Երեխան ապագա իդեալական քաղաքացի է
Կոնֆուցիուսը ծնվել է մ․թ․ա․ վեցերորդ դարի կեսին։ Սկզբում նա պաշտոնյա էր, բայց հետո սկսեց զբաղվել ուսուցանելով։ Հայտնի է, որ փիլիսոփան ուներ երկու երեխա՝ տղա և աղջիկ։ Ըստ Կոնֆուցիուսի՝ կատարյալ չափահաս մարդը կարողանում է պահպանել կարգերը, կատարում է իր պարտականությունները, կարդացած է, համեստ է, ամեն ինչ կառավարում է չափավոր, իր արարքներում ու գործերում ձգտում է լավին։ Գլխավոր կետը դաստիրակության համակարգի մեջ մեծացնելն է հասարակության օգտակար անդամի, որը կկարողանա համապատասխանել ներկա պահին գոյություն ունեցող հասարակությանը։ Միևնույն ժամանակ մեծահասակը ոչ միայն օրինակ է ծառայում երեխային, այլև ինքն է մեծանում։
Ամեն ինչում պետք է կարգ լինի
Մարդը պետք է հասկանա իր տեղը կյանքում ու բարեխղճորեն կատարի իր պարտականությունները։ Կոնֆուցիուսն ասում էր, որ ամեն մարդ պետք է լինի իր տեղում․ ռաջնորդը պետք է լինի առաջնորդ, նախարարը՝ նախարար, հայրը՝ հայր, ոդին՝ որդի։ Փիլիսոփայի գլխավոր կանոններից մեկն այն էր, որ մարդը պետք է համապատասխանի վարքագծի ճիշտ չափանիշներին։ Բարոյական արժեքները պետք է վեր դասվեն նյութական արժեքներից։ «Տեսնել սեփական պարտականությունն ու չկատարելը քաջության բացակայությունն է»: Միևնույն ժամանակ բառերը չպետք է գերազանցեն արարքներին։ «Հասուն տղամարդը ամաչում է, երբ իր խոսքը գերազանցում է գործողություններին»։
Միշտ մտածի՛ր ապագայի մասին
Զբաղվելով առօրյա գործերով՝ չի կարելի մոռանալ ապագայի մասին։ «Եթե մարդը չի մտածում իր ապագայի մասին, ապա նա խնդիրներ կունենա մոտ ապագայում» ,- ասում էր Կնֆուցիուսը։ Իսկ երբ նպատակ եք դնում ձեր առաջ, զինվեք համբերությամբ ու բարեխղճորեն աշխատեք ամեն օր։ «Անհամբերությունը փոքր արարքներում կարող է կործանել մեծ նպատակները»։
Սովորելու գործում ոչ մեկի համար խտրականություն չի գործում
Այդպես էր մտածում Կոնֆուցիուսը, չնայած որ այդ ժամանակ Չինաստանում համարվում էր, որ աղջիկիներին բավական էր նախնական կրթությունն ու տնարար լինելու կարողությունը։ Անհրաժեշտ էր իմաստուն նախնիներից սովորել։ Իհարկե խոսքը ոչ թե արհեստի տիրապետման մասին է, այլ բարոյական արժեքների ընկալման։ «Ձեռք բերեք գիտելիքների ծավալուն պաշար տեքստերի օգնությամբ։ Համապատասխանեք վարքագծի ճիշտ նորմերին ու այդ ժամանակ դուք չեք շեղվի ճիշտ ուղուց,-սովորեցնում էր Կոնֆուցիուսը։ Ընդ որում հարկավոր էր ոչ միայն կարդալ ու սերտել կարդացածը. «Սովորել ու չմտորելը ոչ մի օգուտ չի տա, իսկ մտորելն ու չսովորելը վտանգավոր գործ է»։
Մի՛ արա ուրիշներին այն, ինչ չէիր ցանկանա, որ քեզ անեին
Կոնֆուցիուսին հարցրին․
– Կա՞ արդյոք մի բան, որը կարող է ուղեցույց լինել ամբողջ կյանքում։
Ուսուցիչը պատասխանեց.
-Դա փոխադարձ հարգանքն է։ Մի արա ուրիշներին այն, ինչ չէիր ցանկանա, որ քեզ անեին։
Հարգիր մեծերին
Մարդիկ հարգում են ղեկավարին ու հնազանդվում նրան, նույն սկզբունքը գործում է ընտանիքում և ողջ հասարակության մեջ։ Կոնֆուցիուսը համարում էր. «Երբ երիտասարդները տանն են, նրանք պետք է հարգեն իրենց ծնողներին, երբ դուրս են գալիս տանից, պետք է հարգեն մեծերին»։ Հարցին, թե ինչ է հարգալից վերաբերմունքը ծնողների հանդեպ, ուսուցիչը պատասխանեց.
– Հարգալից վերաբերմունքը ծնողների հանդեպ այն է, երբ ծնողները անհանգստանում են միայն այն ժամանակ, երբ զավակը հիվանդ է։
Հարստությունից մի՛ամբարտավանանա
Կոնֆուցիուսին հարց տվեցին․
-Ինչպե՞ս գնահատել այն մարդուն, որ աղքատ ժամանակ չի քծնում, իսկ հարստանալով չի գոռոզանում։
Նա պատասխանեց.
– Այդպես վարվել կարելի է։ Բայց ավելի գնահատելի ու գովելի է, երբ մարդը լինելով աղքատ՝ չի ընկճվում, իսկ հարուստ ժամանակ սիրում է պահպանել վարքի բարոյական չափանիշները։
Հավատարմությունն ու վստահությունը ամենից վեր դասիր
Կոնֆուցիուսը մեծ ուշադրություն էր դարձնում նրան, թե ինչպիսի մարդկանցով է անհրաժեշտ ինքդ քեզ շրջապատել։
-Ընկերների երեք տեսակ օգտակար են, ու ընկերների երեք տեսակ՝ վնասակար։ Օգտակար ընկերները ուղղախոս են, հավատարիմ ու բանիմաց։ Վնասակար ընկերները քծնող են, հարմարվողական ու ստորաքաշ,- սովորեցնում էր նա։ Պետք է խուսափել նաև դատարկախոսներից։
-Որքան դժվար է նրանց հետ, ովքեր, քեզ հետ լինելով ամբողջ օրվա ընթացքում, ոչ մի արժեքավոր բառ չեն ասի, այլ կարտահայտեն իրենց ճղճիմ խելամտությունը,- ասում էր Կոնֆուցիուսը։ Այսինքն՝ վարում են դատարկ, թեկուզև սրամիտ խոսակցություն։
Ընդ որում, ինքդ քո հանդեպ պետք է լինես ավելի պահանջկոտ, քան ընկերների հանդեպ։
-Այն մարդը, որ պահանջկոտ է իր հանդեպ, իսկ ուրիշների հանդեպ հանդուրժող է , զերծ է մնում վիրավորանքներից։
Մի մոռացիր աշխատել սեփական սխալների վրա
-Մի ամաչիր ուղղել սեփական սխալներդ,- ասում էր փիլիսոփան ու բացատրում․
– Սխալ է համարվում այն, որ սխալ լինելով՝ չի ուղղվել։
Թարգմանությունը՝ Շուշան Ադամյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment