Եթե ես մեռնեմ, միայն սա մտածեք իմ մասին․
Որ կա օտար դաշտի ինչ-որ անկյուն,
Որ հավերժ Անգլիա է։ Թաքնված է
Այդ հարուստ հողում ավելի հարուստ փոշի․
Փոշին մեկի, որին Անգլիան կրել է, ձևավորել, գիտակցություն տվել,
Որին մի անգամ տվել է սիրելու իր ծաղիկները, թափառելու՝ իր ուղիները,
Անգլիայի մարմինը՝ շնչող անգլիական օդը՝
Լվացված գետերով, օրհնված տան արևներով։
Եվ մտածի՛ր, այս սիրտը՝ ամբողջ չարը դեն նետած,
Մի զարկերակ հավերժական մտքում, ոչ պակաս,
Ինչ-որ տեղ վերադարձնում է Անգլիայի տված մտքերը,
Նրա տեսարաններն ու ձայները, երազները՝ երջանիկ, ինչպես նրա ցերեկը,
Եվ ծիծաղը՝ սովորած ընկերներից, և հեզությունը
Խաղաղ սրտերում, անգլիական երկնքի տակ։
Ռուպերտ Բրուքը իր իդեալիստական պատերազմական սոնետներով հայտնի անգլիացի բանաստեղծ է։ Հատկապես հայտնի է նրա «Զինվորը» սոնետը, որը, ինչպես մյուս սոնետները, գրել է Առաջին աշխարհամարտի ընթացքում։ Նրա տաղանդով հիանում էին Bloomsbury խմբի անդամները՝ մի խումբ, որը մեծ ազդեցություն է ունեցել գրականության, քննադատության, էսթետիկայի, տնտեսագիտության վրա, ինչպես նաև ֆեմինիզմի, պացիֆիզմի և սեռականության մասին ժամանակակից պատկերացումների վրա։ Բրուքը նաև աչքի էր ընկնում իր գեղեցկությամբ․ իռլանդացի բանաստեղծ Ուիլյամ Եյթսը նրան համարել է «Անգլիայի ամենավայելուչ երիտասարդը»։ Նա զինվոր էր, որ ոչ միայն կռվում էր ռազմածովային դիվիզիայի կազմում, այլև օգնում էր իր ժողովրդին՝ իր տաղանդից օգտվելով ու պատերազմական բանաստեղծություններ գրելով։ 1915 թվականին միացել է միջերկրածովյան արշավախմբի ուժերին Դարդանելի ռազմական գործողությանը մասնակցելու համար, սակայն կարճ ժամանակ անց՝ փետրվարին, հիվանդացել է սուր գաստրոէնտերիտով, որից հետո՝ սեպսիսով, ինչի հետևանքով մահացել է ապրիլի 23-ին։ Քանի որ ամեն ինչ տեղի էր ունենում պատերազմի ժամանակ, նրան ընկերները ստիպված եղան հողին հանձնել Սկիրոս կղզում՝ Հունաստանում։
Թարգմանությունն ու ծանոթագրումը՝ Լուսի Ղարիբյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment