Շաբաթ— Ես հիմա գրեթե մի ամբողջ օրեկան եմ։ Երեկ եմ ծնվել։ Ինձ այդպես է թվում։ Եվ պետք է որ այդպես լինի, որովհետև եթե երեկ չէ առաջին օր եղել է, ես դեռ ծնված չէի, երբ դա տեղի ունեցավ, հակառակ դեպքում ես կհիշեի այն: Իհարկե, կարող էր այնպես լինել, որ ես չնկատեի անցյալ օրվա լինելը: Շատ լավ, ես հիմա շատ ավելի զգոն կլինեմ, և եթե նախանցյալ օրը նորից տեղի ունենա, ես նշում կանեմ: Լավ կլինի հենց հիմա սկսել և թույլ չտալ, որ արձանագրությունները խառնվեն, քանի որ ինչ-որ բնազդ ինձ հուշում է, որ այս մանրամասները մի օր կարևոր կլինեն պատմաբանների համար:
Ես ինձ, իսկապես, զգում եմ ինչպես փորձ, հենց բառիս բուն իմաստով՝ փորձ։ Դժվար թե ուրիշ մեկն իրեն այդքան փորձ զվար, որքան ես եմ զգում, և ես սկսում եմ համոզվել, որ ԵՍ պարզապես փորձ եմ, և ոչ ավելին:
Այդ դեպքում, եթե ես փորձ եմ, ապա արդյո՞ք այդ ամբողջը միայն ես եմ: Ոչ, կարծում եմ՝ ոչ; Կարծում եմ, որ մնացածն էլ այդ փորձի մի մասն է: Ես դրա հիմնական մասն եմ, բայց կարծում եմ, որ մնացածն էլ իրենց մասնաբաժինն ունեն այդ գործում։ Արդյո՞ք իմ վիճակը որոշված է, թե՞ պետք է աչալուրջ լինեմ ու հոգ տանեմ այդ մասին։ Հավանաբար, վերջինը։ Ինչ-որ բնազդ ինձ հուշում է, որ հավերժական զգոնությունը գերակայության գինն է: (Շատ լավ արտահայտություն է, կարծում եմ, այսքան երիտասարդ մեկի համար):
Այսօր ամեն ինչ ավելի լավ է, քան երեկ էր: Երեկվա հապճեպ ավարտի պատճառով սարերը մնացին խառնիխուռն վիճակում, իսկ որոշ հարթավայրեր այնքան խճողված էին բեկորներով ու աղբով, որ տեսքը բավականին ճնշող էր։ Արվեստի ազնվագույն և գեղեցիկ գործերը չպետք է ենթարկվեն հապճեպության. և այս հոյակապ նոր աշխարհն իսկապես ամենավեհ և գեղեցիկ գործն է: Եվ անշուշտ, զարմանալիորեն մոտ է կատարյալ լինելուն, չնայած ժամանակի կարճությանը: Աստղերը տեղ-տեղ շատ են, իսկ տեղ-տեղ էլ՝ քիչ, բայց անկասկած դա հնարավոր է շտկել շուտով: Անցյալ գիշեր լուսինը պոկվեց, սահեց ներքև և դուրս եկավ տիեզերքից։ Շատ մեծ կորուստ էր։ Սիրտս կոտրվում է այդ մասին մտածելիս: Զարդանախշերի և դեկորացիաների մեջ չկա մեկ այլ բան, որը համեմատելի է նրա գեղեցկության և հարդարողականության հետ: Այն պետք է ավելի լավ ամրացնել։ Եթե միայն կարողանաք այն նորից վերադարձնել․․․
Բայց իհարկե, ոչ ոք չի կարող ասել, թե ուր է այն գնացել: Եվ բացի այդ, ով էլ որ գտնի այն, կթաքցնի. ես դա գիտեմ, քանի որ ինքս էլ այդպես կանեի: Կարծում եմ, որ կարող եմ ազնիվ լինել մնացած բոլոր հարցերում, բայց ես արդեն սկսում եմ գիտակցել, որ էությանս առանցքն ու կենտրոնը սերն է գեղեցիկի հանդեպ, կիրքը գեղեցիկի հանդեպ, և որ լուսինը, որը պատկանում է մեկ այլ անձի, վստահել ինձ վտանգավոր է, և հատկապես այդ մարդը չգիտեր, որ այն ինձ մոտ էր: Եթե ես գտնեի այն ցերեկով, ապա կվերադարձնեի, որովհետև կվախենայի, որ ինչ-որ մեկը տեսած կլինի։ Բայց եթե ես գտնեի այն մթության մեջ, վստահ եմ, որ պետք է ինչ-որ պատրվակ գտնեմ դրա մասին ոչինչ չասելու: Քանի որ ես շատ եմ սիրում լուսիններ՝ նրանք այնքան գեղեցիկ են և այնքան ռոմանտիկ: Երանի հինգ կամ վեց հատ ունենայինք. Ես բոլորովին չէի քնի, ես երբեք չէի հոգնի մամուռի վրա պառկելուց և նրանց նայելուց:
Թարգմանությունը՝ Հրայր Հովսեփյանի
Խորհրդատու՝ Սիլվա Հարությունյան
0 մեկնաբանություն:
Post a Comment