Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, April 26, 2021

Ջիմ Քերրիի ելույթը՝ Մահարիշիի կառավարման համալսարանի՝ 2014 թվի շրջանավարտներին ուղղված


Ջիմ Քերրին հիշեցնում է մեզ, որ նույնիսկ եթե դու զգույշ գործես,
 միևնույն է, կարող ես ձախողվել.
հետևաբար՝ հարկավոր է,
որ գործես նաև խոշոր քայլերով։

Այսօր ես այստեղ եմ, որպեսզի մի սերմ տնկեմ։ Մի սերմ, որը կոգեշնչի ձեզ առաջ գնալու կյանքում խանդավառ սրտերով և ամբողջականության հստակ զգացումով։ Խնդիրն այն է, թե կկարողանա արդյոք այդ սերմը արմատ տալ, թե Մոնսանտոն ինձ դատի կտա և կստիպի օգտագործել իրենց սերմը, ինչը այդքան էլ Այուրվեդական չի լինի։ Կներեք ինձ, եթե այսօր  մի փոքր քիչ էներգիայով լի երևամ․ այս գիշեր գլուխս դեպի հյուսիսն եմ քնել: Արթնացա հենց Փիտտայի* ժամանակ ու չկարողացա քնել մինչև Վատան* չեկավ։ Բայց ես չխառնվեցի իրար, գիտե՞ք, ես օգտագործեցի այդ ժամանակը մի լավ ճաշ ուտելու և Թինդերում ինչ-որ առանձնահատուկ մեկի հետ կապվելու համար։ Որովհետև կյանքը չի պատահար չէ քեզ հետ, կյանքը պատահար է քեզ համար։ Որտեղից ես սա գիտե՞մ․ ես չգիտեմ, բայց ես ձայն եմ հանում, և կարևորը դա է։ Դրա համար եմ ես այստեղ։ Երբեմն ես մտածում եմ, որ դա միակ կարևոր բանն է՝ ուղղակի իրար տեղյակ պահելը, որ մենք այստեղ ենք, իրար հիշեցնելը, որ մենք բոլորս մի ավելի մեծ «Ես»-ի մաս ենք։ 
Առաջ ես մտածում էի, որ Ջիմ Քերրին  միայն այն է, ինչը ես եմ․ միայն մի թրթռացող լույս, պարող ստվեր՝ մեծ ոչինչ, որը կարող է ներկայացված լինել որպես մի բան, որը հնարավոր է անվանել։ Հապշտապ փորած անձավներում և բներում ապաստան փնտրող մի աղեղնավոր, որը իր թիրախն է փնտրում հայելու մեջ՝ վիրավորված իր սեփական նետերից, աղաչելով ծառա դառնալ և շղթաներ հագնել՝ դրախտի շեմին սայթաքելու ձգտումով կուրացած։ 
Չէիք մտածում, որ ես կարող եմ լուրջ լինել, չէ՞։ Ինձ թվում է՝ դուք չեք հասկանում, թե ում հետ գործ ունեք․ ես սահմաններ չունեմ։ Ես չեմ կարող զսպված լինել, որովհետև ես եմ զսպողը։ 
Առաջ ես մտածում էի, թե իմ ինքնությունը ավարտվում է մաշկիս ծայրին, թե ինձ տվել են միայն մարմին կոչված այս փոքր մեքենան, որի միջոցով մարդ բացահայտում է գոյությունը։ Եվ չնայած որ իմ ստացածը բոլորովին սպորտային մոդել չէ, մեքենան վարձով է տրված և ապագայում պետք է վերադարձվի։ Հետո պարզվեց, որ այդ մեքենայից դուրս ամեն ինչը նույնպես իմ մասն է, և հիմա ես վերևից բաց մեքենա եմ քշում։ Եվ քամին խաղում է իմ մազերի հետ։
Ես ուրախ եմ, և իսկապես ինձ համար մեծ պատիվ է  այսօր՝ ձեզ համար այս կարևոր օրը, լինել այստեղ։ Հուսով եմ՝ դուք պատրաստ եք կտուրը բացել և այդ ամենը վերցնել ձեզ։ 
Շատ լավ, ասենք էստեղ մնացիք ևս 4 տարի. ոնց որ թե պատրաստ չեք, հա՞։ 
Հսկայական տարբերություն կա քո գլխի մեջ քեզ ուտել պատրաստվող շան և քեզ իսկապես ուտել պատրաստվող շան միջև։ Սա կարող է անլուրջ թվալ, բայց շատերը չեն հասկանում այս տարբերությունը և վերջիվերջո ապրում են իրենց կյանքը «խփիր կամ փախիր» սկզբունքով։
Ես հաճախ եմ ասում. «Զգուշացե՛ք չսիրվածներից, որովհետև նրանք կարող են ցավ պատճառել իրենք իրենց․․․ կամ ձեզ»։

Դուք կանգնած եք գիտելիքի և գիտակցության առաջնագծում։ Դուք նոր ալիքն եք հնարավորությունների հսկայական օվկիանոսում։ Դռան մյուս կողմում ձեզ է սպասում նոր առաջնորդների և նոր մտահղացումների քաղց ունեցող մի աշխարհ։ Ես այնտեղ եմ եղել գրեթե երեսուն տարի․ ի՜նչ վայրենի կատու է նա։ Ինքը կքսվի քո ոտքին և կմռռա, մինչև դու վերցնես և շոյես իրեն, ու մեկ էլ հանկարծ այնպե՜ս կխփի դեմքիդ․․․ Այնտեղ կարող է դժվար լինել, բայց ամեն ինչ կարգին է, որովհետև այնտեղ փափուկ պաղպաղակ են մատուցում։
Վախը դեր կխաղա ձեր կյանքում, բայց դու՛ք եք որոշողը, թե ինչ չափով։ Դուք կարող եք ձեր ողջ կյանքը ուրվականներ պատկերացնելով և ապագա ճանապարհի համար անհանգստանալով անցկացնել, բայց այդ ճանապարհի վրա կլինի այն ամենը, ինչը կատարվում է այստեղ, և այն որոշումերը, որոնք մենք կայացնում ենք հիմա՝ հիմնված սիրո կամ վախի վրա։ Ինչքա՜ն շատերն են ընտրություն անում վախից, որը ներկայացնում են որպես «օգուտ»։ Այն, ինչ մենք իսկապես ուզում ենք, թվում է անհնարին և ակնկալելու համար ծիծաղելի, այսպիսով՝ մենք չենք համարձակվում աշխարհից խնդրել դա։ Իսկ ես ասում եմ, որ ես ապացույցն եմ նրա, որ դուք կարող եք խնդրել  աշխարհից ինչ ուզում եք։ Եվ եթե ձեր ցանկությունը միանգամից չի իրականանում, նշանակում է՝ աշխարհը զբաղված է իմ ցանկությունը կատարելով։
Իմ հայրը կարող էր լավ հումորիստ լինել, բայց նա չհավատաց, որ իր համար դա հնարավոր է։ Այսպիսով, նա դրա փոխարեն պահպանողական ընտրություն արեց։ Նա հաշվապահի հուսալի աշխատանք ընտրեց, և երբ ես տասներկու տարեկան էի, նրան հեռացրին այդ հուսալի աշխատանքից, և իմ ընտանիքը ստիպված եղավ ինչ-որ բան անել, որի շնորհիվ հնարավոր կլիներ ապրել։ Ես շատ դասեր քաղեցի իմ հորից, որոնցից գլխավորն էր այն, որ դու կարող ես ձախողել այն, ինչը դու չես ուզում, այսպիսով արժե անել այն, ինչ դու սիրում ես։ Գիտե՞ք, դա միակ բանը չէ, ինչ նա սովորեցրել է ինձ։ Ես ականատես եղա իմ հոր սիրո և հումորի ազդեցությանը իմ շրջակա աշխարհի վրա, և ես դա համարեցի մի բան, որը արժե անել, որը արժանի է իմ ժամանակին։ Սա եղել է իմ դերասանական ճանապարհի սկսվելուց ոչ շատ առաջ․ մարդիկ գալիս էին մեր տուն, և նրանց  դիմավորում էր յոթ տարեկան մի տղա՝ բարձր աստիճաններից իրեն գցելով։ Նրանք հարցնում էին, թե ինչ է եղել, իսկ ես պատասխանում էի. «Չգիտեմ, եկեք ստուգենք կրկնությամբ»։ Ես հետ էի բարձրանում և սկսում դանդաղ ընկնել։ Շատ տարօրինակ ընտանիք էր։ Իմ հայրը պարծենում էր, որ ես «երշիկ չէի», ես «ամբողջ խոզն էի»։ Եվ իմ տաղանդը նա ընկալում էր որպես իր երկրորդ հնարավորություն։ Երբ ես քսանութ տարեկան էի, և արդեն տաս տարի էր, ինչ հումորիստ էի, Լոս Անջելեսում մի երեկո հասկացա, որ իմ կյանքի նպատակը մյուս մարդկանց հոգսերից ազատելն է՝ իմ հոր պես։ Եվ երբ գիտակցեցի դա, ես հավերժացրի իմ նվիրվածությունը որպես «Հոգսերից ազատվելու եկեղեցի»։ Եվ ես նվիրվեցի այդ ծառայությանը։ Իսկ ո՞րն է ձեր ծառայությունը։ Ինչպե՞ս  կարող եք օգնել աշխարհին։ Ինչո՞վ է կարող ձեր տաղանդը ապահովել նրանց։ Դա միակ բանն է, ինչը դուք պետք է գտնեք։ Որպես մեկը, ով արդեն արել է այն, ինչը դուք պետք է գնաք և անեք, ես, իմ փորձից ելնելով, կարող եմ ասել, որ ազդեցությունը, որը դուք ունեք ուրիշների վրա, ամենից թանկագին արժույթն է։ Որովհետև այն ամենը, ինչին դուք հասնում եք ձեր կյանքում, կփտի և կփլվի, և ձեզնից հետո կմնա միայն այն, ինչը ձեր սրտում էր։ Մարդկանց ազատելու իմ ընտրությունը ինձ բարձրունք հասցրեց․ տեսեք, թե որտեղ եմ ես, տեսեք, թե ինչ եմ ես անում։ Ես արեցի մի բան, որը ստիպում էր մարդկանց բացել իմ առջև իրենց ամենալավ կողմը որտեղ էլ որ ես գնայի։ Ես սարի գագաթին եմ, բայց այն մեկը, որին ես չազատեցի, ես էի, և դա այն պահն է, երբ իմ ինքնության փնտրտուքները խորացան։ Ես մտածում էի՝ ով կլինեի առանց իմ հայտնիության, ով կլինեի, եթե ես ասեի բաներ, որոնք մարդիկ չէին ուզում լսել կամ եթե ես արհամարհեի նրանց սպասումները ինձնից։
Այն հանգստությունը, որին մենք ձգտում ենք, գտնվում է անձնական հատկանիշներից, ուրիշների ընկալումից, գյուտերից և քողարկումներից և նույնիսկ ծախսած ուժերից այն կողմ։ Դուք կարող եք մասնակցել խաղին, պատերազմել, խաղալ ձևերի հետ ինչքան ուզեք, բայց իսկական հանգստություն գտնելու համար դուք պետք է զենք ու զրահը մի կողմ դնեք։ Ընդունված լինելու ձեր կարիքը կարող է ձեզ անտեսանելի դարձնել այս աշխարհում։ 
Գեղանկարչությունը ինձ հոգսերից ազատելու ձևերից է, ձևերից՝ կանգնեցնելու աշխարհը մտավոր, հոգևոր և ֆիզիկական բարելավման միջոցով։ Բայց նույնիսկ դրա հետ առաջանում է աստվածային դժգոհության զգացում, որովհետև վերջին հաշվով մենք մեր սարքած աստվածային պատկերները չենք։ Մենք կինոնկարի կադր չենք, մենք այն լույսն ենք, որը շողում է միջով։ Մնացած ամեն ինչը ուղղակի ծուխ և հայելի է՝ շեղող, բայց ոչ իսկապես համոզիչ։ Ես հաճախ ասել եմ, որ ցանկանում եմ, որ մարդիկ կարողանան իրականացնել իրենց փողի ու փառքի հետ կապված ցանկությունները, որպեսզի նրանք տեսնեն, որ դրանք չեն կարող օգնել՝ հասնելու ամբողջականության զգացմանը։ Ես մտահոգված էի աշխարհ դուրս գալով և ինձնից մեծ մի բան անելով, մինչև ինձնից խելոք մեկը չհասկացրեց, որ ինձնից մեծ ոչինչ չկա։ Իմ հոգին չի սահմանափակված իմ մարմնով, իմ մարմինն է սահմանափակված իմ հոգու անսահմանափակությամբ։ Դատարկության միասնական դաշտ՝ առանց որևէ պատճառի պարող, երևի թե միայն հարմարավետության և ինքն իրեն զվարճացնելու համար։ Եվ հենց որ ձեր մեջ կատարվի այդ շարժումը, դուք չեք զգա աշխարհը․ աշխարհը կզգա ձեզ և կգրկի ձեզ։
Հիմա ես միշտ սկզբում եմ, ես ունեմ զրոյացնելու կոճակ և ես սեղմում եմ այն անընդհատ։ Հենց որ այդ կոճակը գործի ձեր կյանքում, այլևս չի կարող ստեղծվել ոչ մի պատմություն, որը կլինի նույնքան համոզիչ։ Երևակայությունը միշտ ստեղծում է թե՛ լավ և թե՛ վատ սցենարներ, և էգոն փորձում է ձեզ թակարդում պահել ձեր մտքի դժվար գործընթացի մեջ։ Մեր աչքերը միայն հանդիսատես չեն, նրանք նաև ներկայացնողներ են, որոնք երկրորդ պատմություն են դնում պատկերի վրա, որը մենք անընդհատ տեսնում ենք մեր առջև։ Վախն է միշտ գրում այդ պատմության սցենարը, և գլխավոր միտքը «Ես երբեք արժանի չեմ լինի»-ն է։
Դուք կնայեք ինձ պես մարդուն և կմտածեք. «Ինչպե՞ս պետք է մենք հասնենք այդ բարձրությանը, Ջիմ»։ Դա էգոյի ձայնն է։ Եվ եթե դուք նրան լսեք, ուրեմն միշտ կլինի մեկը, ով կլինի ձեզնից լավը։ Կարևոր չէ՝ ինչի դուք կհասնեք. էգոն երբեք հանգիստ չի թողնի ձեզ։ Այն կասի ձեզ, որ դուք չեք կարող կանգ առնել առանց անմաքրելի հետք թողնելու երկրի վրա, քանի դեռ դուք չեք հասել անմահության։ Ինչքա՜ն խորամանկ է մեր էգոն, որ գայթակղում է մեզ մի հեռանկարներով, ինչը մենք արդեն ունենք։
Ես ուղղակի ուզում եմ, որ դուք հանգիստ լինեք։ Դա իմ աշխատանքն է։ Եղեք հանգիստ և երազեք լավ կյանքի մասին։ Երբ ես երկրորդ դասարանում էի, փոխարինող ուսուցիչս առավոտվա աղոթքի ժամանակ ասում էր, որ եթե իրեն ինչ-որ բան է պետք, որևէ բան, ինքը աղոթում է դրա համար, փոխարենը ինչ-որ բան խոստանում և վերջիվերջո ստանում իր ուզածը։ Ես վերջին շարքում նստած մտածում եմ․ «Իմ ընտանիքը չի կարող հեծանիվ գնել»։ Ես եկա տուն և աղոթեցի՝ փոխարենը խոստանալով, որ ամեն գիշեր կարտասանեմ Տերողորմյան։ Խախտեցի այդ խոստումը։ Բայց երկու շաբաթ հետո ես դպրոցից տուն եկա և գտա նոր «Մուստանգ» հեծանիվ՝ հարմարավետ ղեկով։ Հետագայում իմ ընտանիքը ասաց ինձ, որ ես շահել եմ հեծանիվը վիճակախաղում, որում իմ անունը գրել է ընկերներիցս մեկը՝ չզգուշացնելով ինձ։ Դրանից հետո ինձ հետ այս տեսակ բաներ են կատարվում, և ես կարող եմ ասել, որ բանը Տիեզերքին ձեր ցանկության մասին պատմելու և դրա վրա աշխատելու մեջ է՝ չմտածելով, թե այն ինչպես  կարող է կատարվել։ Ձեր գործը չէ հասկանալը, թե ինչպես է ձեր ուզածը կատարվելու, այլ ձեր գլխի միջի դուռը բացելն է, և երբ դուռը բացվի իրական կյանքում, ուղղակի մտնելը այնտեղ։ Եվ մի՛ վախեցեք բաց թողնելուց ձեր հերթը․ միշտ կգտնվի ուրիշ բաց դուռ, նրանք միշտ բացվում են։ 
Եվ երբ ես ասում եմ, որ կյանքը պատահար չէ քեզ հետ, այլ պատահար է քեզ համար, ես իսկապես չգիտեմ՝ արդյոք դա ճիշտ է։ Ուղղակի ես գիտակից որոշում եմ կատարում ընկալելու փորձությունները որպես կարևոր մի բան, որպեսզի հետագայում հաղթահարեմ դրանք ամենամեծ օգուտով։ Դուք կգտնեք ձեր սեփական ձևը․ հավես մասը դա է։ Օ, և ինչո՞ւ հնարավորություն չտալ հավատին։ Ո՜չ կրոնին, այլ հավատին։ Ո՜չ հույսին, այլ հավատին։ Ես չեմ հավատում հույսին, հույսը դժբախտների համար է։ Հույսը անցնում է կրակի միջով, իսկ հավատը թռչում է նրա վրայով։

Թարգմանությունը՝ Շուշան Գևորգյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան

0 մեկնաբանություն:

Post a Comment