամուսիններ չեն, այլ տեսուչ ու ոստիկան։ Ոստիկանուհին ցույց տվեց ինձ երկու կտոր հին թերթերից, երկուսն էլ այն կանանց մասին, ովքեր մահացել էին ամուսնությունից անմիջապես հետո՝ իրենց լոգարանում տեղի ունեցած դժբախտ պատահարներից: Այդ երկու թերթերի նկարներում էլ կար ամուսնու լուսանկարը հուղարկավորության ժամանակ: Նրանք այնքան էլ պարզ չէին, բայց ես կարողացա ճանաչել քեզ: Այսպիսով, ես հասկացա, որ պարտավոր եմ համաձայնել և անել այն, ինչ տեսուչն է խնդրում: Ոստիկանությունը, երբ նրա երկրորդ կնոջ եղբայրը տրամադրել էր նրանց լուսանկարները, փնտրում էր այդ տղամարդուն։ Տեսուչն ասաց, որ ոստիկանությունը պետք է վստահ լինի, որ դու մեղավոր ես։ Քեզ պետք է տրվեր հանցագործությունը կրկին փորձելու հնարավորություն։ Դրա համար ես ինձ ստիպեցի լինել խիզախ, որպիսզի խաղամ իմ դերը:

Ես ուզում եմ քեզ մի բան ասել, Ռոնա՛լդ: Եթե մի օր կորցնես ինձ, ի նկատի ունեմ՝ երբ չեմ լինի լոգարանում, իմացիր, որ ես գնացել եմ խոհանոցի տանիքով և նստած եմ հարևան տան խոհանոցում։ Ես հիմար էի, որ ամուսնացա քեզ հետ, բայց ոչ այնքան հիմար, որքան կարծում ես դու։

Քո՝ ԷԴԻԹ»։

Ռոնալդի բերանը ավելի տգեղ էր քան երբևէ, երբ նա ավարտեց կարդալ նամակը։ Տանը դեռ լուռ էր։ Բայց լռության մեջ նա լսեց հետևի դռան բացվելու ձայնը, և ծանր ոտնաձայները, որոնք շտապում էին աստիճաններով վեր՝ դեպի ինքը։

 Բնագիրը

Թարգմանությունը՝ Ընտրությամբ անգլերենի խմբի՝
Էլեն Կարապետյանի, Հայկ Մարկոսյանի, Արևիկ Արզումանյանի, Անի Ապրոյանի

Խորհրդատու՝ Սիլվա Հարությունյան

0 մեկնաբանություն:

Post a Comment