Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, December 20, 2022

Երեխայի հետ մաթեմատիկայի մասին խոսելու ձևը նշանակություն ունի


«Դու շատ խելացի ես»


Այս ոգևորող արձագանքը  իրականում կարող է ավելի շատ վնասել, քան օգնել երեխաների մաթեմատիկական կատարողականին՝ համաձայն Ջորջիայի համալսարանի մի նոր հետազոտության։  
Հետազոտությունը տարվել է համատեղ Mary Frances Early College of Education-ի կրթական հոգեբանության ամբիոնի ասիստենտ Մայքլ Բարգերի կողմից, և հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաներին անձնային հատկանիշների կամ բնածին կարողությունների հետ կապվող արձագանքներով ոգևորելը կարող է ժամանակի ընթացքում թուլացնել մաթեմատիկայի հետ կապված նրանց մոտիվացիան և պակասեցնել ձեռքբերումները։ 
Ծնողները, որոնք իրենց երեխաների կատարողականը անձնային հատկանիշների, օրինակ՝ մտավոր կարողությունների (օր․՝ «Դու շատ խելացի ես» կամ «Մաթեմատիկան ուղղակի քոնը չէ») հետ կապելով մեկնաբանություններ են անում, գործածում են այն, ինչ կոչվում է «անձնային արձագանքներ»։ Ի հակադրություն՝ ծնողները, որոնք իրենց երեխաների գործողությունները՝ ջանքերը, ռազմավարություն օգտագործելը և այլն կապում են նրանց կատարողականի հետ (օր․՝ «Դու տքնաջան աշխատել ես» կամ «Ի՞նչը կարող է քեզ օգնել, երբ մյուս անգամ մաթեմատիկայից թեստ ունենաս») գործածում են ընթացիկ արձագանքներ։ 
«Անձնակենտրոն գովասանքը սկզբում լավ է հնչում, բայց ի վերջո այն կարող է խաթարել սովորողների մոտիվացիան, եթե նրանք բախվեն մարտահրավերների,- ասում է Բարգերը։- Քանի որ եթե մարտահրավերների եք հանդիպում այն բանից հետո, երբ ասում են, որ շատ խելացի եք, կարող եք մտածել՝ «գուցե նրանք սխալ էին»։ Մենք նաև գիտենք, որ մարդիկ հակված են մաթեմատիկայի մասին այն կարծիքն ունենալու, որ որոշ մարդիկ կարող են անել այսինչ բանը, մյուսները՝ ոչ, և որ խոսքը բավականին համայնական է՝ լինի դա ծնողների, թե ուսուցիչների, անգամ փոքր երեխաների շրջանում»։

Ռազմավարության և ջանքերի գովաբանումը 
Հետազոտության համար հետազոտողները ավելի քան 500 ծնողների խնդրել են զեկուցել, թե ինչպես են նրանք արձագանքում իրենց երեխաների մաթեմատիկական կատարողականին և մաթեմատիկական համոզմունքներին ու նպատակներին։ Սովորողները մեկ տարվա ընթացքում գնահատվել են երկու ալիքով՝ չափելով նրանց մաթեմատիկական մոտիվացիան և ձեռքբերումները։ 
Արդյունքները ցույց են տվել, որ այն ծնողները, ովքեր մաթեմատիկական ունակությունները համարում են փոփոխական, պրոցեսային արձագանքներ տալու հակում ունեն՝ կենտրոնացած են իրենց երեխաների կողմից ռազմավարության օգտագործման և ներդրած ջանքերի, այլ ոչ թե նրանց մտավոր կարողությունների կամ այլ անձնային հատկանիշների վրա։ 
Ի հակադրություն՝ ծնողները, որոնք կարծում են, թե մաթեմատիկական ունակությունները փոփոխվող չեն, և որ մաթեմատիկական ձախողումը չի կարող կառուցողական լինել, ավելի շատ անձի վրա կենտրոնացող պատասխաններ են տվել։ Երեխաներից մեծ ակնկալիքներ ունեցող ծնողները տվել են երկու պատասխանների համադրություն։ 
Թեև ռազմավարությունը և ջանքերը շեշտող արձագանքները կապված չէին որևէ ձեռքբերման հետ, այն երեխաները, ովքեր ավելի շատ արձագանք էին ստանում իրենց անձնային հատկանիշների վերաբերյալ, մասնավորապես՝ ձախողման հետ կապված, մաթեմատիկական բարդ խնդիրներից խուսափելու հակում ունեին, դրսևորում էին մաթեմատիկական տագնապի ավելի բարձր մակարդակ և մաթեմատիկական ձեռքբերումների թեստում համեմատաբար ավելի ցածր միավորներ են հավաքել։ 
«Կան մի քանի հնարավոր պատճառներ, որ պրոցեսային արձագանքները ոչ միշտ են բարելավում մաթեմատիկական ձեռքբերումները,- ասում է Բարգերը։ -Հնարավոր է, որ դրանք հիմա այնքան հաճախակի են հանդիպում, որ պարզապես մի տեսակ անցնում են առանց լուրջ ընկալվելու և այնքան էլ մեծ ազդեցություն չեն ունենում։ Նաև հնարավոր է, որ այս խոսքերից որոշները ճիշտ չեն տեղակայվում, երբ անկեղծ չեն։ Մինչդեռ անձնային արձագանքների դեպքում մենք տեսանք հստակ կապ տագնապի և մաթեմատիկայի դժվար խնդիրների նկատմամբ ավելի քիչ նախապատվության միջև»։

Մաթեմատիկական մոտիվացիայի խթանումը 
Քանի որ անձնային արձագանքները կանխատեսում են երեխաների մեջ ժամանակի ընթացքում մաթեմատիկային վատ հարմարվողականություն, հետազոտողները խորհուրդ են տալիս սահմանափակել այս տեսակի պատասխանները տանը և դասասենյակում։ 
«Հիմնականում որևէ օգուտ չկա այն մասին խոսելուց, թե մարդիկ «մաթեմատիկական մարդիկ» են, թե՝ ոչ, քանի որ երբ սովորողը սկսում է տառապել, նաև սկսում է մտածել, որ գուցե և մաթեմատիկան իր համար չէ»,- ասում է Բարգերը։ 
Ծնողներին ուղղված երկրորդ խորհուրդն է՝  իրենց երեխաների մասին սեփական համոզմունքներն ու նպատակները արձանագրելն է և քննելը, թե դրանք ինչպես կարող են տանել իրենց արձագանքնելու անձնային կամ պրոցեսային ձևերով։ Ծնողներին պարզապես ասելը, որ մաթեմատիկական կարողությունների մասին խոսելուց խուսափեն,հնարավոր է՝ բավարար չլինի։
Փոխարենը՝ ծնողներին համոզելը, որ մաթեմատիկական կատարողականը կարող է բարելավվել, կարող է հաջողությունների հանգեցնել։ 
Շատ ծնողներ որպես խրախուսանքի ձև գովաբանում են իրենց երեխաների անհատական առանձնահատկությունները, բայց ավելի քիչ կենտրոնանալը սովորողների կատարողականի վրա և ավելի շատ՝ նրանց ռազմավարության և մաթեմատիկայից ստացած հաճույքի վրա, կարող է մոտիվացիան բարձրացնելու ավելի արդյունավետ միջոց լինել։ 
Սա նշանակում է՝ «Դու շատ խելացի ես» կամ «Մաթեմատիկան պարզապես քոնը չէ» արձագանքների փոխարեն պետք է ասել. «Ըստ քեզ՝ ինչո՞ւ է դա այդպես» կամ «Լա՞վ էր»։ 
«Մենք պետք է նաև այն հարցը տանք, թե արդյո՞ք ծնողները իսկապես հավատում են, որ մաթեմատիկական կարողությունը կարող է փոխվել, և թե արդյո՞ք նրանք անհաջողությունը համարում են սովորելու հնարավորություն, քանի որ դա կարծես թե կապված է ավելի քիչ անձնային արձագանքներ տալու հետ,- ասում է Բարգերը։ -Սա ավելի արդյունավետ է, քան պարզապես ասելիքների ստուգաթերթ տալը»։

Թարգմանությունը՝ Լուսի Ղարիբյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment