Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, March 18, 2016

Գուցե այսօր հենց այդ օրն է

Մի օր պատահաբար հանդիպեցի իմ ծանոթին։ Վերջին անգամ մենք հանդիպել էինք հինգ տարի առաջ։ Շատ անսպասելի հանդիպեցի նրան։  Շատ պատահաբար։ Եվ սա այն ծանոթն էր, ում հետ համալսարանում, վերջին նստարանին նստած, ծիծաղում ու խաչբառ էինք լուծում։ Դե, ես շատ ուրախ էի նրան տեսնելուս։ Շատ։

Ահա նա՝ ոտքից գլուխ գեղեցիկ, հետաքրքիր կատակներ է անում։ Իսկ ես շատ լարված շաբաթ եմ անցկացրել, ուշ էի պառկում քնելու, քնատ եմ։ Հիմա՝ լսում եմ, թե ինչ է կատարվում նրա կյանքում, ժպտում եմ ու ինձուինձ մտածում. «Կեցցեմ ես, շատ ապրեմ, որ այնուամենայնիվ առավոտյան շուտ արթնացա ու գլուխս լվացի»։
Ընդհանրապես մեր կյանքում շատ բաներ են տեղի ունենում պատահական, շատ բաներ են տեղի ունենում անսպասելի։ Դե պատկերացրեք, եթե մենք ծնվելիս հատուկ ծրար ստանայինք, այդ ծրարն էլ բացեինք 18-ը լրանալիս։  Օրինակի համար եմ ասում։ Եվ ահա, այդ օրը հավաքվում են քո բոլոր հարազատներն ու ընկերները։ Բոլորը զուգված և ուրախ են։ Դու՝ նույնպես։ Մայրիկն ու հայրիկը ճառ են ասում։ Ասում են՝ քեզ հիշում են, երբ դեռ մի մատ երեխա էիր։ Իսկ հիմա, ահա, արդեն ծրարն ենք բացում։ Կարելի է և մի քիչ արցունք թափել։ Մայրիկը՝ հաստատ։
Դու փչում ես տոնական տորթի մոմերը, և հանում ես ծրարից մեքենագիր նամակը։ Եվ այնտեղ գրված է.
Մարտի 12, 2016 թ. դու կհանդիպես քո ապագա ամուսնուն։
Հունվարի 15, 2017 թ. դու կստանաս քո երազած աշխատանքի առաջարկը։
Փետրվարի 5, 2017թ. կիմանաս, որ մայր ես դառնալու։
Եվ այդպիսի շատ տարեթվեր են գրված։ Օրը, երբ կգնես քո առաջին տունը, երբ կհանդիպես մտերիմ ընկերոջ, երբ շուն կպահես, երբ պատահաբար կգտնես քո երազած երկրի էժան ավիատոմսերը։ Մի խոսքով՝ տարբեր, լավ օրեր։ Դու կարմիր մարկերով նշում ես այդ օրերը պատից կախված օրացույցի վրա և անհամբերությամբ սպասում դրանց։ Եվ ահա, դու պառկում ես քնելու ու գիտես, որ վաղը հենց այդ օրն է։ Եվ դու քնում ես հրաշալի ակնկալիքով։ Առավոտյան վեր ես թռչում զարթուցիչի առաջին զանգից, ուրախությամբ նայում ես պատուհանից և նոր օրվան ասում ես՝ բարև։ Հետո ներքնազգեստով պարում ես հայելու առաջ։ Հնարավոր է՝ նույնիսկ երգում ես։ Հագնում ես գեղեցիկ, սիրելի հագուստդ, հաճույքով բուրավետ սուրճ ես խմում։ Շուրթերդ ներկում ես բալագույն փայլով, հայելու մեջ ժպտում ես ինքդ քեզ, որովհետև այսօր ամեն ինչ լավ է լինելու։ Դու հաստատ գիտես, որ այսօր ինչ-որ հրաշալի բան է տեղի ունենալու։
Բայց մենք չենք ստանում այդպիսի ծրար ոչ ծնվելիս, ոչ էլ ուրիշ մի օր։ Ես որ՝ հաստատ չունեմ դրանից։ Եվ փառք աստծո։ Բոլոր հրաշալի բաները ինձ պատահում են անսպասելի ու հանկարծ։ Ես երբեք նախօրոք չեմ իմանում՝ ինչ կամ ինչպես։
Եվ՝ ահա։
Իսկ եթե առավոտյան արթնանալուն պես, որոշենք, որ այդ օրը այսօր է։ Որ հենց այսօր է ինձ սպասվում ինչ-որ զարմանահրաշ մի բան։ Թող որ՝ ես դեռ հաստատ չգիտեմ։ Ի՞նչ կասեք, եթե այսօր մահճակալից ուրախ ցատկեմ։ Այսօր նոր օրվան ողջույն ասեմ, այսօր հագնեմ սիրելի հագուստս, այսօր բալի երանգով ներկեմ շուրթերս, ժպտամ ինքս ինձ հայելու մեջ։

Որովհետև՝ ի՞նչ իմանաս։ Մեկ էլ տեսար…

Թարգմանությունը՝ Բելլա Մարտիրոսյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment