Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, February 18, 2017

Երկու կյանք

(մաս երրորդ)

Հաջորդ մի քանի ամսվա ընթացքում կյանքն ընթանում էր միևնույն ձևով: Երբ Եվրոպայում պատերազմը ավարտվեց, Թրեդոնալդի փողոցներում ուրախ տոնակատարություններ եղան: Բոլորը հույս ունեին, որ կյանքը շատ ավելի կհեշտանա, բայց այդպես չեղավ: Մարդիկ, ինչպես միշտ, աշխատում էին տքնաջան, և խանութներում դեռևս շատ քիչ բան կար գնելու:

Մեգանը և Հյուն որքան կարող էին, շատ ժամանակ էին անցկացնում միասին, երկար զբոսնում էին երեկոյան կամ հաճախում էին գյուղի՝ Շաբաթ երեկոյի պարահրապարակ:
-Կպարե՞ս ինձ հետ շաբաթ օրը, Հյո՛ւ,- բլրի գագաթից գյուղին նայելով՝ հարցրեց Մեգանը, երբ նստած էին միասին:
- Իհարկե, եթե դու ուրիշների հետ պարելիս չլինես,-պատասխանեց նա:
Հյուն սիրում էր պարել Մեգանի հետ: Միայն այդ ժամանակ նա կարող էր մարդկանց աչքի առաջ գրկել աղջկան: Եվ զգույշ լինելու դեպքում նրանք կարող էին միասին քայլելով տուն գնալ: Կարողանում էին թաքցնել իրենց սերը, բայց դրա համար ստիպված էին պարել այլ մարդկանց հետ նույնպես: Հյուն տհաճությամբ էր նայում, թե ինչպես էին ուրիշ մարդիկ Մեգանի հետ պարում:
-Իսկ դո՞ւ,-ասաց Մեգանը։ -Դու անցյալ ամիս անվերջ պարում էիր Ռուդ Հուիքինսի հետ և ամբողջ ժամանակ ծիծաղում էիր:
Հյուն նույնպես հիշում էր այդ երեկոն: Եվ նա զվարճանում էր՝ տեսնելով, թե ինչպես է Մեգանը նայում իր և Ռուդի պարելուն: Եվ այդ երեկո նրանք լուռ էին քայլում դեպի տուն:
Ձմռանը զբոսնելը դժվար էր դառնում: Մութ էր լինում, երբ Հյուն ավարտում էր իր աշխատանքը, և ցուրտ եղանակ էր: Ամեն անգամ, երբ նա գնում էր խանութ, պարոն Ջենկինսը այնտեղ էր լինում:
-Ես կուզեի, որ մենք մի տաք տեղ գնայինք,- ասաց Մեգանը փետրվարյան մի ցուրտ, քամոտ օր:
-Ի՞նչ ես անում շաբաթ երեկոյան, - հարցրեց Հյուն:
-Ոչինչ , կա՛մ դաս եմ անում, կա՛մ օգնում եմ տանը: Ինչո՞ւ ես հարցնում:
-Ի՞նչ ես կարծում, կկարողանա՞ս դուրս գալ: Աֆոնում նոր ամերիկյան ֆիլմ է։ Գնա՞նք։
-Հեռու է, ինչպե՞ս ենք հասնելու։
-Ես մի զույգ հեծանիվ  կճարեմ, - ասաց Հյուն։- Բան կգտնե՞ս ծնողներիդ ասելու։
 -Այս պահին՝ չէ, բայց մինչև շաբաթ օրը կգտնեմ ,- պատասխանեց Մեգանը: Հյուի հետ տաք և հարմարավետ մի տեղում մի երկու ժամ լինելը հրաշալի միտք էր: Մի պատմություն կհորիներ իր ծնողներին ասելու համար: Ցանկացած մի բան:
Ուրբաթ կեսօրին Հյուն վերադառնում էր հանքահորից, երբ հանդիպեց աշխատանքի գնացող Գարեթին:
Հանքահորը բաց էր օրը քսանչորս ժամ, և Գարեթը այդ շաբաթ աշխատում էր գիշերային հերթափոխում: Հյուին դուր չէր գալիս, որ իրենք չեն հանդիպում:
Տանը Հյուն մի քիչ գումար հանեց խնայատուփից: Նա չէր ուզում մտածել, թե ինչ կասի Գարեթը, եթե իմանա: Նա ուզում էր նվեր գնել Մեգանի համար: Այս շաբաթ օրը հիշարժան էր լինելու:
Շաբաթ երեկոյան կինոյում հրաշալի էր: Գյուղից հեռու լինելը Մեգանին ու Հյուին ազատ էր դարձրել: Առաջին անգամ էր, որ ձեռք ձեռքի տված կարող էին իջնել փողոցով՝ առանց մտածելու, որ մարդիկ տեսնում են իրենց, իսկ կինոթատրոնում երկուսի համար էլ դժվար էր ֆիլմը դիտելը:
-Հյու, վերջ տուր … խնդրում եմ ,- ասաց Մեգանը՝ շշնջալով, երկար համբույրից հետո,- գոնե մի քիչ դիտենք ֆիլմը:
Բայց շուտով նրանք շրջվեցին դեմքով իրար:
Լույսերը վառվեցին, քանի որ ֆիլմն ավարտվեց: Նրանք դանդաղ վեր կացան: Երկուսից  ոչ մեկը չէր ուզում հեռանալ. դրսում իրական կյանքն էր, իսկ ներսում նրանք կարող էին միասին լինել:
Հեծանվով վերադառնում էին Թրեդոնալդ, և Մեգանն զգում էր, որ որքան մոտենում են, իր սիրտն այնքան ավելի է ծանրանում: Կանգ առան Մեգանենց տնից ոչ հեռու՝ անկյունում:
-Սա՝ քեզ, Մեգա՛ն,- ասաց Հյուն՝ նրան մի փոքր տուփ մեկնելով: -Հուսով եմ՝ կհավանես:
Հյուն նայում էր Մեգանի դեմքին, երբ վերջինս հանում էր արծաթյա վզնոցը:
- Օգտագործված է,- ասաց Հյուն,- բայց մի օր ես քեզ համար նորը կգնեմ:
-Օ՜, Հյու , ես չեմ ուզում նորը, սա լավն է,- ասաց Մեգանը՝ կապելով վզնոցը: -Բայց սա պիտի որ վրադ թանկ նստած լինի:
 
Նա գիտեր, որ Հյուն շատ փող չունի :
-Մո՛տ արի, փոքրիկս, մի՛ խոսիր, միայն համբուրիր ինձ՝ որպես «բարի գիշերի» մաղթանք:
Այդ պահին մի դղրդյուն լսվեց հանքափորի կողմից :
-Աստվա՜ծ իմ, այդ ի՞նչ էր :
Բայց նրանք երկուսն էլ գիտեին, թե դա ինչ էր : Դա այն ձայնն էր, որը գյուղը հույս ուներ երբևէ չլսելու: Ամբողջ փողոցով մեկ դռները բացվեցին, և կանայք ու տղամարդիկ դուրս թափվեցին:
Նրանք վազում էին դեպքի հանքահորը. բոլորը մտածում էին այն մարդկանց մասին, որոնք կարող էին մնացած լինել հինգ հարյուր մետր խորության մեջ:

- Տեր Աստված, թող իմ ամուսինը, իմ եղբայրը կամ իմ որդին չլինեն այնտեղ:


Թարգմանությունը՝ Արփինե Մանուկյանի
Խորհրդատու՝ Սիլվա Հարությունյան

0 մեկնաբանություն:

Post a Comment