Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, April 12, 2022

Նեյրոկոնստրուկտիվիզմ. ինչպես են գեները, ուղեղն ու մշակույթը պայմանավորում մեր զարգացումը


Հետազոտողները համաձայն են, որ մարդու էվոլյուցիան ձևավորվել է գեների, ուղեղի և մշակույթի փոխազդեցությամբ: Կենսաբաններն օգտագործում են գենետիկ մոդելներ՝ ցույց տալու համար, որ մշակութային գործընթացները կարող են խորը ազդեցություն ունենալ մարդու էվոլյուցիայի վրա, իսկ մարդաբաններն ուսումնասիրում են մշակութային գործընթացները, որոնք փոխում են բնական ընտրությունը: Նեյրոկոնստրուկտիվիզմի հայեցակարգը հնարավորություն է տալիս պարզաբանելու, թե ինչպես են գեները, նեյրոնները և շրջակա միջավայրը կապված, ինչպես են դրանք ազդում ճանաչողական զարգացման վրա, և ինչու որոշ խանգարումներ կարող են մեկնաբանվել ոչ միայն որպես պաթոլոգիական պրոցեսների արդյունք, այլև որպես նորմալ հարմարվողականություն ատիպիկ սահմանափակումներին:

 Ներածություն. Կոնստրուկտիվիզմ, կյանք և գիտելիք.
Գիտության մեջ արդեն հաստատված է, որ մարդու էության վրա ազդում է նյարդակենսաբանական և սոցիոմշակութային գործոնների համակցությունը: Մասնավորապես, դա հաստատվում է վերջերս կատարված մարդու գենետիկ փոփոխականության վերլուծությամբ, որը ցույց է տալիս, որ հարյուրավոր գեներ ենթարկվել են դրական ընտրության հաճախ ի հակազդումն մարդու գործունեության: Այս փոխազդեցությունը դրսևորվում է ոչ միայն մարդկության էվոլյուցիայում (ֆիլոգենեզ), այլև յուրաքանչյուր անհատի զարգացման մեջ (օնտոգենեզ): Ո՞ր գործընթացներն են՝ բեղմնավորումից մինչև հասուն տարիք, թույլ տալիս մեկ բջիջին վերածվել հասունխ գիտակից մարդու: Այս հարցին պատասխանելու ցանկացած փորձ պահանջում է բազմամասնագիտական ​​մոտեցում, որը միավորում է ճանաչողական հետազոտությունների, նյարդաբանության, գենոմիկայի և նեյրոպատկերման տվյալները: Այս մոտեցումը կոչվում է նեյրոկոնստրուկտիվիզմ, որը բացահայտում է մարդու ճանաչողական զարգացման ամբողջական պատկերը՝ որպես կենդանի համակարգ՝ գեներից մինչև մշակույթ։ Նեյրոկոնստրուկտիվիզմը ուսումնասիրում է գենետիկական հատկությունների և ուղեղի նյարդային առանձնահատկությունների վերափոխման բազմամակարդակ գործընթացը վարքի սոցիալական ձևերում: Այս մոտեցման տեսական հիմքը կոնստրուկտիվիզմն է՝ ժամանակակից գիտության ամենաազդեցիկ հետազոտական ​​համակարգերից մեկը։ Նրա ամենահայտնի ներկայացուցիչներից են Պ.Վատցլավիկը, Հ.ֆոն Ֆորսթերը, Է.ֆոն Գլասերսֆելդը, Գ.Ռոտոն, Զ.Շմիդտը։ 
Կոնստրուկտիվիզմի հիմնական դրույթներն են. 
1. Գիտելիքը չի արտացոլում արտաքին աշխարհը «ինչպես որ կա»: Մարդկային ճանաչողությունը գործ ունի ոչ թե օբյեկտիվ իրականության, այլ իրականության մոդելների հետ: Կոնստրուկտիվիստները վիճարկում են օբյեկտիվ գիտելիքի հասնելու հնարավորությունը։ Կարևորը աշխարհի հետ շփվելու մեր փորձն է, այլ ոչ թե «օբյեկտիվ» գիտելիքը՝ արտահայտված բանավոր վերաներկայացումներով:
2․ Գիտելիքն անբաժանելի է ճանաչողության առարկայից: Ճանաչումը իրականության կառուցումն է, որը ստեղծվում է մարդկանց կողմից։ Այս դեպքում գիտելիքը ներդրված է մեր փորձառության կառուցվածքում՝ ձևավորված ընկալման և գործողության ճանաչողական սխեմաներից: 
3. Գիտելիքը որոշվում է ոչ թե մեր պատկերացումների ճշմարտացիությամբ, այլ դրանց կենսունակությամբ: Ճանաչողության արդյունքը ոչ թե օբյեկտիվությունն է, այլ միջավայրին հարմարվելը։ Հարմարվողական ճանաչողական շղթաները ապահովում են օրգանիզմի հարմարվողականությունը կյանքի աշխարհին և հնարավոր դարձնում այս օրգանիզմի գոյատևումը։ 
4. Կենդանի էակը կազմակերպականորեն փակ, բայց տեղեկատվական առումով բաց համակարգ է, որը կարող է ինքնակազմակերպվել և ինքնակարգավորվել: Օրգանիզմի կենսունակությունը պայմանավորված է շրջակա միջավայրի փոփոխություններին ի պատասխան սեփական հավասարակշռությունը պահպանելու ունակությամբ։ Մասնավորապես, մարդու ուղեղը ինքնավար ճանաչողական համակարգ է, որը կողմորոշվում է միայն իր ներքին վիճակներով։
Կոնստրուկտիվիզմը պնդում է, որ ճանաչողությունը շրջակա միջավայրի պայմաններին հարմարվելու ունակությունն է: Ճանաչումն այնպես է հարմարեցնում փորձը, որ այն համապատասխանի օրգանիզմի կարողություններին։ Օրինակ, գորիլան, առաջին անգամ տեսնելով իր արտացոլանքը հայելու մեջ, սկզբում շփոթված և հետաքրքրված տեսք ունի, բայց վարժվելով անտեսում է այն, քանի որ այլևս չի ընկալում նրան որպես մրցակից։ Անձի հետ կապված ինքնակարգավորման գործընթացը ճանաչողական առումով ուղղված է հասկացությունների համահունչ և հետևողական համակարգի կառուցմանը, իսկ կենսաբանական առումով՝ գոյատևմանը: Ճանաչողական կարողությունն այստեղ մեկնաբանվում է որպես ընկալվող աշխարհին հարմարվողականություն, իսկ դրա իրականացումը՝ որպես գոյատևման համար համարժեք մտքի և գործողությունների օրինաչափությունների կառուցում: Իմանալը նշանակում է կարողանալ արդյունավետ կերպով գործել շրջակա միջավայրում սեփական գոյությունը պահպանելու համար: Հետեւաբար, ճշմարտության չափանիշը հաջողված գործողությունն է: Կենդանի համակարգը զարգանում է իր սեփական ճանաչողական տարածքում, որտեղ այն փոխազդում է աշխարհի հետ: Նախկին փորձի հիման վրա նա կարողանում է կանխատեսել շրջակա միջավայրի հետ փոխազդեցության տարբերակները և համապատասխանեցնել իր վարքագիծը: Ճանաչողական տարածքը ներառում է կենդանի համակարգի փոխազդեցությունը ինչպես ներքին վիճակների, այնպես էլ արտաքին միջավայրի հետ: 
Այսպիսով՝ կենդանի համակարգերը ճանաչողական համակարգեր են, իսկ կյանքը լայն իմաստով ճանաչողություն է: Այս առումով մենք չենք կարող պնդել, որ ինչ-որ բան գիտենք՝ անկախ շրջակա միջավայրի հետ փոխգործակցության մեր փորձից:
Չիլիացի կենսաբաններ Ումբերտո Մատուրնան և Ֆրանցիսկո Վարելան մշակել են ավտոպոեզիվսի հայեցակարգը՝ ինքնակարգավորման գործընթաց, որի ժամանակ օրգանիզմի գործունեությունը փոխվում է՝ կախված շրջակա միջավայրի հետ նրա փոխազդեցության բնույթից և, իր հերթին, ազդում շրջակա միջավայրի վրա: Այդ իսկ պատճառով մենք կարող ենք ոչ միայն վերականգնվել ծանր սթրեսից կամ հետաքրքրվել կոնկրետ բաներով՝ առանց ամեն ինչից շեղվելու, այլև նոր բաներ սովորել և փոխել մեր նախասիրությունները։ Այսինքն՝ մենք կարող ենք և՛ պահպանել մեր ներքին վիճակների կայունությունը (հոմեոստազ), և՛ շարժվել զարգացման ընտրված հետագծերով՝ արձագանքելով շրջակա միջավայրի պայմաններին: 
Նեյրոկոնստրուկտիվիզմի և մարդու ճանաչողական զարգացման հայեցակարգը: Կյանքի և ճանաչողության միջև կապը, որ կիրառական է մարդու նկատմամբ, կարելի է բնութագրել որպես բազմաստիճան ինքնակարգավորվող համակարգ՝ ներառյալ ուղեղը, գեները, սովորելը և վարքի սոցիալական փորձը: Երկար տարիներ ճանաչողական գիտության մեջ գերակշռում էր այն գաղափարը, որ մարդու ճանաչողական համակարգը նման է որոշակի ֆունկցիոնալ մոդուլներով գործիքների տուփի, որոնք հերթով միանում են կամ կարող են վնասվել (անջատվել)՝ անկախ այլ բնածին մոդուլներից: Նեյրոկոնստրուկտիվիստական ​​մոտեցումն ասում է, որ գեները, ուղեղը, վարքը և միջավայրը փոխազդում են տարբեր ուղղություններով կյանքի զարգացման ընթացքում: Գեների և շրջակա միջավայրի փոխազդեցությունը և ամենակարևորը՝ օնտոգենեզը, բոլորն էլ կարևոր դեր են խաղում այն ​​բանում, թե ինչպես է ուղեղն աստիճանաբար ձևավորում իրեն և ինչպես է այն աստիճանաբար մասնագիտանում ժամանակի ընթացքում: Ճանաչողական հոգեբաններ Դենիս Մարեխալը, Գերտ Վեստերմանը և այլք նկարագրում են ուղեղի մասնագիտացված զարգացման մեխանիզմը սահմանափակումների համատեքստում: Մտավոր ներկայացուցչությունների (այսինքն՝ մտածողության) ձևավորումը հետևողականորեն որոշվում է համատեքստով հինգ փոխկապակցված մակարդակներում (գենետիկ, բջջային, ուղեղի, մարմնի և սոցիալական), որոնցից յուրաքանչյուրը սահմանափակող ազդեցություն ունի անհատական ​​զարգացման վրա: Առաջին հերթին ճանաչողական կարողությունների զարգացման վրա ազդում է գեների փոխազդեցությունը և արտաքին միջավայրում օրգանիզմի վարքագիծը։
Գեներ և էպիգենեզ. Գենի ֆունկցիայի մասին ավանդական տեսակետը նշում է, որ գոյություն ունի պատճառահետևանքային կապի միակողմանի հոսք գեներից (ԴՆԹ) դեպի վարքի ժառանգական գծեր: Այս տեսանկյունից զարգացումը բաղկացած է գենոմում ծրագրավորված տեղեկատվության աստիճանական բացումից։ Այնուամենայնիվ, նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ գեները կարող են ակտիվանալ ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ վարքագծային գործոններով: Բացի այդ, գեների այս փոփոխություններն այնուհետև կարող են ազդել շրջակա միջավայրի վրա՝ ստեղծելով պատճառահետևանքային ցիկլ, որտեղ գեները, որոնք ազդում են շրջակա միջավայրի վրա, կրկին ենթարկվեն այդ փոփոխություններին արտաքին գործոնների ազդեցության տակ: Գիտնականները նկարագրում են երկկողմանի փոխազդեցությունը գեներից մինչև օրգանիզմի զարգացումը և հետագայում վարքի փորձը սոցիալ-բնական միջավայրում և հակառակը: Մեր գենետիկան կարգավորվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միջավայրից ստացվող ազդանշաններով: Այս գործընթացը կոչվում է հավանականական էպիգենեզ, ինչը նշանակում է, որ մարդու զարգացումը կախված է շրջակա միջավայրի պայմաններից և մեր անձնական փորձից և ծրագրավորված չէ գեներում: Մեր վարքագծի օրենքները պայմանավորված են ոչ թե կենսաբանությամբ և ոչ թե շրջակա միջավայրով, այլ նրանց միջև փոխհարաբերություններով: Էպիգենետիկ ազդեցության ամենահայտնի օրինակներից մեկը մշակութային ազդեցության տակ գտնվող կաթնաշաքարի նկատմամբ հանդուրժողականությունն է (կաթնամթերքի արտադրություն): Մարդկանց մեծամասնության մոտ կաթնաշաքարը մարսելու ունակությունը անհետանում է մանկության տարիներին, սակայն որոշ հանրությունների մոտ լակտոզի ակտիվությունը (ֆերմենտ, որն օգնում է մարսել կաթը) պահպանվում է մինչև հասուն տարիքը: Լակտոզի գենի (LCT) առաջացման հաճախականությունը կախված է մշակութային առանձնահատկություններից: Լակտոզի նկատմամբ հանդուրժողականությունը տարածված է հյուսիսային եվրոպացիների և Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի անասնապահների մոտ, բայց այլուր գրեթե ամբողջությամբ բացակայում է: Կաթնամթերային անասնաբուծության և լակտոզի նկատմամբ հանդուրժողականության միջև կապը գեների և մշակույթի համատեղ էվոլյուցիայի ապացուցված փաստ է։
Մեկ այլ հայտնի օրինակ է FOXP2 գենը, որի մուտացիաները հանգեցնում են լեզվական հմտությունների խախտման: Միայն չորս FOXP2 մուտացիաներ են տեղի ունենում մկների, մակակաների, օրանգուտանների, գորիլաների, շիմպանզեների և մարդկանց էվոլյուցիոն ծառի մեջ, որոնցից երկուսը տեղի են ունենում դեպի մարդ տանող էվոլյուցիոն գծում, ինչը ենթադրում է դրական ընտրություն: Մեկնաբանություններից մեկն այն է, որ այս ընտրությունը հանգեցրեց FOXP2 գենի փոփոխության, որն իր հերթին՝  խոսքի անհրաժեշտ զարգացման փոփոխության: Այնուամենայնիվ, գենը կարող է նախընտրելի լինել նաև այլ պատճառներով, ինչպիսիք են երգել սովորելը կամ թոքերի զարգացումը: Գիտական ​​նոր տվյալների լույսի ներքո բնական ընտրությունը համալրվում է մշակութային ընտրությամբ. գենետիկական փոփոխությունները կարող են ենթարկվել մշակութային ընտրության: Բջջային համատեքստ («ընդլայնում»): Այստեղ բջջային փոխազդեցության մակարդակը նեյրոնային համակարգն է: Մտավոր ներկայացուցչությունները ձևավորվում են նեյրոնային գործունեության (փորձի) և նեյրոնային կապերի հիմքում ընկած կառուցվածքի (սահմանափակումների) փոխադարձ հարմարեցմամբ: Այս կառուցվածքը ազդում է նեյրոնների գործունեության վրա, որոնք փոխվելով հակադարձ ազդեցություն են ունենում նեյրոնային ցանցերի կառուցվածքի վրա։ Օրինակ՝ եթե ուղեղի որոշ հատված վնասված է (օրինակ՝ ինսուլտի կամ ուղեղի տրավմատիկ վնասվածքի պատճառով), ազդանշանային ակտիվությունը վերաբաշխվում է նեյրոնների այլ խմբերի միջև, ինչը թույլ է տալիս ոչ միայն պահպանել գիտակցված փորձը, այլև փոխել այն՝ օգտագործելով նեյրոնային ցանցերի ձևաբանությունը։ Նյարդային համակարգի ինքնաբուժման ունակությունը կոչվում է նեյրոպլաստիկություն, որը նկարագրում է ուղեղի հարմարվողականությունը փորձի ազդեցության տակ։ Ուղեղը անընդհատ փոխվում է ի պատասխան իր միջավայրին՝ թուլացնելով և ամրապնդելով նյարդային կապերը։ Այս գործընթացը տեղի է ունենում ողջ կյանքի ընթացքում, չնայած կան կյանքի ժամանակաշրջաններ, որոնց ժամանակ փոփոխությունների նկատմամբ զգայունությունը մեծանում է (մարմնի հասունացման շրջանը, երբ նեյրոնային ցանցերն առավել հարմարվում են նոր փորձին): Այնուամենայնիվ, պլաստիկությունը նվազում է տարիքի հետ, ինչը դժվարացնում է սովորելը, երբ մենք մեծանում ենք: 
Ուղեղի համատեքստ («embrainment»): Նյարդային փոխազդեցությունների մակարդակն այստեղ ներուղեղային պրոցեսներն են։ Ուղեղը բաղկացած է ֆունկցիոնալ տարածքներից, որոնք փոխադարձաբար ազդում են միմյանց զարգացման վրա։ Ուղեղի ֆունկցիոնալ տարածքների հատկությունները մեծապես կախված են համատեքստից և սահմանափակված են ուղեղի այլ շրջանների հետ հետադարձ կապի գործընթացների միջոցով փոխազդեցությամբ։ Որոշ շրջաններ կարող են ձեռք բերել այլ շրջանների ֆունկցիոնալ հատկությունները նյարդային ուղիների վնասման դեպքում: Օրինակ, ուղեղի այն հատվածները, որոնք սովորաբար տեսողական տեղեկատվությունը մշակում են տեսնողի մոտ, կարող են տարբեր ֆունկցիոնալ դեր ստանձնել տեսողական ազդանշանի բացակայության դեպքում: Վաղ տարիքից կույրերի մոտ ուղեղային կեղևի հատվածը, որն ակտիվանում է Բրայլի տառատեսակով, համապատասխանում է տեսնող մարդկանց առաջնային տեսողական կեղևին: Այսինքն՝ կույրերը «տեսնում են» շոշափելիներով։
Այսպիսով՝ ուղեղի ֆունկցիոնալ տարածքների զարգացումը տեղի է ունենում նրանց ինտերակտիվ մասնագիտացման շնորհիվ՝ ի պատասխան փորձի խթանմանը: 
Թարգմանությունը՝ Լիանա Սարգսյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment