Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, October 11, 2017

Իմաստասեր կանայք. ճանաչենք նրանց

Էնն Դյուֆուրմանտել

Որպեսզի մեծ գաղափարը զարգանալու հնարավորություն ունենա, երբեմն պետք է լինում դրան այլ տեսանկյունից դիտել։ Այդ նկատառումով այստեղ ներկայացնում ենք բոլոր ժամանակների մի քանի հայտնի կին փիլիսոփաների։


Սիմոնա դը Բովուար (1908-1986)
Որպես Ֆրանսիացի էկզիստենցիալիստ, մարքսիստ և ֆեմինիզմի երկրորդ ալիքի կնքամայր, քիչ փիլիսոփաներ կան, որոնք կարող են համեմատվել նրա հետ, թեև ինքն իր մասին այդպես երբեք չի մտածել: Նա գրել է մի քանի տասնյակ գրքեր՝ ներառյալ «Երկրորդ սեռը» և «Երկիմաստության էթիկան» և հայտնի է շատ պարզ գրելաոճով: Նրա աշխատանքը հաճախ կենտրոնացած է էկզիստենցիալիզմի պրագմատիկ հարցերի վրա, ի տարբերություն իր կյանքի ընկերոջ՝ Ժան Պոլ Սարտրի: Նա շատ ակտիվ էր ֆրանսիական քաղաքականության մեջ, որպես հասարակական քննադատ, բողոքական և  ֆրանսիական դիմադրության անդամ:
«Ամուսնության մեջ տանջալին այն է, որ անհատները շատ հաճախ միանում են ոչ թե իրենց ուժեղ կողմերով, այլ թուլությամբ։ Յուրաքանչյուրը մյուսից ակնկալիք ունի, փոխանակ հաճույք գտնի տալու մեջ»։

Հիպատիա Ալեքսանդրիացի (350-70 - 415)
Հույն փիլիսոփա և գիտնական, նա իր ժամանակակիցներից շատերի կողմից համարվում էր ժամանակի մեծագույն փիլիսոփա: Նրա համբավն այնպիսին էր, որ հեռանկար ունեցող ուսանողները հեռուներից գալիս էին նրան լսելու: Թեև նրա աշխատանքների ծավալը դեռ անհայտ է, ինչը շատ տարածված խնդիր է հնադարյան գրողների համար, հայտնի է, որ իր հոր մի քանի պահպանված գործերի վրա նա նույնպես աշխատել է։ Դրանցից են Հունական գիտության և փիլիսոփայության մասին ընդարձակ մեկնաբանությունները։ Նա սպանվել է քրիստոնյաների խմբի կողմից քաղաքային խռովությունների ժամանակ, սակայն կան նաև որոշ վկայություններ, որոնցից բխում է, որ նա սպանվել է աստղագիտության վերաբերյալ վիճելի աշխատանքի պատճառով։
«Ալեքսանդրիայում մի կին կար՝ Հիպատիան, որը փիլիսոփա Թեոնի դուստրն էր։ Նա գրականության և գիտության այդպիսի նվաճումներ է ունեցել, որոնցով գերազանցում է իր ժամանակի բոլոր փիլիսոփաներին» (Սոկրատեսից)

Հաննա Արենդտ  (1906-1975)
Եվս մեկ հանճարեղ փիլիսոփա, որ իրեն այդպիսին չէր համարում։ Գերմանացի Արենդտը, ով Նյու Յորք էր փախել Վիշի Ֆրանսիայից, իր կյանքի ընթացքում մեծամասնորեն գրել է տոտալիտարիզմի մասին։ Նրա մեծագույն աշխատանքը՝ «Տոտալիտարիզմի արմատները», վերլուծում և բացատրում է, թե ինչպես են այդպիսի կառավարությունները իշխանության հասնում։ Իսկ նրա՝ «Այքմանը Երուսաղեմում» գիրքը պատմում է, թե ինչպես ամենահասարակ մարդը կարող է չար դառնալ նպաստավոր պայմաններում։ Նա գրել է նաև քաղաքական հարցերի վերաբերյալ հոդվածներ, ինչպիսին է «Ամերիկյան և Ֆրանսիական հեղափոխությունները», և մարդկու իրավանքնեի մասին քննադատական է առաջարկել։
«Դաժանության պայմաններում ավելի հեշտ է գործել, քան մտածել»:

Ֆիլպպա Ֆուտ (1920-2010)
Անգլիացի փիլիսոփա, որ Օքսֆորդի և Լոս Անջելեսի կալիֆոռնյական համալսարանի արտահաստիքային աշխատակից էր։ նա հաճախ համարվում է Արիստոտելյան մտածելակերպի վերածնողը։ Էթիկայի մասին նրա աշխատանքը ծավալուն է և շատ հայտնի. նա է «վագոնի խնդիրի» հեղինակը։ Իր կյանքի ընթացքում նա աշխատել է շատ փիլիսոփաների հետ (ներառյալ հաջորդը, ում մասին խոսելու ենք),  և մեծ ազդեցություն է թողել շատ ժամանակակից փիլիսոփաների վրա։ Նրա՝ «Առաքինություններ և արատներ» էսսեների ժողովածուն կարևոր աշխատություն է բարոյական էթիկայի նկատմամբ վերջերս վերականգնված հետաքրքրության մեջ։
«Փիլիսոփային մի հարց եք տալիս, որից հետո նա մի քիչ խոսում է։ Եվ դուք այլևս չեք հասկանում ձեր հարցը»:

Էլիզաբեթ Էնսկոմ (1919-2001)
Բրիտանացի փիլիսոփա, ով գրում էր այն ամենի մասին, ինչ իրեն մատչելի էր, ներառյալ տրամաբանության, էթիկայի, մեթաէթիկայի, մտքի, լեզվի և պատերազմի հանցագործությունների մասին։ Նրա ամենամեծ աշխատությունը «Մտադրությունն» է, որը ցույց է տալիս, թե ինչպես է մեր վարքի վրա մեծ ազդեցություն է թողնում այն, ինչ մենք մտածում ենք, որ կկատարվի։ Նրա  նորարարական աշխատությունը՝ «Ժամանականից բարոյական փիլիսոփայությունը», մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակից էթիկայի շուրջ աշխատությունների վրա, և այստեղ է նա օգտագործել իր հորինած consequentialism (հետևողականություն) բառը։ Նա նաև բանավիճել է շատ հայտնի մտածողների հետ, որոնց թվում էր Ֆիլլիպա Ֆուտը։ Նա նաև մեծ ակտիվիստ էր, բողոքում էր Հարի Թրումենի և աբորտների կլինիկաների դեմ։
«Նրանք, ովքեր փորձում են սեքսով զբաղվել, որպես պատահական վայելք, տուգանք են վճարում. մակերեսային են դառնում»:

Մերի Ուոլստունկրաֆտ (1759-1797)

Անգլիացի փիլիսոփա և հայտնի գրող։ Նա «Մարդու իրավունքների պաշտպանություն», «Ֆրանսիական հեղափոխության պաշտպանությունը Բյորկից» տրակտատների և ի պատասխան նրանց, ովքեր դեմ էին կանանց կրթությանը՝ «Կանանց իրավունքների պաշտպանություն» հոդվածի հեղինակն է։ Նա, կարելի է ասել, առաջին ֆեմինիստ փիլիսոփան էր։ Նա նաև գրել է մի քանի նովելներ, ճանապարհորդական ուղեցույցներ և մի գիրք երեխաների համար։ Նա մահացել էր 38 տարեկանում՝ ծննդաբերության ժամանակ բարդությունների պատճառով։ Այդ ծնունդը մեզ տվեց նրա դստերը, ով նույնպես հայտնի գրող է՝ Մերի Շելլին՝ «Ֆրանկենշթեյնի» հեղինակը։
«Առաքինությունը միայն հավասարների մեջ կարող է բարգավաճել»:

Էնն Դյուֆուրմանտել (1964-2017)
Ֆրանսիացի փիլիսոփա և հոգեվերլուծաբան։ նրա փիլիսոփայությունը հիմնված էր ռիսկի դիմելու վրա։ Նա մասնավորապես այն գաղափարն է հայտնում, որ կյանքը լիովին ապրելու համար մենք պետք է ռիսկի դիմենք, հաճախ՝ զգալի ռիսկի։ Նա քննարկում է «անվտանգության» գաղափարը, որ խոժորվում է ռիսկի վրա, նույնպես դատարկ բան է մեր կյանքում։ Նա 30 գրքի հեղինակ է, մի շարք հետաքրքիր դասախոսություններ ունի և զոհվեց, ինչպես որ ապրել էր։
«Երբ իսկապես առերեսվում ես վտանգի հետ, նվիրված լինելու, ինքդ քեզ գերազանցելու շատ ուժեղ խթան ես ունենում»:

Թարգմանությունը՝ Էդիտա Գալստյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment