Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, April 28, 2020

Կարլ Գուստավ Յունգ «Որքան մեծ է բազմությունը, այնքան աննշան է անհատը»


Կառլ Գուստավ Յունգ
Ինչպե՞ս է մարդը դառնում անանուն միավոր: Ինչու՞ է պետության աբստրակտ գաղափարն ավելի իրական, քան մարդու կյանքը: Եվ ի՞նչը կարող է փոխել մարդու այս աննախանձելի դերը ժամանակակից կյանքում:
Հրապարակում ենք հատված շվեյցարացի հոգեբուժ Կարլ Յունգի ՝ «Չբացահայտված ինքնություն» գրքից:


Ի՞նչ է կատարվում հիմա մեր աշխարհում: Ի՞նչ է կատարվում մեր երկրում: Ի՞նչ է կատարվում մարդկանց հոգիներում: Բավական է մեկ անգամ դիտել նորությունները սարսափելու համար պետական քաղաքականությունից, պաշտոնյաների անտեղյակությունից, մարդկանց լուռ համաձայնությունից (սակայն ամենինչ սովորկանի պես է ՝ «մարդիկ լուռ են» ):

«Մարդու աննախանձելի դերը ժամանակակից կյանքում» գլխում շվեյցարացի հոգեբուժը փորձում է պարզել, թե ինչու է անհատը կորցնում իր հատկանիշներն ու դառնում համահարթեցման զոհ, ինչպե՞ս է, որ «պետություն» և «հասարակություն» վերացական հասկացությունները կարողանում են կոնկրետ անհատի տեղը զբաղեցնել, իրենց քաղաքականությանը ենթարկել նրա կյանքի իմաստն ու նպատակը: Ու ինչու՞ է ավելի հաճախ պարզվում, որ առաջնորդը ՝ ծնված ամորֆ զանգվածից, այն փրկող անձը չէ, որ կարող է հստակ, խելամիտ կերպով նայել իրավիճակին, այլ լինելով իր մտքերի ստրուկը՝ «անխուսափելիորեն դառնում է չափից դուրս փքված իր իսկ էջո-գիտակցության զոհը»։
Մտածելու լավ տեղիք է տալիս:


Մարդու աննախանձելի դերը ժամանակակից կյանքում

Ի՞նչ կբերի ապագան իր հետ: Անհիշելի ժամանակներից մարդուն հուզել է այս հարցը, բայց ոչ միշտ նույն չափով: Պատմությունը վկայում է, որ անհանգստությամբ և հույսով լցված մարդը ուղղում է իր հայացքն ապագայի վրա, երբ տեղի են ունենում ֆիզիկական, քաղաքական, էկոնոմիկական կամ հոգևոր վերելքներ, երբ ծնվում են ուտոպիական մտքեր կամ ապոկալիպտիկ հեռանկարներ: Հիշենք, օրինակ ՝ կայսր Օգոստոսի ժամանակակիցների ակնկալիքները ՝ քրիստոնեական ժամանակաշրջանի սկզբին կամ հոգևոր փոփոխություններն արևմուտքում, որոնք ուղեկցվեցին Քրիստոսի ծնունդից մինչև առաջին հազարամյակի ավարտը: Մեր ժամանակներում, երբ երկրորդ հազարամյակն է մոտենում ավարտին, մենք կրկին ապրում ենք համընդհանուր ոչնչացման ապոկալիպտիկ պատկերներով ողողված աշխարհում: Ո՞րն է մարդկանց երկու ճամբարների առանձնացնելու նշանակությունը, ու՞մ խորհրդանիշն է երկաթյա վարագույրը: Ինչի՞ կվերածվի մեր քաղաքակրթությունը և մարդկությունն ինքնին, եթե ջրածնային ռումբերը սկսեն պայթեցվել կամ եթե հոգևոր ու բարոյական խավարը պատեի ամբողջ Եվրոպան:
Մենք որևէ հիմք չունենք այդպիսի արդյունքի հավանականությունն անհնարին համարելու: Ցանկացած արևմտյան երկրում գոյություն ունեն դիվերսիոն տարրերի խմբեր, որոնք, օգտագործելով մարդասիրությունն ու արդարության ձգտումը, լուցկին պատրաստ պահում են դյուրավառ տակառի վրա, և բնակչության միայն բարձր զարգացածության ու կայուն հոգեբանության տեր զանգվածը կարող է կանխել այդ գաղափարների տարածումը: Այս շերտի «հաստությունը» կարիք չկա գերագնահատելու: Ամեն երկրում տարբեր է՝ կախված բնակչության ազգային խառնվածքից: Ի հավելումն՝ այդ շերտի «հաստությունը» կախված է կրթության մակարդակից կոնկրետ երկրում, տնտեսական ու քաղաքական բնույթի ծայրաստիճան ուժեղ գործոններից: Եթե որպես չափանիշ վերցնենք հանրաքվեն, ուրեմն ըստ առավել լավատեսական գնահատականների այս շերտի «հաստությունը» կլինի ընտրողների ընդհանուր թվի քառասուն տոկոսը: Բայց ավելի հոռետես գնահատականը կլինի բավականին արդարացված, քանի որ ընդհանուր իմաստի և քննադատական մտածողության պարգևը չի պատկանում անձի առավել բնորոշ առանձնահատկություններին և նույնիսկ այնտեղ, որտեղ այն տեղ է գրավում, դա կայուն և անսասան չէ և, որպես կանոն, թուլանում է, երբ քաղաքական խմբերն աճում են: Զանգվածը ճնշում է խորաթափանցությունն ու մտածողությունը, որին անհատը դեռևս ունակ է և անխուսափելիորեն տանում է դեպի վարդապետական ու ավտորիտար բռնության: Դա ընդամենը սահմանադրական պետության սայթաքումն է:
Ռացիոնալ փաստարկների օգտագործումը կարող է հաջողվել միայն այն դեպքում, երբ տվյալ իրավիճակին տրված հուզականությունը չի գերազանցում կրիտիկական մակարդակը: Եթե կրքերի ինտենսիվությունը բարձրանում է կրիտիկական մակարդակից, ուրեմն այլևս հավանականություն չկա, որ բանականություն ասվածը կգործի, փոխարենը կգործեն կարգախոսներն ու պատրանքային ցանկություն-պատկերացումները: Այսպիսով, ստեղծվում է յուրօրինակ համատարած խելագարություն, որն արագ վերածվում է հոգեկան համաճարակի: Նման պայմաններում ամենավերևն են բարձրանում այն տարրերը, որոնք բանականության ժամանակաշրջանում համարվում են հակասոցիալական, և որոնց գոյությունը հասարակությունը հազիվ հանդուրժում է: Այդպիսի անհատները ոչ մի դեպքում հազվադեպ նմուշներ չեն, որոնք գտնվում են միայն բանտերում կամ հոգեբուժարաններում: Ըստ իմ գնահատանքի, յուրաքանչյուր բացահայտ խելագարի հետ մեկտեղ կա առնվազն տասը թաքնվածը, նրանց խելագարությունը պահվածքի կամ հայացքների մեջ հազվադեպ է ակնհայտ դրսևորվում, սակայն չնայած այդ արտաքին նորմալությանը՝ նրանց գիտակցությունը ենթարկվում է պաթոլոգիական ու այլասերված գործոնների: Պարզ պատճառներով լատենտ հիվանդների համար դեղերի միջամտություն չկա: Նույնիսկ եթե լատենտ հիվանդների թիվը տաս անգամից ավելի չէ բացահայտ խելագարների ու հանցագործնրի թվից, միևնույնն է, այդ փոքր թիվը բնակչության ամբողջ զանգվածի մեջ ներկայացնում է ծայրահեղ վտանգ: Նրանց մտավոր վիճակը նման է այն խմբին, որոնք կոլեկտիվ հուզմունքի մեջ են և ենթարկվում են կողմնակալ գնահատականներին ու ցանկություն-պատկերացումներին: Երբ այդպիսի մարդիկ գտնվում են իրենց միջավայրում, հեշտ հարմարվում են միմյանց և այսպիսով իրենց զգում ինչպես տանը: Իրենց սեփական փորձից նրանք արդեն սովորել են նմանատիպ իրավիճակներում «լեզու գտնել»: Նրանց գաղափարները, որոնք սնուցվում են ֆանատիկ վրդովմունքով, կոլեկտիվ իռացիոնալության կոչ են անում ու դրանում գտնում պարարտ հող: Նրանք արտահայտում են այն բոլոր մոտիվներն ու դժգոհությունը, որ նորմալ մարդիկ թաքցնում են խոհեմության քողի տակ: Հետևաբար, չնայած ցածր տոկոսին, նրանք ներկայացնում են մեծ վտանգ, ինչպես վարակի աղբյուրը, հենց այն պատճառով, որ այսպես կոչված նորմալ մարդն ունի ինքնաճանաչման սահմանափակ մակարդակ:
Մարդկանց մեծ մասը շփոթում է «ինքնաճանաչումը» իրենց էգո-անհատականության ճանաչման հետ: Յուրաքանչյուր մարդ, ով գոնե, որ ինչ-որ չափով ունի էգո-գիտակցություն, ոչ մի կասկած չունի, որ ճանաչում է ինքն իրեն: Բայց Էգոն գիտի միայն իր բովանդակությունը, այն չի ճանաչում անգիտակցականը և դրա բովանդակությունը: Մարդիկ որոշում են իրենց ինքնագիտակցությունը իրենց սոցիալական շրջապատի միջին մարդու՝ իր մասին ունեցած գիտելիքների չափով, բայց ոչ  հիմնվելով իրական հոգեբանական փաստերի վրա, որոնք մեծամասամբ նրանցից թաքուն են: Այսպես, մարդու հոգեկանը նման է մարմնին, որի մասին՝ ֆիզիոլոգիայի և անատոմիայի մասին, նույնպես հասարակ մարդը շատ քիչ բան գիտի։ Թեև սովորական մարդն ապրում է մարմնում ու մարմնի հետ, դա երբեմն լրիվ անծանոթ է նրան, և ծանոթանալու համար այն ամենին, որ հայտնի է մարմնի մասին, պահանջվում է հատուկ գիտելիք: Ես դեռ չեմ խոսում այն ամենի մասին, ինչը հայտնի չէ, բայց այնուամենայնիվ գոյություն ունի:
Սա նշանակում է, որ այն, ինչը սովորաբար կոչվում է «ինքնագիտակցություն», իրականում բավականին սահմանափակ գիտելիք է: Դրա մեծ մասը կախված է սոցիալական գործոններից, այն գործոններից, որոնք կան մարդու հոգեկանում: Դրանից է, որ մարդը միշտ նախատրամադրված է, որ որոշակի դեպքեր «մեզ հետ», «մեր ընտանիքի հետ» կամ մեր ընկերների ու ծանոթների հետ  չեն պատահի: Մյուս կողմից՝ մարդն ունենում է նաև ոչ պակաս պատրանքային համոզվածություն իր մեջ որոշ հատկությունների առկայության մասին, և այդ համոզվածությունը միայն թաքցնում է իրերի իրական վիճակը:

Աղբյուրը
Շարունակելի
Թարգմանությունը՝ Մարինե Գալստյանի։

0 մեկնաբանություն:

Post a Comment