Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, April 27, 2017

Էրիխ Ֆրոմմ. Մարդկանց դժբախտ ճակատագիրը նրանց չարած ընտրության հետևանքն է


Ձեզ ենք ներկայացնում գերմանացի ականավոր փիլիսոփա ու հոգեբան Էրիխ Ֆրոմմի 30 ասույթները։ Ասույթներ, որոնք նվիրում են կյանք՝  պատասխանելով մարդու ամենաանհանգստացնող հարցերին։ Նրա մտքերը ոչ ոքի անտարբեր չեն թողնում։


  1. Մարդու կյանքի ամենակարևոր խնդիրը, ինքն իրեն կյանքի կոչելն է, դառնալը այն, ինչ դառնալու ներուժն ունի։ Մարդու ջանքերի ամենակարևոր արդյունքն իր սեփական անհատականությունն է։
  2. Մենք պարտավոր չենք որևէ մեկի բացատրություններ տալու կամ պարզաբանելու ինչ-որ բան, քանի դեռ մեր գործողությունները ցավ չեն պատճառել ուրիշներին կամ ոտնձգություն չեն եղել նրանց հանդեպ։ Քանի՜ կյանքեր են խորտակվել այս «բացատրությունների» անհրաժեշտության պատճառով, որոնք սովորաբար արվում են, որ ձեզ հասկանան, այսինքն՝ արդարացնեն։ Թող դատեն ձեր արարքներով, և հետևաբար, ձեր իրական մտադրություններով, բայց իմացեք, որ ազատ մարդը պիտի ինչ-որ բացատրություններ տա միայն ինքն իրեն, իր մտքերին ու գիտակցությանը, ու այն քչերին, ովքեր ունեն  բացատրություն պահանջելու իրավունք։
  3. Եթե ես սիրում եմ, ապա հոգ եմ տանում, այսինքն ես ակտիվորեն մասնակցում եմ ուրիշ մարդու զարգացման ու երջանկացման գործընթացին, ես դիտորդ չեմ։
  4. Մարդու նպատակն իր «Ես»-ը գտնելն է, իսկ այդ նպատակին հասնելու պայմանը ինքն իր համար մարդ լինելն է։ Ոչ ինքնուրացումը, ոչ էլ ինքնասիրահարվածությունը, այլ սերը իր անձի հանդեպ․ ոչ թե անհատականություն լինելուց հրաժարվելը, այլ իր սեփական մարդկային «Ես»-ի  հաստատումը․ ահա մարդասիրական էթիկայի ամենաբարձր ու իրական արժեքները։
  5. Կյանքը չունի ոչ մի այլ իմաստ, բացի նրանից ինչ մարդը տալիս է դրան՝ իր ուժերը բացահայտելով, արդյունավետ ապրելով։
  6. Եթե մարդը կարող է ապրել առանց հարկադրանքի, ոչ թե ինքնաբերաբար, այլ ինքնաբուխ, ապա նա գիտակցում է իրեն իբրև ակտիվ ստեղծագործ անհատականություն ու հասկանում է, որ կյանքն ունի միայն մեկ իմաստ՝ հենց ապրելը։
  7. Մենք այն ենք, ինչ մեզ ինքներս ենք ներշնչում ու այն, ինչ մեզ ներշնչել են ուրիշները։
  8. Երջանկությունը աստծո ինչ-որ շնորհ չէ, այլ ձեռքբերում, որը մարդն ունենում է իր ներքին արդյունավետության արդյունքում։
  9. Մարդու համար ամեն բան կարևոր է, բացի հենց իր կյանքից ու ապրելու արվեստից։ Նա գոյություն ունի ինչի համար ասես, բայց ոչ իր համար։
  10. Նրբազգաց մարդը ունակ չէ դիմադրելու խորը թախիծին, որը գալիս է կյանքի անկանխելի ողբերգությունների արդյունքում։ Թե՛ տխրությունը, թե՛ ուրախությունը անխուսափելի ապրումներ են զգայուն, կյանքով լեցուն մարդու համար։
  11. Շատ մարդկանց տխուր բախտը իրենց չկատարած ընտրության արդյունքն է։ Նրանք ո՛չ կենդանի են, ո՛չ մեռած։ Կյանքը բեռ է դառնում, անարժեք զբաղմունք, իսկ գործերը՝ ընդամենը ստվերների թագավորությունում գոյության տանջանքներից պաշտպանվելու միջոց։
  12. «Կենդանի լինել» տասկացությունը ստատիկ չէ, այլ դինամիկ։ Գոյությունը նույնն է, ինչ օրգանիզմի յուրահատուկ ուժերը բացահայտելը։Հնարավոր ուժերի արդիականացումը բոլոր օրգանիզմների բնատուր հատկանիշն է։ Դրա համար էլ իր բնույթի համաձայն մարդու հնարավորությունների բացահայտումը պետք է դիտել որպես մարդկային կյանքի նպատակ։
  13. Կարեկցանքը և ապրումակցումը նշանակում են, որ ես իմ մեջ ապրում եմ այն, ինչ ապրել է ուրիշ մեկը, հետևաբար այս ապրումների մեջ ես և նա նույնն ենք։ Բոլոր տեղեկությունները ուրիշ մեկի մասին իրական են այնքանով, որքանով հենված են իմ այն ապրումի վրա, ինչը նա է ապրում։
  14. Ես վստահ եմ, որ ոչ ոք չի կարող «փրկել» իր մտերիմին՝ նրա փոխարեն ընտրություն կատարելով։ Միակ բանը, որով կարող է մի մարդը մյուսին օգնել, ճաշմարտորեն ու սիրով, բայց առանց սենտիմենտալության ու պատրանքների այլընտրանքի առկայությունը բացահայտելն է։
  15. Կյանքը մարդու առջև դնում է պարադոքսային խնդիր. մի կողմից՝ անհատականություն լինել, մյուս կողմից՝ հաղթահարել այն և հասնել ապրումակցման ու բազմակողմանիության: Միայն բազմակողմանի զարգացած մարդն է կարողանում իր «ես»-ը հաղթահարել։
  16. Եթե մանկական սիրո սկզբունքն է «Ես սիրում եմ, որովհետև սիրված եմ», ապա հասուն սիրուն բաժին է ընկնում «Ես սիրված եմ, որովհետև սիրում եմ»։ Ոչ հասուն սերը ասում է․ «Ես քեզ սիրում եմ, որովհետև քո կարիքն ունեմ», իսկ հասուն սերն ասում է․ «Ես քո կարիքն ունեմ,  որովհետև սիրում եմ քեզ»։
  17. Միմյանց հանդեպ անձնուրաց մոլուցքը ոչ թե սիրո ապացույցն է, այլ ավելի վկայությունը դրան նախորդող անսահման մենակության։
  18. Եթե մարդը սիրում է սեփականատիրոջ սկզբունքով, նշանակում է՝ նա ձգտում է իր «սիրո» առարկային զրկելու ազատությունից ու պահելու նրան հսկողության տակ։ Այսպիսի սերը կյանք չի նվիրում, այլ ճնշում է, ոչնչացնում, խեղդում ու սպանում այն։
  19. Մարդկանց մեծամասնությունը վստահ է, որ սերը կախված է «առարկայից», ոչ թե սիրելու սեփական ունակությունից։ Նրանք անգամ համոզված են, որ եթե իրենք իրենց «սիրելիից» բացի ուրիշ ոչ ոքի չեն սիրում, դա սիրո ուժի ապացույցն է։ Այստեղ կենտրոնացում «առարկայի» վրա մոլորությունն է։ Դա նման է այն մարդու կարգավիճակին, ով ուզում է նկարել, բայց նկարել սովորելու փոխարեն պնդում է, որ իրեն ուղղակի անհրաժեշտ է գտնել արժանավոր բնորդ․ հենց դա լինի, ինքը կսկսի հիանալի նկարել։ Ընդ որում, դա պիտի կատարվի ինքնիրեն։ Բայց եթե ես իրոք սիրում եմ ինչ-որ մարդու, ես սիրում եմ բոլոր մարդկանց, ես սիրում եմ աշխարհը, ես սիրում եմ կյանքը։ Եթե ես ի վիճակի եմ մարդուն ասելու «Ես քեզ սիրում եմ», ես պիտի նաև ի վիճակի լինեմ ասելու «Ես սիրում եմ այն ամենը, ինչ կա քո մեջ», «Քո շնորհիվ ես սիրում եմ ամբողջ աշխարհը․ ես քո մեջ սիրում եմ ինքս ինձ»։
  20. Երեխայի բնավորությունը ծնողների բնավորության ծեփապատկերն է, երեխան զարգանում է նրանց բնավորությանն ի պատասխան։
  21. Եթե մարդը ի վիճակի է լիարժեք սիրելու, ուրեմն նա ինքն իրեն էլ է սիրում․եթե նա սիրում է միայն ուրիշներին, նա ընդհանրապես չի կարողանում սիրել։
  22. Հաճելի է համարել, որ սիրահարվածությունը սիրո գագաթնակետն է, այն դեպքում, երբ իրականում դա սկիզբն է  ու ընդամենը հնարավորություն սեր ունենալու։ Հաճելի է նաև համարել, որ դա խորհրդավորության արդյունքն է ու երկու մարդկանց միմյանցով գրավված լինելը՝ ինչ-որ իրադարձություն, որը ինքնիրեն է կատարվում։ Այո, մենությունն ու սեռական ցանկությունները սիրահարվելը հեշտ բան են դարձնում, ու էստեղ ոչ մի խորհրդավոր բան չկա, բայց սա այն հաջողությունն է, որ անցնում է նույնքան արագ, որքան եկել էր։ Սիրելի մարդ պատահաբար չեն դառնում, քո սիրելու ունակությունը քեզ սիրել է տալիս այնպես, ինչպես հետաքրքրվածությունը ինչ-որ մեկով նրան հետաքրքիր է դարձնում։
  23. Մի մարդ, ով չի կարողանում ստեղծել, ուզում է ավիրել։
  24. Որքան էլ տարօրինակ թվա, մարդումենակ լինելու կարողությունը նրա սիրել կարողանալու պայմանն է։
  25. Որքան կարևոր է դատարկ խոսակցություններից խուսափելը, նույնքան էլ կարևոր է վատ շրջապատից խուսափելը։ Վատ շրջապատ ասելով՝ ես ոչ միայն արատավոր մարդկանց ի նկատի ունեմ. սրացից խուսափել պետք է, որովհետև նրաց ազդեցությունը ճնշող է ու վնասող։ Ես նկատի ունեմ նաև «զոմբիների» հասարակությունը, որի ոգին մեռած է, չնայած մարմինը կենդանի է․ դատարկ մտքերով ու բառերով մարդկանց հասարակությունը, ովքեր ոչ թե խոսում, այլ դուրս են տալիս, ոչ թե մտածում, այլ արտահայտում են պայմանական կարծիքներ։
  26. Սիրած մարդու մեջ պետք է գտնես քեզ, այլ ոչ թե կորցնես։
  27. Եթե իրերը խոսել կարողանային, ապա, «Ո՞վ ես դու» հարցին գրամեքենան կպատասխաներ. «Ես գրամեքենա եմ», ավտոմեքենան կասեր. «Ես ավտոմեքենան եմ», կամ ավելի կոնկրետ՝ «ֆորդ», կամ «կանդիլլակ» կամ «բյուիկ»։ Ու եթե հարցնում եք մարդուն, նա ասում է. «Ես արդյունաբերող եմ», «Ես ծառայող եմ», «Բժիշկ եմ», «Ես ամուսնացած մարդ եմ», «Ես երկու երեխաների հայր եմ»։ Ու նրա պատասխանը կնշանակի գրեթե նույն բանը, ինչ խոսող իրերի պատասխանները։
  28. Հետո ի՞նչ, թե ուրիշները չեն հասկանում մեր պահվածքը։ Նրանց ցանկությունը մեզ ստիպելն է անել այն, ինչը իրենք հասկանում են։ Դա մեզ թելադրելու փորձ է։ Եթե դա նշանակում է նրանց աչքերում լինել « ոչ ռացիոնալ» կամ «հակասոցիալական», թող էդպես լինի։ Նրանց ամենաշատը ճնշում է մեր ազատությունն ու ձգտումը՝ լինելու այն, ինչ կանք։
  29. Մեր բարոյական խնդիրը արհամարհանքն է մեր անձի նկատմամբ։
  30. Մարդն իր կյանքի կենտրոնն ու նպատակն է։ Իր անհատականության զարգացումը, ներքին հնարավորությունների իրացումը ամենաբարձր նշանակետն է, որը չի կարող փոխվել կամ կախված լինել ուրիշ, իբր թե ավելի կարևոր նպատակից։


Թարգմանությունը՝ Դիանա Տատինցյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment