Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, November 1, 2016

Կարո՞ղ է արդոք դատարկ խոսակցությունը մեզ դարձնել ավելի երջանիկ

«The Atlantic» պարբերականի խմբագրի օգնական Ստեֆանի Խայեսը շփումների ժամանակակից հետազոտությունների վերլուծություն է կատարում և պատմում է, թե ինչու ըստ վարկանիշային աղյուսակի թիկնապահի, բեռնատար մեքենաների վարորդի և վաճառողի աշխատանքները միշտ ընկնում են ամենաթշվառ մասնագիտությունների շարքը, ինչ դեր է մեր կյանքում խաղում դատարկ զրույցը,  և ինչպես են թեթև ասեկոսեները, որոնք մենք այնպես արհամարհում ենք, օգնում մեզ դառնալու ավելի երջանիկ և մտերմանալու մարդկանց հետ:

Թիկնապահ, բեռնատար մեքենայի վարորդ, վաճառող. տարեցտարի այս զբաղմունքները հայտնվում են ամենաթշվառ մասնագիտությունների ցանկում: Չնայած շատ գործոններ կարող են աշխատանքը ձանձրալի դարձնել՝ անհարմար գրաֆիկը, ցածր աշխատավարձը, կարիերայի աճի բացակայությունը, այս երեք մասնագիտությունները տարբերվում են ուրիշ պատճառով. նրանք բնութագրվում են կամ շփման բացակայությամբ, կամ պարտադիր, բայց անիմաստ խոսակցության առկայությամբ:
Հոգեբանները վաղուց են ասում, որ ուրիշների հետ շփումը գլխավոր տեղ է գրավում բարեկեցության խնդրում, բայց հարցը, թե ինչքան շփում է մեզ պետք, մինչև հիմա մնում է անպատասխան: Մի հետազոտության ժամանակ գիտնականները չորս օրվա ընթացքում գաղտնալսում էին ուսանողներին, հետո դասակարգում էին ամեն լսած խոսակցությունը կամ որպես «թեթև /դատարկ» («ին՞չ կա-չկա, ադիբուդի՞, նյամ-նյամ»), կամ որպես «էական» խոսակցությունուրեմն՝ նրանք շուտով ամուսնալուծվելո՞ւ են»):
Հետազոտողները պարզել են, որ երկրորդ տեսակը հարաբերակցվում է երջանկության հետ. ավելի երջանիկ ուսանողները մոտ երկու անգամ ավելի շատ էական խոսակցություններ են ունեցել, քան ավելի քիչ երջանիկները: Դատարկ զրույցը կազմում էր նրանց շփման միայն 10 տոկոսը. համեմատության համար ասենք, որ ավելի քիչ բավարաված ուսանողնների շարքում կազմում է խոսակցությունների համարյա 30 տոկոսը։
Բայց չարժե դեռ հաշվից հանել բարձրաշխարհիկ թեթև բամբասանքը: Գիտնականները համարում են, որ մանրուքների մասին խոսակցությունները, որոնք լեզվաբանները բնորոշում են որպես «ֆատիկական շփման» ձև, կարող են ամրացնել կապերը: Անցած տարվա վերջում Պրինսթոնի հետազոտողները հայտնեցին, որ կատվալեմուրները օգտագործում են մարդկային դատարկախոսությանը  նման «կանչ-պատասխան» տեսակի հաղորդակցումը այն կենդանիների հետ, որոնց հետ հաճախ սիրախաղ են անում: Դա խոսում է նրա մասին, որ թեթև խոսակցությունները կարող են սատարել մտերմիկ կապերը ընկերների և հարազատների միջև, և այդ շփումը պարզապես անծանոթ մարդկանց հետ բառերի անհարմար փոխանակումների առարկան չէ:
Բացի այդ՝ բարեկամական կատակները անծանոթ մարդկանց հետ ընդունակ են գունավորելու ձեր օրն առավոտից: Գիտափորձերի շարքում հոգեբանները խնդրեցին Չիկագոյի մերձքաղաքային գնացքների ուղևորներին, որ ավելի շատ խոսեն գնացքի մյուս ուղևորների հետ, մի խոսքով՝ անեն այն, ինչը նրանք, որպես կանոն, խուսափում են անել: Նրանք, ովքեր շփվում էին մյուս ուղևորների հետ, խոսում էին ավելի հաճելի ճանապարհորդության մասին, համեմատած նրանց հետ, ովքեր նախընտրեցին «վայելել մենակությունը» կամ անել այն, ինչ սովորաբար էին անում: Խոսողներից ոչ ոք չասաց, որ մերժել են իր զրուցելու հրավերը: Էքստրավերտների և ինտրավերների արդյունքները նման էին. ըստ երևույթին էքստրավերտային ակտիվությունը դրական ազդեցություն է ունենում ինտրավերտների վրա:
Դատարկ խոսակցությունը նաև օգնում է մեզ շրջապատի հետ կապը զգալու: Մարդիկ, որ ժպտում էին և ստեղծում տեսողական շփում կարճ խոսելու ընթացքում, ասում էին հարազատության ավելի մեծ զգացումի մասին, քան նրանք, ովքեր գնացին առանց շփման: Բացի այդ՝ դեռ չհրապարակված մի աշխատության մեջ ապացուցվում է, որ երբ կամավորները խախտում էին ժամանակակից Թեյթ պատկերասրահի (Tate Modern) լռությունը, որ շփվեն այցելուների հետ, հյուրերն իրենց ավելի ուրախ էին զգում և ավելի սերտ կապվածություն էին զգում ցուցադրության հետ, քան նրանք, ում չեն մոտեցել։
Իհարկե, մեզանից ոմանց ավելի լավ է հաջողվում իրենից ոչինչ չներկայացնող թեթև խոսակցությունը դարձնել ավելին։ Մի գիտափորձի ժամանակ մարդիկ, որոնք հետազոտողների կողմից որակվում էին որպես «պակաս հետաքրքրասեր», դժվարանում էին ոչնչով չպարտավորեցնող զրույց ծավալելու, միևնույն ժամանակ, այլ մարդկանց հետ մտերմանալու հարցում մեծ հաջողություն ունեին, երբ նրանց այնպիսի հարցեր էին տալիս, որոնք հանգեցնում էին անհատի բացահայտմանըԴու ե՞րբ ես վերջին անգամ արտասվել ինչ-որ մեկի առջև»): Բայց մարդիկ, որ ճանաչվել էին որպես «հետաքրքրասեր», ավելի հեշտությամբ էին առօրյա խոսակցությունները վերածում մտերմիկ փոխազդեցության։ Այսպիսով, ինչպես եզրակացնում են հետազոտողները, «հետաքրքրասեր միտքը» կարող է հանգեցնել « սոցիալական դրական փոխգործողության»։

Այնպես որ, առա՛ջ, հետաքրքրվե՛ք։ Դատարկ զրույցներն այդքան էլ դատարկ բան չեն։ Եվ ուրիշի գործերի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելն այդքան էլ վատ չէ։


Թարգմանությունը՝ Անի Ջանոյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment