Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, April 19, 2022

5 գրքեր, որոնք ձեզ կդարձնեն ավելի լավը


Այստեղ ներկայացված են գրքեր, որոնք կօգնեն ձեզ հասկանալու ինքներդ ձեզ, գնահատելու ձեր ուժեղ կողմերն ու տաղանդները: Այս գրքերում դուք կգտնեք այն հարցի պատասխանը, թե որտեղ փնտրել նոր հնարավորություններ, որոնք կաշխատեն ձեզ համար: Ի վերջո, մեզանից յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը` միակն ու անկրկնելին: Եվ միայն այս ճանապարհին մենք կարող ենք իսկապես երջանիկ լինել:

1․ «Հաջողությունը անձնական գործ է», Մարինա Մելիա 

Այս գիրքն այն մասին է, թե ինչպես գտնել հենց ձեր հաջողությունը, ձեր անհատական ​​ապրելակերպը: Ինչպես գնալ դեպի ձեր «պայծառ ապագա»՝ չմոռանալով այսօրվա մասին, ինչպես պահպանել ձեր ընթացքը՝ չտրվելով ընդհանուր ընդունված չափանիշների ճնշմանը։ Այս գիրքը չի սովորեցնում: Այն օգնում է հասկանալ ինքդ քեզ, հասկանալ, թե ինչ է կատարվում շուրջդ, ինչու են մարդիկ իրենց այսպես կամ այնպես պահում։ Ընտրել հնարավորությունների ողջ բազմազանությունից հենց այն, ինչը լավագույնս համապատասխանում է մեր ցանկություններին և կարիքներին, մեր անհատականությանը: Ի վերջո, մեր կյանքի յուրաքանչյուր պահը մարտահրավեր է մեզ համար, և այն բանից, թե ինչ որոշումներ ենք կայացնում, ինչ քայլեր ենք կատարում․ այս ամենից, որպես խճանկար, ձևավորվում է մեր ողջ կյանքի ուղին՝ հաջողության ճանապարհը։

2. «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ», Էրիկ Բեռն 
Աշխարհահռչակ հոգեբան և հոգեբույժ Էրիկ Բեռնն իր գրքում առաջարկում է, թե ինչպես հասկանալ՝ ինչ խաղ է խաղում մեզանից յուրաքանչյուրը։ Խաղի անվան տակ Էրիկ Բեռնը հասկանում է մի շարք շարժումներ, որոնք պարունակում են թակարդ, ինչ-որ ծուղակ: Բայց պետք է նշել, որ Բեռնը ուսումնասիրում է միայն անգիտակցական խաղեր, որոնք մենք խաղում ենք նույնիսկ առանց գիտակցելու։ Բերնը մեր ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ խաղը մեզ հնարավորություն չի տալիս հարաբերություններում իրական մտերմության հասնելու և մեր կյանքը դարձնում է կախված իր կանոններից։ Դրա համար մենք պետք է հասկանանք, թե ինչ խաղ ենք խաղում, և դուրս գանք դրանից։

Բեռնն առանձնացնում է մի քանի խաղային խմբեր՝ խաղեր ամբողջ կյանքի համար, ամուսնական և սեռական խաղեր, խաղեր ընկերությունում։ Բացի այդ՝ նա տալիս է խաղացողների ճանաչողական դասակարգում և շատ հետաքրքիր վերլուծում է իր հավաքածուն ամենատարածված խաղերի, ինչպիսիք են «Ալկոհոլիկ», «Եթե դու չլինեիր», «Դե ինչ, բռնվեցիր, սրիկա», « Ուժասպառ տնային տնտեսուհի», «Տեսնում ես, թե ինչպես եմ չարչարել», «Մտածեք, թե ինչ սարսափելի է», «Թերություն», «Հյուր-անճարակ» և այլն:

3․ «Կամքի ուժ. ինչպես զարգացնել և ամրապնդել», Քելլի Մակգոնիգալ

Կամքի ուժի բացակայությունը մեր նպատակներին հասնելու ճանապարհին դժվարությունների հիմնական պատճառն է։ Շատ մարդիկ իրենց մեղավոր են զգում ուրիշներին հիասթափեցնելու համար, բայց միևնույն ժամանակ զգում են, որ իրենց սեփական հակումների, սովորությունների, մտքերի, զգացմունքների գերին են: Նրանց վարքագիծը թելադրված է ոչ թե գիտակցված որոշումներով, այլ ազդակներով, և նման կյանքն իսկապես դժվար է, քանի որ դեռևս սեփական նպատակներին հասնելու համար պետք է անընդհատ պաշտպանվել գայթակղությունների զանգվածից։ Սթենֆորդի պրոֆեսոր Քելի Մակգոնիգալը համոզված է, որ գիտությունը կարող է օգնել մեզ կամքի ուժ մարզելում: Սակայն մարդիկ չոր փաստերը լավ չեն ընկալում։ Որպեսզի ստորև ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները չափազանց գիտական ​​և ձանձրալի չթվան, հեղինակը դրանց գունագեղ օրինակներ է ներկայացրել իր պրակտիկայից և ընկերների ու ծանոթների կյանքից: Հուսով ենք, որ պատկերումը, թե ինչպես են այլ մարդիկ կարողացել հաղթահարել «ներքին դևերին», ձեզ ուժ կտան ձեր սեփական սովորությունները փոխելու առաջին քայլերի համար:

4․ «Թո՛ղ գրողի ծոցը գնան թերությունները․ Ինչպես օգտագործել ձեր ուժեղ կողմերը»,

Մարկուս Բուքինգհեմ

Արդյունավետ լիդերության հայտնի բրիտանացի հետազոտող և բազմաթիվ բեսթսելերների հեղինակ Մարկուս Բուքինգհեմը պարզել է, որ մարդիկ, ովքեր կենտրոնանում են իրենց ուժեղ կողմերը զարգացնելու վրա, ավելի տոկուն են, համառ, ինքնավստահ և արդյունավետ: Աշխատանքի արտադրողականությունը, աշխատանքից բավարարվածությունը, մասնագիտական ​​աճը նրանց մոտ ավելի բարձր են, իսկ ծառայությունից ազատվելու տոկոսը՝ ավելի ցածր։ Մարկուս Բուքինգհեմը խորհուրդ է տալիս. եթե ցանկանում եք հաջողության հասնել, օգտագործեք ձեր ուժեղ կողմերը և մոռացեք ձեր թույլ կողմերի մասին:

Մարկուս Բուքինգհեմի այս եզրակացությունը հիմնված է 17 տարվա ուսումնասիրության վրա, որը նա անցկացրել է Gallup ինստիտուտում աշխատելու ժամանակ։ Նա հավաքել և վերլուծել է 80 հազար ղեկավարների և մոտ մեկ միլիոն մենեջերների կարծիքները։ Հետազոտողը հաստատում է. պետք չէ անընդհատ ինքնաթաղմամբ զբաղվել և թերություններ փնտրել քո մեջ՝ դրանք հետագայում շտկելու համար։ Փոխարենը, դուք պետք է գտնեք ձեր ուժեղ կողմերը և աշխատեք դրանց վրա կենտրոնանալ աշխատանքի և անձնական կյանքում:



5. «Անձնական զարգացում» Սթիվ Պավլինա

Յուրաքանչյուր մարդու անհատական ​​զարգացման գործընթացը ենթակա է համընդհանուր օրենքների: Այս օրենքները կամ, ինչպես գրքի հեղինակն է ասում, սկզբունքները, գործում են բոլոր ոլորտներում՝ բիզնեսում, հարաբերություններում, կարիերայում, առողջության մեջ։ Ինչ էլ անեք, հետևելով համընդհանուր օրենքներին, ոչ միայն կհասնեք ձեր նպատակին, այլև կդառնաք ավելի խելացի, ուժեղ և երջանիկ։ Այս օրենքները չեն պահանջում գերգիտելիքի կամ գերմարդկային ջանքերի կիրառում: Դրանք հասանելի են բոլորին հասկանալու և զարգացնելու համար: Գլխավորը ցանկանալն է։ Այս օրենքների մասին է Սթիվ Պավլինի «Անձնական զարգացում» գիրքը։

Աղբյուրը


Թարգմանությունը՝ Միլենա Քամալյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment