Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, November 27, 2017

Բժիշկների դատավճռից հետո ավելի շատ ուզեցի ապրել/ Լյուդմիլա Լամոնովա

Ինձ անվասայլակով տանում էին տեղի հիվանդանոցի միջանցքով
-Ո՞ւր,- հարցրեց բուժքույրերից մեկը մյուսին:-Միգուցե ոչ թե առանձին, այլ ընդհանո՞ւր:
Ես լարվեցի:
-Այդ ինչո՞ւ ընդհանուր, եթե կա առանձին պալատի հնարավորություն:
Քույրերը վրաս այնպիսի կարեկցանքով նայեցին, որ ես անգամ զարմացա: Ես հետո իմացա, որ առանձին պալատ տանում էին մեռնողներին, որ նրանց չտեսնեն մնացած հիվանդները:

-Բժշկուհին ասաց, որ առանձին պալատ տանենք,- կրկնեց բուժքույրը:
Ես թեթևացա: Իսկ երբ հայտնվեցի մահճակալի վրա, զգացի լիակատար խաղաղություն միայն այն բանից, որ ոչ մի տեղ գնալու կարիք չկա, ոչ ոքի ոչինչ պարտք չեմ, ու ողջ պատասխանատվությունն ընկած է ինձ վրա:
Ինձ մեկուսացված էի զգում շրջակա միջավայրից, բայց ինձ համար միանգամայն միևնույն էր: Ինձ ոչինչ ու ոչ ոք չէր հետաքրքրում: Ես վաստակեցի հանգստի իմ իրավունքը: Եվ դա լավ էր: Ես մենակ էի՝ ինքս ինձ հետ, իմ հոգու հետ, իմ կյանքի: Միայն Ես ու Ես: Չկան խնդիրները, չկան ունայնությունն ու կարևոր հարցերը:
Մի ակնթարթ այս վայրկենական վազքը ինձ այնքան չնչին թվաց Հավերժության, Կյանքի ու Մահվան հանդեպ, այն ամենի, որ սպասում է այնտեղ ՝ անէության հետևում
Ու այդժամ սկսվեց փոթորիկը իրական Կյանքի շուրջ: Պարզվում է, որ դա հրաշալի բան է. թռչունների առավոտյան երգը, արևի շողերը, որ մագլցում են մահճակալի վերևով դեպի առաստաղ, ծառերի ոսկեզօծ տերևները, որ պատուհանից ինձ ողջունում ենաշնանային մուգ կապույտ երկինքը, արթնացող քաղաքի աղմուկը՝ մեքենաների ձայները, շտապով քայլող, ասֆալտին քսվող կրունկները, ընկնող տերևների շրշյունը
Աստված իմ, ի՜նչ հրաշալի բան է կյանքը: Ու ես միայն հիմա եմ դա հասկանում
«Թեկուզ հիմա ,- ինքս ինձ ասացի,- բայց կարևորը՝ հասկացա: Ու դու դեռ մի երկու օր ունես, որպեսզի վայելես ու սիրես այն ողջ սրտով»:
Ինձ պատած ազատության ու երջանկության զգացումը պոռթկում էր պահանջում, ու ես դիմեցի Աստծուն. չէ՞ որ հիմա ամենամոտն իրեն եմ կանգնած:
-Տեր Աստված,- ուրախանում էի ես,- շնորհակալ եմ Քեզ, որ ինձ տվեցիր հնարավորություն, որ հասկանամ, թե որքան գեղեցիկ է կյանքը, ու սիրեմ այն: Թեկուզ մեռնելուց առաջ, բայց ես հասկացա, թե որքան հրաշալի է ապրելը:
Ես լցվեցի խաղաղ երջանկությամբ, ազատությամբ ու զրնգուն բարձրությամբ միաժամանակ: Աշխարհը զնգում ու լցվում էր աստվածային սիրո ոսկեգույնով: Ես զգում էի նրա ալիքներից եկող ուժը:
Թվում էր՝ սերը խտացել է ու միաժամանակ մնացել է փափուկ ու թափանցիկ, ինչպես օվկիանոսի ալիքը: Այն լցրել է ամբողջ տարածքը, անգամ օդն էր ծանրացել ու միանգամից չէր հասնում թոքերիս, այլ դանդաղ սահում էր, դանդաղ՝ երակազարկի հոսքի պես: Ինձ թվում էր՝ ամենը, ինչ տեսնում եմ, լցվում է եռանդի այդ ոսկեգույն լույսով։ Ես սիրում էի: Ու դա Բախի երգեհոնային հզոր երաժշտության ու ջութակի սավառնող հնչյունների համաձուլումն էր։
Առանձին պալատն ու սուր լեյկոզի չորրորդ աստիճանը, ինչպես նաև օրգանիզմիս՝ բժշկի հաստատած  աներևակայելի վիճակը ունեին իրենց առավելությունները: Մահացողների մոտ թողնում էին բոլորին, ցանկացած ժամի: Հարազատներիս առաջարկել էին, որ մտերիմներիս տեղյակ պահեն թաղմանս համար, ու ինձ հրաժեշտ տալու էին գալիս վշտահար ազգականների շարքեր: Ես հասկանում էի, թե որքան դժվար է նրանց համար. ինչի՞ մասին խոսեն մեռնողի հետ, առավել ևս, երբ մեռնողը գիտի իր կարգավիճակի մասին: Ծիծաղելի էր նրանց մոլորված հայացքները տեսնելը:
Ես ուրախ էի. էլ երբ պիտի տեսնեի նրանց բոլորին: Ամենաշատը ես ուզում էի փոխանցել իմ սերն առ այս աշխարհը. անհնար է այս ամենից չերջանկանալ: Ես ուրախացնում էի հարազատ մարդկանց, անեկդոտներ, իրական պատմություններ էի պատմում:
Փառք Աստծո, բոլորը ծիծաղում էին, ու հրաժեշտը անցնում էր ուրախ ու բավարարված մթնոլորտում: Մոտավորապես երրորդ օրը ձանձրացա պառկելուց ու սկսեցի քայլել պալատում, պատուհանի մոտ նստել: Հենց այդ պահին էլ եկավ բժշկուհին ու տեսնելով ինձ՝ հիստերիա սկսեց՝ ասելով, որ չի կարելի վեր կենալ:
Ես իրոք զարմացա.
-Ի՞նչ է, ինչ-որ բա՞ն է փոխվել:
 -Ոչ,- բժիշկը շփոթվեց:- Բայց դուք չեք կարող քայլել:
-Ինչո՞ւ:
-Դուք դիակի անալիզներ ունեք: Ապրել անգամ չեք կարողանում, բայց սկսել եք կանգնել:
Անցավ ինձ տրված առավելագույն ժամանակը՝ չորս օր: Ես չէի մեռնում, այլ ախորժակով կուլ էի տալիս երշիկն ու բանանը: Ես լավ էի: Իսկ այ բժշկուհիս՝ ոչ. նա ոչինչ չէր հասկանում: Անալիզները չէին փոխվում, արյունս բաց վարդագույնին մոտ էր, իսկ ես դուրս էի գալիս միջանցք՝ հեռուստացույց դիտելու:
Խղճում էի բժշկուհուն: Սերը պահանջում է շրջապատի ուրախությունը:
-Բժշկուհի՛, իսկ ինչպիսի՞ն կուզեիք, որ անալիզներս լինեին:
-Դե գոնե այսպես:- Նա արագ թղթի վրա ինչ-որ թվեր ու տառեր գրեց: Ես ոչինչ չհասկացա, բայց ուշադրությամբ կարդացի: Բժշկուհին նայեց ինձ վրա, ինչ-որ բան մռթմռթաց ու հեռացավ:
Առավոտյան ժամը 9-ին նա ներխուժեց իմ պալատ՝ գոռալով.
-Ո՞նց եք անում:
-Ի՞նչ եմ անում:
-Անալիզնե՛րը: Դրանք հենց այնպիսին են, ինպես ես ձեզ գրել էի:
-Հա՜: Ես ի՞նչ իմանամ: Ու ի՞նչ տարբերություն, գրողը տանի:
Բարեբախտությունս ավարտվեց: Ինձ տեղափոխեցին ընդհանուր պալատ: Բարեկամներս արդեն հրաժեշտ էին տվել ինձ ու չէին այցելում:
Պալատում բացի ինձնից ևս հինգ կին կար: Նրանք պառկած էին դեմքով դեպի պատը, ու մռայլ, լուռ ու ակտիվորեն մեռնում էին: Ես դիմացա երեք ժամ: Իմ սերը սկսեց խեղդվել: Պետք էր շտապ ինչ-որ բան անել: Մահճակալի տակից սահեցնելով հանեցի ձմերուկը ու գլորեցի դեպի սեղանը, կտրեցի ու բարձր հայտարարեցի.
-Ձմերուկը քիմիաթերապիայից հետո սրտխառնոցը անցկացնում է:
Պալատով մեկ լողաց թարմ մրգի բույրը, ու մյուսներն անվստահ սեղանին մոտեցան:
-Իրո՞ք անցկացնում է:
-Ըհը,- իբրև գործից հասկացող ասացի՝ մտածելով՝ «Սատանան գիտի»:
Ձմերուկը հյութալի խրթխրթաց:
-Եվ իրոք, անցավ,- ասաց նա, ով պատուհանի մոտ էր ու անթացուպով էր քայլում:
-Իմն էլԻմն էլ- ուրախ հաստատեցին մնացածը:
-Ահա,- բավարարված գլխով արեցի ի պատասխան։- Մի անգամ գիտե՞ք՝ ինչ եղավԴրա մասին անեկդոտը լսե՞լ եք:
Գիշերը ժամը երկուսին պալատ մտավ բուժքույրը ու վրդովվեց.
-Ե՞րբ եք դադարելու քրքջալ: Ամբողջ հարկին չեք թողնում, որ քնեն:
Երեք օր անց բժշկուհին անվստահորեն ինձ խնդրեց.
-Իսկ դուք չե՞ք կարող տեղափոխվել մեկ այլ պալատ:
-Ինո՞ւ:
-Այս պալատում բոլորի վիճակը բարելավվել է: Իսկ կողքինում ծանրները շատ են:
-Չէ՛,- գոռացին հարևաններս,- չենք թողնի:
Չթողեցին
Բայց այ հարևանները մեր պալատ էին ձգվում, ուղղակի նստելու, խոսելու, ծիծաղելու համար: Ու ես հասկացա՝ ինչու: Ուղղակի մեր պալատում սեր էր ապրում: Այն ցանկացածին ոսկեզօծ ալիքով էր պատում, ու բոլորն իրենց հարմար ու լավ էին զգում: Հատկապես ինձ դուր էր գալիս մոտ տասնվեց տարեկան բաշկիր-աղջիկը՝ սպիտակ գլխաշորով, որ ծոծրակին պանգույց էր արել: Գլխաշորի տարբեր կողմեր ցցված ծայրերը նրան սկյուռիկի նման էին դարձնում:
Նա լիմֆատիկ հանգույցների քաղցքեղ ուներ, ու ինձ թվում էր, որ նա ծիծաղել չգիտի: Բայց մի շաբաթից ես տեսա նրա ամաչկոտ ու սիրաթով ժպիտը: Իսկ երբ նա ասաց, որ դեղերը սկսել են օգնել, ու ինլը լավանում է, մենք խնջույք կազմակերպեցինք՝ ճոխ սեղան գցելով:
Կումիսի մի քանի շիշ դատարկվեց, ինչից մենք  արագ ապուշացանք, իսկ հետո անցանք պարերին: Աղմուկի վրա եկած հերթապահ բժիշկը խելակորույս կանգնել շեմին ու մեզ էր նայում, հետո ասաց.
-Ես երեսուն տարի է՝ այստեղ եմ աշխատում, բայց այսպիսի բան առաջին անգամ եմ տեսնում:
Շրջվեց ու գնացՄենք երկար ժամանակ ծիծաղում էինք՝ նրա դեմքի արտահայտությունը հիշելով: Լավ էր:
Ես գիրք էի կարդում, բանաստեղծություններ էի գրում, պատուհանից դուրս էի նայում, հարևանուհիներիս հետ էի զրուցում, զբոսնում էի միջանցքով ու այնքան էի սիրում այն ամենը, ինչ տեսնում էի. գրքերը, կոմպոտը, հարևանուհուս, մեքենան, որ պատուհանի հետևում կայանված էր, ծեր ծառը: Ինձ վիտամիններ էին ներարկում: Պետք էր, չէ՞, ինչ-որ բան ներարկել: Բժշկուհին ինձ հետ գրեթե չէր խոսում, միայն խեթ նայում էր անցնելիս, ու երեք շաբաթ անց շշուկով ասաց.
-Ձեր հեմոգլոբինը քսան միավորով բարձր է առողջ մարդու նորմայից: Պետք չէ այն բարձրացնել:
Թվում էր՝ նա ինչ-որ բանի համար վրաս բարկացած է: Դուրս էր գալիս, որ ինքը հիմար է ու սխալ ախտորոշում է տվել, բայց դա անհնար էր, ու ինքն էլ գիտեր:
Մի օր էլ նա ինձ բողոքեց.
-Ես չեմ կարող հաստատել ձեր ախտորոշումը, ախր դուք լավանում եք, չնայած ձեզ չեն  բուժում: Իսկ դա անհնար է:
-Իսկ ինչպիսի՞ն է իմ ախտորոշումը:
-Դեռ չեմ որոշել,- կամաց ասաց ու գնաց:
Երբ ինձ դուրս գրեցին, բժշկուհին խոստովանեց.
-Ափսոս, որ գնում եք, մենք դեռ շատ ծանր հիվանդներ ունեինք: Ձեր պալատից բոլորը դուրս են գրվել: Իսկ ընդհանուր բաժանմունքում մահացությունը երեսուն տոկոսով կրճատվել է:
Կյանքը շարունակվում էր: Ուղղակի հայացքն առ այն այլ էր: Թվում էր, թե աշխարհին վերևից եմ նայում, դրա համար էլ փոխվել է անցուդարձի տեսադաշտը: Իսկ կյանքի իմաստը, պարզվում է, բավականին հասանելի ու դյուրին է:
Պետք է ուղղակի սովորել սիրել, ու քո հնարավորությունները կդառնան անսահմանափակ, ու բոլոր ցանկությունները կիրականանան, եթե դու, իհարկե, այդ ցանկությունները կձակերպես սիրովՈւ ոչ ոքի երբեք չես խաբի, չես նախանձի, նեղանա ու ինչ-որ մեկին վատ բան չես ցանկանա: Ամեն բան այնքան հեշտ է ու այնքան դժվար:
Չէ՞ որ ճիշտ է, որ Աստված Սերն է: Պետք է ուղղակի հասցնել հիշել դա

 Թարգմանությունը՝ Դիանա Տատինցյանի



0 մեկնաբանություն:

Post a Comment