Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, May 20, 2018

Միկրոպատմվածքներ-3

Անա Մարիա Շուա
 Անա Մարիա Շուա
Աննա Մարիա Շուան ունի հրեա-արաբական ծագում: Ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանը, 1973 թվականին դասավանդել է բանասիրական ֆակուլտետում: Երկու տարի անց ամուսնացել է և 1976-1977 թվականներին ամուսնու հետ բնակվել է Ֆրանսիայում, համագործակցել է Cambio 16 իսպանական ամսագրի հետ: Վերադառնալով հայրենիք, առավել շատ գրել է արձակ ստեղծագործություններ, որոնք կազմված էին մի քանի տողից:




Ամուրիության մեղքը
Երբ աշխարհի վերջը գա, լականդոնները կհավաքվեն Յաշչիլանում: Աստվածները կգլխատեն բոլոր ամուրիներին, կրունկներից կկախեն և կհավաքեն նրանց արյունը թասերի մեջ, իրենց տունը ներկելու համար: Այդպիսի սպառնալիքները, որոնք տարբեր են մշակույթից մշակույթ, հարկավոր են տղամարդկանց վախեցնելու համար, որպեսզի ստիպեն նրանց ընդունել ամուսնությունը և դիմանալ դրան:


Թարգմանությունը՝ Վերա Նարիմանյանի



Շոու ծրագիր 
Հեռուստատեսային խաղերի մի ծրագիր կա՝ երեխաները հագնում են ծրագիրը հովանավորող ապրանքանիշի հողաթափեր: Յուրաքանչյուր մայր պետք է ճանաչի իր որդուն` միայն դեկոր-պատուհանի միջով փոքր տոտիկներին նայելով: Երկիրն աղքատ է, մրցանակները՝ խոշոր: Մասնակիցները միշտ ձգտում են հաղթել: Եթե մայրերից մեկը սխալվում է, չի ասում դրա մասին: Այնուհետև յուրաքանչյուրը վերցնում է այն որդուն, ում որ ինքն ընտրել է, նույնիսկ եթե դա այն երեխան չէր, որին գալուց բերել էր: Անհրաժեշտ է երկար ժամանակ պահպանել կեղծիքը, որովհետև կազմակերպության տեսուչները ստուգում են մասնակիցների տները: Կան երեխաներ, ովքեր տուժում են, բայց ոմանք էլ շահում են: Նաև ասում են, որ որոշ մայրեր խարդախություն են անում՝ սխալվում են դիտմամբ:

Թարգմանությունը՝ Վիկտորյա Միկաիլի և Մարիա Սուքոյանի


Անվասայլակի վրա
Մորաքույր Պետրան ձևացնում է, թե կաթվածահար է, որպեսզի ապրի անվասայլակի վրա` ծածկված շոտլանդական վերմակով, որը թաքցնում է իր այծի ոտքերը, իր ձկան պոչը, և իր կես օձ լինելը: Եղբայրներով նրա վրայից հանեցինք վերմակը, մինչ նա քնած էր, և տեսանք երեխայի երկու ոտքեր` փոքր և բարակ, որոնք միշտ հագնում է քնելու համար:
Թարգմանությունը՝ Իննա Բանդուրյանի և Ռուզաննա Ղազարյանի


Աուգուստո Մոնտեռոսո

Աուգուստո Մոնտեռոսո
Աուգուստո Մոնտեռոսոն (ծնված 1936 թվին) հոնդուրասցի մոր և գվատեմալացի հոր զավակ է։ Նա 11 տարեկանից թողել է դպրոցն ու ինքնակրթվել։ Ուսումնասիրել-սովորել է լատիներեն, կարդացել լատինական և իսպանական դասականներին։ Տպագրվել սկսել է 1941 թվից գվատեմալական պարբերականներում։ Նրա սիրած հեղինակը Բորխեսն էր և իր գրքերը համարել է արգենտինացի վարպետի առաջ «խոնարհման շնորհ»։
Մոնտեռոսոն մեքսիկական «Ացտեկական արծիվ» շքանշանակիր է, իսկ 1991 թվականին Իսպանիայում հռչակվել է որպես տարվա գրող։ 1997-ին իր հարազատ Գվատեմալայում ընտրվել է որպես տարվա մարդ։ 2000 թվականին ստացել է Իսպանիայի Աստուրիայի արքայադստեր գրական մրցանակը։ Մահացել է 2003 թվականին՝ 81 տարեկանում։




Գորտը, որն ուզում էր իսկական գորտ լինել

Ժուկով ժամանակով մի գորտ կար, որ ուզում էր դառնալ իրական գորտ, և ամեն օր մեծ ջանքեր էր թափում դրան հասնելու համար։
Սկզբում նա մի հայելի գնեց, որի մեջ նայում էր երկար՝ փնտրելով իր երազած իսկությունը։ Երբեմն գտնում էր այն և երբեմն՝ ոչ, ըստ օրվա և ժամի տրամադրության, մինչև որ հոգնեց և պահեց հայելին սնդուկում։
Ի վերջո մտածեց, որ քո իսկ արժեքը իմանալու միակ ձևը մարդկանց կարծիքն է։ Եվ սկսեց սանրվել, հագնվել, հանվել (երբ ուրիշ ճար չէր մնում), որպեսզի իմանար, թե մնացածները ընդունում և ճանաչո՞ւմ են իրեն որպես իրական գորտ։
Մի օր նկատեց, որ իր մարմինն էր, որ ամենաշատ հիացնում էր բոլորին, հատկապես՝ իր ոտքերը։ Այնպես որ, նա իրեն նվիրում է կքանիստներ և թռիչքներ կատարելուն, որպեսզի ունենա ավելի լավ տոտիկներ և զգում էր, որ բոլորը ծափահարում են իրեն։
Եվ այսպես շարունակում էր ջանքեր թափել, մինչև որ, իրեն իրական գորտ համարելու համար ցանկացած բան անելու պատրաստակամությամբ թողնում էր, որ ուրիշները պոկեն իր ոտքերը և ուտեն։ Եվ դեռ հասցնում էր լսել դառնությամբ, որ ասում են՝ ինչ լավ գորտ է, ոնց որ հավ լինի։

Թարգմանությունը՝ Նանոր Հովհաննիսյանի



Սև ոչխարը
Շատ տարիներ առաջ, մի հին երկրում կար մի սև Ոչխար: Նրան գնդակահարեցին:
Մի դար հետո, զղջացող հոտը նրա պատվին բարձրացրեց նժույգի արձան, որը շատ գեղեցիկ էր դիտվում այգում:
Այսպիսով դրանից հետո, ամեն անգամ, երբ հայտնվում էին սև ոչխարները, արագորեն գնդակահարվում էին, որպեսզի սովորական ոչխարների ապագա սերունդը նույնպես կարողանա վարժվել քանդակագործության մեջ:

Թարգմանությունը՝ Նանոր Հովհաննիսյանի


Հուլիո Կորտասար
Խուլիո Կորտասար
Հուլիո Կորտասարը 20-րդ դարի արգենտինացի գրող է։
Ծնվել է 1914 թվին Բուենոս Այրեսում։ Դպրոցն ավարտելով՝ ընդունվել է մայրաքաղաքի համալսարանի բանասիրափիլիսոփայական ֆակուլտետը, բայց վճարունակ չլինելու պատճառով թողել է ուսումը։ Յոթ տարի աշխատել է որպես գյուղական դպրոցի ուսուցիչ, հետո դասավանդել է Մենդոսայի համալսարանում։ Քանի որ մասնակցել է արգենտինյան մտավորականների հակապերոնյան ելույթներին, ստիպված է եղել լքելու մանկավարժական գործունեությունը։ Վերադարձել է Բուենոս Այրես, աշխատել Գրքի պալատում որպես ծառայող։ 1951թվականին գնացել է Եվրոպա, մինչև կյանքի վերջն ապրել Փարիզում։
Կորտասարը հեղինակ է մի շարք վեպերի, բազմաթիվ պատմվածքների։ Գրել է նաև բանաստեղծություններ և մանրապատումներ, որոնք կենդանության օրոք չեն հրապարակվել։ Իր մեծ ու փոքր ստեղծագործություններում հեղինակի ուշադրության կենտրոնում ժամանակակից սոցիալիական, հոգեբանական ու բարոյական խնդիրներն են։
Մահացել է 1984 թվին Փարիզում և թաղված է հանրահայտ Մոնպառնաս գերեզմանատանը։

Առյուծը և Կրոնոպիոն 
Մի կրոնոպիո անապատը անցնելիս հանդիպում է մի առյուծի։ Տեղի է ունենում հետևալ երկխոսությունը։
Առյուծ- Քեզ կուտեմ:
Կրոնորպիոն տխուր, բայց արժանապատվոր են ասում է.
- Դե, լավ:
Առյուծ - Չէ, այդպես չեղավ, ինձ նահատակներ պետք չեն։ Կամ լաց եղիր, կամ պայքարիր, երկուսից մեկը։ Դե, սպասում եմ: Ոչինչ չե՞ս ասում։
Կրոնոպիոն ոչինչ չի ասում, և առյուծը շփոթված էր, մինչև մի միտք հղացավ։
Առյուծ- Դեռ լավ է, որ ձախ ձեռքս փուշ է մտել, որը շատ է խանգարում։ Հանիր այն և ներված ես։
Կրոնոպիոն հանում է փուշը, և առյուծը հեռանում է` դժգոհ մռնչալով.
- Շնորհակալ եմ, Անդրոկլե՛ս:

Թարգմանությունը՝ Նանոր Հովհաննիսյանի



Ճշմարիտ պատմություն
Մի պարոնի ակնոցն ընկնում է գետնին և սարսափելի ձայն հանելով` բախվում սալահատակին: Պարոնը կռանում է` չափազանց ընկճված, քանի որ ակնոցը շատ թանկ էր, բայց զարմանքով հայտնաբերում է, որ այն հրաշքով չի կոտրվել: Այժմ պարոնը խոր երախտագիտություն է զգում և հասկանում է, որ այն, ինչ տեղի է ունեցել, բարեկամական նախազգուշացում է. ուստի գնում է ակնոցների խանութ և անմիջապես ձեռք է բերում ակնոցի տուփ՝ պաշտպանիչ երկշերտ բարձիկներով , որպեսզի նախապես պաշտպանված լինի փորձանքից: Մեկ ժամ անց պատյանը ընկնում է, և պարոնը առանց շատ մտահոգվելու կռանում ու հայտնաբերում է, որ ակնոցը փշրվել է։ Ժամանակ է պահանջվում, մինչև մարդը հասկանա, որ Ճակատագրի ուղիներն անքննելի են, և հրաշքը հիմա է տեղի ունեցել:

Բնագիրը
Թարգմանությունը՝  Վիկտորյա Միկաիլի և Մարիա Սուքոյանի



Կրիաները և կրոնոպիոները
Պատահել է այնպես, որ կրիաները շատ են սիրում արագությունը, ինչը բնական է: Էսպերանսաները գիտեն դա և չեն մտահոգվում: Ֆամաները գիտեն դա և ծաղրում են: Կրոնոպիոները գիտեն դա և ամեն անգամ, երբ հանդիպում են կրիայի, հանում են գունավոր կավիճներով տուփը և կրիայի կլոր պատյանի վրա նկարում են մի ծիծեռնակ:

Բնագիրը


Հուշերի պահպանումը 
Ֆամաները, պահպանելու համար իրենց հուշերը, զմռսում են դրանք հետևյալ ձևով. հիշողությունը մանրակրկիտ ամրացնելուց հետո փաթաթում են այն ոտից գլուխ մի սև սավանով և հենում են անշարժ` հյուրասենյակի պատին մի փոքրիկ ցուցականի հետ միասին, որին գրված է` «Ճանապարհորդություն դեպի Կիլմես» կամ «Ֆրենկ Սինատրա»։ Փոխարենը կրոնոպիոները` այդ թափթփված և ջերմ արարածները, թողնում են հուշերը տանը ազատ արձակած, ուրախության բացականչությունների մեջ, և նրանք վազվզում են տնով մեկ, և երբ ինչ-որ մեկը վազելով անցնում է նրանց կողքով, փայփայում են նրան մեղմորեն և ասում.
-Չվնասես քեզ, - և նաև - զգույշ աստիճաններին:
Դրա համար էլ ֆամաների տները կոկիկ են և լուռ, մինչդեռ կրոնոպիոների տներում մեծ աղմուկ կա և հարվածող դռներ։ Հարևանները միշտ բողոքում են կրոնոպիոներից, իսկ ֆամաները շարժում են գլուխները ըմբռնումով, և գնում են՝ տեսնելու, թե արդյոք բոլոր պիտակները տեղում են:


Թարգմանությունը՝ Նանոր Հովհաննիսյանի

Դասավանդող՝ Նարինե Բարսեղյան

0 մեկնաբանություն:

Post a Comment