Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, March 25, 2021

Ինչպես խոսել, որ մարդիկ լսեն քեզ/ Ջուլիան Թրեժեր

Առաջին մասը

Երկրորդ մասը

Երրորդ մաս
Հետո՝ մենք ունենք տեմբր։ Դա ձեր ձայնի զգայունությունն է։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդիկ նախընտրում ենք հարուստ, հանգիստ, տաք ձայներ։ Դե, եթե ձեր ձայնն այդպիսին չէ, աշխարհի վերջը չէ, քանի որ դուք կարող եք մարզվել: Գնացեք և ձայնային մարզիչ գտեք։ Կան զարմանալի բաներ, որոնք դուք կարող եք շնչառության, կեցվածքի և տեմբրը բարելավելու վարժությունների շնորհիվ անել։ 
Հետո գալիս է տաղաչափությունը։ Ես սիրում եմ տաղաչափությունը։ Սա երգ է, այն մետալեզուն, որն օգտագործում ենք իմաստ հաղորդելու համար: Դա զրույցի բուն իմաստն է։ Մարդկանց, ովքեր մեկ նոտայով են խոսում, իսկապես բավական դժվար է լսել, եթե նրանք ընդհանրապես չունեն որոշակի տաղաչափություն։ Ահա թե որտեղից է գալիս «միատոն» բառը, կամ՝ «միալար»։ Բացի այդ՝ մենք այժմ ունենք կրկնվող տաղաչափություն, որտեղ ամեն նախադասություն ավարտվում է այնպես, կարծես թե հարց է, երբ իրականում հարց չէ, հայտարարությո՞ւն է։ Եվ եթե դա անդադար կրկնում եք, դա իրականում սահմանափակում է տաղաչափության միջոցով հաղորդակցվելու ձեր ունակությունը, ինչը, կարծում եմ, ամոթ է, ուստի փորձենք վերացնել այդ սովորությունը: 
Տեմպ։ Ես կարող եմ շատ, շատ հուզվել՝ իսկապես արագ ինչ-որ բան ասելով, կամ կարող եմ դանդաղեցնել՝ ընդգծելու համար, և դրա վերջում, իհարկե, լռությունը՝ մեր հին ընկերը։ Ոչ մի վատ բան չկա փոքրիկ լռության մեջ զրույցի ժամանակ, այնպես չէ՞։ Պարտադիր չէ լրացնել դա «ըմ»-ով և «ըհ»-ով։ Դա կարող է շատ հզոր լինել: 
Իհարկե, ձայնի բարձրությունը հաճախ ընթանում է տեմպին զուգահեռ ՝ գրգռվածություն ցույց տալու համար, բայց դա կարող եք անել ուղղակի ձայնի բարձրացմամբ։ Որտե՞ղ եք թողել իմ բանալիները: (Ավելի բարձր ձայնաստիճան) Որտե՞ղ եք թողել իմ բանալիները: Այսպիսով՝ մի փոքր այլ իմաստ այդ երկու հաղորդումներում: 
Եվ վերջապես, ծավալը: (Բարձր) Ես կարող եմ իսկապես հուզվել ՝ օգտագործելով ծավալ: Կներեք, եթե ինչ-որ մեկին սարսափեցրի: Կամ, ես կարող եմ այնպես անել, որ դուք իսկապես ուշադրություն դարձնեք ինձ՝ լռելով: Ոմանք ամբողջ ժամանակ բղավում են: Փորձեք դա չանել: Դա կոչվում է «sodcasting». պարտադրել ձեր ձայնը շրջապատող մարդկանց անխնա ու աննահանջ կերպով: Գեղեցիկ չէ։ 
Իհարկե, այս ամենը գլխավոր դեր ունի այն ժամանակ, երբ դու իսկապես կարևոր բան ունես անելու: Դա կարող է նման լինել բեմի վրա կանգնելուն և մարդկանց առաջ ելույթ ունենալուն: Դա կարող է լինել ամուսնության առաջարկը, աշխատավարձի բարձրացում խնդրելը, հարսանեկան ելույթը: Ինչ էլ որ լինի, եթե դա իսկապես կարևոր է, դուք պարտավոր եք նայել այս գործիքատուփին և շարժիչին, որի վրա այն աշխատելու է։ Եվ ոչ մի շարժիչ լավ չի աշխատում առանց տաքանալու: Տաքացրեք ձեր ձայնը: 
Հիմա թույլ տվեք սա դնել կոնտեքստում՝ ավարտելու համար: Սա լուրջ պահ է: Հիմա մենք այստեղ ենք, չէ՞: Մենք այնքան էլ լավ չենք զրուցում այն մարդկանց հետ, ովքեր պարզապես չեն լսում մի միջավայրում, որտեղ աղմուկ է և վատ ակուստիկա: Ինչպիսի՞ն կլիներ աշխարհը, եթե մենք զորեղ խոսեինք այն մարդկանց հետ, ովքեր գիտակցաբար լսում են այն միջավայրում, որն իրականում նպատակային է: Կամ մի քիչ ընդարձակենք. ինչպիսի՞ն կլիներ աշխարհը, եթե մենք գիտակցաբար ձայն ստեղծեինք և գիտակցաբար օգտագործեինք, և մեր բոլոր միջավայրերը գիտակցաբար ձայների համար նախագծեինք: Դա կլիներ մի աշխարհ, որն իրոք գեղեցիկ է, և որտեղ ըմբռնումը կլինի նորմալ, և դա գաղափար է, որն արժե տարածել:

Շնորհակալություն։

Թարգմանությունը՝ Ժաննա Շահինյանի, Մելինե Ժամկոչյանի և Հասմիկ Վարդանյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան

0 մեկնաբանություն:

Post a Comment