Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, January 6, 2022

Չինական Ամանորի 3 լավագույն լեգենդները/պատմությունները




Լեգենդը, թե ինչու են նշում Նոր տարին


Չինական Նոր տարվա օրը չինարեն կոչվում է Guo Nian (过年), որը նշանակում է «տոնել (նոր) տարին» կամ «հաղթահարել Նիանին»: 年 (Nián) պատկերը նշանակում է «տարի» կամ «հրեշ Նիան»:
Հին ժամանակներում Նիան անունով հրեշ կար՝ երկար գլխով և սուր եղջյուրներով: Այն ամբողջ տարին բնակվում էր ծովի խորքում և հայտնվում էր միայն Ամանորի գիշերը մոտակա գյուղերում մարդկանց ու անասուններին ուտելու համար:
Ուստի Նոր տարվա գիշերը մարդիկ փախչում էին հեռավոր լեռներ՝ հրեշից փրկվելու համար։ Մարդիկ ապրում էին հրեշից վախենալով, մինչև որ գյուղ այցելեց մի ծերունի՝ սպիտակ մազերով և կարմրավուն դեմքով։
Նա հրաժարվեց գյուղացիների հետ թաքնվել սարերում, բայց հաջողությամբ վախեցրեց հրեշին՝ դռների վրա կարմիր թղթեր կպցնելով, բամբուկը այրելով` ճաքի բարձր ձայն արձակելու համար, մոմ վառելով տներում և կարմիր հագուստ կրելով: Երբ գյուղացիները վերադարձան, զարմացան՝ տեսնելով, որ գյուղը չի ավերվել։ 
Դրանից հետո ամեն Ամանորի գիշերը մարդիկ անում էին այն, ինչ ծերունին հրահանգել էր, և հրեշ Նիանն այլևս չէր երևում: Այս ավանդույթը շարունակվում է մինչ այժմ և դարձել է Նոր տարվա գալուստը նշելու կարևոր միջոց։

Լեգենդ այն մասին, թե ինչու են միմյանց կարմիր ծրարներ նվիրում

Չինական Նոր տարվա ընթացքում ամուսնացածները կամ տարեցները կարմիր ծրարներ են նվիրում երեխաներին կամ չամուսնացած կրտսերներին։ Կարմիր ծրարը կոչվում է նաև yasui qian («սուի փողը ճնշող»):
Ըստ լեգենդի՝ Ամանորի գիշերը, Նիան հրեշից բացի, կար Սուի անունով մի դև, որը դուրս էր գալիս սարսափեցնելու երեխաներին, երբ նրանք քնած են:
Ասում են, որ այն երեխաները, ում վախեցրել էր դևը, շատ էին վախենում և բարձր լաց էին լինում, սարսափելի ջերմություն էին ունենում և նույնիսկ մտավոր անկայուն էին դառնում։ Երեխաներին Սուիի վնասից զերծ պահելու համար ծնողները մոմեր էին վառում և արթուն էին մնում ամբողջ գիշեր։
Ամանորին մի պաշտոնյայի ընտանիքում ծնողները ութ մետաղադրամ են տալիս իրենց երեխային խաղալու համար, որպեսզի նրան արթուն պահեն, դևը նրան չվնասի։ Երեխան մետաղադրամները փաթաթում է կարմիր թղթի մեջ, բացում փաթեթը, նորից փաթաթում այն և նորից բացում այնքան ժամանակ, մինչև հոգնում և քնում է: Հետո ծնողները նրա բարձի տակ են դնում ութ մետաղադրամով փաթեթը։ 
Իսկ հետո, երբ Սուին փորձում է դիպչել նրա գլխին, ութ մետաղադրամները ուժեղ լույս են արձակում և վախեցնում դևին։ Ութ մետաղադրամները, պարզվում է, ութ փերի են։ Այդ ժամանակվանից կարմիր ծրարներ նվիրելը դարձավ երեխաներին անվտանգ պահելու և հաջողություն բերելու միջոց:

Լեգենդը, թե ինչու են փակցնում գարնանային երկտողեր

Արձանագրված է, որ գարնանային երկտողերի ծագումը կարելի է թվագրել 1000 տարի առաջ, երբ մարդիկ դռներից կախում էին տաոֆուն (桃符, գրված հմայիլը դեղձի փայտի վրա):
Լեգենդն ասում է, որ ուրվականների աշխարհում սարի վրա կար մի հսկայական դեղձ, որը ձգվում էր ավելի քան 1500 կիլոմետր: Ծառից դեպի հյուսիս-արևելք երկու պահակներ՝ Շենթուն և Յուլեին, հսկում էին ուրվականների աշխարհի մուտքը: Նրանք բռնում էին ուրվականներին, որոնք վնասում էին մարդկանց, իսկ հետո նրանց ուղարկում վագրերի մոտ՝ որպես կեր։
Հետևաբար, բոլոր ուրվականները վախենում էին երկու պահակներից: Ենթադրվում էր, որ երկու պահակների անուններով մակագրությամբ դեղձի փայտի կտոր կախելը դռների վրա  կարող է վախեցնել չարքերին:
Սոնգ դինաստիայի ժամանակ (960-1279 թթ.) մարդիկ սկսեցին դեղձի փայտի վրա գրել երկու բարենպաստ տողեր՝ երկու պահապանների անունների փոխարեն: Հետագայում դեղձի փայտը փոխարինվեց կարմիր թղթով, որը խորհրդանշում է հաջողություն և երջանկություն։ Այդ ժամանակից ի վեր գարնանային երկտողեր կպցնելը նոր տարին դիմավորելու և բարեմաղթանքներ հայտնելու սովորություն է։

Թարգմանությունը՝ Սվետլանա Մելքումյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment