Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, June 1, 2021

Ադամի ժառանգությունը. ինչպես են տեսնում գայթակղությունը երեխաները և մեծերը


Գայթակղության ուժը՝ բարոյական խնդի՞ր, մեր կյանքի անբաժանելի մա՞ս, թե՞ մարտահրավեր, որը մեզ է նետում ճակատագիրը: Ի՞նչ է ասում բարոյական փիլիսոփոյությունը նրա մասին, թե ինչպիսին կարող են լինել իսկապես բարոյական արարքները, և ինչով են տարբերվում մեծերի և երեխաների հայացքները այս հարցին: Վերջիվերջո, ո՞վ է նա՝ իսկապես լավ մարդը. նա՞, ում մտքերը բյուրեղային են, թե՞ նա, որ կարողանում է հաղթահարել հրապուրանքը, որպեսզի ճիշտ վարվի: Քրիստինա Սթարմանսը՝ Ելի համալսարանի հոգեբանության ասպիրանտուրայի ուսանող, այդ մասին անդրադարձել է Aeon-ի էջերում, իսկ մենք պատրաստել ենք թարգմանությունը:


Ե՞րբ եք վերջին անգամ ենթարկվել գայթակղությանը և անբարոյական մի բան արել: Օրինակ՝ ստել, դավաճանել ընկերոջ վստահությանը, անցել թույլատրելիի սահմանները կամ վերցրել քեզ մի քիչ ավելին, քան պետք է: Գրազ կգամ, որ դա եղել է այսօր: Չի բացառվում, որ վերջին մեկ ժամում: Գայթակղությունները հետապնդում են մեզ, հատկապես այնտեղ, որտեղ կա փող կամ սեքս: Բայց և այնպես, հաճախ մենք մեր մեջ ուժ ենք գտնում հաղթահարելու գայթակղությունը և, որքան էլ զարմանալի լինի, վարվում ենք բարոյական՝ չնայած գայթակղությանը: Բայց որքանո՞վ է մեր միջի կռիվը գայթակղության հետ ազդում նրա վրա, թե ինչպես կընդունեն մեր արարքները ուրիշները: Ո՞վ է ավելի լավը. նա՞, ով գործում է բարոյապես, չնայած տանջող գայթակղություններին, թե՞ նա, ում վրա գայթակղությունը ուղղակի չի ազդում:
Բարոյական փիլիսոփայության մեջ կա երկու տեսակետ, թե ինչ տեսակի գործողություններ կարող են համարվել իսկապես բարոյական: Արիստոտելից եկող տեսակետը ասում է, որ իսկապես բարոյական անձնավորությունը անկեղծորեն կցանկանա անել միայն ճիշտ բաներ, և իր հոգու ոչ մի անկյուն չի գայթակղվի՝ անբարոյականություն ցուցաբերելու: Եվս մեկ տեսակետ՝ կապված Իմմանուիլ Կանտի հետ. գործողությունը իսկապես բարոյական է, եթե դա հակասում է սեփական ցանկությանը,հակառակ դեպքում մարդը պարզապես ներկայացնում է իրեն, և թեկուզ արդյունքը դրական լինի, այդ արարքը չի կարող իրականում բարոյական համարվել: Այս փիլիսոփաները վիճում են այն մասին, թե որ արարքները պետք է համարենք իսկապես բարոյական: Բայց ո՞րն է այս տեսակետներից համապատասխանում նրա հետ, թե ինչպես են սովորական մարդիկ դատում բարոյականության մասին:
Որպեսզի պատասխանենք այս հարցին և բացահայտենք, թե ինչ են մարդիկ մտածում գայթակղությունը հաղթահարելու մասին կյանքի տարբեր ժամանակահատվածներում, իմ թիմը ներգրավել է ավելի քան 250 երեխա՝ երեքից ութ տարեկան, և համարյա 400 մեծահասակ: Յուրաքանչյուր մասնակցին առաջարկվել է դիտարկել երեխաների նկատմամբ բարեսիրտ մի քանի սցենարներ, որոնց հերոսները գործել են բարոյապես: Օրինակ՝ մի պատմությունը պատմում էր երկու երեխաների մասին, որոնցից յուրաքանչյուրը ինչ-որ բան էր ջարդել իրենց տանը: Վերջիվերջո նրանք պատմեցին իրենց մայրերին, թե ինչ են արել: Երկու երեխաներն էլ ցանկանում էին ասել ճշմարտությունը, և նրանք ցանկություն ունեին «ճիշտ» բան անելու: Բայց երեխաներից մեկը գայթակղություն ուներ ստելու, որպեսզի խուսափեր պատժից: Չնայած դրան, նա միևնույն է, ասաց ճիշտը, թեպետ նրան շատ դժվար էր դա անել: Մյուս երեխան կարծում էր, որ ասել ճշմարտությունը հեշտ է, և նա գայթակղություն չուներ ստելու, քանի որ նրան չէր հետաքրքրում պատիժը: Այս պատմությունը պատմելուց հետո մենք հարցնում էինք փորձի մասնակիցներին՝ ով է այս երկու մարդկանցից, որոնցից յուրաքանչյուրը ասել է ճիշտը, ավելի բարոյական վարվել և արժանի է գովքի:
Մենք բացահայտեցինք գնահատման զարմանալի տարբերություն տարբեր տարիքային խմբերում․ և այսպես, երեքից ութ տարեկան երեխաները չէին համարում, որ նա, ով անում է ճիշտ բաներ առանց բարոյական ցանկությունների, բարոյապես գերազանցում է նրան, ով ճիշտ բաներ անելուց առաջ հաղթահարում է իրարամերժ ցանկությունները: Բայց մեծահասակների մոտ գնահատումը հակառակն էր։ Եվ այդպիսի դատողությունները վերաբերում էին մի շարք տարբեր անբարոյական գործողությունների, այդ թվում ՝ ստելուն, հարազատին օգնելուց հրաժարվելուն, շփումը խզելուն: Դա բացահայտվել է այն ժամանակ, երբ մենք սկսեցինք հարցնել, թե որ հերոսն է արժանի պարգևատրվելու իր արարքների համար, որ հերոսը «ավելի օգուտ» բերեց, կամ որ հերոսը, ամենայն հավանականությամբ, կսկսեր անել ճիշտ քայլեր ապագայում։
Մեծահասակների՝ հակասական անհատականությանը նախընտրելը մի փոքր անսպասելի էր, քանի որ նախորդ շատ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ մեծահասակները բացասական մտադրություններն ու ցանկությունները համարում են բարոյապես դատապարտելի: Բայց մեր փորձում մենք բացահայտեցին դեպքեր, որոնցում մեծահասակները բարոյապես նախասիրությունը տալիս են այն մարդկանց, ովքեր, բացի դրականից, ունեն նաև բացասական ազդակներ։ Սա կարող է լինել այն պատճառով, որ, ինչպես և Կանտը, մեծերը դիտարկում են բարոյապես վարվելու ցանկությունը՝ որպես ամենակարևոր բաղադրիչներից մեկը, որոնք տանում են իսկապես բարոյական գործողությունների ՝ հաճելի գործողության փոխարեն, ինչը կարող է դրական արդյունք ունենալ։ Սա վերաբերում է այն դեպքերին, երբ մենք ցանկանում ենք ընտրել վատը, բայց մենք ունենք լավ վարվելու հնարավորություն։
Իհարկե, կան գայթակղության ուրիշ տեսակներ, որոնք մեծերը քննադատել են նույնքան կոշտ, որքան երեխաները։ Օրինակ՝ այն մարդուն, ով երեխային դիպչելու ցանկություն ունի, բայց ստիպում է ինքն իրեն հաղթահարել գայթակղությունը, դժվար թե կարելի է դիտարկել որպես ավելի դուրեկան, քան նրան, ով երբեք այդպիսի ցանկություն չի ունեցել։ Մեր փորձի շարունակությունում մենք յուրահատուկ ուշադրություն էինք դարձնում գայթակղություններին, որոնք բերում էին գովքի և քննադատության։
Մեր ստացած տվյալները ցույց տվեցին, որ երեխաները սկսում են արիստոտելյան բարոյական հոգեբանությունից, որը բարոյական տանջանք չունեցող մարդկանց դատում է որպես ավելի բարոյական, քան նրանց, ովքեր նման տանջանք են ապրում: Բայց ութ տարեկանից հետո երեխաները անցնում են ավելի կանտյան չափանիշների՝ գործողությունների բարոյական արժեքը չափելով համապատասխան նրան, թե որքան դժվար են տրվել հերոսներին:

Ի՞նչն է փոխվում, երբ մենք մեծանում ենք։
Տարբերակներից մեկը ասում է, որ երեխաները չունեն ներքին հակամարտության հետ անմիջական փորձ։ Առաջին հայացքից սա տարօրինակ է թվում․ երեխաները, իհարկե, հաճախ են չարաճճիություն անում, և այդպես, կարող է կարծիք ձևավորվել, որ նրանք գայթակղությունից դրդված անընդհատ սխալ են գործելում։ Բայց դա նաև կարող է ասել նրա մասին, որ երեխաները հաճախ չէ, որ միաժամանակ և՛ վատը լինելու, և՛ լավը լինելու ցանկություն են ունենում։ Երբ նրանք տարիքի հետ ձեռք են բերում այսպիսի ներքին պայքարի փորձ, դա նրանց օգնում է գնահատել փորձը կամ գոնե այն չդատապարտել ուրիշների մոտ: Հնարավոր է, որ հենց սրա հետ է կապված այնպիսի որակի արժեքի գործոնը, ինչպիսին կամքի ուժն է։
Եվ վերջապես, ևս մի հետաքրքրող բան կապված է նրա հետ, որ երեխաները իրենց բնույթով նախընտրում են «համանմանեցված», տափակ մարդկանց կերպարը։ Այնուամենայնիվ, երբ մենք մեծանում ենք, հասկանում ենք ավելի բարդ բնույթը, որը ձևավորվում է գայթակղության և կամքի ուժի փոխազդեցության արդյունքում:
Այնպես որ, մյուս անգամ, երբ ձեզ անբարոյական մտքերի համար մեղավոր զգաք, հանգստացեք։ Դա նույնիսկ կարող է գովասանք առաջացնել ձեր մեծ ընկերներից՝ գոնե այն դեպքում, եթե դուք ճիշտ գործողությունը ընտրեք: Բայց պատրաստ եղեք․ ավելի հավանական է, որ ձեր երեխաները ձեզ բավականին կոշտ կդատեն։


Թարգմանությունը՝ Մելինե Ժամկոչյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment