Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, December 13, 2018

Սաադի. «Գոլեսթան». հեքիաթներ

Մի թագավորլսել եմ, մի գերու մահվան դատավճիռ արձակեց: Խեղճ մահապարտը հուսահատությունից սկսեց թագավորին հայհոյել ու անվայել խոսքեր ասաց.


Նա,
ով կյանքից իր ձեռքերը լվանա,
Ինչ որ սրտի մեջ ունենա, կասի նա:
Միշտ էլ երկար է լեզուն հուսահատի բերանում,
Շատերի հետ կռվող կատվի պես առաջ ինքն է խոյանում:

Թագավորը հարցրեց, թե ինչ է ասում: Բարեմիտ վեզիրներից մեկն ասաց
-Զայրույթը կուլ տվողները ներողամիտներն են մարդկանցից:
Թագավորը խղճաց նրան և իր դատավճռից հետ կանգնեց: Մի ուրիշ վերզիր, որ առաջինի ախոյանն էր, ասաց
-Մեր սերնդի պաշտոնյաներին վայել չէ արքաների ներկայությամբ ճշմարտությունից զատ այլ բան ասել. այս անպիտանը հայհոյեց թագավորին և անվայել խոսքեր ասաց.
Այս ճշմարտության վրա թագավորը դեմքը խոժոռեց և ասաց.
Ինձ համար նրա սուտն ավելի հաճելի էր այն ճշմարտությունից, որ դու ասացիր, որովհետև այն սուտը դեպի բարությունն էր տանում, իսկ այս ճշմարտության հիմքը չարությունն է. իմաստուններն ասել են. «Լավ է սուտն այն, որ բարի գործ է անում, քան այն ճիշտը, որ չարիք է սերմանում»:

***
Թագավորներից մեկը պարսիկ սպասավորներից մեկի հետ նավ էր նստել: Սպասավորը, որ կյանքում երբեք նավ չէր տեսել, սկսեց լալ ու աղաղակ բարձրացնել, և մարմինը դող ընկավ. որքան փայփայեցին, հանգստացրին, նա չխաղաղվեց: Թագավորի տրամադրությունը փչացավ, բայց որևէ ճար գտնել չկարողացան: Նավում մի գիտուն մարդ կար, նա ասաց.
-Եթե հրամայես, ես նրան կհանգստացնեմ:
-Դա քո կողմից շնորհ և սիրալիրություն կլինի,- պատասխանեց թագավորը:
Այն ժամանակ նա հրամայեց պատանուն ծովը նետել, և երբ սպասավորը մի քանի կում ջուր կուլ տվեց, բռնեցին նրա մազերից և մոտեցրին նավին:
Պատանին երկու ձեռքերով կախվեց նավի եզրերից և երբ բարձրացավ, քաշվեց մի անկյուն և հանգստացավ: Թագավորը հավանեց գիտունի կարգադրությունը և հարցրեց, թե ինչումն է գաղտնիքը: Գիտունը պատասխանեց.
-Պատանին սկզբում խեղդվելու վտանգը չէր ճաշակել և նավի ապահովության արժեքը չգիտեր, ինչպես առողջությունը գնահատվում էերբ մարդուն մի ծանր հիվանդություն է պատահում:

***
Հորմոզին (պարսիկ արքա) հարցրին.
-Հորդ վեզիրներից ի՞նչ հանցանք նկատեցիր, որ հրամայեցիր նրանց բանտարկել:
-Ձերբակալման արժանի որևէ բան չեմ նկատել,- պատասխանեց նա,- սակայն տեսա, որ անսահմանորեն վախենում են ինձանից և իմ հավաստիացումներին լիակատար վստահություն չունեն: Վախեցա, որ իրենց վտանգված կարծելով՝ ինձ կսպանեն. ուստի իմաստունների խորհրդին հետևեցի, որ ասել են.

Ով քեզանից վախենում է, զգուշացիր, ո՛վ գիտուն,
Թեկուզ նման հարյուրի դեմ ուժ ունենաս աննկուն,
Վախից է, որ օձը հովվի ոտքն է կծում խայթոցով,
Որ հովիվը չջախջախի գլուխը մի հարվածով:

***
Հովազին հարցրին.
-Ինչպե՞ս եղավ, որ դու առյուծի հետ բարեկամացար:
-Նրա որսի ավելցուկն եմ ուտում,- պատասխանեց նա,- միաժամանակ նրա հովանու տակ ապահով եմ ապրում և զերծ եմ թշնամիների հարձակումներից:
-Եթե այդքան լավ բարեկամ ես նրան և վայելում ես նրա շնորհը, ինչո՞ւ ապա մոտիկ չես գնում, որ քեզ իր բարեկամների շարքը դասի և իր մոտիկ ծառաներից մեկը համարի:
-Նրա կատաղությունից ապահով չեմ,- պատասխանեց հովազը:
Գաբրը (անհավատ) որքան կրակ վառի, պաշտի նրան շատ տարի,
Թե մի րոպե մեջը ընկնի, կրակն իսկույն կվառի:

***
Գողն ասաց մուրացկանին.
-Չե՞ս ամաչում, որ մի չնչին արծաթի համար ձեռք ես երկարում ամեն մի գծուծի:
Մուրացկանն ասաց.
-Ձեռքը երկարել և մի չնչին գումարն ուզե՞լն է անհարմար,
Թե՞ այն կտրելը գողացած արծաթի մի դանգի համար:

***
Մի խելոք և ուշիմ երիտասարդ, որն աչքի էր ընկնում իր բարձր հատկություններով, չափից շատ երկչոտ էր ու ամոթխած: Իմաստուն մարդկանց շրջանում փակում էր բերանը և չէր մասնակցում զրույցներին:
Հայրը մի անգամ ասաց նրան.
-Որդի՛ս, ինչո՞ւ դու էլ քո իմացածից մի բան չես ասում:
-Վախենում եմ՝ չիմացածս բաներից հարցնեն, և ես ամոթալի մնամ,- պատասխանեց որդին:

Լսե՞լ ես, որ մի իմաստուն սուֆի իր տան մոտ նստած,
Իր կոշիկի կրունկները մեխելով էր զբաղված.
Ու անցորդ մի զինվորական մոտեցավ, թե՝ պատրաստվիր,
Մեխել գիտես, արի գնանք գոմը և իմ ձին պայտիր:
Քանի դեռ խոսք չես արել, ոչ ոք քեզ հետ գործ չունի,
Հենց խոսեցիր, ասածներդ ապացույցի պետք ունին:

***
Երիտասարդ տարիքում, վստահ իմ ուժերին, ամբողջ ցերեկն անվերջ վազեցի և գիշերը հոգնած ու ջարդված՝ մի բլուրի տակ պառկեցի: Մի թույլ ծերունի, որ քարավանի հետևից էր գալիս, ասաց ինձ.
-Ի՞նչ ես պառկել, այստեղ քնելու տեղ չի:
-Ինչպե՞ս քայլեմ,- ասացի ես,- ոտքերս չեն շարժվում:
-Մի՞թե չես լսել այն առածը,- ասաց ծերունին,- որ գնալ ու հանգստանալն ավելի լավ է, քան վազելը ու հոգնելը:

Ո՛վ մարդ, որ միշտ ձգտում ունես շուտ հասնելու օթևան,
Լսիր դու ինձ ու սովորիր համբերություն անպայման,
Արաբական ձին հազիվ թե երկու կայան սլանա,
Մինչդեռ ուղտը գիշեր-ցերեկ հանդարտ քայլով կգնա:

Թարգմանությունը պարսկերենից՝ Դիանա Նազարյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment